ՁՈՒ ԳՈՂԱՑՈՂԸ

Ձու գողացողը ձի կգողանա.
Թո՛ղ լսողն գլխին լավ մուղաթ կենա։

Անմեղ երեխի մինն դեռ աշխարհի
Ո՛չ ցավը գիտեր, ո՛չ չարն, ո՛չ բարի,
Ընկած իր քեֆին, իր քաղցր արևի
Ձենն ածելով միշտ շրջեր տուն, այգի.
Ծառերի տակին ղշերի ձենին
Մայիլ մնացած՝ աչքի տեսածին։
Ով մեկ քաղցր աչքով նայում էր նըրան,
Ով մեկ անոշ խոսք հենց դընում բերանն,
Էնպես էր կարծում, թե իր ախպերն ա,
Ուզում էր, հոգին հանի, նըրան տա։
Ո՛չ պատժի համը, ո՛չ մեղքի ձենը
Դեռ չէր իմացել, որ պահի ջանը։
Ինչ մերն ասում էր, էն էր կատարում,
Նըրա բերնի խոսքն ու ասածն անում։
    Հանկարծ մեկ օր էլ հարևանի տանն
    Խաղալիս՝ գտավ մեկ ձու նա բիրդան։
    Ձու ու երեխա՞ — ի՞նչպես չէր խաբվիլ։
    Ձուն դըրեց ջեբը, սկսեց քաշվիլ։
    Մերն ուրախ ուրախ ձուն ձեռիցն առավ,
    Ճակատը պաչեց ու խըրատ տվավ։
    «Քո ջանին մեռնիմ, խելոք տղեն էն ա,
    Որ դըրսիցը հեչ դարդակ չգա։
    Էդպես ղայրաթով կա՛ց, չարըդ տանիմ,
    Որ ես էլ մի քիչ ա՜խ՝ լավ օր տեսնիմ»։―
Բայց վա՜յ էն մորը, որ իր երեխին
էսպես խրատի, ծախի իր հոգին։
Երեխի բերանն է՛ն լազաթն ընկավ,
Որ գազան դառավ, քանի մեծացավ։
Հանդ ու հարևան, բաղեր ու բոստան
Նըրա գող ձեռիցն ամանը եկան։
Դուքան, տուն կտրիլ, ապրանք փա՛խցընիլ,
Քարվան թալանիլ, ճամփորթ սպանիլ,
Փեշակ դառավ նրան։ Ու ազիզ մերը
Քանի բերում էր, էնքան իր սերը
Ավելացնում էր, որդուն խըրատում,
Տեղն էկած վախտը ինքն էլ էր անում։
    Բայց ով ուզենա, ֆորի մեջ ընկնի,
    Գըլուխը կջարդի, կամ ոտն կկոտրի։
    Էսպես էլ էլավ մեր գողի բանը
    Մեկ օր էլ ուզեց, որ խանի տանը
    Քյահլան ձին կապած՝ դուս քաշի տանի,
    Ձին տանելու տեղ ինքն հասավ բալի։―
    Թող հիմարք ասեն՝ թե մեր ճակատին
    Ինչ գըրված որ ա, էն կգա մեր գլխին։
    Ով էսպես գըրեց, ձեռը չորանա,
    Ճակատն ի՞նչ իր գլուխն արևը լա,
    Որ մարդ ինքն իրան ղազաբի կըտա,
    Փիս խրատներով ճամփից դուս կըգա։―
Խանին էլ խնդիր անող ո՞վ կըլեր։
Մեր ասիացիք չեն էնպես կեռմեռ,
Ու դատաստանը շուտով վերջացնում,
Կամ գլուխ կտրում, կամ աչքեր հանում։
Երկար պարանը որ չըձգեցին,
Մեր ղոչաղ գողին տակին կանգնացրին,
Որ խեղդեն նրան, նա չոքեց բիրդան,
Որ կես սհաթ էլ ա դաստուր տան նըրան,
Իր մորը տեսնի ու մուրազն առնի,
Մերն էլ իր կաթը նրան հալալ անի։
    Հենց մերն մոտացավ՝ լալով, սքալով,
    Որդին ճտովն ընկավ՝ դոշը ծեծելով,
    Բայց ա՜խ՝ տեսնողի գլխեն կրակ վառվեց․
    Որ անսիրտ որդին՝ մորն երբ փաթաթվեց,
    Ծիծն առավ բերանն՝ էնպես սաստիկ կծեց,
    Որ տեղից պոկ գալն ու մոր հոգին տալն
    Երկար ժամանակ էլ հեչ չքաշեց։―
Թո՛ւր էր, քաշեցին, քար էր վերցըրին.
Գողի՝ տեղն ու տեղն որ հանեն հոգին։
Նա անահ, անվախ՝ իր կիսահոգի
Մոր լաշին քցեց աչքն ու բիրադի
Ձեն տվեց խալխին: «Տեսե՛ք ջամըհա՛թ՝
Լացե՛ք իմ գլուխն ու բարի խրատ
Տըվե՛ք ձեր որդոցն, որ էս ղազաբին
Չի հանդիպին ու ձեր անբախտ գըլխին
Անեծք չըթափեն, իրանց պահպանեն։
Գյոռբեգյոռ ըլիս՝ անիրա՛վ իմ մեր,
Էս է՛ն մեկ ձվի լազաթն ու խրատն էր,
Որ դու ինձ տվիր, էս տեղն քըցեցիր,
Երկուսիս հոգին դժոխքի փայ արիր»։―
Ասեց ու թուրը մեկիցը խըլեց,
Ընչանք որ հասան, նա իր սիրտն ցցեց։
Ու մեռնելիս էլ՝ շունչն էստով կտրեց։
«Վա՜յ էն հորնը մորն, որ որդի պահի,
Ու ո՛չ խրատ տա, ո՛չ էլ լավ կրթի»։―