Ես կարոտում եմ հազարավոր թռչունների, որոնք
այդպես էլ չիջան իմ այգու ծառերին։ Թվում է՝
գիտեմ՝ ինչ է պոեզիան, սակայն՝ չեմ ասում,
որովհետեւ իմացածը միշտ ճիշտ է, ասվածը՝ սխալ։
Իմ որոնածը այնտեղ է, ուր երբեք չեմ հասնելու։ Թեեւ
հեռուն ինքն է փորձում ինձ հասնել։ Անունս հեծում է անդունդների
մեջ, ուր դեռ բոլոր մահապարտները չէ, որ փչել են իրենց
վերջին շունչը՝ առաջինին այնքան նման։
Խնձորենին բաց է թողել, հաստատ, տարվա եղանակներից
մեկը, բայց, ճիշտն ասած, չգիտե՝ որը։ Ջրի
գլգլոցը ափով վերցրու, եւ հազար տարվա ծարավները
կելնեն անապատներից, ուր նրանք երբեք չեն եղել։
Ես ու դու ինձ տարել էինք թաղելու, սակայն, դա այնքան էլ ցանկալի
չէր տվյալ օրվա համար։ Աչքերը երամներ են հիշեցնում թեւերի։
Բաժանումը սիրո նշան է։ Եվ մարդկանց պիտի իրարից հեռացնել
անընդհատ, որ չկորչի նրանց մեջ միավորվելու իղձը։
Աշխարհը կառավարում է անհամաձայնությունը, համաձայնությունը՝ ավերում։
Արեւելքը երբ ձուլվում է Արեւմուտքին, արեւը տեսնես որտեղից է
ծագելու։ Իրերի ընթացքը պահերի կանգառն է։ Եվ անզգուշությունը
ոչ մի տեղ այնքան չի դրսեւորվում, որքան զգուշության մեջ։
Ես կարոտում եմ... Ի սեր Աստծո, ոչինչ մի ասա։ Ոչինչ։ Ինձ համար
անբացատրելի բավականություն է, երբ բանաստեղծություն եմ լսում
իմ չիմացած լեզվով, թվում է այդ պահին կարդում եմ դեռեւս
գալիք դարերում գրվելիք երգեր։ Իսկ այգին, նայիր, թռչում է հավքերի ետեւից։