9. ՂԱՀՐԱՄԱՆ-ԲԼՈՒԹ

Ավալ ժամանակին մի թագավոր ա ըլնում, ունենում ա իրեք տղա։ Էդ թագավորն ա՝ որ շատ ծերանում ա, ձեռ ու ոտից ընկնում, ասում ա․ «Կանչեմ տղեքանցս, խրատ տամ. մարդ ա՝ բա՛լի մի ղաֆիլ մեռնում եմ»։

Օրեն մի օրը տղեքանցը կանչում ա։

— Ա՛յ որդիք,— ասում ա,— տենում եք ծերացե, դեն եմ ընկե, ըսօր կամ էգուց չկամ, ձեզ ուզում եմ,— ասում ա,— մի վասիաթ անի. ինձանից եղը կլսեք՝ դո՛ւք գիտաք, չեք լսի՝ է՛լի դուք գիտաք, մեղքն ու վարձքը ձեր շլինքը։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում են տղեքը,— ասա՛, կլսենք, խի՛ չենք լսի:

— Լա՛վ,— ասում ա թագավորը,— որ կլսեք, կասեմ։ Ա՛յ որդիք,— ասում ա,— ինձանից ձեզ ամանաթ. ո՛ր ճամփովն ուզում եք՝ գնացեք, համա չըլնեմ-չիմանամ է՛ս մի ճամփովն էթաք հա՜, թե չէ, դո՛ւք գիտաք, նհախ տեղը գլխներդ շառի մեջ կքցեք։

— Լա՛վ, թագավորն ապրած կենա,— ասում են տղեքը,— որ ասում ես՝ չենք էթա։

Անց ա կենում մի վախտ՝ մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, մախլասի՝ վեց ամիս[1], էդ թագավորը օրեն մի օրը հիվանդանում ա, տեղով-բարձով թեք ընկնում, էլ չի վե կենում, տղեքանց չարը տանում ա: Է՛հ, էդ տղեքն են՝ վեր են ունում իրանց հորը, ոնց որ կարգն ա, տանում են առոք-փառոք թաղում, թողում գալի տուն:

Հոր մահից եդը թագավորությունը մնում ա էդ իրեք աղպորը, որ դորե-դոր պտի թագավոր նստեին։ Ի՛նչ ասիլ կուզի, որ քոմմըքից աղաք մենծ աղպերն ա թագավոր ըլնում։

Անց ա կենում մի վախտ. էս մենծ աղպերն ա՝ օրեն մի օրը ինքն իրան միտք ա անում. «Աղպեր,— ասում ա,— ախար մեր հերը խի պտի վասիաթ աներ, թե որ ճամփովն ուզում եք գնացեք, էն մի ճամփովը չէթաք. կա չկա՝ ըստե մի բան կա. պտի հազար մարդ վեր ունեմ,— ասում ա,— էթամ տենամ՝ ընդերանք ի՛նչ կա, ի՛նչ չկա»:

Լա՚վ։ Էս մենծ աղպերն ա՝ թագավորությունը թողում ա միջնեկ աղպորը, ճամփի թադարեք տենում, հազար ձիավոր վեր ունում, ինքն էլ ասպաբավորվում, յարաղ-ասպարը կապում, նիլնում ձին, ընկնում աղաք, էդ ճամփեն բռնում՝ էթում։

Էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ քանի էթում ա, տենում ա լավ-լավ չայիր–չիման, կանանչ տեղեր, որ վրեն նստիլ, մի կտոր հաց ուտիլը՝ հենց ի՛նչ ասես ածի, հազար մի ռանգ ծաղկներ, որ նրանց ֆոտը չէր դիպնում մարդի պնչի[2], խելքամաղ էր անում, թողում, լավ-լավ անմահական աղբրներ, լավ-լավ ջրեր, էնքա՜մ զուլալ, էնքա՜մ զուլալ, որ ասեղը քցեիր մեջը՝ տակին կէրևար, էնքա՜մ զուլալ էր. ավին հո՝ էլ հալ ու հեսաբ չկար, ասսու ստեղծած ի՛նչ թավուր ղուշ ասես, ի՛նչ ջուռա ջանավար ասես՝ լիքը, Մախլաս, գլխներդ ինչ ցավացնեմ, մենծ աղպերը ըտերանք որ չի տենում՝ բերանը մնում ա բաց։

— Հե՜յ գիդի աշխարք,— ասում ա ինքն իրան,— էսթավուր չայիր-չիման տեղերը, էս լավ-լավ անմահական աղբրները հալբաթ հերս միջնեկ աղպորս հմար էր պահում, չէր ուզում, որ ես էլ գամ ըստերանք, ման գամ, քեֆ անեմ, իմ աչքն էլ բաց ըլնի, ասեմ՝ աշխարումը ես էլ եմ բան տեհե, մարդկերանց ջերկ ընկե:

Մենծ աղպերն ա՝ էս ասելու բաշտան, էն սհաթը վեր էկավ, ըտե չաղիր տվեց, ասեց. «Մի քիչ հաց-մաց ուտենք, դինջանանք. էս լավ-լավ տեղերը ման գամ, սեհր անեմ, մի քանի օր կենամ, էլի վե կենամ, էթամ մեր երկիրը»։

Նոքարներին հրամայեց հացի թադարեք տենան, մնին էլ ղրկեց, որ էթա ավ անի, բալքի ղշից-մջից վե քցի բերի, խորովեն, ուտեն։

Էդ մի նոքարն ա՝ նետուանեղը վեր ա ունում, էթում ավղուշ։ Դե՛ս ա էթում, դե՛ն ա էթում, որ շատ ման ա գալի, տենում ա՝ հրենիկ հա՜, երկնքի էրեսին մի մենծ Սև ղուշ. նետուանեղը որ չի քաշում տալի, էդ ղուշը բանձրանում ա, կրակ դառնում, ընկնում ներքև, թագավորին իրա ղոշնով, նոքարներով, չադրներով, բանով քոմմա էրում, քուլ շինում թողում։

Անց ա կենում մի վախտ, միջնեկ աղպերը տենում ա՝ մենծ աղպերը եդացավ, չէկավ։

— Կա չկա,— ասում ա,— ըստե մի բան կա. մի հարիր մարդ վեր ունեմ, էթամ աղպորս հավարին։

Թագավորությունը թողում ա պուճուր աղպորը, ճամփի թադարեք ա տենում, հարիր մարդ վեր ունում, յաբաղ-ասպարը կապում, ասպաբավորվում, նիլնում ձին, ընկնում աղաք, աղպոր գնացած ճամփեն բռնում, էթում։

Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ քանի էթում ա, տենում ա լավ-լավ չայիր-չիման, կանանչ տեղեր, լավ-լավ անմահական աղբրներ։ Ըստոնք որ չի տենում, քեֆը գալիս ա։

— Հե՜յ գիդի աշխարք,— ասում ա,— էս չայիր-չիման, կանանչ տեղերը, էս սիրուն աղբրները հերս հալբաթ պուճուր աղպորս հմար էր պահում. չէր ուզում, որ ես էլ մի օր գամ ըստերանք սեհր անեմ, քեֆ քաշեմ, սիրտս մի քիչ բացվի, ուրախանամ, էլի վե կենամ էթամ մեր երկիրը։

Էս ասում ա թե չէ, նոքարներին հրամայում ա՝ ըտե վե գան, չադիր տան, մի քիչ դինջանան, էթա էդ չայիր-չիման տեղերը մխելի ման գա, սեհր անի, մի քանի օր մնա, նո՛ր վե կենա էթա իրանց երկիրը։

Նոքարներն էն սհաթը վեր են գալի, չադիր տալի, զադ-մադերը տեղավորում, ձիանիքն էլ էդ կանանչ խոտերի միշին օրըգում, որ արածեն։

Եննա միջնեկ աղպերն ասում ա՝ հացի թադարեք տենան, նոքարներից մնին էլ ղրկում ա ավի, ասում ա՝ բա՛լի ղշից-մշից վե քցի, բերի, խորովեն ուտեն:

Էդ նոքարն ա՝ նետուանեղը վեր ա ունում, էթում։ Դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի, է՛ս դիհն էթում, է՛ն դիհն էթում, զադ չի ռաստ գալի. վերջը որ շատ պտտվում ա, տենում ա երկնքի էրեսին հրենիկ մի մենծ Սև ղուշ. ասում ա.— Ա՛րի վե քցեմ, տենամ էդ ի՛նչ ղուշ ա:

Ըտերանք մի քարափ ա ըլնում, մննում ա էդ քարափի տալդեն, նետուանեղը քաշում, ո՛ր չի տալի, ղուշը բանձրանում ա, կրակ դառնում, ընկնում գետինը, թագավորին իրա ղոշնով, ձիանըքանցով, չադրներով, մախլաս՝ ինչ ունեին-չունեին էրում, քուլ շինում թողում: Համա էդ ավչին չունքի քարափի տալդեն էր մտե՝ մնում ա սաղ-սալամաթ, որ ասես, նրա մի մաղն էլ ա չի թեքվում: Ըստոնք որ չի տենում, ափալ-թափալ դուս ա գալի քարափի տալդիցը ու դո՜ւղ[3] դպա իրանց երկիրը։

Գալիս ա գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա իրանց երկիրը, էթում թագավորին գլուխ տալի, ընդե կաննում: Պուճուր աղպերը մնում ա արմացած:

— Բա մեկելներն ո՞ւր են,— հարցնում ա,— բա միջնեկ աղպերս խի՞ չէկավ:

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— բա չես ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան. էն ճամփեն բռնեցինք գնացինք, տեհանք՝ լավ-լավ չալիր-չիման, կանանչ տեղեր, լավ-լավ անմահական աղբրներ, որ տենողի խելք էր էթում. ըտե վեր էկանք, չադիր տվինք, կացանք, թագավորն ասեց՝ նետուանեղը վեր ունեմ, էթամ ավի. ես էլ վե կալա, գնացի: Գնացի, գնացի, տեհա երկնքի էրեսին հրենիկ մի Սև ղուշ: Ասեցի՝ վե քցեմ տենամ էդ ի՛նչ ղուշ ա: Տալու բաշտան ղուշը բանձրացավ, կրակ դառավ, ընկավ գետինը, թագավորին իրա ղոշնով, ունեցած-չունեցածովը[4] էրեց, քուլ շինեց, թողաց: Աստոծ խնայեց, քարափի տալդեն ի մտե, թե չէ ես էլ պտի էն ղազարին գայի, ֆողեց-ֆողի կորչեի:

Պուճուր աղպերն էս որ լսում ա, ձեն ա տալի.— Ա՛յ հարա՜յ,— ասում ա,— կա չկա մենծ աղպերս էլ ա էդ ճամփեն բռնե գնացե, էդ քյաֆուր ղշին ռաստ էկե, քուլ դառե մնացե:

Շատ ա սուգ ու շիվան անում, գլխին վա՛յ տալի, մղկտում, լաց ըլնում, համա էլ որդե՝ բանը բանից անց էր կացե:

— Ի՛նչ ուզում ա ըլնի,— ասում ա,— մի օր էլել եմ, մի օր էլ պտի մեռնեմ, հարիր ձիավոր պտի վեր ունեմ, էդ ճամփեն բռնեմ էթամ, գլուխս մահի տամ, աղպորտանցս ինադը հանեմ էդ ղշիցը՝ նո՛ր որ սիրտս հովանա:

Ջա՛նրմսան տղեն, թագավորությունը թողում ա մորը, ճամփի թադարեք տենում, հարիր ձիավոր վեր ունում, յարաղ-ասպարը կապում, ասպարավորվում, ասսու անումը տալի, թռնում ձին, աղպորտանց գնացած ճամփեն բռնում, էթում։ Էն ավչուն էլ ա հեննեն վեր ունում, որ ճամփեն շանց տա:

Գալիս ա, գալի, շատն ու քիչն աստոծ ա խաբար, մի օր, էրկու օր, իրեք օր, տենում ա՝ ղո՛րթ որ լավ-լավ չայիր–չիման, կանանչ տեղեր, լավ-լավ անմահական աղբրներ, որ տենողի խելք էր էթում: Գալիս ա հասնում աղպորտանց վեր էկած տեղը, ըտե վե գալի, չադիր տալի: Նստում են հաց-մաց ուտում, դինջանամ, նո՛ր պուճուր աղպերը ըտե ղոշունը թողում ա, էն ավչու հեննա վե կենում, էթում Սև ղշի հավարին:

Դե՛ս ա էթում, դե՛ն ա էթում, բո՛ւյան, օ՛յան[5] մախլաս՝ շատ որ ման ա գալի, տենում ա Սև ղուշը հրենիկ երկնքի էրեսին էրևաց: Ավչու հեննա քաշվում ա քարափի տալդեն, որ փորձանք չպատահի, նո՛ր նետով տալիս ա. տալու բաշտան ղուշը էլի բանձրանում ա, կրակ դառնում, ընկնում ներքև, թագավորի մարդկերանցը քոմմըքին էրում, քուլ շինում, թողում: Պուճուր աղպերը ո՛ր ամեն բան իրա աչքովը տենում ա, էս հետ ավատում ա ավչուն:

— Ի՛նչ անենք, ի՛նչ չանենք,— ասում ա,— որ իմանանք էդ ղուշը ի՞նչ ջանավար ա, որ էս զուլումը բերեց մեր գլուխը: Է՛թանք,— ասում ա,— էս մոտիկ գեղարենքը, սրանից, նրանից սալըղ առնենք, հարց ու փորձ անենք, բալի ասեն:

Լա՛վ: Ձիանիքը նիլնում են՝ յա՜լլա:

Գալիս են գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, է՛ս գեղը, է՛ն գեղը, սրա՛ն են հարցնում, նրա՛ն են հարցնում, թե.— Ֆլա՛ն տեղը մեզ մի Սև ղուշ ռաստ էկավ. էդ ղուշը ըսե՛նց, ըսե՛նց հունար ունի ու էս օյինը բերեց մեր գլուխը. ա՛սսու սիրուն, մի ա՛սեք, տենանք՝ էգ ղուշը ի՞նս ա, ջի՞նս ա, շանա՞վար ա, թե՞ ուրիշ զադ ա:

— Էդ ղուշը որ կա,— ասում են,— հողածին ա, ինքը աղջիկ, անումն էլ Ղահրաման-Բլութ։ Էդ աղջիկը էնքա՜մ ղոչաղ ա, էնքա՜մ հունարով, որ սաղ աշխարքը ձեռին դողում ա. ձեզանից ղոչաղ, ջահել-ջիվան տղամարդիկ են էկե դրա հավարին, համա ձեռները զադ չի ընկե, քոմմըքին էլ էրել ա, քուլ շինե թողե, ընե՜նց մի զուլում-քյար զադ ա։ Մեղք եք,— ասում են,— ջահել-ջիվան եք, էկեք ետ դառեք, գնացեք ձեր արևի ձենն ածեք:

— Չէ՛ որ չէ,— ասում են,— ի՛նչ ուզում ա ըլնի, պտի էթանք, ո՛ր պտի էթանք։ Ջըհանդա՜մը գյոռը, մի օր էլել ենք, մի օր էլ պտի մեռնենք։ Բա էդ աղջկա ամարաթը ո՞րդի ա,— հարցնում են։

— Էդ աղջկա ամարաթը,— ասում են,— ըստիան շատ հեռու ա. էս ճամփեն կբռնեք, կէթաք, կէթաք, կէթաք՝ դուս կգաք դո՛ւզ էդ աղջկա ամարաթի կուշտը։ Նրա երկրի սնուռը հասնեք թե չէ, դուք էլ կքոռանաք, ձեր ձիանիքն էլ, ո՛ր ասես, զադ չեք տենա. համա չվախենաք, ըտենց քոռե-քոռ կէթաք ընչանք ամարաթը հասնիլը. հասաք թե չէ, ալբիալը ձեր աչքն էլ կբացվի, ձեր ձիանոնցն էլ. կտենաք ամարաթի աջ ու ձախ դիհը հրենիկ ասլան, ղափլանը նստոտած՝ մուղաթ են կենում, որ մարդ-մադաթ, անումը իսանորդի չմննի նեքսև. էն սհաթը կբերեք ձեր ձիանոնցից մինը վե կքցեք. կմորթեք, կես կանեք, կեսը ասլանի աղաքը կքցեք, կեսը ղափլանի, նոր ուսուլով ամարաթի դուռը բաց կանեք, կմննեք նեքսև, կտենաք՝ Ղահրաման-Բլութը աչքերը բաց քնած ա, իրա թլսմի շուշեն էլ հրենիկ գլխավիրևը՝ թարեքի վրեն դրած, ինչքամ թլիսմ ունի, բիրադի էդ շուշի միջին ա. որ կարենաք էդ շուշեն ձեռ քցի, իմաց կացե՛ք Ղահրաման-Բլութը ոտով գլխով ձերն ա, որ ձերն ա։

Պուճուր աղպերն էս որ լսում ա, էլ մաջալ չի տալի, ալբիալը նիլնում ա ձին, էն ավչու հեննա ընկնում ճամփա՝ դո՛ւզ դպա Ղահրաման-Բլթի ամարաթը։

Էթում են, էթում են, էթում են, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ հինգ օր[6], դուս են գալի Ղահրաման-Բլթի երկիրը. սնուռը հասնելու բաշտան, ոնց որ ասել ին, իրանք էլ են քոռանում, իրանց ձիանիքն էլ, որ ասես, զադ չեն տենում: Ասում են. «Էթանք աղաք, տենանք, բա՛լքի աչքներս բացվում ա, թե չէ ըստերանք ղուրդուղուշի փայ կըլնենք, կմնանք»: Ըսենց էփեջա տեղ որ էթում են, մի ղաֆիլ աչքները բացվում ա, տենում են՝ ղորթ որ, հրենիկ աղաքներին մի ամա՜րաթ, մի ամա՜րաթ, մի ամա՜րաթ, էնքա՜մ սիրուն, էնքա՜մ նաշխուն շինած, որ բերանները մնում ա բաց նրան մտիկ անելոն. տենում են ամարաթի դռանը հրենիկ ասլան, ղափլան նստոտած, որ ասես իսանորդի չեն թողում մոտանա: Ալրիալը բերում են ձիանոնցից մինը վե քցում, մորթում, կես անում, կեսը ասլանի աղաքը քցում, կեսը ղափլանի՝ իրանք ուսուլով մննում նեքսև։ Մննում են ի՛նչ տենում՝ մի ա՜ղջիկ, մի ա՜ղջիկ, մի ա՜ղջիկ, էնքա՜մ սիրուն, էնքա՜մ նաշխուն, որ արևին ասում ա՝ դու մեր մտի, ես դուս եմ գալի, աչքերը բաց խռմփալեն ընտե քնած ա: Սրան որ չտեհան՝ խելքամաղ էլան, մնացին, ինադն էլ մտներիցն ընկավ, ղագն էլ։ Պուճուր աղպերը դե՛ս աչք ածեց, դե՛ն աչք ածեց, տեհավ, ըհը՛, հրենիկ թլսմի շուշեն թարեքի վրեն դրած ա։ Ալբիալը վե կալավ, ծովն էլ զաթի մոտիկ, վազեվազ տարավ, քցեց ծովը, վե կացավ էկավ։ Քցելու բաշտան, էն սհաթը Ղահրաման֊Բլութը տեղիցը վե կացավ, նստեց։

— Ա՛յ հողածին,— ասեց,— էդ ի՞նչ արիր. էլ թլսմիս շո՞ւշեն խի քցեցիր ծովը, էն ա ես քունն եմ, դու իմը։

— Էդ հո ըտենց ա,— ասեց տղեն,— համա ի՛նչ անեմ, աչքս քեզանից շատ ա վախեցե. ընդուր հմար էլ տարա քցեցի ծովը, որ դհա արխեյին ըլնեմ։

Դե՛, Ղահրաման-Բլութն էլ ինչ պտի աներ, կշտին թլսմի շուշա չկար, զադ չկար, որ էլ եդ իրա հունարը շանց տար, ձեն, ծպտոն չհանեց, ասեց. «Տենամ՝ վերջն ի՛նչ ա ըլնում»։

Ըստե էրկսով էլան մարդ ու կնիկ, էդ ամարաթումը կացան։ Էն ավչուն էլ ամարաթի միջին ջոկ օթախ տվին, որ էթա իրա հմար ընդե կենա։ Լա՛վ։

Մի ուրիշ թագավորի աչքն էլ էր ընկե Ղահրաման-Բլթի վրեն։ Էդ թագավորը շատ դե՛ս ընկավ, դե՛ն ընկավ, եքա ղոշուն վե կալավ գնաց վրեն կռիվ, ինչ արեց, չարեց՝ ձեռը զադ չընկավ. փորփոշման թողաց, վե կացավ, էկավ։

Օրեն մի օրը խաբարը բերին էդ թագավորին թե.— Բա՛ չես ասի՝ Ղահրաման-Բլութը հրեն ֆլա՛ն թագավորի աղին առել ա, իրա ամարաթի միջին նստե:

Էս որ իմացավ, իրա նոքարներին հրամայեց․— Կէթա՛ք,— ասեց,— որդիան որ ըլնի, ման կգաք, մի պառավ կնիկ կգտնեք, կբերեք իմ կուշտը։

Նոքարներն էթում են, դե՛ս ման գալի, դե՛ն ման գալի, մի գզըզված պառավ գտնում, կանչում, բերում թագավորի կուշտը:

— Ա՛յ պառավ,— ասում ա թագավորը,— քեզ մի բան պտի ասեմ, կարա՞ս անի։

— Խի՞ չեմ կարա, թագա՛վորն ապրած կենա,— ասեց պառավը,— ասա՛, տենամ. չկարացի՝ արինս քեզ հալալ ա:

— Լա՛վ, որ կարաս՝ կասեմ։ Ֆլա՛ն երկրումը,— ասում ա,— մի աղջիկ կա, անումը՝ Ղահրաման-Բլութ։ Էդ աղջիկը սաղ աշխարքը զվիր ա բերե։ Էլ թագա՛վոր ասես, էլ թագավորի ցե՛ղ ասես, մախլասի՝ աշխարքում ինչքամ ղոչաղ տղամարդիկ կան՝ գնացել են նրա հավարին, ձեռները զադ չի ընկե, քոմմըքին էլ էրել ա, ֆող ու մոխիր շինե, թողե։ Հմի քեզ տենամ, ա՛յ պառավ, թե կարացիր մի ֆանդով էդ աղջկանը բերի, իմաց կաց՝ քաշովդ մին ոսկի կտամ քեզ։

— Ա՛չքիս վրեն, թագա՛վորն ապրած կենա,— ասեց պառավը,— դրանից էլ հեշտ բա՞ն։

— Բաս որ ըտենց ա, առ ըս էլ քե ճամփի խարջլըղ:

Թագավորը բերում ա դրան մի գոգ ոսկի տալի, ճամփու դնում։

Էս պառավն ա՝ ճղված, ճոթռած, հին-մին, քնձրոտ-մնձրոտ շորեր ա հագնում, բերում մի խնոցի քցում ծովի էրեսը, խնոցու բերանը շորով ղայիմ կալնում, որ մեջը ջուր չքցվի, վրեն նստում ու գյամու ղայդա քշում դպա Ղահրաման-Բլթի ամարաթը։

Գալիս ա գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, հինգ օր, մախլասի՝ մի շաբաթ[7], դուս ա գալի ծովի էն մի էրեսը։ Պառավը խնոցին ըտե ծովի ղրաղին մի թաքուն տեղ պահում ա, էթում Ղահրաման-Բլթի ամարաթի պատի տակին թեք ընկնում, ղաստահիվանդ տալի։

— Խե՛ղճ, անտեր, անտիրական կնիկ եմ,— ասում ա,— ասսու սիրուն մի տեղ տա՞ք սթար անեմ։

Դե՛, Ղահրաման-Բլութը իմաստուն էր, է՛լի, տենալու բաշտան ալբիալը գլխի ա ընկնում, որ էդ պառավի միջին մի սատանություն կա. էթում ա քաշում դրան՝ տո՛ւր թե կտաս, տո՛ւր թե կտաս, տո՛ւր թե կտաս, մի լավ, ձեր հավան կացած, գորսում, սալջարդ անում, ընդիան դուս անում:

Մարդը սրան ղնամիշ ա անում,— Ա՛յ կնիկ,— ասում ա,— էդ խեղճ, դառն–աղքատ պառավը քեզ ի՞նչ ա արե. խի՞ ես ծեծում: Հագիր ա՛րի, բերենք հաց տանք պահենք, թո՛ղ մեր տան բանն անի, էփի, թափի, լվանա, ավիլ անի, մախլաս՝ ինչ որ ձեռիցը գա՝ կանի էլի. խեր չտված՝ հո վնաս չի՞ տա մեզ:

— Ա՛յ մարդ,— ասում ա Ղահրաման-Բլութը,— տե՛ս դրանից շառ կգա մեզ, հա՜. եննա չասես, թե՝ ըսենց չի, ընենց ա:

— Է՛հ, ա՛յ կնիկ, դա ի՞նչ ա, որ դրա շառն ի՞նչ ըլնի. դու էլ ընենց բան ես ասում ո՜ր․․․

— Դո՛ւ գիտաս, ա՛յ մարդ, ես մի բան էր՝ ասեցի. սրանից դենը մեղքն ու վարձքը քու շլինքը:

Բերում են, վարձք դեին էդ պառավին վեր ունում, ամարաթումը պահում։

Էդ պառավն ա՝ մնում ա ըտե, դրանց աղաքին ղուլլուղ անում, էփում, թափում, լվանում, ավլում. մախլաս՝ կնիկ ա, էլի՛, ի՛նչ որ ձեռիցը գալիս ա՝ անում ա։ Անց ա կենում ըսենց մի վախտ՝ մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, մի ամիս, էդ պառավը ընե՜նց մի ղուլլուղ ա անում դրանց աղացին, ընե՜նց մի նստում, վե կենում, ժաժ գալի, որ մարդ ու կնիկ դրան էնքա՜մ սիրում են, էնքա՜մ ուզում, ոնց որ իրանց հալալ մորը: Էդ պառավը հեննեն քնացնելու դեղ էր բերե, օրեն մի օրը որ խոլվաթ ա քցում, դեղը մոտացնում ա մարդ ու կնկա պնչին, ալբիալը նրանք քնում են:

Պա՛ռավ, դու պառավ, էլ մաջալ մի՛ տա, էն սհաթը շալակա Ղահրաման-Բլթին, յա՜լլա դպա ծովի ղրաղը: Խնոցին պահած տեղիցը հանում ա, Ղահրաման-Բլթին կոխում մեջը, եննա խնոցին քցում ծովի էրեսը, ինքն էլ շեք անում, վրեն նստում ու դո՛ւզ դպա էն թագավորի երկիրը:

Գալիս ա, գալիս ա, գալիս ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, դուս ա գալի ծովի էն մի էրեսը:

Խաբարը տանում են թագավորին թե.— Պառավը հրեն Ղահրաման-Բլթին բերում ա։

Թագավորը ուրախանում, աշխարով մին ա ըլնում, էն սհաթը եքա ղոշուն ա վեր ունում, դուս գալի պառավի աղաքը:

— Ա՛յ դու բարո՜վ, հազա՜ր բարին ես էկե,— ասում ա թագավորը,—ամեն ճամփից[8] սալամա՜թ, ո՜նց ես, լա՞վ ես:

— Բարին ա՛րևդ, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա պառավը։

Ասում ա ու խնոցու բերանը բաց անում, Ղահրաման-Բլթին ընդիան հանում՝ մի ա՜ղջիկ, մի ա՜ղջիկ, մի ա՜ղջիկ, էնքա՜մ սիրուն, էնքա՜մ նաշխուն, որ չուտես, չխմես, չհագնես, չմաշես՝ հենց նրա բամբակի նման սիպտակ, շարմաղ էրեսին թամաշ անես, հայիլ-մայիլ ըլնես մնաս. աղջիկ մի ասի, մի ակն ու արեգակ, մի մարալ, մի ջեյրան, մի հուրի-մալաք ասա:

Թագավորը Ղահրաման-Բլթին որ չտեհավ, խելքամաղ էլավ, մնաց։ Պառավը նստեց ըստե մին-մին իրա գլխով անցկացածը նաղլ արեց, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

Նո՛ր ըստիան Ղահրաման-Բլթին առոք-փառոք վե կալան, բերին թագավորի ամարաթը։ Պառավը ջիրիցը մի ուրիշ դեղ հանեց, մոտացրեց Ղահրաման-Բլթի պնչին թե չէ, Ղահրաման-Բլութը ալբիալը վե կացավ նստեց։

Խեղճ աղջիկը՝ որ աչքերը բաց չարեց, տեհավ էդ թագավորի ամարաթի միջին, մնաց սառած սրա, նրա էրեսին մտիկ անելոն, թե՝ ես ով, էս թագավորն ով, որ էկել եմ սրա կուշտը։

Միտք արեց, միտք արեց, միտք արեց, նո՛ր գլխի ընկավ, թե բանն ընչումն ա։

— Բա՛լի,— ասեց,— կա չկա ըստոնք քոմմա էն ջադուրյար պառավի բաներն ա, էլ մարգի չէ։ .

Շատ գլխին վա՛յ տվեց, լաց էլավ, համա էլ որդե՝ բանը բանից անց էր կացե։ Տեհավ, որ պրծնելու ճար, իլլաճ չկա, միտք արեց ֆանդով ժաժ գա, ընչանք տենա՝ վերջն ինչ ա ըլնում։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասեց,— ես գիտամ խի՛ ես ինձ բերիլ տվե. միտքդ էն ա, որ քեզ առնեմ, ընենց չի՞։

— Հա՛,— ասեց թագավորը,— էդ չէլած, բա ի՞նչ պտի ըլնի։

— Բաս որ ըտենց ա, ինձ մի տասնըհինգ օր մհուլ տու, նրանից դենը ես քունն եմ, դու իմը։ Ռա՛զի ես։

— Ռազի եմ,— ասեց թագավորը,— թող քու ասածն ըլնի՝ տասնըհինգ օր քեզ մհուլ:

Բերեց դրան իրա ամարաթի միջին ջոկ օթախ տվեց, որ իրա հմար կենա, ընչանք պսակվիլը։

Էն ջադուքյար պառավը գիտար, որ Ղահրաման-Բլթի թլսմի շուշեն ծովի միջին ա. էկավ թադավորին ասեց.— Թագա՛վորն ապրած կենա, Ղահրաման-Բլթի թլսմի շուշեն հրեն ծովի միջին ա, կարաս՝ հանիլ, տու. որ հանիլ տաս, իմաց կաց նրա ֆոգին քու ձեռին ա, էլ բան չի կարա անի։

— Լա՛վ,— ասեց թագավորը,— դրանից էլ հեշտ բա՜ն։

Էն սհաթը շառ դռռալ տվեց սաղ իրա երկրումը, որ ինչքամ թոռչի կա, քոմմա հավաքվեն ծովի ղրաղը, թոռ քցեն, բալի էդ թլսմի շուշեն հանեն։ Թագավորի հրամանն էր՝ ի՛նչ պտի ասեին, չգային: Սաղ նրա երկրի թոռչիքը հավաքվեցին ծովի ղրաղը, թոռ քցեցին։

Քցեցին՝ հանեցին, քցեցին՝ հանեցին, քցեցին՝ հանեցին, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի սաղ շաբաթ քցեցին, անջախ ինչ հալոն հանեցին, բերին տվին թագավորին: Թագավորը վե կալավ պահեց։ Եննա էն պառավին, ոնց որ խոստացել էր, բերեց իրա քաշովը ոսկի տվեց, ճամփու դրեց:

Ղահրաման-Բլթին թողանք էդ թագավորի կշտին, գանք խաբար տանք նրա մարդիցը:

Խեղճ տղեն մնաց ընենց քնած ամարաթի միջին: Ավչին էլ բեխաբար, ի՛նչ իմանար ինչ ա էլէ, ինչ չէ, որ գար հավարին հասներ: Դե՛, ախար ո՞ւմ մտքովը կանցկենար, թե էն ջադուքյար պառավը էդ օյինը կգա նրանց գլուխը: Էդ պուճուր աղպերն էլ, որ թագավորությունը թողել էր մորը, ինքը վե կացե էկե Ղահրաման-Բլթի հավարին, դրա մերը մի դհից, երկրի խալխը մի դհից միտք ին անում. «Ա՛ղպեր,— ասում ին,— ըսենց բան չիլնի, մեր թագավորը գնաց, էլ չէկավ, ո՛նչ իզն ա էրևում, ո՛նչ թոզը. էկե՛ք մեր միջիցը մի իրեք մարդ ջոկենք, էթան աշխարե-աշխար, երկրե-երկիր ման գան, հարց ու փորձ անեն, սալըղ առնեն, տենանք՝ ի՛նչ էլավ՝ ղուշ կերավ նրան, զուրդ կերավ, ջանավար կերավ, թե ընչանք հմի սաղ ա»:

Բերում են իրեք մարդ ջոկում, որ էթան իրանց թագավոր եննուցը։

Էդ մարդիկն են՝ մի քանի ամսվա ճամփի պաշար են վեր ունում, ասպարավորվում, նիլնում ձիանիքը, պուճուր աղպոր գնացած ճամփեն բռնում էթում:

Էթում են, էթում են, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ քանի էթում են, տենում են լավ-լավ չայիր-չիման, կանանչ տեղարենք, լավ-լավ անմահական աղբրներ: Ասում են. «Ըստե վե գանք, մի քիչ հաց֊մաց ուտենք, դինջանանք, էլ վե կենանք, մեր ճամփեն էթանք»։ Վեր են գալի, ձիանիքը կանանչ խոտերի միջին, օրըգում են՝ արածեն, իրանք նստում են, խուրջինները բաց անում, հացները գնում աղաքները, կուշտ ու կուռ ուտում, էն անմահական աղբրների ջրիցն էլ վրեն խմում, մի քիչ դինջանում, եննա վե կենում, նիլնում ձիանիքը՝ էթում իրանց ճամփեն։ Դե՛ս են էթում, դե՛ն են էթում, մախլաս՝ ո՛ւր էթում են, հարցնում են, թե. «Ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց նշանով մարդիկ հո չե՞ն էկե, դեսը անցկացե»։

Որը «հա՛» ասում, որը «չէ՛», մախլաս՝ մի դրուստ ջուղաբ չեն իմանում։

Վերջը գալիս են մի գեղ հարցնում.— Ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց նշանով մարդիկ հո չե՞ք տեհե։

— Ո՛նց չէ,— ասում են,— ֆլա՛ն վախտը ըտենց էրկու ձիավոր էկան, դեսը անցկացան։

— Բա չիմացա՞ք՝ ուր ին էթում,— հարցնում են։

— Էթում ին Ղահրաման-Բլթի հավարին. ի՛նչ արինք, չարինք, չկարացինք եդ դարձնի՝ վե կացան գնացին, աստոծ գիտա՝ ընչանք հմի սա՞ղ են, թե էն անիսաֆ աղջկա ձեռն են ընկե, նրանց մենծ թիքեն անկաջն ա թողե։

— Էդ աղջկա ամարաթը ո՞րդի ա,— հարցնում են,— մընք էլ էդ էրկու ձիավորի մարդիկն ենք, էկել ենք նրանց եննուցը, աշխարե-աշխար, երկրե-երկիր ման ենք գալի, բալի գտնենք։

— Էս ճամփեն կբռնեք,— ասում են,— կէթաք։ Կէթաք, կէթաք, կէթաք՝ դուս կգաք դու՛զ էդ աղջկա ամարաթի կուշտը։ Հենց որ հասաք էդ աղջկա երկրի սնուռը, դուք էլ կքոռանաք, ձեր ձիանիքն էլ. ըտենց քոռե-քոռ կէթար, ընչանք ամարաթը հասնիլը. հենց որ հասաք, ալբիալը աչքներդ կբացվի, կտենաք՝ հրեն նրա ամարաթի դռանը ասլան, ղափլան նստոտած՝ իսանորդի չեն թողում նեքսև մննի. ալբիալը ձեր ձիանոնցից մինը վե կքցեք, կմորթեք, կես կանեք, կեսը ասլանի աղաքը կքցեր, կեսը ղափլանի, նո՛ր անսաս կմննեք նեքսև:

Էդ իրեք ձիավորը նրանց շանց տված ճամփեն բռնեցին, գնացին։ Գնացին, գնացին, շատն ու քիչն աստոծ ա խաբար, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ հինգ օր, հասան Ղահրաման-Բլթի երկրի սնուռը։ Սնուռը հասան թե չէ, իրանք էլ քոռացան, իրանց ձիանիքն էլ։ Ըտենց քոռե-քոռ գնացին, գնացին, գնացին, մի վախտ աչքները բացվեց, տեհան ղորթ որ աղաքներին մի ամարաթ՝ ասլան, ղափլանն էլ հրենիկ ամարաթի դռանը նստոտած են։ Ալբիալը բերին ձիանոնցից մինը վե քցեցին, մորթեցին, կես արին, կեսը ասլանի աղաքը քցեցին, կեսը՝ ղափլանի, իրանք մտան նեքսև։ Դե՛ս ման էկան, դե՛ն ման էկան, է՛ս օթախը, է՛ն օթախը, տեհան մարդ–մադաթ չկա։ Վերջը մի օթախ մտան, տեհան՝ մի մարդ հրենիկ ընդե քնած ա։ Մոտացան, ի՛նչ տենան՝ իրանց թագավորը։ Ուզեցան վե կացնի, ինչ արին, չարին՝ չկարացին. բոթեցին, ձեն տվին, տեհան՝ չէ, ըսկի նրա այնումն էլ չի։ Թագավորը ընենց չէր քնե, որ հեշտ ու հանգիստ վե կենար։

Վերջը տեհան, որ նրան վե կացնելու ճար, իլլաջ չկա, ընենց թողացին, դուս էկան, գնացին մեկել օթախները, տենան ընդերա՞նք ով կա, ով չկա։ Ամարաթի միջին դե՛ս ման էկան, դե՛ն ման էկան, է՛ս օթախը մտան, է՛ն օթախը մտան, վերջը մի օթախի դուռ էլ բաց արին, տեհան, ըհը՛, էն ավչին ընդե։ Տենալու բաշտան ալբիալը ճանանչեցին։

— Ա՛յ դու բարո՜վ, հազա՜ր բարին,— ասեցին,— ո՞նց ես, լա՞վ ես։ Ախար ըսենց բան չիլնի. էսքամ վախտ մեռանք մեր թագավորին ման գալոն՝ անջախ գտանք, ըն էլ քնած ա. ինչ անում ենք, չենք անում՝ վե չի կենում։

— Ո՞նց թե քնած ա,— ասում ա ավչին։

— Քնածը ո՛նց կըլնի, քնած ա էլի. էնքամ ձեն տվինք, բռթեցինք, ըսկի այնումն էլ չի։

— Ղո՞րթ:

— Ղո՛րթ։ Չես ավատում, ա՛րի տես։

Ավչին նրանց հեննա գալիս ա տենում, ղորթ որ թագավորը հրենիկ քնած ա, կնիկն էլ կշտին չի։ Դե՛ս կնիկ, դե՛ն կնիկ, է՛ս օթախը, է՛ն օթախը, որդի էթում ա՝ չկա, ո՛ր չկա։

— Բա՛լի,– ասում ա,— կա չկա՝ ըստե մի բան կա։

Բերում ա ալբիալը մի դեղ ա մոտացնում պնչին, թագավորը վեր ա կենում նստում։

— Ովվե՜, էս ի՛նչ շատ եմ քնե,— ասում ա թագավորը։

Եննա որ դե՛ս, դե՛ն ա մտիկ տալի, տենում ա կնիկը կշտին չի, ալբիալը մատը կծում ա.— Բա՛լի,– ասում ա,— կա չկա՝ էս էն ջադուքյար պառավի բաներն ա, էլ մարդի չէ՛։

Նո՛ր նստում են դեսից, դենից, դաղդան, դաշդան ասում, խոսում, մասլահաթ անում, իրար հալ հարցնում, ջա՛ն ասում, ջա՛ն լսում, ընչանք դառը կես-գշեր։ Եննա բերում են հացը քցում, նստում հացի։ Հաց են ուտում պրծնում, պառկում են քնում։

Առավոտը լիսը բացվում ա թե չէ, խաբարը բերում են պուճուր աղպորը, թե՝ «Ծովի էն էրեսին մի թագավոր կա, էդ թագավորն ա Ղահրաման֊Բլթին փախցնիլ տվել ու ըսօր ա, յա էգուց պտի պսակվի, ճար ունես՝ ճարդ տե՛ս»։

Պուճուր աղպերը էս լսում ա թե չէ, ալբիալը գեյմը փոխում ա, աղքատի շորեր հագնում, մեն֊մենակ վե կենում, ճամփա ընկնում դպա ծովի էն էրեսը՝ կնկա հավարին։ Որ հասնոլմ ա էն թագավորի երկիրը, էթում ա մի պառավի դուռ ծեծում։ Պառավը դուս ա գալի։

— Ա՛յ նանի,— ասում ա,— ղոնաղ չե՞ք ուզի, զարիբ մարդ եմ, մի քանի օր ձեր տանը սըթար անեմ, էլի վե կենամ, էթամ իմ բանին։

— Խի՞ չենք ուզի,— ասում ա պառավը.— ղոնաղն ասսունն ա:

Դրան աղաք ա անում, բերում տուն, հաց դնում աղաքը, մախլաս, ո՛նց որ կարգն ա, պատվում։ Էդ պառավը թագավորի տունը գնալ-գալ ա ունենում։

— Ա՛յ նանի, ըսկի ի՞նչ թազա, խաբար կա ձեր երկրումը,— հարցնում ա պուճուր աղպերը։

— Ըսկի, ի՛նչ պտի ըլնի ո՛րդի,— ասում ա պառավը,— թազա խաբարն էն ա, որ էգուց մեր թագավորը պսակվում ա։

Տղեն էս որ իմացավ, էլ չկարաց իրան պահի, սիրտը պառավի աղաքին բաց արեց։

— Ա՛յ նանի,— ասեց,— բա չես ասի՝ ես ֆլա՛ն մարդն եմ, ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բանի հմար եմ էկե։ Քու ֆոգուն վարձք ա, նա՛նի, ի՛նչ կըլնի մի ֆանդով Ղահրաման-Բլթին իմաց տաս իմ գալը:

— Լավ, ա՛յ որդի,— ասեց պառավը,— հենց էգուց պտի թագավորի ամարաթն էթամ, կասեմ։

Էգսի օրը պառավը վե կացավ, գնաց թագավորի ամարաթը: Տեհավ խոլվաթ ա, մարդ-մադաթ չկա, ուսուլով մտավ Ղահրաման-Բլթի օթախը։

— Խանումը սաղ ըլնի,— ասեց,— բա չես ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսենց բան։

— Ա՛յ պառավ, ղո՞րթ ես ասում, թե սուտ:

— Ղո՛րթ եմ ասում, խա՛նում ջան, չես ավատում, էթանք քու աչքովը տես։

Բաս որ ըտենց ա,— ասեց,— կէթաս կասես՝ արխեյին կենա. ըսօր ա, յա էգուց, ոնց որ ըլնի, գլուխ կառնեմ, կէթամ ըստիան։

Էդ օրն էլ հենց Ղահրաման-Բլթի հարսանիքն էր:

— Ո՛նց անեմ, ո՛նց չանեմ,— միտք ա անում Ղահրաման-Բլութը,— որ թլսմիս շուշեն ձեռ քցեմ։

Մարդ ա ղրկում թագավորին կանչիլ տալի։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա,— քեզ մի բան եմ ուզում ասի։

— Էրկուսն ասա,— ասում ա թագավորը։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում՝ ա,— հմի հո ես քունն եմ, դու իմը, էս իրիկուն էլ ղաթի պտի պսակվենք, ինչ կըլնի՝ թլսմիս շուշեն տաս ինձ։

— Աչքիս վրեն,— ասում ա թագավորը,— ես քեզանից զա՛տ կխնայեմ։

Էն սհաթն էթում ա բերում, տալի նրան, նա էլ վեր ա ունում, դնում ջեբը։

Դե՛, էդ իրիկուն նրանց հարսանիքն էր, է լի։ Հարս ու փեսա, զուգված, զարդարված, կուռ-կռի տված, թագավորի նազիր-վեզիրը եններուցը, էթում ին ժամ։ Հենց էդ վախտը Ղահրաման-Բլութը միղաֆիլ ընենց աներևութք էլավ, էլ չէրևաց, որ սաղ հարսանքավորը մնաց բերանը բաց մտիկ անելոն, թե էս աղջիկը սատանա էր, ի՛նչ էր, ընենց աներևութք էլավ, որ ո՛նչ իզն էրևաց, ո՛նչ թոզը։

Դե՛ս ընկան, դե՛ն ընկան, ինչ արին չարին՝ չգտան, ո՛ր չգտան։

Ղահրաման-Բլութը փախավ մտավ էն պառավի տունը, նո՛ր ընդիան մարդի հեննա ճամփա ընկավ դպա իրա ամարաթը: Մարդ ու կնիկ էկան, էկան՝ հասան ամարաթը. ըտե մի քանի վախտ կարացան, եննա ինչ կար չկար ամարաթի միջին՝ մա՛լ, դոլվա՛թ, հարստությո՛ւն, խազինա՛, քոմմա կիտեցին, բարձեցին ձիանիքը, ավչուն ու էն իրեք ձիավորին էլ հենները վե կալան, ընկան ճամփա՝ դպա պուճուր աղպոր երկիրը:

Գալիս են գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, էրկու շաբաթ[9], հասնում են պուճուր աղպոր երկիրը: Նո՛ր ըստե Ղահրաման-Բլութն ու պուճուր աղպերը թազադան պսակվում են, օխտն օր, օխտը գշեր հարսանիք ըլնում: Ինչ քե՜ֆ, ինչ ուրախությո՜ւն, ինչ դափ ու զուռնա՜, որ էլ հալ ու հեսաբ չկար:

Նրանք հասան իրա՛նց մուրազին, դուք էլ հասնեք ձե՛ր մուրազին։

  1. Տպագիր տեքստում «մախլասի վեց ամիս» արտահայտոլթյունը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.):
  2. Տպագիր տեքստում քթի, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  3. Տպագիր տեքստում՝ պուկ, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  4. Տպագիր տեքստում՝ զադ-մադով, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  5. Է՛ս կողմ, է՛ն կողմ (Ծ. Կ.):
  6. Տպագիր տեքստում «հինգ օր» արտահայտությունը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.):
  7. Տպագիր տեքստում «մի շաբաթ» արտահայտությունը բանահավաքի ձեռքով ջնջված Է (Ծ. Կ.):
  8. Տպագիր տեքստում՝ «ամեն ճամփեդ սալամաթ», ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  9. Տպագիր տեքստում «մի շաբաթ, էրկու շաբաթ» արտահայտությունը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.):