Պիտի ասեի` ես քեզ սիրում եմ,
Սակայն բառերը մաշված թվացին...
1.
Պիտի ասեի՝
քեզ սիրում եմ,
սակայն բառերը մաշված թվացին…
Եվ արարեցի մի տաք մեղեդի,
ուր խոսքերն առանց բառեր հնչում են,
ուր առուները
քո գովքի երգն են,
ուր արծիվները բարձր են ճախրում
ոգեւորության նման լեռնեցու,
ուր մեր ձեռքերը
լեռներ չեն, ճիշտ է,
բայց իրենց վրա լեռներ են պահում։
Ինչ անունով էլ կոչվի մեղեդին,
մոր անունով է
հիշվելու միայն,
եւ ես կնքում եմ նրան՝ Ղարաբաղ։
Պիտի ասեի՝
ես քեզ սիրում եմ,
սակայն բառերը թոշնած թվացին…
Եվ արարեցի երգերի մի փունջ,
ուր մարմարներդ բուրում են լույսով,
ուր տունս գրկած
հողը մայր է մի,
ուր տղաներդ ճախրում են բարձր
ոգեւորության նման արծվենի,
ուր մեր աչքերը
արեւ չեն, ճիշտ է,
բայց արեւներ են նրանցից բխում։
Ինչպես էլ կոչվի փունջը երգերի,
քո անունով է
ապրելու միայն,
եւ ես կնքում եմ նրան՝ Ղարաբաղ։
Պիտի ասեի՝
ես քեզ սիրում եմ,
սակայն բառերը ասված թվացին…
Եվ արարեցի մի ջահել գարուն,
ուր աղջիկներիդ բարեւը հուր է,
ուր սերն ապրում է որպես թալիսման,
ուր երազներդ ճախրում են բարձր
ոգեւորության նման քո վաղվա,
ուր մեր հայացքը
երկինք չէ, ճիշտ է,
բայց հազար երկինք ունի իր խորքում։
Ինչ անունով էլ կոչվի գարունը,
առանց քո անվան
անանուն է այն,
եւ ես կնքում եմ նրան՝ Ղարաբաղ։
Պիտի ասեի՝
ես քեզ սիրում եմ,
սակայն բառերը անզոր թվացին…
Եվ արարեցի մի պայծառ արեւ,
որ իր աչքը միշտ քեզ վրա պահի,
որ քեզ նվիրի
իմ գարունները,
որ շող մատներով ծիլերդ հանի
քո հավերժ ջահել հողի ընդերքից,
որ իր ճախրանքով մեզ լույս պարգեւի,
ու ծաղիկ դարձնի ինձ քո ոտքի տակ։
Ինչ անունով էլ կոչվի արեւն այդ,
առանց քո անվան
անանուն է այն,
եւ ես կնքում եմ նրան՝ Ղարաբաղ։
Պիտի ասեի՝
ես քեզ սիրում եմ,
բայց… սերը բառում ո՞նց տեղավորել։
Եվ քեզ պարզում եմ իմ սիրտը, ահա,
որի զարկերն էլ
վանկարկումն են քո
անվան՝ Ղա-րա-բաղ։
2.
Մորս աչքերի նման բարեգութ աչքեր չեմ տեսել
ես ոչ մի անգամ…
-Ինչո՞ւ են նրանք այնքան լուսաբեր…
-Որովհետեւ միշտ մեր հանդ ու սարին,
ձորին են նայում։
Հորս ձեռքերի նման խնկաբույր ձեռքեր չեմ տեսել
ես ոչ մի անգամ…
-Ինչո՞ւ են նրանք այնքան ջերմ ու տաք…
-Որովհետեւ միշտ մեր հող ու ջրի, մեր հերկի մեջ են։
Ես Ղարաբաղի նման գեղեցիկ աշխարհ չեմ տեսել,
չկա էլ գուցե…
-Ինչո՞ւ է այնքան տաք ու լուսաբույր…
-Հարցրու քո մոր աչքերին կամ թե ձեռքերին քո հոր։
3.
Գարունը դափնե պսակ է հյուսել
ու պարանոցին հագցրել Քիրսի -
սրտանշան է,
սիրո նշան է
ու նշանդրիք…
Մեր ղարաբաղյան, հին լեռնաշխարհում
սա սովորական պատմություն է մի։
Կոշտ, չորուցամաք քարն էլ ծաղկում է,
ժպիտը շատ է սազում մեր Քիրսին -
բայց ցավի մեջ է,
բայց դավի մեջ է
անվերջ մաքառման…
Մեր ղարաբաղյան, հին լեռնաշխարհում
սա սովորական պատմություն է մի։
Արեւը՝ լեռան, իսկ լեռը պապիս
ուսին, քայլում են դարերի միջով -
հույսի շքերթ է,
լույսի շքերթ է,
շքերթ հավերժի…
Մեր ղարաբաղյան, հին լեռնաշխարհում
սա սովորական պատմություն է մի։
Պապս ասում էր՝ պռոշիս վրա
կարոտի ճաք կա - ոնց թռչող կռունկ,
սիրո նշան է,
սրտի նշան է,
Մայր Հայաստանի, հույսի նշան է։
Անսովոր ու սուրբ մեր լեռնաշխարհում
սա սովորական պատմություն է մի։
1981թ.