Ձուկ տղան
Ժամանակով մի բազրկյան ա ըլըմ, ժառանգ չի ունենըմ: Կանչըմ ա. «Աստված, ինձ մի ժառանգ տուր, թեկուզ բեդովլաթ ըլի»։
Գալիս ա դրա ընտանին ազատվըմ ա, բերըմ ա մի ձուկ։ Մի քանի տարի անց ա կենըմ, էտ ձուկը լիզվավորըմ ա. — Մե՛ր, հե՛ր, ինձ հըմար մի կնիկ բերեք։
Հերն ու մերը զարմանըմ են, ասըմ. — Աստված մեզ պատիժ տվուց հերիք չի, հըմի էլ էս կաննել ա՝ կնիկ ա ուզըմ, մենք ինչ մեղքի տակ ընկնենք՝ էթանք էս ձկանը կնիկ ուզենք։
Մերը խելոք ա ըլըմ, մարթին ասըմ ա. — Գնա՛ մի տղա փողով բռնի, տար պսակի, կնիկը բեր մեր տղի հըմար, էն տղին էլ փող կտաս՝ կէթա։
Էտ մարթը վեր ա կենըմ, էթըմ ա մի տղա փողով բռնըմ, տանըմ օտար քաղաք, մի թաքավորի ախչիկ ուզըմ, պսակըմ, բերըմ տուն։ Տղին փող ա տալի, քցում ճամփա, քշերը ախչկանը տանըմ ա առանձին օթախըմ քուն դնըմ։ Էտ ձուկը էթըմ ա էտ ախչկա օթախը, խրխին հանըմ ա՝ դառնըմ ա մի երևելի տղա, մտնըմ ա ախչկա ծոցը։ Առավոտը վեր ա կենըմ, հաքնըմ ա խրխին, էլ ետ դառնըմ տուն։
Մի վախտ ապրըմ են, օրերի մի օր էտ ախչկա մերը գալիս ա ղոնաղ։ Գալիս ա ղոնաղ, տենըմ ա փեսեն տանը չի, մի ձուկ ման ա գալի։ Ասըմ ա. — Ա՛յ ախչի, մեր փեսեն ո՞ւր ա բա։ Ասըմ ա.— Իրիկունը կգա։
Իրիկունը ախչիկը մոր հետ էթըմ ա օթախը պառկըմ, ձուկը էլի գալիս ա, խրխին հանըմ՝ մարթ դառնըմ, նստըմ զանքաչի հետ ասըմ-խոսըմ։
Առավոտը էլեդ դառնըմ ա ձուկ։
Մերը ախչկանը ասըմ ա.— Ախչի, դրա խրխին պըտի կրակես, որ դրան ազատութուն ըլի:
Էքսի իրիկունը ձուկը որ խրխին հանըմ ա, ախչիկը վեր ա կենըմ, խրխին քցըմ կրակը։ Որ քցըմ ա կրակը, տղեն զարթնըմ ա, դառնըմ աղունիկ, ասըմ.— Թաքավորի ա՛խչիկ, էս ա ես գնացի, էրկաթե տրեխ հաքնես, պողպատե գավազան վեր ունես, քթնես՝ քու բախտիցը, քթնես ոչ՝ քու րախտիցը։— Ասըմ ա ու թռչըմ։
Թաքավորի ախչիկը առավոտը վեր ա կենըմ ասըմ կեսուր, կեսառին.— Ա՛յ ձեր տունը շինվի, էն թառլանը իմ ձեռիցը թռավ, ինձ խարջլըղ տվեք, ես էթամ՝ քթնեմ։
Դա շատ փող վեր ա ունըմ. էթըմ ա օխտը ճամփի մեչտեղը մի խեյրաթ-խանա ա շինըմ՝ էթողը, գալողը հաց են ուտըմ, էթըմ են։ Էտ ախչկա սովորությունը էն էր, որ էկողից էլ, էթողից էլ հարց կաներ, թե՝ գլխին ի՞նչ ա էկե, ինչ ա տեհե, լսե։
Ըտեղ մի հեր, մի տղա լսըմ են, որ ըտեղ խեյրաթ-խանա կա, ասըմ են թե՝ էթանք ընտեղ ապրենք։ Ճամփին տղեն ետ ա ընկնըմ մի յառի տակին. տենըմ ա մի թեթև դուռը, մտիկ ա տալի, տենըմ հ'իրեք աղունիկ նստած սուփրի գլխին, կենաց են խմում։ Մինը ասըմ ա.— Խմենք էն բազրկյանի տղի կենացը, որ մենք խլել ենք թաքավորի տղի ձեռիցը, տարել ենք մեշեն պահել:
Էտ հեր ու տղեն գալիս են խեյրաթ-խանեն։ Ախչիկը գալիս ա, ասըմ ա.— Ա՛յ բիձա, ա՛յ տղա, գլխըներդ ինչ էկել ա՝ պատմեք։
Տղեն վեր ա ունըմ հորն ասըմ ա.— էրեկվա տեհածը ասե՞մ։
Հերը բարկանըմ ա տղի վրին թե.— Էտ էլ բան ա, որ պատմես: Ախչիկն ասըմ ա.— Պատմի՛, պատմի՛։
Տղեն պատմըմ ա, ինչ որ տեհել էր։
Ախչիկը էտ խեյրաթ-խանեն բախշըմ ա էտ հեր ու տղին, ինքը վեր ա կենըմ, էթըմ էտ մեշեն։ Էթըմ ա էտ մեշըմը հ'ախպուր ա ըլըմ` էտ հ'ախպրի կուշտը տափ ա կենըմ։ Գալիս ա ճաշի վախտը, տենըմ ա հը՛, հ'իրեք աղունիկ էկան, էտ ախպրի վրին վեր էկան, դառան հ'իրեք հատ զանահլի[1] ախչիկ, ձեն տվին.- Արա՛բ, ամանաթը բեր:
Մի արար էրևաց, նի'լավ ծառը, մի ղութիկ վե բերուց. բաց արին, սրտի վրին դրած թուխտը վե կալան, մի տղա հ'էլավ նստեց: Վե կացան չորսն էլ տկլորացան, նի մտան հավուզը լողացան, հ'էլան հաքնվան, նստեցին հաց կերան, էլ ետ տղին դրին ղութիկը, թուխտը դրին սրտին, կանչեցին.— Արա՛բ, տար դի իրա տեղը։— Արաբը վե կալավ, տարավ դրուց էլեդ ծառի վրին։
Թաքավորի ախչիկը հեռվանց թամաշ էր անըմ, տենալու հետ ճանանչեց, որ էտ տղեն իրա մարթն ա։ Աղունըկները թռան, էտ ախչիկը դուս էկավ, նի'լավ ծառը, վե բերեց ղութին, բաց արուց, թուխտը վե կալավ, տղեն նստեց, ասեց.— Ա՛յ ախչի, էս ո՞նց քթար դու ինձ։
Ախչիկն ասեց.— Դե՛, քթել եմ, իմը՝ դու, քունը՝ աստված։
Ըտե թող դրանք քեֆ անեն իրանց հըմար, ընչար աղունըկների գալու վախտը։ Էլի դնըմ ա տղին ղութու մեչ, թուխտը դնըմ սրտին, բանցրացնըմ, դնըմ ծառի վրին։
Մի տարի դա ըտենց ապրըմ ա, դրանցից ըլըմ ա մի տղա։ Անց ա կենըմ մի վախտ, մի օր էրեխովն են ըլըմ, գալիս ա աղունըկների գալու վախտը. եգին-եգին դնըմ ա մարթին ղութին, թուխտը սխալվում ա թարս ա դնըմ, էթըմ ա տափ կենըմ։
Գալիս են աղունըկները, էլ ետ ձեն տալի.— Արա՛բ, ամանաթը բեր։
Արաբը էտ ղութին բերըմ ա, բաց են անըմ, տենըմ են թուխտը թարս ա դրած սրտին, ասըմ են.— Կա չկա, էտ ղանջղը էկել ա քթել. արա՛բ, էս ամանաթը կտանես Բաղեմա քաղաքը, տենանք ո՞նց կգա՝ կքթնի։— Ասեցին ու անհայտացան։
Մնաց թաքավորի ախչիկը իրա տղի հետ՝ ախ ու վախ անելով: Ընկավ ճամփա, գնաց։ Գնաց մեշի մեչ մի հ'ախպուր տեհավ, մոտացավ, տեհավ որ հ'ախպուրը անգին քարեր ա քցըմ, էտ քարերիցը ինքը վե կալավ, ջեբ ու ծոց լքցըրուց, էլեդ իրան ճամփեն բռնեց, գնաց։ Գնաց դուս էկավ մի քաղաքի ղրաղ։
Ըտեղ էլավ մի հալիվորի ու մի պառավի ղոնաղ։ Էրեխեն մենձացավ, դառավ տասը տարեկան, դուս էր գալի իրա թայդաշ էրեխեքանց հետ վեք էր հաղըմ։ Մի օր էկավ էտ տղեն լաց էլավ, ասեց.— Ա՛յ մեր, ինձ էլ վեք տուր, ես էլ էթամ հաղամ:
Մերն ասեց․— Ա՛ռ էս հ'իրեք քարը, տար քեզ հըմար ջոկ հաղ արա։
Տղեն առավ էտ քարերը, գնաց իրա հըմար ջոկ հաղըմ էր, էրկուսը տնկըմ էր, մընովը տալի։
Թաքավորը իրա լալի հետ ման գալոն, ման գալոն գալիս են տենըմ են էտ էրեխեքը հաղ են անըմ։ Տենըմ են էտ էրեխի դրած քարերը իրանց թաքավորութունը կառնի ու չի ծախի, թաքավորը ասըմ ա.— Լալա՛, արի չուռ անենք։
Լալեն ասըմ ա.— Ըտենց չի'լիլ, կաննենք, թող էրեխեն իրա հաղիցը պրծնի էթա տուն, տենանք ո՛ւմ էրեխեն ա, մի ջառով ձեռիցը կառնենք։
Կաննեցին ընչանք էրեխեն հաղիցը պրծավ, քարերը թոփ արուց, դրուց իրա ջեբը, վազեց դըբա պառավի տունը։
Թաքավորն ու լալեն դրա եննուցը գնացին։ Գնացին, տեղը իմացան, էքսի օրը թաքավորը մարթ ղրկեց տան տիրոչը կանչեց։ Էտ հալիվորը վե կացավ գնաց, օխտը հետ բարև տվուց, ձեռները խաչեց, կաննեց։
Թաքավորն ասեց.— Դու լսել իր որ մեր խազնեն կտրել են. էտ քարերը, որ քու թոռի ձեռին էրեկ տեհել ենք, մեր խազնի քարերըն են, ասելա` գողը յա դու ես, յա քու տղեն:
Էտ հալիվորը ասեց.— Ես թոռ չունեմ. էտ տղեն որ տեհել եք, իմ ղոնաղի տղեն ա:
Թաքավորը ղրգեց տղին կանչեց։ Մերը տղին չորս հատ քար տվուց. ասեց.— Կտանես, թաքավորի հ'աղաքը վե կդնես, կասես. «Արքա թաքավոր, թե որ էս քարերիցը մինը հանես` կիմանամ, որ քուննա, թե չէ` ես հինգն էլ հանեմ` իմացիր, որ իմ պապի մալն ա»:
Տղեն գնաց, թաքավորին ասեց թե.— Էս քարերը իմ պապի մալն ա, չես հավատըմ՝ հինգն էլ հանեմ:
Թաքավորն ասեց.— Լավ, թե հինգն էլ հանես՝ քու պապի մալն ա։
Տղեն ջիբիցը հինգ հատ էլ հանեց, վե դրուց թաքավորի հ'աղաքը: Թաքավորը մնաց զարմացած։ Լալին ասեց.— Լալա՛, մի հնար քթի էս տղին սըպանենք, էս քարերը ձեռիցը առնենք:
Լալեն ասեց.– Թաքավոր, դու հիվանդացի, սրան ղրգենք Բաղեմա քաղաքը՝ անմըհական խնձոր բերի։ Զաթի էթողը ետ չի գալի, սա էլ կէթա, ետ չի գալ, քարերը կմնան մեզ։
Թաքավորը ասեց տղին.— Ա՛յ տղա, ինձ հիվանդութուն ունեմ, հեքիմները ասել են, թե անմըհական խնձոր պըտի, որ ես առողջանամ։ Թող էս քարերն ըստեղ մնան, դու գնա Բաղեմա քաղաքիցը անմըհական խնձոր բեր։
Տղեն ասեց.— Շատ լավ, մի ձի տու, էթամ բերեմ։
Թաքավորն ասեց.— Լա՛վ, էքուց հազր կըլի։
Տղեն էկավ իրանց տուն, ասեց.— Մե՛ր, թաքավորը ինձ ղրկըմա Բաղեմա քաղաքը՝ անմըհական խնձորի։
Մերն ուրախացավ, ասեց.— Գնա՛, բարի ճամփա ըլի։
Տղեն հ'էքսի օրը էթըմ ա, նի ըլըմ ձին, էթըմ։ Էթըմ ա, ճամփին մի հալիվորի ռաստ ա գալի, ասըմ ա.— Բաբի՛, ես էթըմ եմ Բաղեմա քաղաքը, ո՞նց էթամ գամ, որ գլուխս ղազիա[2] չգա:
Հալիվորն ասըմ ա.— Ո՛րթի, ես ջահել եմ, իմանըմ չեմ, իմ մենձ ախպերը գիտա, գնա նրա կուշտը, նա շանց կտա։
Ըտիան էթըմ ա հասնըմ էն մենձ հալիվորին, ասըմ ա.— Բա՛րի ջան, ես պըտի էթամ Բաղեմա քաղաքը, մենձ մարթ ես, ինձ խրատ տու` ո՞նց էթամ, ո՞նց գամ, որ ղազիա չգա գլուխս։
Հալիվորն ասեց.— Ո՛րթի, էթաս քաղաքի դուռը չես քթնիլ, կքթնես մի ջրծակ, ձին դրսի գիհը կկապես, նի կմտնես քաղաքի մեչը, կտենաս մի մենձ բախչա, ինչ մեյվա ուտես՝ խոսող ըլիլ չի, որ վեր ունես գալու, քար ու ցախ պըտի գոռան. «Տարա՜վ», չվախենաս, ետ չմտիկ տաս, թե չէ քար կդառնաս։
Դա հալիվորի ձեռը պաչեց, նի'լավ ձին, գնաց։ Գնաց հասավ Բաղեմա քաղաքը, տեհավ դուռ չկա, գնաց քթավ հալիվորի ասած ջրծակը, ձին կապեց դրսևը, ինքը ջրծակից մտավ բախչեն։ Դես ման էկավ, դեն ման էկավ, տեհավ մի մառմար հավուզ, մի ձեռ ամարաթ, բարը քաղեց, վե կալավ, որ ետ դառնա, սկսեցին գոռալը. «Տարա՜ն, տարա՜ն, մեր բաղի խնձորը տարան»։
Տղեն ետ չթամաշ արուց, էկավ իրա ձիու կուշտը, նի'լավ քշեց։ Քշեց էկավ հալիվորի կուշտը, հանեց էրկու խնձոր տվուց հալիվորին, ձեռը պաչեց, էլեդ ընկավ ճամփա։ Էկավ հասավ էն մեկել հալիվորին, էրկու խնձոր էլ դրան փեշքաշ արեց, շարունակեց ճամփեն, էկավ իրանց տուն։ Մերը հարցրուց.— Ո՛րթի, ի՞նչ տեհար էտ քաղաքըմը:
Տղեն ասեց.— Տեհա ըսենց ամարաթ, մառմար հավուզ, բաղ ու բախչա։— Հանեց էրկէրկու խնձոր էլ տվուց մորն ու իրենց պահող հալիվորին ու պառավին: Դրանք կերան, ջահելացան։
Առավոտը խնձորները վե կալավ, տարավ տվուց թաքավորին։ Թաքավորն էլ կերավ՝ ջահելացավ, ասեց լալին։— էս չէլավ, լալա, տղեն գնաց էկավ` քարերը պըտի ետ տանք։
Լալեն ասեց.— Հըմի էլ ղրկենք անմըհական ջուր բերի, դրանից էլ նեղ տեղ չկա:
Թաքավորն ասեց տղին.— Տղա՛, անմըհական խնձորը բերիր, ջուրն էլ պըտի բերես։
Տղեն ասեց.— Լա՛վ, կբերեմ։
Ետ դառավ, էկավ տուն, մորն ասեց թե.— Էլեդ թաքավորը ղրկըմ ա անմըհական ջրի։
Մերն ասեց.— Որ էթըմ ես, ընտեղ, մառմար հավուզի կուշտը տափ կկենաս՝ թամաշ կանես, կտենաս ի՜նչ կա, ի՜նչ չկա ընտեղ։
Տղեն ձին նի էլավ, գնաց։ Գնաց էլեդ պուճուր հալիվորին ռաստ էկավ։
Հալիվորն ասեց.— Որթի, է՞լի էկար, բոլ չի՞, քեզ ուզըմ են փչացնեն։
Տղեն ասեց.— Աստված մենձ ա,— ասեց,— շարունակեց իրա ճամփեն, էկավ հասավ մենձ հալիվորի կուշտը, ասեց.— Բաբի, հըմի էլ ղրկել են ջրի, ջո՞ւրը ոնց տանեմ։
Հալիվորը պատասխանեց.— Որթի, ճաշի վախտ էթաս ոչ ախպըրի կուշտը, կամ առավոտ կէթաս, կամ իրիկնադեմը։
Տղեն շարունակեց ճամփեն, գնաց մտավ էլեդ էտ Բաղեմա քաղաքը, սկսեց իրա հըմար ման գալ։ Մոր զրիցը ընկավ միտքը գնաց ճաշի ժամանակ ախպրի կուշտը տափ կացավ, տեհավ ճաշին հ'իրեք աղունիկ էկան ըտե, խրխիքը հանեցին, դառան հ'իրեք հատ ախչիկ, ձեն տվին.— Արա՛բ, ամանաթը բեր,— մի արաբ դուս էկավ, գնաց օթախիցը մի ղութիկ շլակեց, բերուց դրեց էտ հ'ախպրի վրա, ինքը անհայտացավ։
Ախչըկերքը ղութիկը բաց արին, սրտի թուխտը վե կալան, մի մարթ դուս էկավ, շորերը հանեցին, ընկան էտ հավուզի մեչը, լեղացան, դուս էկան հաքնվեցին, նստեցին հ'ախպրի գլխին ճաշ արին։ Ետև տղին դրին էլ էն ղութիկը, ձեն տվին.— Արա՛բ:— Արաբը էկավ, ղութիկը տարավ ամարաթը, ախչըկերքը էլեդ դառան աղունիկ, թռան գնացին:
Տղեն որ էս տեհավ, զարմացավ։ Գնաց անմըհական ջրիցը վե կալավ, առանց ետ մտիկ տալու դուս էկավ։ Ետևիցը քար ու քոլ ձեն ին տալի. «Տարա՜վ, տարա՜վ»:
Նի էլավ ձին, քշեց էկավ հասավ մենձ հալիվորի կուշտը, մի թաս ջուր տվուց՝ խմեց, ջահելացավ, օրհնեց տղին. ըտեղան էկավ էն մեկել հալիվորի կուշտը, նրան էլ տվուց մի թաս ջուր` էն էլ ջահելացավ. էլեդ շարունակեց ճամփեն, էկավ իրանց տուն։
Ըտե մերը ասեց.— Որթի, ի՞նչ տեհար։
Տղեն պատմեց՝ ինչ որ տեհել էր։
Մերն ասեց.— Բա չե՞ս ասըմ իմ հերը հ'ո՞ւր ա. ախր էն, ինչ ղութուց հանեցին, էն քու հերն ա։
Տղեն ասեց.— Ո՛ր ըտենց ա, ես կէթամ իմ հորը կբերեմ։
Մերն ասեց.— Ես էլ հետդ կգամ։
Տղեն ջուրը տարավ թաքավորին. թաքավորը որ ջուրն էլ խմեց, դառավ տասնըհինգ տարեկան ղալի-զանլի: Կանչեց տղի ճակատը պաչեց, ասեց.— Տղա, գնա, իմ թաքավորութունն էլ քեզ բաշխեմ, հըլա քի՛չ ա:
Քարերը վե կալավ տվուց տղին, ասեց.— Համեցեք, քու պապի մալն ա:
Տղեն վե կալավ հ'իրեք հատը բախշեց թաքավորին։ Ըտեղան թաքավորից էրկու ձի ուզեց, բերուց իրանց տունը, մորն ասեց.— Գնա հ'իրեք ձեռք կնկա շոր կարել տու, հետներս տանենք։— Մերը կարել տվուց, վե կալան, ձիերը նի էլան, գնացին։
Գնացին հալիվորներին ռաստ էկան, մենձին ասեցին.— Էթըմ ենք որ հորըս բերենք, ո՞նց բերեմ։
Հալիվորը ասեց.— Կէթաք, հավըզից հեռու կրակ կանեք, էն վախտը որ աղունըկները կգան խրխիքը կհանեն, որ լղանան, խըրխիքը գողացեք, քցեք կրակը։ Որ քցիք կրակը, կմնան տկլոր, էտ շորերը կհաքցնեք, վե կունեք ձեզ հետ կբերեք։
Ըտենց էլ արին. գնացին կրակը արին, հավուզի կուշտը, տափ կացան, աղունըկները էկան, արաբին ղութիկը բերիլ տվին, հանվեցին, մտան հավուզը, տղեն կամաց-կամաց առաչ գնաց, շորերը գողացավ, տարավ քցեց կրակը։ Դրանք տեհան, շատ աղաչանք արեցին, որ տա՝ չտվուց, քցեց կրակը, նոր ձեն տվուց մորը, թե.— Շորերը տուր, թող հաքնեն։
Մերը շորերը տարավ, հաքան, դառան հ'իրեք ախչիկ: Նոր էտ հ'իրեքին հորը հետ վե կալան հալիվորների կշտով ետ դառան էկան իրանց տունը։
Ըտեղ տղեն գնաց թաքավորիցը հ'իրեք ձի էլ ուզեց, բերուց. իրենց հալիվորին ու պառավին մնաս բարով արին, նի էլան ձիանը, տղեն, հերը, մերը ու էն հ'իրեք ախչիկը գնացին իրենց հայրենիքը: Որ հասան երկիրը, տղի մերը գնաց ընկավ իրա կեսուր, կեսառի շլնքովը, լաց էլավ, ասեց.— Ահա՛ ձեր տղեն, էս էլ ձեր գողերը, էս թոռն էլ ձեզ փեշքաշ։
Ըտեղ հերն ու մերը ուրախացան, բերին էտ հ'իրեք ախչկանը տվին մարթի, օխտը օր, օխտը քշեր էլ հարսանիք արին, թոռանը պսակեցին:
Նրանք հասան իրանց մուրազին, թող ամեն մարթ էլ հասնի իրա մուրազին:
Աստըծանից հ'իրեք խնձոր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ` հ'անգաշ դնողին։