Ճակատամարտ
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 27-28։

Ձմեռը, թեև` դժվարությամբ,
Բայց, այնուամենայնիվ, զիջեց դիրքերը:
Գարնան առաջին օրերը դեռևս պահպանում էին
Ձմռան սառնաշունչ օդը, բայց հետզհետե
Սկսեցին տաքանալ:
Գարնան շունչն զգացվեց անմիջապես,
Եվ հողն ուռչեց ուրախությունից, կանաչեց:
Գարնանային արևի առաջին ջերմ շողերից
Սիրախաբ եղան ծաղիկներն ու գարնան այգին լցվեց
Կարմրավուն ու ճերմակաթույր երանգներով:
Գարնանային արևի շողերով գերված
Ու գեղեցիկ ծաղիկներով պճնավորված ծառերն
Ասես հրճվում էին անափ ուրախությունից:

Գեղեցիկ է գարունը, բայց երբ բնությունը
Հերթական անակնկալն է մատուցում`
Ծառերը կրկին զգաստանում են, ընդդիմանում,
Ու հերթական անգամ իրենց անզոր ըմբոստությամբ
Ծառանում բնության արհավիրքների դեմ,
Թեև շատ անգամ` անօգուտ ու անիմաստ:

Այս անգամ էլ բնությունն իր հերթական
Ապրիլմեկյան դառն կատակով փորձեց սաստել
Գարնան արևի ջերմ շողերի տակ հրճվող
Ծառ ու ծաղկունքին:
Սարերին փռված ճերմակ սավանը կամաց-կամաց
Սահեց դեպի կանաչին տվող մարգագետիններն ու
Արձակ դաշտերը,
Գարնան ծաղիկներով զուգված այգիները:
Բոլոր գույներն իսկույն խառնվեցին ճերմակի մեջ,
Բայց չկորան լիովին`
Ճերմակասավան մարգագետինները
Տեղ-տեղ կանաչին էին տալիս դեռ:
Իսկ ծառերի`
Ձյան ծանր շերտի տակ ճկված ճյուղերի վրա
Դեռևս ծիկրակում էին
Դեղնակարմրավուն ծաղիկները, որոնք, սակայն
Անհաղորդ մնացին գիշերային ահազարհուր
Փորձությանը:

Գարնան գույների մեջ չնշմարվող սևը նույնպես
Եկավ խառնվելու ձյունաթույր ճերմակին,
Եվ դժգունացրեց ավելի:
Սև շղարշի ներքո
Գիշերային սառնամանիքը
Դաժան հաշվեհարդար տեսավ
Դեռևս թույլ ու տկար ծաղիկների հետ:

Առավոտյան կրկին պարտվեց գիշերն ու
Մեկդի քաշվեց:
Բայց գեղեցկաբույր ծաղիկները
Դժգունացել էին արդեն ու անզոր կախվել
Ծառերի ճյուղերից: Ապրիլյան արևի
Ջերմ շողերն այլևս անզոր էին
Վերակենդանացնել նրանց: Արևն ավելի ու ավելի
Տաքացավ, բայց մեռած ծաղիկներն
Այլևս չէին կարող շնչել:

...Սակայն ոչ բոլոր ծաղկաբողբոջներն էին
Զոհ գնացել գարնան ձմեռաշունչ խաբկանքին:
Եվ բացվեցին այդ բողբոջներն ու իրենց
Գեղեցկությամբ պարուրեցին շրջապատը:
Նաև` մեռած ծաղիկների փոխարեն...