Քո աչքերը դեռ չեն վերադարձրել
Մանուշակները,
Եվ ես կորցրածի քայլով եմ գնում։
Դու ծիծաղում ես,
Ձեւի համար էլ ծիծաղ է լինում՝
մտածում եմ ես,
Դու արտասվում ես,
Ձեւի համար էլ լացել է լինում՝
Տառապում եմ ես։
ՈՒ չեմ հասկանում,
թե այսքան ձեւեր
Այս ո՞վ է ձեւել։
Բարեւիդ մեջ էլ՝ ողջյունը չկա -
ձեւ ես մատուցում,
Ինձ հանդիպելիս դեմքիդ, շուրթերիդ
Հայելու առաջ՝
Տանը մշակած ժպիտն ես փորձում՝
«Վարիանտը», գուցե, պայուսակիդ մեջ։
Քո մեջ ձեւերը քեզանից շատ են։
Թերթեւունքերդ քո՞նն են, թե գնած,
Աչքերիդ փայլը
ֆոսֆորի՞նն է, թե...
Ես հեռանում եմ աչքերս փակած,
Որ այսուհետեւ
Անմեղ ու մաքուր ժպիտը անգամ
Իմ սիրտը չառնի կասկածանքի տակ։
Քո աչքերը քեզ չեն վերադարձրել
Մանուշակները,
Եվ ես գնում եմ, գնում եմ հիմա՝
Դեմքս սուզելու մանուշակներում,
Մեռնելու նրանց արցունքների մեջ։