ՁՈՐԵՐԻ ԼՈՒՅՍԸ

1

Տեղատարափ անձրևին նա բախեց տան դուռը։ Ներսը քնել էին որդին, հարսը և թոռը։ Ապա անձրևախառն քամին ծեծեց դուռը, ներսում ճրագ վառեցին։ Դուռը բացվեց, և անձրևի տարափի հետ տուն մտավ Սիդերո Սավվան:

Նա գործիքների կաշվե պայուսակը դրեց անկյունում, կախեց երկաթե ձողով կավե ճրագը, որ հանգցրել էր քամին: Եվ ասաց որդուն.

—Լազր, որդիս, ես եկել եմ, որ գնամ, որովհետև երևաց այն նշանը... Ես քնեցի գետնի տակ և երբ զարթնեցի, տեսա հանդում էր իմ ճրագը: Հետո դում-10 դում մի ձայն եկավ, Լազր, մի զորավոր ձայն...

Որդին հասկացավ, որ հայրը մահամերձ է: Այն երկյուղը, որ համակել էր հորը, անցավ որդուն, անցավ և հարսին։ Կարծես դռան շեմքին ինքը մահն էր` անձրևախառն այդ փոթորկին, երբ կայծակի հրեղեն լախտը խփում էր լեռների լանջերին:

Հայրը զգեստները հանեց, մաքուր լվաց ձեռքերը և երեսը, հանձնեց իր զարմանալի մուրճը, հագավ սպիտակ շապիկ, և երբ եղավ լուսաբաց, օրորալով դուրս գնաց գերեզմանատուն։ Սրա հետևից գնացին սարսափահար բարեկամները, որոնցից ոչ մեկը չհամարձակվեց հետ պահել նրան։ Նրանք գիտեին, որ Սիդերո Աավվան, որ կնշանակի Երկաթ Սավվա, —ուրիշի խոսքով երբեք հետ չի դարձել մի անգամ բռնած ճանապարհից:

Կամրջի վրա որդուն ասաց. — Լազր, այս գետի ափին մի աղբյուրի ջրի մեջ կփնտրես իմ մեծ դանակը և որտեղ գտնես, գնա՛ այնտեղից ինչքան թռչում է մեղուն և կգտնես մեծ գանձեր` քեզ և աշխարհի համար...

Հետո համարյա վազեվազ բարձրացավ գերեզմանատան բլուրը և ընկավ, ինչպես հասկը` մանգաղի զարկից: Նա պառկել էր կողքի վրա, երեսը դեպի իր կնոջ 10 խոնավ ոսկորները։ Պառկել էր մաքուր շապիկով, ինչպես ամուսնության առաջին գիշերը։

Եվ դեռ ուրիշ առասպելական զրույցներ հերոսացնում են այն զարմանալի վարպետին, որից մնում է միայն երկու քանդակ և պողպատե մի գործիք։ Իսկ ինչ նրա գերեզմանն է, այդ խառնիխուռն թափած քարի փշրանքներ են, մնացորդը այն նշանավոր արձանի, որ բարձրացրել է ինքը` վարպետ Սավվան իր կնոջ գերեզմանի վրա` մարմարից, բազալտից և մոխրագույն կրաքարից։

Այդ մահարձանի վրա քանդակել է նա երկու ողկույզ, մյուս էջին` մի նիհար բորենի, սուր ժանիքներով, մի այլանդակ գազան, որ նայում է նույն այդ ողկույզներին: Երրորդ երեսին միայն բորենին է, ավելի նիհար, ավելի 20 ահավոր, ցցել է դունչը դեպի երկինք, և թվում է, թե ոռնում է մենակությունից և ահից։ Վերջին երեսը պարապ է, և միայն շրջանակներն են հիշեցնում չորս կողմի համաչափությունը։

Ցանկացե՞լ է Սավվան ասել, որ նույնիսկ բորենին կանհետանա և կմնա տիեզերական լռությունը` անմարդաձայն և անշունչ, երբ բորենին ոչնչացնում է ծաղկած այգին։ Գուցե հոգնել է բազուկը և այլևս չի գտել ոչ մի գաղափար պատկերելու վերջին ամայությունը։ Բայց նա ձև է տվել ամբողջ արձանին. այդ նետ է, սուր ծայրը դեպի երկինք, կարծես ահա պիտի թռչի նետը և մեխվի երկնքի կողը:

Մի ջերմեռանդ հույն, որի մոտ են եկեղեցու բանալիները, երբ ցույց տվեց Սավվայի երկրորդ հիշատակը, ասաց, որ այդ սուրբ Գևորգի գլուխն է: Միամիտ մարդ... Եկեղեցու մայր դռան վերևը, Սավվա Սիդերոն քանդակել է կանացի մի գլուխ, մի լուսավոր երես, որի փափուկ այտերի վրա կան փոսիկներ, և աչքերը ժպտում են: Երկու ֆալլուս գրկել են կնոջ պարանոցը և թվում է, թե հենց այդ է նրա ժպիտի պատճառը:

— Իսկ սրանք ոսկորներ են խաչի նման… որովհետև Սավվան մեծ վարպետ էր և 10 սուրբ մարդ, — հավատացնում էր այն ջերմեռանդ հույնը, ձեռքին ծանր բանալինելը:

Երբ «Ոսկե գահի» բարձրության վրա Լազրը դողդոջ ձայնով երգեց իր հոր՝ Սավվա Սիդերոյի գովքը, մի քաղցր երգ, որ հորինել էին նրա բարեկամ վարպետները, ես լսում էի խաղի վերջին անընդհատ կրկնվող «Սավվա... մարմարա… Սավվա Բարբարա», որ նշանակում էր.

Սավվայի սիրած մարմար...
Սավվայի սիրած Վարվառ...

Իմ աչքի առաջ ելնում էր երկու ողկույզը և բորենին, ամայի անապատը, ապա նրա կինը՝ սպիտակ Բարբարան, կնոջ մարմարե պարանոցի վրա իբրև ժանյակ 20 անարատ ֆալլուսը:

2

Որդին գնաց հոր ճանապարհով:

Նա ևս դարձավ քարի վարպետ, սակայն չէր սիրում այն, ինչ Սավվա Սիդերոն՝ մահարձաններ և քանդակներ եկեղեցիների վրա: Նա երբեք չմտավ եկեղեցի, գուցե նրա համար, որպեսզի չտեսնի հոր քանդակը և չհիշի այն անձրևախառն փոթորիկը և խավար գիշերը, հոր սպիտակ շապիկը և մահը:

Լազրը գնաց Շիրվան, Իմերեթ, եղավ Մասիսի կողմերը, շրջելով հասավ մինչև Սև ծովի ափերը, հետո գնաց Գիլան, եկավ Գետաբեկ: Եվ որտեղ նա գնաց, տներ կառուցեց, գետերի վրա կապեց կամուրջներ, աղբյուրների առաջ՝ քարե ավազաններ՝ մարդկանց և անասունների համար:

Սավվան նրան սովորեցրել էր, թե ի՞նչ կա գետնի խորքում, եթե ջրերը սև ժանգ են դնում քարերի վրա, և լեռան վրա խոտը փարթամ չի բարձրանում: 10 Այն կաշվե պայուսակը, որ մաշել էր հոր մեջքը, որդին ուսն առավ ու շրջեց երկրից երկիր, և երբեք ժանգ չնստեց պողպատե գործիքների վրա:

Որդին այդ բոլոր վայրերում հորից ավելի եռանդով փնտրեց պղինձ, երկաթ և օնիքս-մարմար, ոսկի և կվարց, և գրաֆիտ, և սրաքար: Նա փորում էր լեռան լանջերը և ձորձերի հատակը, բարձրանում էր լերկ գագաթները և խփում այն ժայռերին, որոնք իրենց էին քաշում կայծակի թրերը: Զրնգում էր և՛ ժայռը, և՛ հոր մուրճը: Նա զննում էր ժայռի բեկորը և անսխալ որոշում, թե ի՞նչ կա նրա խավար ընդերքում: Երբեմն նա գտնում էր մաքուր երկաթե շերտ, լեռան կողի վրա: Նա ինքն էր հանում ծանր մետաղը, որից 20 գյուղական դարբինները թափում էին խոփ և ծեծում սուր գերանդի, երբեմն փակում էր իր փորած հանքահորը, երբ նկատում էր, որ հանքը խորն է և քիչ են իր ուժերը: Այդպես տարիների ընթացքում նա սովորեց թափանցվել լեռների խորքը, նայել հարյուրավոր մետր ցած և այնտեղ տեսնել ավազի և խճի տակ թաղված պղինձը և մարմարը, սև երկաթը և գունավոր կվարցը.

— Լազր, հայրդ իսկապես գետի մե՞ջ էր գցել իր դանակը...

— Գցել էր գետի մեջ...

— Իսկ դու գտա՞ր դանակը...

— Ես գտա դանակը:

Եվ Լազրը պատմում էր հանքաքար փնտրողների հին սովորությունը: Աղբյուրների ջրերի և գետերի մեջ նրանք նետում էին երկաթի կտոր և ժամանակի ընթացքում երկաթի վրա նստում էր պղինձը, եթե ջրի մութ ակունքներում պղնձաքարի շերտեր կան: Մի այլ ձևով նրանք փնտրում են մարմարը և առանձին ուշադրությամբ են զննում այն վայրերը, 10 ուր առատությամբ թափված է կուպրի նման սև և փայլուն «սատանի եղունգը»:

— Իսկ գտա՞ր դու այն գանձերը, որի մասին ասում էր քո հայրը՝ Սավվա Սիդերոն:

Նա լռում է:

— Այդ զրույց է... Բայց տես մեր գերեզմանատունը... Այ իմ մոր սպիտակ մարմարը և հորս գերեզմանը: Մինչև այստեղ թռչում են մեր մեղուները: Եվ ինչ պակաս հարստություն է այն սարը:

Մկանուտ ձեռքը մեկնում է դեպի դիմացի լեռան գագաթը, որտեղ ձյունի մաքուր փայլով շողում են մարմարի վիթխարի քարերը, և երբ իջնում է 10 ամպը, թվում է, թե մինչև երկինք է հասնում սպիտակ մարմարը:

3

Այս վայրը կոչվում է «Ոսկե գահ»:

Կլոր հարթավայր է լեռնային թանձր խոտով: Կանաչը կարմրում է, երբ խոտերի մեջ բարձրանում է կարմիր պուտը, կապույտ է զանգածաղիկներից և սպիտակ՝ երբ բացվում է լեռնային մեխակը, կարծես մեկը ներկեր է տարել, և կանաչ մարգագետինների վրա անկարգ կաթկթել են ներկերը:

Այդպես է այդ հարթավայրը, երկու կողմը բլուրներ, հետևը բարձր լեռը. լեռան դիմաց անդնդախոր ձոր, որտեղ աղմկում է լեռնային մի անանուն ջուր։ Եթե լիներ մի հսկա և նստեր «Ոսկե գահի» հարթավայրին, նա թևերր կհեներ բլուրներին, մեջքը՝ այն բարձր լեռան և ոտքերը կկախեր խոր ձորի վրա։

Բայց մենք ժամերով գնում ենք «գահի» կանաչների միջով. երբեմն խանգարում է խոտը, որ հասնում է մինչև մեր կուրծքը, և երբեմն էլ քամուց ծովի նման ծփում է բարձր կանաչը և քամին խլում է Լազրի խոսքերը:

...Գնացել է նա գետի հոսանքին հակառակ և ուշադիր նայել է ջրերին, նա հասել է մինչև գետեզրի այն աղբյուրը, որի ավազանների մեջ ընկած էր պղնձապատ երկաթը:

Գետի ջրի մեջ նա գտնում է մարմարի մի զարմանալի կտոր։ Նա փշրում է քարը և տեսնում նրա կապույտ փայլը, այն հազիվ նշմարելի երակները և հազարավոր ոսկեփայլ աստղիկները։ Նա մտաբերում է, որ գարնանը չափից ավելի բարձրացել էր գետը։ Ուրեմն ձյունհալի ժամանակ կամ գուցե գարնան պղտոր հեղեղը լեռներում քերել է մի անհայտ լեռ, և հեղեղը գետին է հանձնել այդ չնաշխարհիկ մարմարի կտորները։

Գնում է հոսանքի հակառակ մինչև գետի ակունքները՝ ցրված-փռված խոր ձորերում, լեռների վրա, մինչև բարձր գագաթների սառն աղբյուրները։ նա սպասում է մի տարի, նորից է հորդանում գետը, և ավելի շատ են երևում այդ քարերը։ Այդ տարին նա համոզվում է, որ ձախ վտակներն են բերում քարը և եռապատիկ համառությամբ շարունակում է մարմարի որսը։

Եվ գտնում է հանքավայրը մի ամայի լեռան գագաթին, որտեղ միայն ամառվա ամիսներին հնչում է հովվի սրինգը, և ապրում է քարարծիվը։

Հետո շալակեց մարմարի նմուշները, իջավ այդ լեռներից և գնաց Լեռշինարդ։

— Կային, որ չէին հավատում, թե մեր սարերում կա էդպես մարմարիոն... Իսկ ասում էի սա որտեղի՞ց է:Ես հո չեմ շինել:

Լեռն ելան պայթեցնողները և մարմարի վարպետները։ Շատ անգամ պայթեց դինամիտը, մինչև ճանապարհը հասավ լեռան գագաթը, և այդ ճանապարհով եզներն իջեցրին մարմարի առաջին քարը։

Ձորերը լցվեց զվարթ աղմուկով։

Լազրը, Երկաթ Սավվայի արդեն ծերացած որդին, դեռ թարմ ավյունով նրանց հետ էր, որոնք ճեղքում էին լեռը, պայթեցնում էին ժայռերը և գետնի մութ ընդերքի դուրս հանում մարմարի ծանր քարերը։

Նա նայում է մինչև սայլերը ծածկվեն լեռան հետևը, ապա նայում է ձորի մեջ ընկած իրենց գյուղին։ Եվ մարմարի որսորդը գոհ է, որ իր և աշխարհի համար գտավ այդ գանձը:

***

Բարձում են օրվա վերջին սայլերը:

Սայլապանները երկաթե շղթաներով բարձրացնում են մի քար, որ ծանր է հարյուր փթից: Երբեմն բարձում են և քար, որ քաշում է երկու տոնն։ Ապա մոտեցնում են սայլը, և մարմարը դանդաղ իջնում է սայլի վրա։

Ի՜նչ ահով են եզները նայում այդ սպիտակ քարերին, որ իջնում են շղթաների զրնգոցի և մարդկային աղմուկի մեջ:

Լազրը ինչ-որ բան է ասում սայլապանին, ապա շոյում է քարը:

Նա քարին զարկում է մի տարօրինակ գործիքով, որ և՛ մուրճ է, և՛ կացին, և՛ բրիչ․․․ Զնգում է մուրճը, և արձագանք է տալիս քարը։

— Երկու հազարից ավելի արժի։

Ես նայում եմ նրա գործիքին, նույնիսկ կարող է սղոցել քարը, նայած որ կողմից կհագցնես կոթը։

— Լազր, ո՞րտեղից է քեզ այս... Իմ ձեռքին է Սավվա Սիդերոյի նշանավոր հիշատակը։

Լեռան կատարին սողում է ամպը, և շողքն ընկնում է մարմարի ժայռերի վրա։ Նրանց սպիտակության մեջ լողում է նույն ամպը։ Հետզհետե խոնարհվում է արևը, զարթնում է լեռների երեկոն: Թվում է, թե ցածրանում է երկինքը, և թափանցիկ օդի մեջ բոլորովին մոտ են երևում աստղերը։ Բայց աստղերից ավելի պայծառ թարթում են նոր տների ճրագները, և ձորերը ողողվում են մարմարի կաթնագույն լույսով: