Ձկնորսուհին
Ահա լուսնկան մտավ առագաստ,
Եվ ծածկվեց ամպե թավիշ վերմակով․
— Մոտեցիր զգույշ, համբուրիր զգաստ՝
Մի շող երերաց ամպերի տակով։
Լուսնկան սաստիկ սիրում է նայել,
Խորը թափանցել ամեն մի գաղտնիք․
Նա երբեք առատ լույս չէ խնայել՝
Տեսնելու մարդկանց համբույրը-կնիք։
Մոտեցիր զգույշ, համբուրիր կամաց,
Վայելքիս համար չուզեմ ափսոսալ․․․
Լուսնկան կանգնեց աստղերի դիմաց,
Սկսեց նրանց ինչ-որ փսփսալ։
Տե՛ս, մի նենգ աստղիկ լողում է լճում,
Ալիքներն անգութ ծաղրող դեմք ունին։
Հույսն է վերևից ափի հետ վիճում
Նայում է դժգոհ լալկան ուռենին։
Գուցե նա այսօր այստեղ գա որսի,
Ալիքն էլ երրեք չի պահել գաղտնիք․․․
Այստեղ ամեն ինչ ճորտ է ձկնորսի,
Նրան համախոհ՝ ջուր, աստղ ու երկինք։
1908 թ․ 18 հոկտեմբերի