Ղողանջ հիշատակի
Աղբյուր՝ ՂՈՂԱՆՋ ՀԻՇԱՏԱԿԻ (ակնարկ), Ստեփանակերտ, «Հորիզոն» հրատ., 2000, 12 էջ, տպ.՝ 300։

ՂՈՂԱՆՋ ՀԻՇԱՏԱԿԻ

խմբագրել
Հայկ Պապիկի Ալեքսանյան.
Ծնվել է 1973-ի դեկտեմբերի 9-ին Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղում։
Սովորում էր Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում, բայց ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի՝ Արցախում տեղակայված ստորաբաժանումների թողտվությամբ ազերի օմոնականների կողմից կատարվող խժդժությունները չէին կարող հանգիստ թողնել նրան ու վերջնականապես որոշեց վերադառնալ Արցախ։
1991-ի մայիսից նա անդամագրվեց գյուղի ֆիդայական ջոկատին, որը, հետագայում վերակազմավորվելով վաշտի, ընդգրկվեց Սարինշենի գումարտակի («Գետակի») կազմում։ Հայկն իր դասակով մասնակցեց պաշտպանական ու ազատագրական բազմաթիվ մարտերի։
Զոհվել է 1993-ի դեկտեմբերի 22-ին, Ֆիզուլու շրջանի Բոյուկ-Բահմանլու գյուղի համար ծավալված կատաղի մարտում։


ԱՆՈՒՆԴ՝ ՈՐՊԵՍ ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

...Երևի երբեք չես պատկերացրել, Հայկ, որ ապրելու ես ընդամենը 20 տարի 13 օր։ Ինչպե՞ս պատկերացնեիր, դու դեռ ապրում էիր քո պատանեկության բոլորովին խաղաղ օրերի անդորրը, անհոգությունը։

Գյուղի ութնամյակը, հետո՝ շրջկենտրոնի միջնակարգը, հետո՝ բարձրագույնում հաջողությամբ հանձնած քննություններդ՝ դրան վառ ապացույց։ Միջնակարգի արծաթե մեդալդ, Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի առաջին կուրսի հաջող պարապմունքները հուսադրող էին, բայց անհանգստությունն արդեն պաշարել էր քեզ, Արցախ աշխարհը։ 1988-ի խաղաղ ցույցերը, թվում էր, խաղաղ ու ցանկալի ելք կունենային, բայց երիցս իրավացի էին մեր պապերը, քո Հայկ պապը, անբարիշտ «հարևանի» նկատմամբ իրենց չմահավատությամբ։ Այս անգամ էլ՝ նույնը։ Եվ ընկան Գետաշենն ու Մարտունաշենը, ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի ստորաբաժանումների հետ մեր գյուղերը լցվեցին օմոնականներով, «անձնագրային ռեժիմի ստուգման» պատրվակի տակ նրանք խուզարկում էին ամենուր՝ զենք ու զինամթերք հայտնաբերելու նպատակով, ձերբակալում երիտասարդներին։ Իսկ 1991-ի մայիսի 13-ի ու 15-ի դեպքերը ցնցեցին մեր հոգիները՝ Գետաշենի ենթաշրջանի անկումից հետո դատարկվեցին Հադրութի 14 գյուղերը՝ Բանաձորը, Առաքելը, Ծամձորը, Ցորը, Արևշատը... Նաև՝ Խանձաձորը։ Իսկ դու՝ Երևանում։ Եվ՝ հանգի՞ստ։ Երկրորդ կուրսում էիր արդեն, բայց լուրն առնելուց հետո աչքերդ սևն ու սպիտակն արդեն չէին ջոկում։ Ինչպե՞՜ս...

Որոշումը պատրաստ էր, միանգամից, մեկ ակնթարթում. քո տեղը գյուղում է, քո հասակակիցների, ընկեր-եղբայր տղաների հետ՝ Հովիկի, Մայիսիկի, Էռնեստի, մյուսների... Եկար։ Քիչ է ասել՝ անդամագրվեցիր ինքնապաշտպանական ջոկատին, դու պատրաստի զինվոր էիր, իսկ եղբայրդ իզուր էր ջանում քեզ համոզել, հորդորել, որ քո «փեշակին» վերադառնաս, բայց, երբ ի ցույց դրեցիր պրկված մկաններդ՝ Հովիկը տեղի տվեց։ Երևի մտքում՝ «եղբայրս տղամարդ է արդեն» ասաց ու տեղի տվեց։ Իսկ գուցեև՝ չասաց ոչինչ, բայց, այնուամենայնիվ, մտածմունքի մեջ ընկավ։ Դու էլ՝ քո «նո՛ր փեշակին» անցար ու շուտ էլ նկատելի դարձան կարողություններդ։ Ամենադժվար առաջադրանքներն անգամ վստահորեն էիր կատարում ու՝ ամենայն ճշտությամբ։

Հետո քո հանդեպ տածած վստահությունը վճիռ դարձավ. քեզ դասակ վստահեցին։ Բայց դու հրամանատար լինելը չէիր կարող պաշտոն համարել։ Դու՝ պաշտոնյա՞։ Ծիծաղելի է։ Դու զինվոր ես, վրիժառու զինվոր, և պետք է միշտ դասակի առջևում լինես։ Եվ՝ եղար։ Միշտ՝ առաջին գծում, դասակային դիրքերի առաջնամասում։ Եվ տղաներն էլ քաջալերվում էին. ո՞վ չէր ցանկանա նման հրամանատարի հետ մարտի նետվել, կենաց ու մահվան մարտի։

Ու ձգվեց քո մարտական ուղին Սարինշենից մինչև Բոյուկ-Բահմանլու՝ Քելբաջարով, Ջաբրայիլ-Մահմուդլու-Սուլթանլու-Ղուբաթլու-Զանգելան-Հորադիս-Ակարա-Մինջևանով։

20 տարեկանդ մարտական դիրքում լրացավ, թշնամու կրակի տակ։ Տղաները նշեցին տարեդարձդ, զինվորավարի, երգ ու ծիծաղով, կատակներով։ Հայրդ էլ էր եկել, տեսաք իրար, անսքող ուրախությամբ համակվեցիք։ Մի շաբաթ մնաց մոտներդ, մի գիշեր էլ հետներդ պահակություն անելուց հետո վերադարձավ տուն, որ վերջ տա Անիկ մայրիկիդ անհանգստությանը, մտատանջությանը, ցրի վատ կասկածները։

Իսկ դիրքերում շարունակում են իրար հաջորդել դեկտեմբերի 11-ի առավոտյան սկսված եռօրյա կատաղի մարտը, 14-ի և 15-ի նոր հարձակումները, որոնք միշտ էլ հանդիպելով հայ քաջարի պաշտպանների անմռունչ ու աներեր դիմադրությանը՝ ետ են շպրտվում։

Կրկին նոր հարձակումներ են ձեռնարկվում, համարյա՝ ամեն օր, հակառակորդն ամեն կերպ ջանում է ճեղքել պաշտպանական գիծը և՝ կրկին ապարդյուն։

Դեկտեմբերի 21-ին կատաղի մարտ է սկսվում Բոյուկ-Բահմանլուի ուղղությամբ։ Հովիկն ուզում է համոզել քեզ, որ մնաս, չմասնակցես այս մարտին։ Դեռ ընտանիք չունի՝ կին, երեխա, ոչինչ չի տեսել՝ մտածում է։ Դու էլ՝ քո հերթին՝ Հովիկին, որ խնայի իրեն, պահպանի կնոջ ու երեխաների համար։ Ես՝ ի՞նչ, մտածում ես, ես կին ու երեխաներ չունեմ։ Տեսածդ վատ երազն էլ անընդհատ պտտվում էր ուղեղիդ մեջ, հանգիստ չէր տալիս քեզ, իսկ դու եղբորդ անգամ չպատմեցիր, միայն ասացիր. «Վատ երազ եմ տեսել»։ Ու՝ վերջ։

Ու երկուսդ էլ նետվեցիք մարտի, Հովիկն՝ իր ունեցած ընտանիքի, իսկ դու՝ քո չունեցածի, ավելի ճիշտ՝ քո ունենալիքի, Հադրութի ու Արցախի բոլոր ընտանիքների խաղաղության համար։ Բայց դաժան են պատերազմի օրենքները։ Անասելի դաժան...

…Հրետանային մեկօրյա նախապատրաստությունից հետո մեծաքանակ հետևակով, տանկերի ու հետևակի մարտական մեքենաների աջակցությամբ, հակառակորդը դեկտեմբերի 22-ի առավոտյան Ֆիզուլի-Բեյլոկան ճակատային գծում նոր լայնածավալ հարձակում է ձեռնարկում։ Դու, ինչպես միշտ, քո տղաների հետ առաջին գծում ես։ Երկրորդ գծից պարզ երևում էր, թե ինչպես եք կռվում, անձնվիրաբար, ինքնամոռաց։ Եվ հանկարծ՝ ռադիոկապով օգնություն ես խնդրում։ Հովիկն այլևս չէր կարող համբերել երկրորդ գծում։ Նա իր վեց զինվորների հետ կարողանում է ապահովել դասակիդ երկրորդ գիծ հետքաշվելը, բայց այդ տեղանքն էլ հակառակորդի անընդհատ կրակի տակ հայտնվեց։ Ավելի սաստկացող մարտի պայմաններում օգնության կարիքն էլի զգացվում էր և ռադիոկապը կրկին օգնության աղերսանք էր պարունակում. «Ախպեր, արի օգնության...»։

Հովիկի տեղը տեղ չէր տալիս, չէ՞ որ աչքի սևն ու սպիտակը դու էիր։

Բադասյան Վահանը՝ գումհրամանատարը, 15 հոգով առաջ անցավ։ Շարքը Հովիկն էր եզրափակում։ Սակայն կրկին աշխատել սկսեց հակառակորդի հրետանին ու Վահանը միայն հինգ հոգով կարողացավ հասնել քեզ, մնացածի անցումը ձախողվեց։ Հրետանու աշխատանքն ավելի ուժգնացավ, ամենուր՝ արկերի պայթյուն, դղիրդ ու որոտ։ Բաց տարածքում, ինչպես ափի մեջ, երևում էր ամեն ինչ։ Հովիկն անթարթ հայացքով հետևում էր մարտադաշտում ծավալվող գործողություններին, ինքը՝ անմասն, բայց՝ ոչ անհաղորդ։ Իսկ քո ռադիոկապն այլևս «օգնություն չէր աղերսում», թեև 10 հոգով արևշատցի Հայրապետյան Ավետիքն էլ հասավ՝ քո ձայնը չէր լսվում։ Ավետիքի հետ Հովիկն էլ առաջ անցավ։ Երևի ռադիոսարքն է փչացել,- անցավ նրա մտքով, չէր ուզում վատթարագույնը մտածել, թեև տեսել էր, թե ինչպես արկը պայթեց ուղիղ խրամատում։ Հասան Վահանին։ Հովիկն ինչ-որ հուսադրող լուր էր ակնկալում քո մասին, իսկ Վահանը թե՝ Հայկը… չկա։ Մյուս տղաներից էլ Վահանի ասածը հաստատողներ եղան։ Քեզ հետ՝ 15 հոգի ևս, նաև՝ Մայիսիկը, հորեղբորդ տղան։

...Երևի ամեն մարդ մի նվիրական երազանք ունի հոգում պահած, և այն իրականցնելու համար նույնիսկ մի կյանքն էլ չի հերիքում։ Ի՞նչ երազներ ունեիր դու, Հայկ, և ինչպիսի՞ ջանադրությամբ էիր ուզում իրականություն դարձնել դրանք՝ դժվար է ասել։ Մի բան այսօր պարզ է. բոլոր սերերից քո մեջ Հայրենիքի սերը հաղթեց և անկարող էիր դու չանսալ այդ կանչին ու չգնալ քո հայրենասեր նախնիների ճանապարհով։ Որը նաև անմահության ճանապարհ է կոչվում, անձնազոհության։ Եվ անունդ էլ՝ դրա հավաստումն է, խորհրդանիշը։