Ղամբար
8. ՂԱՄԲԱՐ
Կըլնի չիլնի մի կնիկ։ Էս կնիկը մի մինուճար տղա ա ունենում՝ անումը ըլնում ա Ղամբար։ Սրանք շատ դառն-աղքատ, անճար են ըլնում։ Տղեն ասսու իրան օրը պարանը վեր էր ունում, էթում հանդը, փուշ թոփ անում, թիթեն-միթեն կիտում, բերում բազար՝ ծախում, մի քանի շայի աշխատում տալիս ին հացի, ուտում, գլուխ պահում։
Օրեն մի օրը էդ Ղամբարը կիտած փուշը-մուշը բերում ա բազար՝ թագավորի ամարաթի աղաքը, մեյդանումը ծախում ա։
Թագավորի աղջիկը, որ Ղամբարի քըրչ ու փալասը, քրքըրված շորերը տենում ա, էթում ա հորն ասումա.— Խե՜ղճ տղա, որ կնիկ ունենար հո՛ ըսենց քրչոտ ճղճղված չէր ման գա։
Թագավորը էս որ լսում ա, էլ ձեն ծպտոն չի հանում․ կանչում ա իրա նազիր-վեզիրին.— Գնացե՛ք,— ասում ա,— էն փուշ ծախող տղին կա՛նչեք գա։
Նազիր-վեզիրն էթում են Ղամբարին կանչում։
Ղամբարը էս որ լսում ա, շատ ա վախենում, մնում ա մոլորած, թե յարաբ թագավորն ինձ խի՞ պտի կանչի։
Վեր ա կենում գալի թագավորի ամարաթը, թագավորին գլուխ տալի, ընդե կաննում։
— Տղա՛,– ասում ա թագավորը,– քեզ կանչել եմ, որ իմ աղջիկը տամ քեզ, կա՞ռնես։
Ղամբարը մնում ա շշմած, թե թագավորը էս ի՞նչ ա ասում: Թագավորի աղջիկը էս որ տենում ա, մեջ ա ընկնում։
— Ա՛յ տղա,— ասում ա,— խի՞ մոլորեցիր, հերնումերս ո՛ր տալիս են, դու խի՞ ես վախենում, դե ա՛րի ինձ ո՛ւզա էլի։
Թագավորը բերում ա աղջկանը տալի Ղամբարին, պսակում, օխտն օր, օխտը գշեր հարսանիք անում։ Ղամբարը թագավորի աղջիկը վեր ա ունում, տանում իրանց տունը։
Որ հասնում են տուն, Ղամբարը մորն ասում ա,— Նա՛նի թագավորը կանչեց, աղջիկը տվեց ինձ. հրես ըս էլ քու հարսը, բե՛ մի զադ քցա թագավորի աղջիկը նստի։
Ղամբարենց տունը շատ քոսոտ, քնձրոտ տուն ա ըլնում․ պատերը կեղտոտ-մեղտոտ, աթարի մխիցը սևացած, միջին էլ, որ ասես, կարպետի թրիշա չիլնում, հենց թաք էրկու իծի փոստ ա ըլնում, ըն էլ քրքրված, չունքի մերը էդ փոստերիցը Ղամբարի շորերի հմար կարկտաններ էր պոկում։ Մերը մի քրքրված փոստ բերում ա քցում թագավորի աղջկա տակը։
Թագավորի աղջիկը նստում ա, տենում ա տան հալը ի՛նչ ա, ասսուն փառք ա տալի, «Հալբա՛թ,— ասում ա,— իմ ճակատին էլ էս էր գրած»։ Եննա բերում ա իրա շորերիցը Ղամբարի հմար կարկըտաններ ա կտրատում, նրա շորերը կարկտում, սրբում, թամղացնում, շնորքի բերում։ Էգսի օրը Ղամբարը էլի վեր ա կենում, էթում հանղր փուշ-մուշ կիտում, թիթեն հավաքում, տանում թագավորի ամարաթի աղաքի մեյդանումը ծախում։ Թագավորը ակուշկիցը տենում ա՝ դրուստ որ ըսօր Ղամբարի շորերը ամեն վախտվա աես ճըղճըղոտված չի։
Իրիկունը Ղամբարը որ տուն ա գալի, կնիկը տենում ա սաղ ձեռները փուշ քաղելուց քրքրված, ծակծկված ա, սիրտը մղկտում ա։
— Ա՛յ մարդ,— ասում ա,— ըս էլ մի ապրուստ չի, սաղ օրը ըսենց քրքրվում ես, քարի հեննա քաղվում, ավազի հեննա մաղվում, աշխատում ես, աշխատում, օձի, գորտի հեննա ջուր խմում, դառը դատում, մաղբուն նստում, աշխատածդ էլ էրկու-իրեք շայի ա, հազիր գնա՝ մի ուրիշ գործ գտի, նոքարությո՛ւն արա, ֆահլությո՛ւն արա, որ մեր աչքն էլ զադ տենա։
— Լա՛վ, ա՛յ կնիկ,— ասում ա Ղամբարը,— որ ասում ես՝ ըտենց կանեմ։
Առավոտը էն բաշտեն Ղամբարը վեր ա կենում, էթում բազարի դուռը, բալքի ֆահլա բռնվի, յա ամսով մնի կուշտը նոքար ըլնի, աշխատանք անի: Դե՛ս ա էթում, դե՛ն ա էթում, սրա՛ն հարցնում, նրա՛ն հարցնում, վերջը տենում ա հրես մի բեղրդյան ընկել ա, նոքարի ա ման գալի։
Էս բեղրգյանը գալիս ա Ղամբարի կուշտը, հարցնում.— Տղա՛, նոքար չե՞ս ըլնի:
— Խի՞ չեմ ըլնի,– ասում ա Ղամբարը,– ես էլ զաթի տեղի ի ման գալի։ Եննա, տարեկան հախս ի՞նչ կտաս,– հարցնում ա Ղամբարը։
— Հալալիցը՝ մի աղչա, հարամիցը՝ էրկու աղչա,– ասում ա բեզրգյանը։
— Բա՛ս որ ըտենց ա, էթամ կնկանս հարցնեմ, գամ,— ասում ա Ղամբարը:
Էթում ա տուն, կնկանն ասում.— Մի բեղրգյան ուզում ա ինձ նոքար բռնի, ասում ա՝ հալալիցը մի աղչա կտամ, հարամիցը՝ էրկու, հմի չեմ գիտա ո՞րը վեր ունեմ։
— Հարամիցը որ տասը աղչա էլ տա՝ վե չունես, հալալիցը մի աղչա էլ տա՝ վե՛ կալ,— ասում ա կնիկը։
— Բաս որ ըտենց ա, կէթամ բեզրգյանին նոքար, նա էլ զաթի պտի էթա ուրիշ երկիր ապրանքի։
Կնկա հեննա մնաս բարով ա անում, վե կենում էթում բեզրգյանի կուշտը։
— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում ա Ղամբարը,— հալալից որ մի աղչա տաս, քու կուշտը նոքար կմննեմ։
— Լա՛վ, ասում ա բեզրգյանը,— կտամ, խի՞ չեմ տա։
Էս Ղամբարն ա՝ ճամփի թադարեք ա տենում, քոչ ու բարխանա ա անում, բեռները բարձոտում, կապում, կապկպում, բեզրգյանի հեննա ընկնում ճամփա: Էթում են, էթում են, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, հասնում են մի չոլ-յաբանի տեղ։
Ըստե բեզրգյանը Ղամբարին ասում ա.— Արի՛ բեռները վե դնենք էս ջրֆորի կշտին, համ ղավլաղաթիրը ջրենք, համ էլ մի քիչ հաց-մաց ուտենք, դինջանանք, նոր վե կենանք, ընկնենք ճամփա։
Բեռները ըստե վեր են դնում, հացի թադարեք են տենում, որ ուտեն։ Հաց են ուտում, պրծնում, եննա բեզրգյանը Ղամբարին հարցնում ա.— Կա՞րաս մննի էս ֆորը, փարխաջով ջուր հանես, որ ղավլաղաթիրը ջրենք։
— Կարամ, խի՞ չեմ կարա,— ասում ա Ղամբարը:
Բերում են պարանը կապում Ղամբարի միջքիցը, կախ տալի ֆորը։ Ղամբարը կախ ա ըլնում ֆորը, փարխաջը լցնում ա՝ քաշում են, լցնում ա՝ քաշում են, լցնում ա՝ քաշում են, ընչանք սաղ ղավլաղաթիրը ջրում են պրծնում։
Եննա Ղամրարը ձեն ա տալի.— Բեղրգյա՛նը սաղ ըլնի, դե՛ հմի պարանը կա՛խ տվեք դուս գամ։
Պարանը կախ են տալի ֆորը. Ղամբարը հենց էն ա ուզում էր կապի մեջքը, մըն էլ ի՜նչ տենա՝ փեշիցը քաշում են, չեն թողում դուս գա։ Ղամբարը մնում ա մոլորած, թե էս ի՜նչ բաս ա. եդ ա մտիկ տալի, տենում ա հրես էրկու դուռ ա բաց էլե ֆորի միջին։ Մի դռնովը մտիկ ա տալի, տենում լիքը իսանի ջամդաք ա, մեկել դռնովն ա մտիկ տենում՝ գլուխ ա. մխելի դպա նեքսև ա մտիկ տալի, տենում ա հրես իրեք սիրո՜ւն, նաշխո՜ւն, հուրի-մալաք աղջիկ նստած քարդահ են անում, էն դիհն էլ մի էրծաթե սինու վրեն մի չեչոտ Գորտ ա դրած, մի սիրո՜ւն, նաշխո՜ւն տղա էլ հենց հայիլ-մայիլ էլած էդ Գորտին ա մտիկ տալի։
— Տղա՛,— հարցնում են էդ աղջկեքը,— ա՛րի դրուստն ասա, մենք ենք սիրուն, թե էդ չեչոտ Գորտը, որ էդ տղեն հայիլ-մայիլ էլած դրան ա մտիկ տալի։
Ի՛նչ ասեմ,— ասում ա Ղամբարը,— սրտի սիրածը սիրուն կըլնի։
Էս ասելու բաշտան Գորտը չաթմիշ կըլնի, կպատռվի, միջիցը մի դհա՛ սիրուն, դհա՛ նաշխուն աղջիկ դուս կգա, էն գիհը կկաննի:
— Է՞ս ինչ բաս ա, էսքամ իսանի ջամդաքն ու գլուխը ո՞րդիան ա,— հարցնում ա Ղամբարը տղին։
— Տղա՛,— ասում ա,— թամամ քառասուն տարի ա էս ֆորի միջին եմ, ինչքամ մարդիկ են կախ էլե էս ֆորը, քեզանից սավայի մինն էլա չէր ասե, թե. «Սրտի սիրածը սիրուն կըլնի», քոմմքի գլուխն էլ կտրել ենք, ըստե վե քցե։— Եննա աղջկերանցն ասում ա.— Դե՛, սրա խալաթը բերեք, որ ըսենց խելոք ջուղաբ տվեց։
Աղջկեքը կէթան իրեք նուռ կբերեն, կտան Ղամբարին։ Տալու բաշտան էդ էրկու դուռն էլ եդ կըլնի, կշինվի։ Ղամբարը ափալ-թափալ նռները կդնի ջեբը, ձեն կտա.— Բեզրգյա՛նը սաղ ըլնի, դե՛ քա՛շեք։
Բեզրգյանը Ղամբարի ձենը որ կըլսի, շատ կուրախանա, ասսուն փառք կտա, որ նոքարը սաղ-սալամաթ էդ ֆորիցը պրծավ, չունքի թամամ քառասուն նոքար էր բռնե, քառասունն էլ մին-մին որ մտել ին էդ ֆորը ջուր հանելու, էլ եդ դուս չին էկե, քոմմա կորել ին էդ ֆորի միջին։ Պարանը կքաշեն, Ղամբարին կհանեն։ Ղամբարը որ ֆորիցը դուս կգա, ըսկի բեզրգյանին բան չի ասի, թե ի՛նչ էր տեհե, յա ի՛նչ էր լսե ֆորումը։ Բերում են բեռները կապոտում են, բարձում, ընկնում ճամփա։ Էթում են, էթում են, մխելի տեղ էթում են, սրանց մի ուրիշ քարվան ա ռաստ գալի, որ էթում էր դպա Ղամբարենց երկիրը։ Ղամբարը աչքը ման ա ածում, տենում ա իրանց գեղցի մի տղա էդ քարվանի միչին ա։
— Էդ ո՞ւր եք էթում,— հարցնում ա Ղամբարը էդ աղին:
— Էթում ենք մեր գեղը,— ասում ա էդ տղեն։
— Դե՛ որ էթում ես,— ասում ա Ղամբարը,— ի՛նչ կըլնի էս իրեք նուռը տանես մեր տունը, կնկանս տաս։
— Դրա մալիաթն ի՞նչ ա, որ չտանեմ. տո՛ւ, տանեմ,— ասում ա էն տղեն։
Նռները Ղամբարի ձեռիցն առնում ա, դնում ծոցը, Ղամբարի հեննա մնաս բարով ա անում, էթում իր ա ճամփեն։ Սրանց քարավանը դեսն ա էթում, Ղամբարենց քարվանը՝ դենը։
Թող սրանք էթան, դանք խաբար տանք Ղամբարի կնկանիցը։
Էդ վախտերքը Ղամբարի կնկա ոտը ծանդր էր, սիրտը նուռ էր ուզում, համա ձեռը չէր ընկնում։ Օրեն մի օրը ղրանց քուչի դուռը կծեծեն. Ղամբարի կնիկը կգա կտենա իրանց հարևանի տղեն։
— Բա՛րով, ա՚յ քիր,— կասի էս տղեն,— ա՛ռ էս նռները, Ղամբարը ճամփին ռաստ էկավ, տվեց, որ քեզ հասցնեմ, ինքն էլ սաղ-սալամաթ ա, քեզ շատ բարև ա անում։
Ղամբարի կնիկը տղի ձեռիցը նռներն առավ, մտավ նեքսև.— Յավաշ,— ասեց,— մի նուռը կտրեմ, համը տենամ։— Կտրեց ի՜նչ տենա՝ ակնունք ասես, բռլիա՛նդ ասես, ա՛լմաստ ասես, մի խոսքով՝ աշխարքումը ինչքան թանկագին քարեր կային՝ քոմմքիցը մեչը լիքն էր։ Սրանք որ տեհավ՝ ուրախացավ, աշխարով մին էլավ, ուրախությունիցը չէր իմանում ի՛նչ անի։ Զաթի ձեռն էլ պակաս էր. էն սհաթը մի քար ղրկեց բազար սարաֆի կուշտը, ծախիլ տվեց, էն փողովը տան հմար զադ-մադ առավ։ Կամանց-կամանց էն մեկել քարերն էլ ղրկեց բազար ծախոտեց, թազա տներ շինիլ տվեց, լավ տան մեջ, սարք ու կարգ առավ, կովեր, ոչխարներ առավ, մախլասի՝ գլուխներդ ի՛նչ ցավացնեմ, ամեն բան առավ, հազրեց ընչանք Ղամբարի եդ գալը։ Հա՛, ինքն էլ պառկեց մի սիրուն, նաշխուն, գմբռճիկ տղա բերեց։
Սրան թողանք ըստե, գանք խաբար տանք Ղամբարիցը:
Բեզրգյանի քարվանը գալիս ա, գալի, հասնում ա իրա երկիրը։ Տասնըօխտը կոլոլիկ տարի Ղամբարը էդ բեզրգյանի կշտին նոքարություն ա անում։
Օրեն մի օրը էլի բեզրգյանը Ղամբարին ասում ա.— Ղա՛մբար, ճամփի թադարեք տե՛ս, որ էլի պտի էթանք ուրիշ երկիր ապրանքի։
Ղամբարը էս որ իմանում ա, ուրախանում, աշխարով մին ա ըլնում, չունքի պտի իրանց երկրովը անցկենային. միտք էր անում, ոնց որ ըլնի կէթա իրա տունուտեղը, օղլուշաղը կտենա։ Ղամբարը ճամփի թադարեք ա տենում, քոչ ու բարխանա են անում, բեռները բարձոտում, ընկնում ճամփա։ Գալիս են, գալիս են, գալիս են, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, գշեր-ցերեկ գալիս են, հասնում են էն ջրֆորի կուշտը, որ Ղամբարը մտավ, ջուր հանեց: Էլի Ղամբարը մննում ա ֆորը, ջուր ա հանում, ղավլաղաթիրը ջրում են, համա էն աղջկեքը չեն էրևում. ո՛նչ դուռ ա բացվում, ո՛նչ զադ։ Ըստե մի քիչ դինջանում են, հաց-մաց ուտում, պրծնում, էլի վե կենում էթում իրանց ճամփեն։ Էթում են, էթում են, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, հասնում են Ղամբարենց երկրի սնուռը։ Ըստե բեռները վեր են բերում, որ մի քիչ դինջանան, հաց ուտեն, էլի վե կենան էթան: Որ վեր են գալի, տենում են հրես մի եքա ոչխարի սուրու ա արածում։ Ղամբարը մոտանում ա էգ սուրուին.
— Բա՛րով, չոբան աղպեր,— ասում ա։
— Ա՚սսու բարին, ճամփորդ աղպեր,— ասում ա չոբանը։
— Դու ֆլա՞ն գեղիցն ես,— հարցնում ա Ղամբարը։
— Հա՛,— ասում ա չոբանը։
— Էն Ղամբարին կճանա՞նչես, որ գնացել ա ղարբություն, յարաբ ի՞նչ խաբար ունես նրա տանիցը,— հարցնում ա Ղամբարը:
— Ո՜նց չեմ ճանանչի, հենց էս սուրուն էլ նրանն ա, ես էլ նրա չոբանն եմ,— ասում ա։
— Ի՞նչ Ղամբար,— զարմացած հարցնում ա:
— Էն փուշ ծախող Ղամբարը, որ հլա թագավորն էլ ինադ արեց, իրա աղջիկը տվեց նրան,— ասում ա չոբանը:
Ղամբարը ըստե մնում ա միտք անելոն, թե էս ի՞նչ բաս ա, էս հարուստ Ղամբարը ո՞վ ա, որ էս չոբանը ասում ա: Էդ չոբանին թողում ա, վե կենում գալի իրանց քարվանի կուշտը: Հար են ուտում պրծնում, թազադան բեռները բարձում են, ընկնում ճամփա դպա Ղամբարենց գեղը: Ճամփին դհա-դհա ուրիշ սուրու, նախիր, իլխի ա ռաստ գալի. ինչքամ չոբան ա տենում, Ղամբարը հենց ո՛ւմ հարցնում ա, թե. «Էս ո՞ւմն ա», քոմմա ասում են. «Ղամբարինն ա»: Է՛հ, էս Ղամբարն ա՝ մնում ա շիվարած, թե յարաբ էս ի՞նչ բաս ա, իրա կնիկը ո՞նց ա ըսենց հարստացե. էնքամ մալ ու դովլաթի տեր դառե։ Վերջը գլխներդ ինչ ցավացնեմ, ըսենց միտք անելոն, միտք անելոն Ղամբարը ճամփա էր գալի:
Գալիս են գալի, հասնում են Ղամբարենց գեղը:
Հասնելու բաշտան Ղամբարը իղին ա ուղում բեզրգյանիցը, որ էթա իրանց տունը:
Բեզրգյանը ասում ա.— Էթում ես, գնա՛։
Մեր Ղամբարն ա՝ ուրախ-ուրախ վեր ա կենում գալի: Գալիս ա, մննում ա իրանց քուչեն, հա՛ վիրև-ներքև ա անում, իրանց տունը չի գտնում. ըսենց հինգ-վեց հետ էթում ա գալի իրանց քուչովը, էլի չի գտնում, չունքի իրանց տան տեղը մի ընե՜նց տներ ին կաննացրե, մի ընե՜նց տներ ին կաննացրե, որ տենողի խելք էր էթում։ «Ա՛րի,— ասում ա,— մի մննեմ էս տունը, հարցնեմ, բալքի մի խաբար եմ իմանում իմ կնկանիցը»: Ըսենց դառը-տխուր էդ հայաթն ա մննում: Մննելու բաշտան աչքը քցում ա օթախի ակուշկին, ի՜նչ տենա՝ հրե՛ս իրա կնիկը նստած ա, մի ջահել, սիրուն, նաշխուն, շենքով-շնորքով տղա էլ կողքին, իրար հեննա զրից են անում: Ուսուլով մոտ ա էթում ակուշկին, որ էդ տղի ու կնկա զրիցը լավ լսի:
Կնիկը էդ տղին ասում ա․— Ա՜խ, բա՛լա ջան, աչքե՛րիդ ղուրբան, ջա՛նիդ ղուրբան հերդ որ գա տենա հասած տղա ես դառե՝ ի՜նչքամ կուրախանա, աշխարով մին կըլնի:
— Է՜հ, աղի ջան,— կասի տղեն,— աչքս թաց եմ արե, հենց քեզանից էդ եմ լսում, բա ե՞բ պտի գա, ախար աչքներս ջուր կտրեց նրա ճամփեն պահելոն:
— Ա՛յ որդի, աստոծ ողորմած ա, մըն էլ տեհար՝ էկավ, ջանը սաղ ըլնի, եբ գալիս ա, թող գա։
Էդ խոսքի վրեն Ղամբարը էլ չի կարում իրան պահի, էլ չի համբերում, մննում ա նեքսև։ Միղաֆիլ որ նեքսև ա մննում, մեր ու տղա սառում են, իրար էրեսի մտիկ տալի:
— Բա՛ ինձ չե՚ք ճանանչում,— հարցնում ա Ղամբարը,— ախր ես Ղամբարն եմ։
Որ էս չի ասում, մեր ու տղա վրա են պրծնում, փաթթվում նրա ճտովը։ Կնկա վրեն հո՛ էլ հալ չմնաց, էնքա՜մ ուրախությունիցը լաց էլավ։ Նոր նստում են ըստե ասում, խոսում, մասլահաթ անում, ջան ասում, ջան լսում։ Եննա կնիկը բերում ա հաց ա քցում, ուտում են, խմում, կշտանում, ասսուն փառք տալի։
— Ա՛յ կնիկ,— հարցնում ա Ղամբարը,— էսքամ մալ ու դոլվաթը ո՞րդիան ա, որ ըսենց լավ տներ ես շինե, սուրուի, նախրի, իլխու տեր ես դառե։
— Բա՛ չե՜ս ասի,— ասում ա,— ըսե՛նց, ըսե՛նց, ըսեն՛ց բան։ Էն իրեք նուռը, որ դու ղրկել իր, մի հատ բերի ճղեցի, ի՜նչ տենամ՝ մեջը լիքը ակն ու մարգարիտ, բռլիանդ ու հազար ու մի տեսակ թանկագին քարեր։ Ղրկեցի բազար սարաֆի կուշտը, ծախեցի։ Էն փողովը մեր տուն ու տեղը սարքեցի։
Էթում ա Ղամբարի ղրկած նռներից մինը բերում ա տալի Ղամբարին։ Ղամբարը նուռը վեր ա ունում, ճղում, ի՜նչ տենա, դրուստ որ մեջը լիքը սաղ ակն ու մարգարիտ, անգին քարեր, ուրախանում, աշխարով մին ա ըլնում։ Նոր նստում ա ըստե իրա գլխով անցկացածը մին-մին նաղլ ա անում կնկանը, ո՛նց որ ես ձեզ նաղլ արի։
— Բա՛ս որ ըսենց ա, ա՛յ կնիկ, սրանից դենը էլ խի՞ եմ նոքարություն անում. էթամ բեզրգյանին իմաց տամ, թող իրա համար նոքար գտնի:
— Շա՛տ լավ կանես,— ասում ա կնիկը,— բոլ ա ինչքամ նեղ օրի դիմացանք, բոլ ա ինչքամ գշեր-ցերեկ մալուլ-մուշկուլ անց կացրի, սև օրեր տեհա. մի քիչ էլ մեզ հմար ապրենք, օր տենանք, դովրան քաշենք, քանի սաղ ու կենդանի ենք գլխներս դինջ ապրենք:
Ղամբարը վեր ա կենում, էթում բեզրգյանի կուշտը:
— Բեզրգյանը սաղ ըլնի,— ասում ա,— ինձ մուրախաս արա էթամ իմ բանին, բոլ ա ինչքամ նոքարություն արի:
— Դու գիտաս,— ասում ա բեզրգյանը,— էսքամ տարի կշտիս նոքարություն ես արե, քեզանից գանգատավոր չեմ, համա հմի որ էլ չես ուզում կենա, ըն էլ դու գիտաս. գնա՛, աստոծ քեզ հետ։
Բեզրգյանը բերում ա ինչ որ նրա հախն էր տալիս ա, ճամփու դնում։ Ղամբարը բեզրգյանի հեննա մնաս բարով ա անում, վեր ա կենում ուրախ-ուրախ գալի տուն։
Որ տուն ա գալի թե չէ, կնկանը հարցնում ա.— Ղորթ իմ գնալուց եդը թագավորը ըսկի քեզ հարցրել ա՝ ի՞նչ ես անում, ո՞նց ես ապրում, սա՞ղ ես, մեռած ես։
— Չէ՛,— ասում ա կնիկը,— որ ասես, չի հարցրե. էրևում ա թունդ ա ինադ արե։ Համա ես միտք եմ արե,— ասում ա,— որ դու սաղ-սալամաթ գաս, մի օր հորս կանչենք իրա նազիր-վեզրի հեննա մեզ ղոնաղ. ո՛վ գիտա, նա ընենց ա իմանում՝ մենք սովածությունից մեռել ենք, պրծե։
— Ա՛յ կնիկ,— ասում ա Ղամբարը,— էդ լավ ես միտք արե, բաս որ ըտենց ա, թադարեք տե՛ս, հենց էգուց թագավորին կանչենք ղոնաղ։
— Կանչե՛նք,— ասում ա կնիկը,— ո՛վ գիտա, մեզ որ տենա, ըսկի չի էլ ճանանչի։
Է՜հ, Ղամբարի կնիկն ա՝ փա՛ռք ասսու, տունուտեղը լիքը, դուռը լիքը, վեր ա կենում թադարեք տենում, մի լավ ղոնաղլղ սարքում։
Էգսի օրը Ղամբարն էթում ա թագավորին կանչում ղոնաղ:
Թագավորը վեր ա կենում իրա նազիր-վեզրի հեննա գալիս ա սրանց տունը։ Թագավորին լավ պատիվ են տալի. ուտում են, խմում, քեֆ անում։
Հենց էն թունդ քեֆի վախտը Ղամբարի կնիկը թագավորին հարցնում ա.— Թագա՛վորը սաղ ըլնի, դու մի աղջիկ ունեիր, ի՞նչ էլավ.
— Ի՞նչ ասեմ,— ասում ա թագավորը,— մի փուշ ծախող կար, աղջիկս աչքը քցեց նրան, ես էլ ինադ արի, վե կալա տվի, համա, հմի որ միտս ա ընկնում, լերդ ու ջիգյարս էրվում ա, փոթոթվում մնում։ Արել եմ ձեռներովս, լաց եմ ըլնում աչքերովս,— ասում ա թագավորը։— Հմի շատ եմ փոշմանե, շատ եմ գլխիս վա՜յ տալի, ձեռս զադ չի ընկնում. տենաս սա՞ղ ա, թե սովածությունից մեռել ա։ Ա՜խ, նրան մի տենայի, էլ դարդ չէի ունենա։
Էդ խոսքի վրեն Ղամբարի կնիկը էլ չի կարում համբերի, վրա ա պրծնում, փաթթվում հոր ճտովը։
— Ես քու աղջիկն եմ,— ասում ա,— բա չե՜ս ճանանչում, ըս էլ իմ տղեն ա, ըս էլ զաթի իմ փուշ ծախող մարդն ա. բաս որ ասում ի՝ էս փուշ ծախողի միջին մի հունար կա, դու չիր ավատում: Հմի տե՞նում ես իրա հալալ քրտնքովը ինչքամ մալ ու դոլվաթ ա կիտե:
Թագավորը մնացել էր սառած նրանց էրեսին մտիկ անելոն, իրա աչքերին չէր ուզում ավատա, հենց իմանում էր՝ էրազում ա։
Նոր թազադան ի՜նչ քեֆ, ի՜նչ ուրախություն, ի՜նչ դափ ու զուռնա, որ էլ հալ ու հեսաբ չկար։
Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։