Ճամփորդի ոտքին աչքեր են լինում

Ամեն ինչ հիշողություն է, նույնիսկ՝ գալիքը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Ճամփորդի ոտքին աչքեր են լինում)

Վարդան Հակոբյան

Անաղմուկ՝ որպես գույնը մեռնող թիթեռի թևին
ՃԱՄՓՈՐԴԻ ՈՏՔԻՆ ԱՉՔԵՐ ԵՆ ԼԻՆՈՒՄ


Աղավնու փետուրով գրառված մտքեր, աղավնու փետուրով նկարված
աչքեր, աղավնու փետուրով թռչող երազներ։ Գետի փրփուրների տակ
թաքնված է նրա ասելիքը,
որ ծանր է քարերից։ Դաշտի մերկույթին ձեռագրված հազարավարդեր։
Ծովերը ջրհեղեղի մնացուկներ են, երգերը՝ քամու ետեւից ասված խոսքեր։

Միթե չեն հերիքում աշխարհի վարդերը, որ բոլորն իրար նվիրեն՝ թեկուզ
մեկական։ Լեռներն օդի մեջ խորտակված նավեր են հիշեցնում։ Դիցարան
հույսի։ Խոսքուկռվի մեջ հայրս
բառեր էր գտնում մշտապես, մայրս՝ չէ, դրա համար հաղթանակը միշտ
տալիս էինք մորս, որովհետեւ ճիշտը «չկա»-ն է։ Չգիտեմ՝ որքան է կշռում։

Ես ամեն վայրկյան ինձ ետ եմ պահում չգնալուց, բայց որտե՞ղ... դա չէ,
կարծում եմ, կարեւորը։ Ամենեւին։ Նա, ով տեսնում է, ոչինչ չի տեսնում,
որովհետեւ չի տեսնում։ Փոշեծծիչներն
ո՞ւմ են հարկավոր։ Երեկ տեսա, թե Օրիտե դը Մեգան ինչպես է
համբուրում իր բոզի կոշիկները՝ բոլորովին չխմած վիճակի մեջ։

Աներկրորդ մտքի իգություն։ Կրկնահավելյալ։ Անստվերական շվաքարան՝
ծաղկյալ ճյուղի տակ։ Ոգու տեսողական արտացոլանք՝ պատկերի մեջ
առարկայի։ Աստղասվաստիկա։
Գեղեցիկ է այնքան, որքան տարօրինակ է։ Առանց վերապահման՝ լույս։ Եթե
մոլորել ես ճամփադ, ուղեցույց աստղը փնտրիր քո մեջ, ինչո՞ւ ես երկնքին նայում։

Ծաղիկներն ավելի ճամփորդ չեն, քան ո՛չ ծաղիկները։ Գրչի ծայրին դարձի բերված
առարկություն, որի հետեւում, համենայն դեպս, ինչ-որ բան կա, թեպետ, չգիտեմ,
թե ինչ։ Մահանալ, այսինքն՝ ընդունել
իրականությունն այնպիսին, ինչպիսին կա։ Փորձված ճամփորդի ոտքին աչքեր են լինում։
Սողոմոն թագավորը խորշում է երգից, իսկ երեկ Սողոմոնը «Երգ երգոց» էր գրում։