***

Ճերմակ թեւերի սոսափն ինձ հասավ.-
երկինքը խունկ է վառել ձեռքերիս,
աստղերն իմ արյան ներսում ծաղկում են,
խոր ընդերքներում ճչում է շողը.
ձեռք մեկնիր, Աստված, ինձ վերագտնեմ։

Սիրտը մթան մեջ հանկարծ ծիլվորվեց.-
ծաղիկներն արդեն լեռ են մագլցում,
մտերմիկ պահը լույս է մորեմերկ,
մի զույգ աչքեր են ականվել իմ մեջ.
Երկնային, ես քո ծրից դուրս չեմ գա։

Դեմքին արծաթը զնգում է կապույտ.-
կարոտը շուրթից պող տարավ կարմիր,
օրը երազիս շալակն եմ տվել
եւ ոտաբոբիկ կողքից քայլում եմ.
Տեր, ե՞րբ կհասնեմ ես Երուսաղեմ։

Ինձ ոչ-ոք, ոք-ոք քեզ պես չի նայում,-
խաչքարի վրա մոմեր են բուսնում,
հիշո՞ւմ ես երգն այն, որ... դեռ չենք լսել,
առու, այս գիշեր թող ննջեմ քեզ հետ.
Տեր Աստված, գիժը գժվո՞ւմ է էլի։
                                28.12.094թ.