Ճիտին պարտքը
Ա

Սև կաշիե մեծկակ պայուսակ մըն էր զոր առտու իրիկուն իր ձեռքը բռնած կ'երթար փողոցներեն: Իր կյանքին անբաժան ընկերն էր այս տոկուն կաշիե պարկը, որով ամեն իրիկուն իր տան պիտույքը, հացն ու միսը կտաներ, կամ պտուղը իր երկու փոքր զավակներուն, որոնք դրան առջևեն կբոլորվեին խոստումնալից ու խոստումնապահ այս պայուսակին շուրջը:

Այս մարդուն բոլոր հոգնաջան վաստակը ու քրտնաթոր գործունեությունը անոր մեջն էր, դանայան տակառ զոր կլեցներ շարունակ երեսուն տարիներե ի վեր առանց հաջողելու: Իր կյանքի պայքարը հոն էր ամբողջ, ապրուստի խնդիր, որուն արհավիրքովը լեցուն էր միշտ այդ կաշիե պահարանը, իր մշտնջենական պարապությամբը. իր ուրախությունները ու ցավերն ալ հոն էին, իր հիշատակներն ալ: Աղեկ օրեր ու գեշ օրեր ուներ այդ տոպրակը. տիրոջը պես ճակատագիր մը հարափոփոխ, և անոր պես հոգի մըն ալ ուներ կարծես: Ո՞վ էր տերը այս երկուքին մեջ. երեսուն տարի վերջը, երբ ձախորդությունը իր երկաթի շրջապտույտ օղակով զինքը կպաշարեր, այս մարդը կհասկնար, որ այդ անզգա տոպրակը իր տերը եղած էր միշտ:

Բ

Հիմա միջակ հասակով, մորվոք, ալևորած մեկն էր Հուսեփ աղա որ վաճառականութենե, խանութպանե հետզհետե իջնելով, իջնելով առուտուրի միջնորդությամբ կ'ապրեր ալ, խանութե խանութ, դուռնե դուռ տանելով պասմաի ու ճերմակեղենի մատուցումներու ու պահանջումներու անհամաձայնելի ու հակառակորդ հավաքածոները:

Ո՞վ ըսեր էր որ սա երկուքին մեջ ներդաշնակություն մը կա. Հուսեփ աղան իզուր օրն իբուն իր հաշտարարի դերը կկատարեր, ողոքիչ, համոզիչ փաստերով, առնողին ըսելով թե ապրանքը աժան էր այդ գինով, ու ծախողին՝ թե իր վաճառքը պահանջած գինեն շատ պակաս կ'ըներ. ո՛չ. երկուքն ալ կհամառեին և Հուսեփ աղան հուսակտուր ձեռնթափ կ'ըլլար ա՛լ. առևտուրի տագնապը, զոր իր վաճառական եղած ատենեն այնքան լավ կճանչնար, նորեն իր վրա, իր համեստ միջնորդի ապրուստին վրա ալ կ'իշխեր ու փճացնել կսպառնար ինքը:

Ո՜հ, թե որ մինակ ըլլար. ի՜նչ փույթ. բայց երկու աղջիկ զավակներ իրենց պատանության ամեն հրապույրներովը, ամեն պատրանքներովը իրեն կնայեին. առջի մանկուհիները չէին, այլ խելահաս պատանուհիներ կյանքի վայելքի արդար ու անմեղ ըղձանքներով, ակնկալություններով ծարավի:

Այս զավակները, իր բոլոր երջանկությունը, հիմա կճնշեին զինքը իրենց 14-15 տարու աղջկան անմեղության ժպիտովը, որ հանդիմանությունով լեցուն կ'երևար իր հայրական աչքին: Հանցավորի պես կմտներ ներս, զրկանքներու դատապարտված այս երկու հոգիներուն առջև, մեղավորի նման գլխիկոր կդառնար տուն, երեսին վրա միշտ պահելով զվարթության կեղծավոր երևույթը ու այս դիմայլակին տակ պարտկելով ապիկար ու շվարած մարդու կսկիծը:

Գ

Սկյուտարի բարձունքին վրա՝ Իճատիյեի կողմն է իրենց փոքրիկ տունը, ուր երկու հարյուր ղրուշ ամսական վարձքով կբնակեին երեքը, հայրը ու երկու աղջիկները, որոնց մայրը շատոնց մեռած է. փողոցի վրա նայող փոքրիկ սենյակին պատեն կախված երիտասարդ կնոջ պատկերը անորն է. էրկանը աղեկ օրերուն մեռած էր կուրծքի հիվանդութենե մը, որ պատկերին մեջ տեսնվող սպիտակ ու անարյուն երեսեն կգուշակվի: Բայց իր հիշատակը կ'ապրի և օր չըլլար որ իր խոսքը չընեն. գիշերները, երբ աղջիկները կքաշվին, ամուսինը կմնա դեռ իր վաղամեռիկ կնոջ պատկերին դեմը, անխոսուկ ու առանձին. ու իր ոսկեզօծ շրջանակեն նայող այդ անթարթ աչքերեն՝ աղքատացած վաճառականը քաջալերություն մը կ'ակնկալե, գերեզմանի մյուս կողմեն սպասված զորավիգ մը:

Վասն զի բարոյական կորովը կպակսի իրեն օր օրի. իր երբեմնի նյութական դրամագլխին պես, հիմա կզգա որ սրտին քաջությունը կսպառի ու կհատնի քիչ-քիչ: Դեռ առտուները իր դողդոջուն ձեռքի մեջն է պայուսակը, զոր առանց ամբողջապես լեցնելու կդառնա շատ հեղ. ու առտուն, նավամատույցին վրա, այն վաճառականներուն քով՝ որոնք մուրացիկի մը ողորմություն տալու պես երբեմն գործ կուտան իրեն, կսլքտա, երբեմն կհամարձակի անոնց խոսքին խառնվիլ, կարծիք տալ, միշտ խոսողին նպաստավոր կարծիք մը: Անոնց գծին վրա չի քալեր, այլ քիչ մը ետևեն, իր անբաժան պայուսակը ձեռքը, ու երբ պատահի, որ առևտուրի մեջ մեկ մը երեսեն վնաս մը կրեն այդ մարդիկը, ինք անոնցմե ավելի կզայրանա այդ մեկուն դեմ, խաբեբա ու խարդախ կկոչե զայն, որ իր վաճառականին, այդ պատվավոր մարդուն ապրանքները շփոթած էր ու ստակները չէր ուզեր հատուցանել: Ուրիշ ատեն՝ անոնց զվարթ վայրկյաններուն ՝ կատակներով, փոքրիկ սիրուն պատմություններով կզվարճացներ, կխնդացներ զանոնք, հետևյալ օրվա համար պզտիկ գործ մը շնորհելու սպասումով:

Ու վաճառականները կսիրեիր այս պապա մարդը որ ուրիշներուն պես աներես չէր ու իր միջնորդչեքը իրավունք մը պահանջելու եղանակով չէր ուզեր և առաջակված ամեն զեղջի գլուխ կծռեր:

Դ

Պասմաի ջոջերը կքալեին տոտիկ-տոտիկ, ճամփուն վրա խոսելով, իրենց ծախելիքի ապրանքներու հոգերովը բեռնավորված ամենքն ալ: Պարսիկ վաճառականները, գլխավոր հաճախորդները, աչքերնին կսկսեին բանալ. թահացած ու գունաթափ կերպասներու, կշիռեն ու չափեն պակաս ամերիքաններու վրա առջի շահերը չէին մացած ա՛լ, և վաճառականները խնայողության նոր միջոցներ կխորհեին. մաքսեն ետքը, գրասենյակի ծախքեն վերջը, միջնորդչեքները ծանր կթվեին իրենց: Ի~նչ հարկ միջնորդի, անձամբ չէի՞ն կրնա առնել կամ ծախել ապրանքները, այնուհետև, ուրիշ պատճառներ կուգային զորացնել այս որոշումը. միջնորդը միջնորդ մըն է վերջապես և ոչ ապրանքին տերը. ոչ անոր արժեքը կրնա բացատրել տիրոջը չափ և ոչ անոր հոգը տանիլ միշտ, ու Հուսեփ աղան որ ետևնուն կուգար, իր սևցած պայուսակը ձեռքը , կդողար հիմա:

-Հուսեփ աղա, քեզի համար չենք,- կ'ավելացնեին վաճառականները,- դուն մեր մարդն ես:

Շունչ կ'առներ խեղճ մարդը. բայց գործերը կպակսեին, ավուրչեքը շահիլը տաժանելի տառապանք մը կ'ըլլար ու պարտքերը կդիզվեին շուրջը, գյուղը, չարշին, ամեն կողմ: Հագուստը տակավին մաքուր կոկիկ էր ու իր արտաքին տեսքեն ոչ ոք պիտի գուշակեր իր զարհուրելի անկումը:

Ու պայուսակը կշարունակեր կրել ձեռքը, անօգուտ տարուբեր մը հիմա, բայց ամչնալով թողուլ, մեկդի նետել զայն, հուսահատությունը խոստովանիլ աշխարհքի առջև, վասն զի ի՞նչ պիտի ըսեր աշխարհք ձեռնունայն տեսնելով զինքն այսուհետև:

Հետո՝ ճարահատած՝ այն վաճառականեն որուն արբանյակն էր, երկու ոսկի փող ուզեց ու մերժողական պատասխան ստացավ. հինգ ոսկի պարտք ուներ. պետք էր նախ այդ պարտքը վճարել: Այն իրիկունը իր պղնձե փոքրիկ ժամացույցը ծախեց երեսուն ղրուշի ու պայուսակը մասամբ գոնե կրցավ լեցվիլ նորեն:

Ե

Տունը՝ ուրախ ու զվարթ էր. աղջիկները իր վիճակին վրա տեղեկություններ կ'ուզեին երբեմն. գուշակություններ, նախազգացումներ ունեին իրենց ներսիդին:

-Գործերը ինչպե՞ս են, հայրիկ,- կ'ըսեր Անդրանիկը:

Ու կրտսերը՝ կապույտ աչվի, շուշանաթույր աղջիկ մը որ ճիշտ մորը պատկերն էր.

-Այսչափ ուշ մի մնար:

Հայրը կխնդար. ո՛չ գործերը գեշ չէին երթար. աստուծով ասկե վերջը ավելի պիտի բացվեին:

-Վաղը կանուխ եկու, և մեզ պտտցնելու տար: Ու ողորմելի հայրը կխոստանար, ամեն բան կխոստանար, կանուխ պիտի գար ու պտտցնելու պիտի տաներ այս հեք զրկյալ որբերը, որոնց էն աղվոր տարիները չքավորության մեջ կ'անցնեին. երևակայեցեք ուղևորություն մը, որուն է՛ն գեղեցիկ տեսարանը թյունելի մը անցք ըլլա, մութ ու քարակոփ պատեր, և որուն մյուս ծայրեն սպասված լույսի շառավիղը չտեսնես երբեք:

Եվ առտուն, կանուխ-կանուխ, առջի շոգենավով կ'երթար Պոլիս, իր ուժաթափ թևին տակ սեղմելով իր պարպված պայուսակը, այս հավիտենական թշնամին ու հավիտենական անկուշտը, որ չէր հագեցած երբեք երեսուն տարիե ի վեր. ու հոն, թևին տակը, խեղդելու պես կսեղմեր զայն, այդ պարպված փորը ու չքացնել կ'ուզեր:

Պոլիս գործ չկար. ժամացույցին ստակեն մնացորդը երթևեկության ծախքին մեջ սպառեցավ ու վայրկյան կմոտենար ահավոր արագությամբ մը խոյանալով իր վրա, ուր վերջին երեսուն փարան Քուզկունճուքեն Պոլիս իջնելու, հույսի մը ետևեն վազելու ծախքը- վասն զի հիմա հույսի ետևեն երթալն ալ ծախքով է - պիտի հատներ:

Այն ատե՞ն. այս հարցումը զոր միտքը կ'ըներ, որուն պատասխանելու հարկեն չէր կրնա խուսափիլ, իր դեմը կ'ելլեր, խոշոր, հսկա տառերով կգրվեր օդին մեջ, ու իր առջևեն կքալեր իր նայվածքին փակչելով ամեն տեղ:

Զ

Ինչպե՞ս կ'ըլլա որ մարդ հացի մը ստակին կարոտը կքաշե կամ շոգենավի մի ստակ չվճարելուն համար կեցած տեղը կմնա գամված, անշարժ:

Հուսեփ աղան հիմա այս խնդիրները կհարուցաներ մտքին մեջ, լուծելու կջանար, և փողոցին մեջ քալելով, իր դատարկ պայուսակը զգալով, շոշափելով մատներուն տակ, իր տունը փոխադրված կզգար ինքզինքը հանկարծ, իր սիրուն զավակներուն քովիկը, և պահ մը վերացած՝ կմոռնար ինքզինքը, իր ավուր հացի կարոտ մուրացիկ դիրքը, վայրկյան մը գոնե, հարուստ ու ամենակարող ըլլալու համար. այդ փոքրիկ տունը կձգեր, ավելի ճոխ բնակություն մը տալու համար իր զավակներուն. նոր զգեստներ, գլխարկներ, անոնց երիտասարդի բոլոր պահանջումներեն ավելի՛ն, շատ ավելին կուտար, ու հրճվանքնին տեսնելով կբերկրեր: Ի՜նչ դյուրին ու ի՜նչ դժվար երջանկություն:

Եվ ձեռքին տակ՝ պայուսակը իր կաշիի կոպիտ ու ծակոտկեն երեսովը կդողդողար, կ'արթնացներ զինքը, իրականության քով կքաշեր կբերեր, անոթի առնելիքավորի մը պես:

Հետո վերջին հնարքները սկսան ապրուստի. մանր ու արհավրալից բաներ. նորոգելու պատրվակով տունեն տարված ու չնչին գնով վաճառված կարասիներ, տնական պետքերը հոգալու համար նորե նոր՝ ամեն օր տարբեր խանութներու, ծախողներու դիմումներ. ապառիկ գնելու համար հաստատված մտերմություններ, բարեկամություններ. հետո շոգենավի տոմսակը ուրիշի ստակով առնելու համար ուրիշին քով սպասելներ. զուր ջանքեր բոլորն ալ՝ լեցնելու, ոհ, մասամբ գոնե լեցնելու համար իր պահանջող պայուսակը զոր բռնած կտանի դեռ, առանց պատճառը գիտնալու, առանց պետքի, անգիտակից շարժումով:

Է

Այն առտուն իր առջինեկ աղջիկը տվավ պայուսակը ձեռքը,- «Երեկվան պես միսը չմոռնաս. քիչ մըն ալ պտուղ բերես. պանիր ալ»:

Ու փախստական հորը ետևեն որ կ'աճապարեր հեռանալու, կշարունակեր իր չնչին խնդրանքներու անհատնում շարքը:

Զառիվայրեն իր ընդոստ աճապարող քալվածքին հետ պայուսակը կ'երերար, պարապ որովայնի ձայներ, հեծկլտուքներ կհաներ:

Երեք մեթալիք տասնոցները զորս իր գրպանին մեջ հուսահատորեն կսեղմեր, չկորսնցնելու սարսափով, Պոլիս պիտի տանեին զինքը. ի՞նչպես պիտի վերադառնար իրիկունը. ու կզղջար, ո՜րքան կզղջար բնակելուն Սկյուտար ուր ոտքով չերթցվիր, ու չի բավեր բարի կամեցողություն կամ աշխարհիս մեծագույն քաջությունը ունենալ՝ նույնիսկ պարապ ձեռքով տուն դառնալու համար:

Շոգենավին մեջ ծանոթներե հեռու նստավ, ծայրը, հոն ուր մեվզի չկա, ոջլոտ մարդերու մոտիկ: Լավ մը իր քովը տեղավորեց պայուսակը. խնամքով, հոգածու ձեռքով անոր փոթերը շտկեց: Հետո անիվներուն փոֆ փոֆը իր ուշադրությունը գրավեց. այս եղանակը իր հետաքրքրությունը շարժեց. անիվները իրենց շրջանակին մեջ, տեղ մը հասնելուն, միշտ վարանումի պես բան մը ունեին նոր շրջան մը սկսելե առաջ. ասով մասնավոր եղանակ մը կձևանար. փոֆ, փոֆ, փոֆ, փոֆ... փոֆ. մտքեն այս տարօրինակ նվագին կհետևեր, հաճույք մը կզգար: Այդ վայրկյանին իր հոգվույն ու մտքին մեջ այդ խորհրդավոր ձայնեն զատ բան մը չկար. ո՞վ էր ինքը, ի՞նչ կփնտրեր այս շոգենավին մեջ. ո՞ւր պիտի երթար. չէր գիտեր, իրա՛վ որ չէր գիտեր:

Պոլիս իր վաճառականներուն հանդիպեցավ. խոժոռ ու դաժան դեմքեր գտավ միայն, որոնց տեսքը անգամ իր լեզուն պապանձեցուց. քաջությո՛ւն. ըսե՛ սա երկաթե քացան խրոխտորեն բացող ու գոցող մարդուն, որ զավակներուդ ուտելիք տանիլ խոստացած ես այս իրիկուն. ո՛չ, չկրցավ ըսել:

Շուկան թափառեցավ առանց բան մը ասելու մեկու մը. խանութներեն ներս նայեցավ քիչ մը. հետո ոսկերիչներու կրպակներուն դեմը կեցավ քառորդ ժամի մը չափ, ադամանդե զարդերու վրա զմայլված. իր աղջիկներուն երբեք չէր կրցած հատ մը տալ ասոնցմե, ու հիշեց որ իր երկու աղջիկները կսպասին իրեն: Ժամը հարցուց: Իրիկուն էր. այն ատեն վազել սկսավ. ուշ մնացեր էր. պարապ վարանումներու ու մեծ սրտության ատեն չէր. հաց պետք էր ու պիտի ուզեր առջի դեմը ելլող ծանոթեն: Զարմա՜նք. ինքը որ այնքան շատ մարդ կճանչնար, անոնցմե մեկուն չէր հանդիպեր: Սա դեմի կողմեն քալողը կճանչնար անշուշտ. ատենով իրեն մրցակից եղող վաճառական մըն էր, բայց շատոնց բարևը կտրած էին, իր աղքատանալեն ի վեր. սա մյուսը, որ արագ քայլերով իր քովեն անցավ հիմա, ան ալ կճանչնար, ատենով երաշխավոր ալ եղած էր անոր, բայց քանի մը օր առաջ մեճիտիե մը փոխ տալ մերժած էր և հիմա ալ փախչելու պես, երեսը պահելով իր քովեն կ'անցներ: Ծերուկ մը, մինակ, բարևեց զինքը. իրմե ավելի դժբախտ մը:

Կամուրջը հասած կեցավ. չկրցավ անցնիլ. տասը փարա չուներ. այդ պահուն զգաց որ բան մը կպակսեր: Ինքզինքը հարցուփորձեց ու պատճառը գտավ. պայուսակը մոռցեր էր տեղ մը. ետ դարձավ, վազեց, ի՞նչ ընելու համար:

Ը

Ծովուն վրա կծփար, կ'օրորվեր, կտատաներ, կռնակին վրա պառկած, բոլոր հասակովը ջուրին երեսը. գեր մարդ մըն էր ասիկա, մեծ-մեծ բացված, կարծես թե զարմացած աչքերով ու անթարթ, համառ նայվածքով մը դեպի երկինք՝ ուր լուսինը, իր տասնհինգին մեջ, արծաթե կլոր ու հսկա դրամի մը պես կփայլեր:

Ու մարդուն վզին սերտիվ կապած սև կաշիե պայուսակի մը մասը, ջուրեն դուրս մնացած, կծփար անոր հետ, ատեն-ատեն գլուխը սուզել տալով քիչ մը դեպի վար. հետո այդ գլուխը վեր կ'ելլեր իսկույն, ազատելու ճիգով մը պայուսակին ծանրութենեն:

Ծովին հայելիի պես արծաթած երեսին վրա՝ այս մարմինը, իր ճիտեն կախված պայուսակովը, մակույկը ետին ձգած նավու մը կնմաներ, հեռուն, խիստ հեռուն. ջուրին մեջ երկուքն ալ կապված էին ինչպես կյանքին մեջն ալ զատված չէին իրարմե: Կապը անեղծ կմնար ամեն տեղ: Քար լեցված այս կաշիե տոպրակը ալ պարպվելու վախ չուներ այսուհետև. հագեցած ու կշտացած փորն էր, գիրգ և ուռեցվորած. իր տեղը՝ մարդոց թևին տակը չէր ուր այդքան տարի ծալլված, սեղմված ու շնչահեղձ մնացած էր, ո՛չ. այդ պայուսակը՝ իր անողորմ համառությամբը, իր հուսահատեցուցիչ դատարկությամբը, մարդոց ճիտին պարտքը կմարմնացներ անշուշտ. իր ճշմաիրտ տեղը, ուրեմն, անոր վզին վրա էր, ճիշտ հո՛ն ուր հաստատված էր հիմա:

Եվ երեսուն տարիե ի վեր, վտարվածի մը նման՝ որ առջի անգամ իր բուն տեղը գտնելուն ու բազմելուն համար կ'ուրախանա, քեյֆ կ'ընե, ծովուն ամեն ծփանքին հետ՝ պայուսակը իր կոպիտ մորթովը մարդուն երեսը կգգվեր ու կշոյեր:

<1892>