Ճշմարիտ բարեկամը

Հայոց կյանքից

l

Սենյակն, ուր պիտի տանեմ ձեզ, ընթերցո՜ղ, բավականին ընդարձակ է և զարդարված եվրոպական ընտիր ճաշակով: Ավելորդ է նկարագրել ձեզ մի առ մի այդ սենյակի զարդարանքները և կահավորումը. դուք առանց այդ էլ, չկարծեմ, թե տեսած չլինեք այդպիսի սենյակներ, որոնցից ներկա ժամանակս շատ են գտնվում և՜ Թիֆլիսի գլխավոր փողոցների վերականգնած հոյակապ տներում և որոնց փայլը շլացնում է ամեն մի չքավորի աչքերը: Շատ կարելի է, որ դուք հենց այդպիսի սենյակներից մեկումն եք կարդում այս տողերը:

Առավոտ էր, ժամի տասը:

Սենյակի լուսամուտները բոլորովին բաց էին, և մայիսյան արևի կենսատու ճառագայթները, ներս թափանցելով սենյակը, նրա գեղեցիկ ներկած հատակի վրա նկարում էին լուսամուտների վայր թողած ասեղնագործ վարագույրների ծաղիկների ստվերները: Լուսամուտների առջև, ներքևը, բակի՝ մեջ գտնված կանաչազարդ պարտեզը յուր հազարավոր նորաբաց ծաղիկներով ու վարդերով, որոնք իրենց բազմագունով մի հրաշալի տեսարան էին ներկայացնում և որոնք լցրել էին օդը մի տեսակ թարմ ու անուշ բուրմունքով — ծիծաղում, խնդում էր արևի ոսկեզօծ ճառագայթների տակ: Իսկ թռչունների գեղգեղանաց ուրախ ճռվողյունը ցույց էր տալիս, թե մինչև որ աստիճան սիրելի են նրանց մայիսյան այդպիսի օրերն և ազատ բնությունը:

Լուսամուտներից մեկի առջև, փափուկ բազկաթոռի մեջ նստած էր մի մանկահասակ կին: Նա կլիներ մոտ քսանևհինգ տարեկան, դեմքի ամենաճիշտ և գրավիչ գծագրությամբ, մի փոքր նիհար ու գունատ: Նրա ընտանեկան սպիտակ հանդերձն ու սև մազերը, որոնք գեղեցիկ սանրած և կարմիր ժապավենով թույլ կապված՝ ընկած էին նրա մեջքի վերա, ավելի գեղեցկություն էին տալիս նրա գունատ դեմքին: Բավական էր մի անգամ նայել այդ գեղեցկուհու վերա և իսկույն կասեիք, ահա մի գեղեցիկ, համեստ ու բարեսիրտ կին: Նա, գլուխը ձեռքի վերա կռթնած, տխուր նայում էր դեպի դուրս՝ ծառերի վերա ոստոստող թռչուններին և կարծես, նրա բոլոր ուշադրությունը լարված էր դեպի այդ անհոգ ու անվիշտ արարածների ուրախ ճռվողյունը: Եթե նրա կուրծքը նկատելի կերպով բարձրանում ու ցածրանում չլիներ, նայողը կասեր, որ սա հեթանոսական աստվածուհու մի հրաշալի անդրի է:

Բավական ժամանակ անցավ, և սակայն նա տակավին յուր տեղում անշարժ նստած էր: Մի անգամ միայն նրա կրծքից մի հառաչանք դուրս թռավ, այն հառաչանքներից մեկը, որ դուրս է գալիս ակամայից այն անբախտների սրտի խորքերից, որոնք կռվում են անդադար մի անընկճելի, սիրտը կեղեքող զգացմունքի դեմ: Բայց այն ի՞նչ անընկճելի, սիրտը կեղեքող զգացմունք էր, որ մաշում էր նրա սիրտը, ի՞նչ հոգս, ի՞նչ վիշտ պիտի ունենար այդ մանկահասակ կինը, որին բնության ճարտարագործ ձեռքը վարձատրել էր այնպիսի առանձնահատկություններով, որոնցով կարելի էր միշտ ուրախ ու երջանիկ ապրել, միշտ ծիծաղել ու խնդալ... Արդյոք յուր աչքերի առջև այժմ ճախրող թռչունների անհոգ կյանքը հիշեցնո՞ւմ էր նրան յուր վաղուց արդեն վատնած նույնպես անհոգ կյանքի շրջանը– մանկությունը, թե նրա սիրտը մաշում էր այն անթիվ վշտերից մեկը, որոնցով վարակված է հասակավորներին շրջապատող մթնոլորտը: — Դժվար էր գուշակել:

Հանկարծ դուռը բացվեցավ, և ներս մտավ մի միջահասակ մարդ: Նրա չեչոտ դեմքը միշտ ժպտում էր, որ և նրա ներքին բարեսրտության ու միամտության բացարձակ արտահայտիչն էր: Ինչպես երևում էր, նա ավելի ուշադրություն էր դարձնում յուր բոլորովին սև մազերի վերա, որոնք այդ րոպեին խնամքով սանրված ու բաժանված էին գլխի ձախ կողմի վերա, քան շորերի, որոնք ոտից գլուխ, կարծես, բան ուզովի լինեին: Չնայելով որ նրա մեծ, հսկայական քիթը թամբած էր ակնոցներով, բայց նա գրեթե միշտ նրանց վերևից էր նայում, այդ հանգամանքը ստիպում էր նրան անդադար խոնարհեցնելու ու բարձրացնելու յուր գլուխը: Նրա համազգեստը և ուսադիրները ցույց էին տալիս, որ նա արքունական ծառայության մեջ էր: Դժվար էր մինչև անգամ մոտավորապես որոշել, թե նա քանի տարեկան էր, որովհետև առաջին հայացքից նա ծեր էր երևում, բայց երբ մի փոքր երկար էիր նայում, նա հետզհետե երիտասարդանում էր:

Մանկահասակ կինն այն աստիճան անձնատուր էր եղել յուր մտածությանը, որ ամենևին չլքեց նրա մտնելը: Պ. Գարասիմ Զաքարյանը (այդպես էր ներս մտած մարդու անունը) մոտեցավ նրան, կանգնեց նրա մոտ և, ձեռքերը դարսելով հետևը, սկսեց ժպտալով նայել նրան, որը դարձյալ նրան չէր տեսնում:

— Լի՞զա, — վերջապես նույն ժպիտը երեսին և մի տեսակ զարմացական ու հարցական եղանակով արտասանեց նա և այս անգամ գլուխը բոլորովին առաջ բերելով, որպեսզի լավ նայի կնոջը ակնոցների վերևից:

— Ախ, այդ դո՞ւք եք... — գրեթե ճչաց ուրախությամբ մանկահասակ կինն և մի ակնթարթում նրա դեմքը պայծառացավ, նա իսկույն վեր թռավ տեղից, բայց յուր առաջ տեսնելով Գարասիմին, նա դեռ ապշեց, հետո այլայլվեց, շառագունվեցավ և դարձյալ նստեց յուր տեղը: Նրա դեմքը նորից առաջվա արտահայտությունն ստացավ, և նա ավելացրեց թույլ ձայնով.

— Այդ դո՞ւ ես, Գարասիմ...

— Բացի ինձանից ուրիշ ո՞վ կարող է լինել, հոգիս, — ասաց Գ. Զաքարյանը առանց մի որևէ կասկած տանելու կնոջ (մանկահասակ կինը նրա ամուսինն էր) անսովոր այլայլմունքի վերա: — Հապա դու ո՞ւմն էիր կարծում:

— Ե՞ս... ես ո՞ւմը պիտի կարծեի... Ես ընկղմված էի մտածության մեջ:

— Մի՞թե կարելի է մայիսյան մի այսպիսի սքանչելի օրին նստել և մտածությանը անձնատուր լինել, անմիտ, — ասաց Գ. Զաքարյանը կես հանդիմանական և կես կատակի եղանակով և կամաց մատով խփելով կնոջ այտին, որին այդ բավականին զզվելի թվաց: — Այսպիսի սքանչելի օրերին կամ գնում են զբոսանքի, կամ ուղղակի նստում են դաշնամուրի առաջ և երգում ու նվագում են:

Մանկահասակ կինն, ըստ երևույթին, չէր լսում նրան, նա միայն նայում էր դեպի դուրս:

— Բայց Լի՜զա, ինչո՞ւ դու այդպես տխուր ես, — հարցրեց հանկարծ լրջորեն Գարասիմը:

— Ի՞նչ ես կամենում, Գարասիմ, — հարցրեց յուր կողմից մանկահասակ կինն, առանց նրան նայելու:

— Ասում եմ ինչո՞ւ դու այդպես տխուր ես այսօր:

— Ե՞ս... Գլուխս ցավում է:

— Գլուխդ ցավո՞ւմ է... բայց այս առաջին օրը չէ, դու այս վերջին շաբաթս գրեթե միշտ այդպե՛ս տխուր ես և մի ինչ-որ բանի մասին խիստ ես մտածում, — ասաց Գարասիմը անհանգստությամբ և բոլորովին կռանալով դեպի նա: — Հոգի՞ս չլինի թե դու մի ուրիշ ցավ ունիս, որ աշխատում ես ինձնից ծածկել, հըա՞, — ավելացրեց նա բռնելով կնոջ ձեռքերը:

— Ոչ, ոչ, իմ ընկեր, ասացի, որ միայն գլուխս է ցավում, — ասաց մանկահասակ կինը ձեռքերը ետ քաշելով: — Բ՞այց մի՞թե արժե այդպիսի հիմար բաների մասին այդպես անհանգստանալ, Գարասիմ, — ավելացրեց նա աշխատելով, որ ժպտա: — Իսկույն կանցնի ցավը:

— Ա՛խ, հոգի՛ս. դու չգիտես, թե որպես կտրատվում է իմ սիրտս, երբ քեզ այդպես տխուր եմ տեսնում... Աղաչում եմ, Լի՜զա, սիրելիս, շատ մի մտածիր... կամ ի՞նչ ունիս այդպես խոր մտածելու, ես զարմանում եմ... Խաղա՜ Տիգրանիկի հետ, եթե չես կամենում դուրս գնալ զբոսնելու: Ես այժմ գնում եմ ծառայության և այսօր շուտով կվերադառնամ: Ցտեսություն, հոգիս, ուրախ կաց:

Եվ Գ. Զաքարյանը մի համբույր դրոշմելով կնոջ ճակատին, գնաց դեպի դուռը, բայց դեռ դռանը չմոտեցած՝ նա նորից վերադարձավ և ավելացրեց.

— Հա՛, Լիզա, դու այսօր մենակ չես մնալու, ես այժմ՝ փողոցից տուն դառնալիս պատահեցա պ. Սուրեն Արևելյանին (վերջին խոսքերը լսելուն պես մանկահասակ կինը դեմքն իսկույն դեպի նա դարձրեց), նա ուր որ շտապում էր, այդ պատճառով ես ժամանակ չունեցա նրանից իմանալու, թե ինչու այս ամբողջ մի շաբաթը նա մեզ չէր այցելում: Նա միայն ասաց, որ այսօր ժամի տասնևմեկին մեզ մոտ կլինի:

— Իրա՞վ, — հարցրեց մանկահասակ կինը շուտ և մի տեսակ ուրախ ձայնով ու հանգիստ շարժումով, որոնք սակայն աննկատելի մնացին Գ. Զաքարյանից:

— Այո: Այսօր նա մեզ մոտ կճաշե:

Մանկահասակ կնոջ դեմքը պայծառացավ, բայց, որպեսզի ամուսինը չնկատի այդ հանկարծակի փոփոխությունը, նա դեմքը դարձրեց դեպի՝ դուրս:

— Հուսով եմ, որ դու նրան լավ կընդունես, Լիզա, — ավելացրեց Գ. Զաքարյանը, պատրաստվելով գնալու:

— Ես այժմ գնամ: Մինչև իմ գալս կխոսեք, թուղթ կխաղաք, կամ դաշնամուրը կածես, կերգես և գլխիդ ցավն էլ կմոռանաս: Ուղիղ ժամի մեկին ես կվերադառնամ: Ցտեսություն, հոգիս, ուրախ կաց:

Եվ Գ. Զաքարյանը դուրս գնաց:

Հենց դուռը փակվեցավ նրա հետևից, մանկահասակ կինն իսկույն գժվածի նման վեր թռավ տեղից և, ձեռքերը տարածելով դեպի՝ վեր բացականչեց շնչասպառ ձայնով.

— Օ՛, ես այսօր կտեսնեմ նրան... կտեսնեմ նրան... Այն անսահման ուրախության արտահայտությունը, որ այդ րոպեին փայլում էր նրա գեղեցիկ դեմքի վերա, անշուշտ կզարմացներ մի փոքր առաջ նրան նայողին: Նրա մեծ աչքերի մեջ նկատվում էր մի ինչ-որ անհամբերության փայլ, մի փոքր առաջ նրա գունատ դեմքն այժմ շառագունվել էր, իսկ կուրծքը սաստիկ բաբախումից, կարծես, ուզում էր պատռվել:

Նույն րոպեին նախասենյակում երեխայի վազելու ոտի ձայն լսվեցավ և, դուռը բացվելով, մոտ չորս տարեկան մի կարմրաթշիկ երեխա շնչասպառ ներս վազեց սենյակը:

— Մայրի՛կ, մայրի՛կ, — կանչեց նա յուր մանկական ծվող ձայնով և փաթաթվեցավ մոր ծնկներովը:

— Տիգրանիկս… — կանչեց յուր կողմից մայրն և, երկու ձեռքով բռնելով երեխայի գլուխը, սկսեց անհամար ջերմ համբույրներ թափել նրա վառվող լիք թշերին: — Ո՞րտեղ էիր դու վազվզում, որ այդպես կարմրել ես:

— Ես մեր պարտեզումն էի, մայրիկ, ես ուզում էի թիթեռնիկներ բռնել, բայց չէի կարողանում... Այնքան վազեցի, այնքան վազեցի նրանց հետևից, մայրիկ, որ հոգնեցա... նրանք չար են, մայրիկ, շատ չար. նրանք չեն ուզում, որ ես բռնեմ և խաղամ նրանց հետ. նրանք կարծում են, երևի, որ ես նրանց կսպանեմ, չէ , մայրիկ:

— Իհարկե, նրանք ի՞նչ են հասկանում, որ դու ուրիշների նման չար չես:

— Ա՜խ, մայրիկ, եթե նրանք այդ հասկանային... ես շատ, շատ եմ ցանկանում նրանց հետ խաղալ... Մայրի՜կ դու կբռնե՞ս ինձ համար թիթեռնիկ:

— Այո՛, Տիգրանիկս, այո ...

— Ա՛խ, որքան բարի ես, մայրիկ, ո՛րքան ես քեզ սիրում եմ, — կանչեց ուրախությամբ երեխան և ավելի պինդ փաթաթվեցավ մոր ծնկներովը: — Ես հայրիկին էլ շատ եմ սիրում, նա էլ կբռնի ինձ համար թիթեռնիկ... բայց, մայրիկ: Գիտե՞ս ինչու համար ես վազեցի այժմ քեզ մոտ, — հանկարծ երեխային վայել լուրջ կերպարանք ստանալով և մի փոքր հեռանալով ավելացրեց նա:

— Ինչո՞ւ համար, — հարցրեց ժպտալով մայրը:

— Հայրիկն այժմ գնալիս ինձ ասաց, որ դու տխուր ես, և որ ես գամ քեզ ուրախացնելու, — ասաց երեխան ուղղակի նայելով մոր աչքերին, կարծես թե, կամենալով ստուգել հոր ասածը: — Բայց դու տխուր չես, դու ժպտում ես...

— Ոչ, իմ Տիգրանիկս, ո՛չ, ես, այժմ այլևս տխուր չեմ, որովհետև... — հանկարծ նա լռեց և նայեց ուղղակի մանկան աչքերին, կարծես այն բառերը, որ պիտի արտասաներ նա, այրեցին նրա շրթունքները և, շուռ գալով երեխայից, նա դեմքը ծածկեց ձեռքով:

Երեխան զարմացավ այդ հանկարծակի փոփոխության վերա և, վազելով մոր առաջ, կանչեց նա վախեցած

— Մա՛յրիկ, մա՛յրի՛կ...

Երեխային պատասխան եղան միա՜յն խուլ հեկեկանքները, որ դուրս թռան մոր կրծքից...

II

Մեր նկարագրած անցքից մի ամիս առաջ, կյուրակի՝ կեսօրի ժամանակ, Ալեքսանդրյան այգում նվագում էր զինվորական երաժշտական խումբը: Օրը սքանչելի էր, բառիս բուն նշանակությամբ: Գարնանային մանուկ արևը սփռում էր յուր ոսկեզօծ ճառագայթները նոր կանաչած ծառերի փայլուն տերևների վերա, որոնց մեջ ճախրող անհոգ թռչունների անվերջ ճռվողյունը տոնում էր գարնան գալուստը: Օդի մեջ մի տեսակ ախորժալի թարմություն էր տիրում, և այգիի ճեմելիքները, մանավանդ «արիստոկրատիկականը», լի էին բազմությամբ: Թիֆլիսի ինտելիգենցիայից սկսած մինչև վերջին կինտոն այնտեղ էր:

Այգիի ավելի սակավամարդ ճեմելիքներից մեկում կուռ կռի տված զբոսնում էին հանդարտ մի մարդ ու կին, ինչպես երևում էր ամուսիններ: Նրանց առջևից գնում էր մոտ չորս տարեկան մի կարմրաթշիկ և շատ սիրուն հագնված երեխա, որի վերա զբոսնողներից շատերը նայում էին հրճվանքով: Նա շուտ-շուտ զանազան անմեղ հարցերով դառնում էր դեպի ծնողները, որոնք ժպտալով բավականություն էին տալիս նրա մանկական հետաքրքրությանը:

Դրանք մեզ ծանոթ Գ. Զաքարյանը, նրա կին Եղիսաբեթը, կամ, ինչպես նա սիրում էր կանչել, Լիզան և նրանց որդի Տիգրանիկն էին:

Այդ միջոցին նրանց դիմացից գալիս էր մի ցիլինդրավոր մարդ, որը դարձրեց յուր վերա Գ. Զաքարյանի առանձին ուշադրությունը: Ցիլինդրավոր մարդը, բոլորովին ուշադրություն չդարձնելով նրանց վերա, անցավ նրանց մոտից, տանելով յուր հետ Գ. Զաքարյանի զարմանքից չռած աչքերը:

— Ի՞նչ ես այդպես խոր նայում այդ մարդուն, — հարցրեց նրա կինը:

Բայց փոխանակ կնոջը պատասխանելու, նա կանգնեց և գոռաց ցիլինդրավոր մարդու հետևից.

— Պ. Սուրեն... Արևելյան... — ցիլինդրավոր մարդը կանգնեց և ետ նայեց: Մինչդեռ նա հետաքրքրությամբ նայում էր Գ. Զաքարյանին, սա թողեց կնոջն և մոտենալով նրան հարցրեց յուր մշտական ժպիտով:

— Ինձ չե՞ս ճանաչում, Սուրեն…

Ցիլինդրավոր մարդն ավելի խոր նայեց:

— Ներեցեք, ես ձեզ չեմ կարողանում հիշել, — ասաց նա մի տեսակ լուրջ ձայնով:

— Է՞, Սուրեն, այդպես շուտ չեն մոռանում վաղեմի ընկերոջն և բարեկամին, — ասաց Գ. Զաքարյանը նախատական եղանակով. բայց տեսնելով, որ ցիլինդրավոր մարդը դարձյալ զարմացմամբ և խոր նայում է իրեն, ավելացրեց շտապով: — Ես Գարասիմն եմ, եղբայր:

— Ա՛, Գարասիմ… իսկապես որ այդ դու ես, — ասաց Սուրեն Արևելյանը (մենք այսուհետև ցիլինդրավոր մարդուն այդպես կանվանենք) ավելի սառ եղանակով, քան այդ բառերը պիտի արտասանվեին, և մեկնեց դեպի նա յուր ձեռքը:

— Ներիր, որ ես քեզ չկարողացա ճանաչել:

— Մի՞ թե ես այնքան փոխվել եմ, — կանչեց Գ. Զաքարյանը ուրախ քրքջալով և ամուր սեղմելով նրա ձեռքը:

— Բայց այս ո՞ւր ես դու այսքան ժամանակ, ի՞նչ ես անում, ո՞րտեղ ես թափառում, քանի ժամանակ է ինչ մենք չենք տեսել միմյանց...

— Ես ճանապարհորդում էի, — պատասխան եղավ նրա անվերջ հարցերին:

— Ա՜, հասկանում եմ, հասկանում եմ... — խոսքը ձգեց Գ. Զաքարյանը գլուխը թափ տալով: — Այո՛, դու իրագործում ես պատանեկան ցնորքներդ... հասկանում եմ... Հիշո՞ւմ ես, որ դու քո ուսանող ժամանակը միշտ ասում էիր ինձ. «Գարասիմ, ես որ հասակս առնեմ, անպատճառ պիտի ճանապարհորդեմ, և, եթե հնար լինի, — ավելացնում էիր դու, — ես իմ ողջ կյանքը ճանապարհորդությանը կնվիրեմ»: Հիշո՞ւմ ես:

— Այո: Եվ ես, տեսնում ես, սուտ չէի ասում:

— Ես վաղուց եմ ճանաչում քո հաստատ բնավորությունը, — գիմնազիոնում եղած ժամանակից ի վեր... Բայց դեռ մի ե՛կ քեզ ծանոթացնեմ կնոջս և որդուս հետ... Չէ՞ որ ես արդեն ամուսին և հայր եմ, և երջանիկ ավելի, քան դու այդ կարող ես կարծել:

Եվ Գ. Զաքարյանը բռնելով Արևելյանի թևից, գրեթե քարշ տվեց նրան դեպի կինն ու որդին, որոնք մինչ այդ ժամանակ հետաքրքրությամբ նայում էին իրենց բոլորովին անծանոթ պարոնին:

— Լի՛զա, — դարձավ Գ. Զաքարյանը կնոջը, — ներկայացնում եմ քեզ իմ վաղեմի ամենալավ և ամենասիրելի ընկերոջս ու բարեկամիս. — Սուրեն Արևելյան:

— Պատիվ ունիմ, տիկին, — ասաց Սուրեն Արևելյանը պատվաբար գլուխ տալով Եղիսաբեթին:

— Շատ ուրախ եմ ծանոթանալու ամուսնուս բարեկամի՝ հետ, — ասաց յուր կողմից Եղիսաբեթը, նույնպես գլուխ տալով նրան:

— Այս էլ որդիս, Տիգրանիկը, — ներկայացրեց Գ. Զաքարյանը:

Սուրեն Արևելյանն այս անգամ ժպտալով սեղմեց Տիգրանիկի ձեռքը:

— Գեղեցիկ որդի ունեք, — ասաց նա:

— Ուսանո՞ւմ է արդյոք:

— Օ , ինչպես չէ, — կանչեց Գ. Զաքարյանը, — բավական վարժ կարդում է թե հայերեն և թե ռուսերեն:

— Այդ լավ է. — բայց խելո՞ք է:

— Այդ հարցին թող ինքը պատասխանի:

— Իհարկե, խելոք եմ, պարոն, — ասաց Տիգրանիկը, նայելով Սուրեն Արևելյանին: — Ես ոչ մի ժամանակ չարություն չեմ արել, կամենում եք մայրիկից հարցրեք: Գուցե շատ փոքրիկ ժամանակս ես չարություն եմ արել, — ավելացրեց նա, — բայց այժմ ոչ, որովհետև ես այժմ մեծ եմ և հասկանում եմ, որ չարություն անելը վատ է. մայրիկս այդ բացատրել է:

Հայր և մայր ուրախ ծիծաղեցան, իսկ Սուրեն Արևելյանը միայն նշանավոր կերպով ժպտաց և ասաց,

— Ապրեք, ես տեսնում եմ, որ դուք խելոք եք և լսել եք ձեր մայրիկի բացատրությունը. այդպես պետք է լինել միշտ:

— Հը՛, ինչպե՞ս է, — ինքնագոհ եղանակով կանչեց Գ. Զաքարյանը, անթարթ նայելով Սուրեն Արևելյանին:

— Այո՛, երեխան բավականին սրամիտ է, — պատասխանեց վերջինս:

— Եվ ո՞վ գիտե, դու մինչև այժմս ամուրի ես:

— Այո:

— Իզուր, իզուր, — ասաց Գ. Զաքարյանը փորձված մարդու նման: — Եթե միայն դու գիտենաս, թե որքա՞ն քաղցր է սիրող կին և զավակ ունենալը, դու այդպես անտարբեր չես գտնվի դեպի ամուսնությունը, հավատացիր:

— Ամեն մեկն յուր համոզմունքն ունի, — պատասխանեց լրջորեն Սուրեն Արևելյանը:

— Ինչ և իցի... Գնանք, Սուրեն, այսօր դու մեր տանը պիտի ճաշես:

— Ես շնորհակալ եմ, Գարասիմ...

— Երկար խոսել հարկավոր չէ, անպատճառ հո չպիտի խնդրեմ... Վերջապես, եղբայր, ամբողջ տասը տարի չենք տեսնվել, մի՞թե դու չես կամենում, որ այս մի օրը, երբ հազիվ գտել ենք միմյանց, միասին անցնենք... Գնանք, գնանք: Կինս էլ բավական ուրախ կլինի քո ներկայության համար:

— Այո, պարոն Սուրեն Արևելյան, ես շատ ուրախ կլինեի, եթե դուք այսօր բարեհաճեիք պատիվ բերելու մեր տուն: Ես խնդրում եմ, — ասաց Եղիսաբեթը:

— Երբ դուք այդ ցանկանում եք, տիկին, այդ մեծ պատիվ է ինձ համար, — ասաց յուր կողմից Սուրեն Արևելյանը լուրջ ձայնով: — Մի քանի ժամ ձեր ընկերության մեջ անցկացնել ինձ համար քաղցր կլինի:

— Այդպես, էլի, հե՛ր օրհնած, — կանչեց ուրախ Գ. Զաքարյանը: — Ես քեզ այլևս չեմ թողնի ճանապարհորդելու, դու մեզ մոտ կմնաս այսուհետև... դե՜հ, հառաջ:

Եվ նրանք խոսելով ուղևորվեցան դեպի տուն:

Սակայն նախ ծանոթանանք Սուրեն Արևելյանի հետ:

Իսկապես ո՞վ էր Սուրեն Արևելյանը, ի՞նչ պաշտոնի տեր և ո՞րտեղացի էր — այդ և դրա նման հարցերին ինքը Գ. Զաքարյանն էլ, որ իրեն համարում էր նրա դասակից և ամենասիրելի ընկեր ու բարեկամ, հազիվ թե կարողանար մի որոշ պատասխան տալ: Այսքանս միայն նա կարող էր ասել և երդվել, որ նրա պես ազնիվ, համբերող, անձնվեր և մինչև վերին աստիճանի համառության հասցրած հաստատ

բնավորության տեր ընկեր դեռ նա յուր ողջ կյանքում տեսած կամ լսած չէր: Նա այս ևս գիտեր, որ Սուրին Արևելյանը յուր ծնողների միակ և սիրելի զավակն էր, որ դեռ ուսանող ժամանակը նա զրկվեց նրանցից, որոնց ահագին ժառանգությունը միայն նրան մնաց, որ ուսումն ավարտելուն պես մի օր հանկարծ նա բոլորովին չքացավ և ոչ ոք չիմացավ, թե ուր կարող էր նա գնալ, և որ շատերն յուր ընկերներից, ի թիվս որոնց և ինքը, պնդում էին, որ նա անպատճառ գնացել է ճանապարհորդվելու, որովհետև նրանց հայտնի էր, որ նրա միակ սերը ճանապարհորդությունն էր:

Այդ օրից անցել էր ուղիղ տասը տարի: Նրա բոլոր ընկեր ու ծանոթները նրան վաղուց արդեն մոռացության էին տվել, կարծելով, որ նա այլևս կենդանի չէ: — Բայց Գ. Զաքարյանը դարձյալ տեսնում է նրան Թիֆլիսում և ճանաչում է յուր նախկին դասակցին:

Պարոն Սուրեն Արևելյանը մոտ երեսունհինգ տարեկան մի բարձրահասակ մարդ էր, երկար ու շեկ մորուքով, որ հարթ ու գեղեցիկ սանրված շատ սազում էր նրա գրեթե կնային և մի փոքր գունատ դեմքին: Բեղերի ոչ այնքան երկար մազերը հազիվ ծածկում էին նրա կարմիր վարդագույն շրթունքները, աչքերը մեծ ու խոհուն, քիթը նման ավելի գերմանականին, քան հայկականին, իսկ լայն ճակատը, որի վերա մի կնճիռ անգամ չէր երևում, ցույց էր տալիս նրա խելացիությունն ու հաստատ բնավորությունը: Նրա շորերը ոտից գլուխ, կարծես, կոկած լինեին նրա մարմնի կանոնավոր կազմվածքի վերա, աչքերին ակնոցներ, ձեռներին դեղին ձեռնոցներ և սևագույն ձեռնափայտ: Նա ման էր գալիս առանց օրորվելու, հաստատ և չափավոր քայլերով ու լայն կուրծքը միշտ դուրս ձգած: Նա խոսում էր քիչ և ընդհատելով, հարցեր շատ քիչ էր առաջարկում, իսկ իրեն առաջարկած հարցերին պատասխանելու ժամանակ նա խիստ հետևում էր լակոնական ոճին, բառերն արտասանում էր որոշ և շեշտելով, ձայնը պարզ էր և շատ գրավիչ: Սակայն, պատահում էր ժամանակ, երբ նա տաքանում էր, բայց «տաքանալ» ասելով, դուք մի հասկանաք, թե նա կարմրում էր մինչև ականջներն, ինչպես այդ հատուկ է շատերին — ոչ, այլ, նրա տաքանալը կայանում էր միայն նրանում, որ յուր սովորությունից դուրս գալով նա սկսում էր շատ խոսել, պահպանելով յուր մշտական լրջությունն ու սառնասրտությունը: Եվ այդ այն ժամանակ էր միայն պատահում, երբ անշուշտ հարկավոր էր լինում մի որևիցե կարևոր և դժվար խնդիր լուծելու: Խոսելիս նա շատ քիչ էր նայում յուր խոսակցի դեմքին, այլ աչքերը կենտրոնացնում էր մի կետի վրա կամ շրջում էր այս ու այն կողմը: Շատ քիչ դեպքերում էր նա ժպտում, իսկ ծիծաղել՝ հազարից մի անգամ, և այդպիսի դեպքում մի՛այն նա երևացնում էր յուր երկու կարգ սպիտակ ու փայլուն ատամները: Առհասարակ նրա բոլոր արտաքին տեսքը նայողի վերա մի տեսակ անբացատրելի ազդեցություն էր անում: Շատ կանայք, մանավանդ նրանք, որոնք հասկանում են, թե ինչ է «տղամարդի գեղեցկություն», նրան հանդիպելիս, անկարելի էր, որ նրա վերա միայն մի հայացք ձգելով բավականանային:

Եվ այժմ, երբ նա, նստած Գ. Զաքարյանի շքեղ հյուրասենյակում, լսում է վերջինիս միամիտ երկարաբանությունները, Եղիսաբեթը, որ նստած է նրա դիմացը, նայում է այդ օտարոտի մարդուն և, զարմանալի է, որքան նա շատ է նայում նրան, այնքան ավելի է կամենում նայել, կարծես նրա աչքերը բևեռած լինեին այդ մարդու ազնիվ և լուրջ դեմքի վերա մի անհայտ զորությունից, որին հաղթելու նա յուր մեջ այնքան ուժ չէր զգում: Նրա դեմքի վերա այդ րոպեին կարելի էր նկատել մի տեսակ հոգեզմայլություն դեպի այդ մարդը, որից և պարզ երևում էր, որ եթե ամբողջ ժամերով նա այդպես նստած միշտ նայեր նրան, երբեք չէր հոգնի: Առհասարակ նրա բոլոր արտաքին տեսքը, որը մասամբ արտահայտությունն էր նրա հոգեկան դրության, ցույց էր տալիս, որ նա մի տեսակ հարգանք է զգում դեպի այդ մարդը, բայց ո՜չ, այդ մարդու հետ նա նոր էր ծանոթացել, յուր ողջ կյանքի մեջ նա այդ մարդուն առաջին անգամն էր տեսնում և խոսում նրա հետ, ուրեմն ինչպես կարող էր նա նրան հարգել և ինչո՞ւ, այդ զգացմունքը հարգանք չէր, այլ դրա նման մի բան և դրանից ավելի բարձր, ավելի ազնիվ, ավելի քնքուշ ու քաղցր, բայց իսկապես ի՞նչ — այդ յուր համար ևս անբացատրելի էր...

Երկար ժամանակ նրանք նստած խոսում էին: Սուրեն Արևելյանը պատմում էր յուր ճանապարհորդությունից: Նրա պատմությունից երևաց, որ նա ճանապարհորդել է գրեթե ամբողջ Եվրոպան և այժմ մտադիր է ճանապարհորդելու Ասիայում:

— Ինչպես երևում է, դուք շատ եք սիրում ճանապարհորդություն, պարոն Սուրեն Արևելյան, — հարցրեց Եղիսաբեթը:

— Իմ միակ սերս դա է, տիկին, — պատասխանեց Սուրեն Արևելյանը րոպեապես միայն աչքերը դեպի նա դարձնելով:

— Կամ, գուցե, դուք մի որևիցե վիշտ ունիք, որին բուժելու համար ճանապարհորդությանն եք դիմել:

— Ես ունեի այդ վիշտը, տիկին, — ծնողներիս մահը, բայց դա վաղուց արդեն բուժվել է:

— Ոչ այս և ոչ այն, ինչպես ես տեսնում եմ, դու մի նպատակ ունիս, Սուրեն, — մեջ մտավ մշտական ժպիտով Գ. Զաքարյանը:

— Գուցե, — պատասխանեց լրջորեն Սուրեն Արևելյանը:

— Ախար իզուր չէիր կլանում այնպես ագահությամբ ճանապարհորդության վերաբերյալ գրքերը, մանավանդ Ժյուլ Վեռնի ճանապարհորդական սարսափելի արկածներով լի վեպերը: Հասկանում եմ, հասկանում եմ...

Ներս բերին սուրճը, որից հետո գնալով սեղանատունը, որտեղ արդեն պատրաստ էր ճաշի սեղանը, նրանք նստեցին ճաշի: Եղիսաբեթը նստած էր ուղիղ Սուրեն Արևելյանի դիմացն և շուտ-շուտ հյուրասիրում էր նրան զանազան համեղ խորտիկներով: Բոլոր ժամանակ նրա գեղեցիկ դեմքից չէր հեռանում քաղցր ժպիտը, և զանազան հարցեր էր առաջարկում Սուրեն Արևելյանին, բայց ոչ այնքան հետաքրքրությունից, որքան նրա գրավիչ ձայնը լսելու: Ամենից շատ խոսում էր Գ. Զաքարյանը, ծիծաղում, կատակներ էր անում, բայց միայն Սուրեն Արևելյանն էր, որ լուրջ էր, և միակ բանը, որ շարժեց նրա ժպիտը, Տիգրանիկին առաջարկված հարցն էր, որին նա պատասխանեց մեծ սրամտությամբ:

Ճաշը վերջացավ, և ամենքը, տեղերից վեր կենալով, նորից գնացին հյուրասենյակը: Եղիսաբեթը ուրախությունից չգիտեր թե ինչ աներ, նա մոտեցավ Սուրեն Արևելյանին և հարցրեց.

— Դուք թուղթ խաղո՞ւմ եք, պարոն Սուրեն Արևելյան:

— Երբեմն:

— Կկամենա՞ք այժմ խաղալ:

— Մեծավ ուրախությամբ, տիկին:

— Ա՛յ թե լավ բան մտածեցիր, Լիզա, — կանչեց ուրախությամբ Գ. Զաքարյանը: — Ես հո այդ բոլորովին մոռացել էի: Ճաշից հետո առհասարակ մի բան խաղալը բժշկական տեսակետից լավ է հո... բրա՛վո, բրավո՜, Լիզա: — Գ. Զաքարյանը ծափ տվավ:

Եղիսաբեթը բացեց սեղանը և խաղաթուղթ պատրաստեց:

— Պարոններ, ի՞նչ եք կամենում, որ խաղանք, — հարցրեց նա:

— «Дурачки», — հանկարծ գոռաց Գ. Զաքարյանը և ուրախ կերպով սկսեց քրքջալ: — Ես բացի այդ ուրիշ խաղ չեմ իմանում, և այդ խաղն ես շատ եմ սիրում, թեպետև այդ խաղալիս «дурак»-ը — հիմարը ես եմ մնում միշտ... Եղիսաբեթն էլ սկսեց ուրախ կերպով ծիծաղել, իսկ Սուրեն Արևելյանը միայն ժպտաց: Նրանք շարվեցին սեղանի շուրջն և սկսեցին խաղալ: Գ. Զաքարյանը սուտ չէր ասում, նա շատ անընդունակ էր և այդ պատճառով ամեն անգամ «дурак»-ը նա էր մնում, որով և ստիպում էր Սուրեն Արևելյանին ժպտալ, իսկ Եղիսաբեթին՝ մի կուշտ ծիծաղել:

— Է՜հ, էլ չեմ կամենում այս խաղը, — վերջապես կանչեց Գ. Զաքարյանը իրեն նեղացած ձևացնելով յուր անհաջողությունից և խաղաթղթերը սեղանի վերա ցրվելով: — Այնքան «дурак»-ները որ գումարենք վերջն ես խելագար դուրս գամ... — Եվ նա վեր կացավ տեղից:

Եղիսաբեթը թուլացավ ծիծաղից, իսկ Սուրեն Արևելյանն ասաց ժպտալով.

— Բարեկամ, ինչու՞ ես այդպես շուտ տաքանում, չէ որ քո սիրած խաղն այդ է:

— Այո, այդ է, բայց... այժմ ես դրան ատեցի: Այժմ գիտե՞ս ինչ կա, Լիզա, — դարձավ Գ. Զաքարյանը յուր կնոջը, — դու կնստես դաշնամուրի առաջ և մեզ համար մի լավ, մի սքանչելի բան կնվագես ու կերգես: Հա , Սուրեն, — հանկարծ նա դարձավ դեպի Արևելյանը, — դու չգիտե՞ս, որ կինս երկար ժամանակ երաժշտությամբ էր պարապում, ես դրա համար առանձին ուսուցչուհի էի՝ վարձել և այժմ տեսնես թե որքան սքանչելի նա երգում ու նվագում է...

— Հա՛, հա՛, հա՛... — սկսեց ծիծաղել Եղիսաբեթը, որ հավաքում էր խաղաթղթի սեղանը: — Այդպես ինձ երկինքը մի բարձրացնիր, հանկարծ վայր կձգես...

— Ես հո սուտ չեմ ասում...

— Ես շատ կցանկանայի, տիկին, որ ձեր ամուսնու ասածները բոլորը ճիշտ լինեին, — ասաց Սուրեն Արևելյանը յուր մշտական լուրջ ձայնով: — Խնդրեմ, եթե ձեզ այդ նեղություն չէր լինիլ, ինձ համար մի բան նվագեիք:

— Երբ դուք այդ ցանկանում եք, պարոն Սուրեն Արևելյան, ես մեծավ ուրախությամբ, — ասաց Եղիսաբեթը մի փոքր կարմրելով, նստեց դաշնամուրի առաջ և սկսեց թերթել ձայնագրատետրը:

— Դու չես կարող երևակայել, Աուրեն, թե որպես ես սիրում եմ այդ երաժշտությունը, — ասաց Գարասիմ Զաքարյանը: — Բայց ցավալին այն է, որ ես ոչ մի գործիքի վրա ածել չգիտեմ, թեպետ շատ եմ փորձել սովորելու, բայց չի հաջողվել... Այդպիսի գործերի մեջ առհասարակ ես բոլորովին անընդունակ եմ, հա՛, հա , հա ...

Այդ միջոցին Եղիսաբեթը արդեն պատրաստվեցավ նվագելու: Նա սկսեց նվագել ու երգել մի սիրային պիես, որ բավականին ձայնագրված էր քաղցր և ազդող եղանակով, ինչպես լինում են առհասարակ սիրային մեղեդիները: Եղիսաբեթի ձայնը, եթե ոչ հիանալի, բայց կարելի էր ասել քաղցր էր, բայց ոչ բոլորովին կանոնավորված: Նա իսկապես նմանում էր երգչուհու, որը նստած բեմի վերա հարյուրավոր հանդիսատեսների ու կրիտիկոսների առաջ, երգում է, աշխատելով յուր քաղցր ձայնով և ձայնի զարմանալի ելևէջներով թափանցել մինչև բոլորի սրտի խորերն և միևնույն ժամանակ, զգույշ լինելով, թե մի գուցե մի որևիցե սխալմունքով ձայնի կամ եղանակի մեջ ձգի յուր փառքը բոլոր հանդիսատեսների առաջ: Գ. Զաքարյանը մեծ հիացմունքով նայում էր Սուրեն Արևելյանին և կարծես ասում էր.

— «Ինչպե՞ս է — երջանի՞կ եմ, թե ոչ...»:

Իսկ Սուրեն Արևելյանի դեմքը պահպանում էր յուր մշտական լուրջ արտահայտությունը, կարծես Եղիսաբեթի քաղցր ձայնը նրա վերա ոչ մի ազդեցություն չէր անում:

Եղիսաբեթը վերջացրեց և վեր կացավ տեղից, նրա դեմքը շառագունվել էր, որից և նա ավելի գեղեցիկ էր երևում, իսկ կուրծքը ավելի արագ էր բաբախում: Նա նայեցավ Սուրեն Արևելյանին, և նրա հայացքը մի որևիցե գովասանքի էր սպասում նրա կողմից, որը վերջապես ասաց յուր մշտական լուրջ ձայնով.

— Շնորհակալ եմ, տիկին, դուք գեղեցիկ երգում եք, և ձեր ամուսինը իրավունք ունի ձեզ այդ մասին գովելու:

Այդ գովասանքը ավելի շառագունեցրեց մանկահասակ կնոջը, որ, խոսք չգտնելով ասելու, միայն գլուխ տվավ նրան:

— Բրա՛վո, բրա՛վո, — հանկարծ գոռաց Գ. Զաքարյանը, կարծես նոր ուշքի գալով և սիրով նայելով կնոջը: — Այսօրվա նման դու երբե՛ք այդպես հիանալի չես երգել: Բրավո՛, բրավիսիմո...

Արդեն երեկո էր, երբ Սուրեն Արևելյանը պատրաստվեցավ գնալու: Նրան շատ խնդրեցին թեյի վերա մնալու, բայց նա չմնաց, նա բարեկամաբար սեղմեց բոլորի ձեռքը և ասաց՝

— Շնորհակալ եմ ձեր քաղցր հյուրասիրության համար: Մնաք բարյավ:

— Ինչպե՞ս թե «մնաք բարյավ», — կանչեց Գ. Զաքարյանը: — Ես «մնաք բարյավ» չգիտեմ, ցտեսություն:

— Այ, պ. Սուրեն Արևելյան, հուսով ենք, որ դուք այսուհետև շուտ-շուտ շնորհ կբերեք մեր տուն, — ասաց յուր կողմից Եղիսաբեթը:

— Դուք ինձ պարտավորեցնում եք, տիկին...

— Ա՛խ, մի՞թե արժե, պ Սուրեն Արևելյան, — շուտով ընդհատեց նրան Եղիսաբեթը: — Դուք երևակայել չեք կարող, թե որպիսի բավականություն պատճառեց մեզ այսօր ձեր ներկայությունը...

— Պ. Սուրեն Արևելյան, ես ևս խնդրում եմ, որ դուք այսուհետև շուտ-շուտ շնորհ բերեք մեր տուն, — ասաց Տիգրանիկը:

— Շատ բարի, Տիգրանիկ, — ասաց ժպտալով Սուրեն Արևելյանը, — երբ դուք ևս ցանկանում եք այդ, ես ուրախությամբ կկատարեմ ձեր խնդիրքը: Ցտեսություն:

— Հա՜, Սուրեն, — հանկարծ գոռաց նրա հետևից Գ՝. Զաքարյանը, երբ նա ուզում էր դուրս գնալ սենյակից, — դու չասացիր, թե որտեղ ես լինում դու այստեղ:

— «Grand Hotl» հյուրանոց №7:

— Շատ գեղեցիկ, գուցե մի անգամ մենք քեզ այցելում ենք:

— Երբ կամենաք:

Եվ նա դուրս գնաց սենյակից: Նրա հետ դուրս գնացին և Գ. Զաքարյանն ու Տիգրանիկը: Հետո, երբ Գ. Զաքարյանը մենակ դարձյալ ներս մտավ, նա տեսավ Եղիսաբեթին լուսամուտի առաջ: Նա կանգնած էր անշարժ և մտածությամբ նայում էր դեպի դուրս: Նրա դեմքն այլևս չէր կրում առաջվա ուրախ արտահայտությունը... Կարծես Սուրեն Արևելյանի գնալուն պես նրանից մի բան, մի թանկագին բան պակասեց, որը քանի գնում, այնքան ավելի ու ավելի զգալի էր դառնում նրան...

Այնուհետև Սուրեն Արևելյանը գրեթե ամեն օր կամ ինքն էր այցելում Գ. Զաքարյանի ընտանիքին, կամ սրանք էին գնում նրա մոտ «Grand Hotl» հյուրանոցը: Երբեմն նրանք միասին գնում էին թատրոն կամ մի՝ որևիցե զվարճության տեղ: Այնպես որ երկու շաբաթից հետո նրանց միմյանց տեսնելը, միմյանց հետ քաղցր զրույց անելը անհրաժեշտ պայման էին դարձել: Սուրեն Արևելյանը պահպանում էր նույն անտարբերությունն ու սառնասրտությունը, որոնք և մասամբ խանգարում էին տիկնոջը բոլորովին բացվելու նրա առաջ, ինչպես իրենց ամենամոտ բարեկամի առաջ: Նա բոլորովին զարմացած մնացել էր նրա այդ օտարոտի բնավորության վերա: Մի՞թե այդ մարդն իսկապես այն աստիճան անտարբեր ու սառնասիրտ է, որ մինչև անգամ այն սերտ բարեկամությունը, որ նա և յուր ամուսինը ցույց էին տալիս միշտ, չի կարող բացել նրա սիրտը... կամ մի՞թե նա բոլորովին զգայականություն չունի: Ինչո՞ւ նա այնպես ուշ-ուշ է ծիծաղում, մինչև անգամ ժպտում, ինչո՞ւ նա այնպես քիչ է խոսում... բայց մի՞թե նա դաժան մարդ է: Այս խոսքերի վերա նա նայում էր ուղղակի Սուրեն Արևելյանի աչքերին: — Ոչ, այդ բարի, խոհուն աչքերը, դեմքի այդ համեստ ու ազնիվ գծագրությունն երբեք չեն կարող պատկանել դաժան մարդուն… Վերջապես ձայնը, մի՞թե դաժան մարդն այդպիսի գրավիչ ձայն կունենա... Ոչ: Երբե՜ք այդ մարդը դաժան չէ, այլ... մի օտարոտի, անբացատրելի մարդ:

Սակայն, ինչ էլ որ լիներ, բայց տիկինը չէր կարող նրան անտարբեր աչքով նայել, ո՛րքան դուր էին գալիս նրան նրա մեծ, խոհուն աչքերը, անուշ ձայնը, զգաստ շարժումները և մշտական լրջությունը, ո՛րպես նա ցանկանում էր ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, միշտ և միայն նրան տեսնել, նրա հետ խոսել, նրա մոտ նստած նվագել ու երգել...

«Բայց ինչո՛ւ», — հանկարծ հարցնում էր նա ինքն իրեն: — «Մի՞թե ես նրան... սիրում եմ»...

Այդ վերջին խոսքերի վրա նա ամբողջ մարմնով դողում էր և իսկույն երկյուղով նայում էր յուր շուրջը ոճրագործի նման, կարծելով թե մեկը նրան գաղտնի լրտեսում է, թեպետև նա այդ բառերը բոլորովին շշնջալով և մենակ ժամանակն էր արտասանում:

«Այո՛, այս զգացմունքն ուրիշ ոչինչ չի կարող կոչվել, եթե ոչ միայն սեր», պատասխանում էր անբախտ կինն ինքն յուր խոսքերին, և նրա սիրտն անասելի կերպով ճմլվում էր, որովհետև նա հասկանում էր, թե որքան վտանգավոր է այդ զգացմունքն յուր նման մի կնոջ համար, որն արդեն ամուսնացած և զավակի տեր է: — «Օ՜, ինչո՞ւ ես չեմ կարողանում ընկճել այդ զգացմունքը, որը քանի գնում, այնքան սաստկանում է, — շարունակում էր նա խոսել ինքն իրեն հետ: — Ինչո՞ւ դրա հետ կռվելիս ես զգում եմ, որ իմ ուժերս հետզհետե թուլանում են, և ես, բոլորովին հաղթված, վերջապես անձնատուր եմ լինում դրան, որը նոր ուժերով սկսում է ավելի ու ավելի կրծել իմ սիրտս... ինչո՞ւ այդ զգացմունքն այնպես հեշտ և շուտ կարողացավ հալածել իմ սրտիցս ուրիշ երկու զգացմունքներ — ամուսնական և մայրական սերը, — որոնց ես այսքան տարի ամենայն անձնվիրությամբ փայփայել ու գուրգուրել եմ և որոնց ես — անմիտս, կարծում էի, թե ոչինչ աշխարհիս մեջ չի կարող դուրս կորզել իմ սրտիցս... Ա՛խ, եթե միայն մի րոպե, մի վայրկյան ես կարողանայի սրտիս վերա իշխել և մոռանալ նրան, որպե՛ս ես ջերմագին կգրկեի իմ բարի ամուսնուս, որպե՛ս բուռն կրքով կսեղմեի ես անմեղ Տիգրանիկիս իմ կրծքիս և որքա՛ն ես ուրախ, երջանիկ կլինեի...»:

Ահա այդ մտքերն էին ալեկոծում խեղճ կնոջ սիրտը շատ անգամ, և նա անհուսալի կերպով ծածկում էր դեմքը ձեռքերով և լուռ միայն դառն արցունք էր թափում...

Մի անգամ Սուրեն Արևելյանն ամբողջ չորս, հինգ օր չերևացավ: Մեծ էր տիկինի հուսահատությունը: Այդ ժամանակ նա ավելի էր զգում, թե որքան մեծ է, զորեղ է այն զգացմունքը, որ կապում է նրան այդ մարդու հետ: Նա զգում էր յուր սրտի մեջ մի անբացատրելի, ծանր վիշտ, նրա միտքն ամբողջապես նրա մոտ էր: Որքան նա աշխատում էր նրա մասին չմտածել, այնքան նրա միտքն ակամայից ավելի պարզ կերպով էր նկարում նրա գեղեցիկ տեսքը, մշտական լուրջ կերպարանքը, նրա մեծ, խոհուն աչքերը, լայն, խելացի ճակատը...

Նա երկար չկարողացավ դիմանալ և դիմեց վերջապես ամուսնուն.

— Գարասիմ — ասաց նա նրան, — ինչո՞ւ Սուրեն Արևելյանն այլևս մեզ չի այցելում... Չլինի՞ թե նա հիվանդ է...

— Ես ինչպե՞ս գիտենամ, սիրելիս... Կուզե՞ս գնանք նրա մոտ:

— Գնանք:

Եվ նրանք անմիջապես գնացին «Grand Hotl» հյուրանոցը, բայց նրան այնտեղ չգտան: Երկրորդ օրը գնացին, երրորդ օրը գնացին — նույն անհաջողությունը: Տիկինն արդեն բոլորովին հուսահատվեցավ, անտանելի վիշտն ավելի ու ավելի էր կրծում նրա սիրտը: Ամբողջ ժամերով նա մենակ նստում էր բազկաթոռի մեջ և անձնատուր էր լինում մտածության: Հազար ու մի մտքեր, հազար ու մի ցանկություններ խռնվում էին նրա գլխում...

«Ա՛խ, մի անգամ ևս տեսնեմ նրան, մի անգամ միայն, թեկուզ այնուհետև՝ երբեք...», — ասում էր նա այդպիսի ժամանակներում:

Ահա այդ դրության մեջ էր գտնվում վերջին ժամանակը մանկահասակ կինն, և այդ ցանկությունն էր բորբոքվում նրա սրտի մեջ, երբ վերջապես նրա ամուսինը, Գ. Զաքարյանը, հայտնեք նրան (ինչպես այդ արդեն հայտնի է մեզ առաջին գլխից), որ նա այդ օրը պատահել է փողոցում Սուրեն Արևելյանին, որն և ասել է, որ այդ օրը ժամի տասնմեկին իրենց մոտ կլինի: Մեզ արդեն հայտնի է, թե որպիսի ուրախություն պատճառեց այդ ավետիքը մանկահասակ կնոջը, թե որպես ուրախությունից չգիտենալով թե ինչ անի, նա միայն ջերմ համբույրներ էր թափում Տիգրանիկի կարմիր, լիք թշիկներին, և թե որպես նա դեռ կամենում էր հայտնել նրան յուր անսահման ուրախության պատճառը, բայց, նայելով նրա անմեղ աչքերին, հանկարծ լռեց, կարծես, այդ անմեղ աչքերը սաստելով ասելիս լինեին նրան. — «Լռի՛ր, մայրիկ, մի խոսք անգամ չարտասանես այդ մասին — այդ կարող է պղծել իմ մանկական անմեղությունը... Օ, գոնե ամաչիր դու մայրիկ... Այսուհետև ինչի՞ն ես պետք դու ինձ... Մի՞թե այսուհետև ես կարող եմ քեզ «մայրիկ» կոչել, մի՞թե այսուհետև ես կարող եմ թողնել, որ քո ձեռքերը գրկեն ինձ, որ քո շրթունքները համբուրեն իմ անմեղ դեմքս... Ո՜չ, մայրիկ, այդ երբեք չի կարող լինել... Դու ոչ այլ ինչ ես, եթե ոչ միայն մի ոճրագործ, անպիտան մայր, որ անամոթ կերպով դավաճանում ես իմ հայրիկին — քո ամուսնուն,՝ որ ամենաանգութ կերպով գողանում ես մեր երկուսիս քնքուշ, անսահման սերն և նվիրում ես մի օտար մարդու...»: Այո՛, մի րոպեի մեջ նա զգաց այդ բոլորն, և այդ զգացմունքն, այդ խղճի խայթը շանթեց նրա սիրտը, որին դիմանալու ույժ չունենալով, նա միայն խուլ հեկեկանքներ արձակեց...

III

Սակայն, այն զգացմունքը, սերը, որ պաշարել էր նրա բոլոր գոյությունը, շուտով կարողացավ լռեցնել տալ նրա մեջ խղճի խայթը, և այն քաղցր հույսը, որ մի ժամից հետո դարձյալ պիտի տեսնի նրան, խոսի նրա հետ, նորից լցրեց նրա սիրտն անսահման բերկրանքով... նա շտապով սրբեց յուր արցունքն և ջերմագին գրկելով Տիգրանիկին, շշնջաց.

— Ոչինչ, Տիգրանիկս, ոչինչ չկա, մի վախիր… բայց այսօր, դու ուսումնարան չպիտի՞ գնաս:

— Ինչպե՞ս չէ, մայրիկ, բայց դու լաց ես լինում…

— Ես այլևս լաց չեմ լինիլ, Տիգրանիկս... այս մեկն աjսպես պատահեց... Դու գնա ուսումնարան, իսկ ես կերթամ հագնվելու, որովհետև այսօր պարոն Սուրեն Արևելյանը պիտի գա, և լավ չէ այսպես ներկայանալ...

— Գնում եմ, մայրիկ, բայց տես, եթե դու դարձյալ լաց ես եղել, ես էլ լաց կլինեմ:

Մայրը ծիծաղեց, իսկ երեխան, պինդ փաթաթվելով նրա վզովը, մի քանի անգամ համբուրեց նրան և դուրս վազեց սենյակից: Մայրը նայեց նրա հետևից, բայց նրա հայացքի մեջ չէր փայլում մայրական ամենաքնքուշ սիրո այն հրճվանքը, որ ամենապարզ կերպով ցույց է տալիս այն սերտ, անքակտելի կապը, որ միացնում է մոր սիրտն յուր զավակի սրտի հետ... Մի քանի րոպե նա մնաց անշարժ նրա հետևից նայելիս: Վերջապես հառաչեց և տխուր ու անվճռական քայլերով գնաց յուր սենյակը:

Կես ժամից նա արդեն բոլորովին հագնված, պատրաստ էր և կանգնած հայելու առաջ նայում էր նրա մեջ:

— Ա՛խ, ինչո՞ւ ես այսպես գունատ եմ, — ասում էր նա տխուր նայելով յուր դեմքին, բայց նա չգիտեր, որ այդ գունատությունն ավելի էր սազում նրա դեմքին, քան շատերի կարմրությունը:

Նա մոտեցավ սեղանին և վերցրեց կարմրադեղը, բայց հանկարծ մի տեսակ զզվանքով շպրտեց այն դեպի սենյակի մյուս ծայրը, և կանչեց.

— Երբե՜ք. երբե՜ք...

Նա գնաց հյուրասենյակը, որտեղ միշտ ընդունում էին Սուրեն Արևելյանին, և նրա առաջին գործը եղավ նայել ժամացույցին. — տակավին կես ժամ կար մինչև նրա գալը: Նա նստեց բազկաթոռի մեջ և աչքերը հառեց ժամացույցի սլաքներին, նրան մեկ թվում էր, որ նրանք շատ դանդաղ են շարժվում և մեկ՝ ամենաարագ կերպով, որովհետև այդ րոպեին նրա մեջ գործում էին երկու հակառակ զգացմունքներ սեր և խիղճ: Սերն ասում էր՝ «պիտի տեսնես նրան, որովհետև այդ քաղցր է», իսկ խիղճը — «ո՛չ, որովհետև այդ հանցանք է»: Արդյոք որի՞ն լսել — նրանք գործում էին միահավասար ուժերով– առաջինին, բայց ինչպե՞ս պիտի դիմանար նա այն անտանելի կրակին, որ երկրորդը պիտի ձգեր նրա սրտի մեջ... երկրորդի՞ն, բայց նա ամենապարզ կերպով զգում էր, որ առաջինը նրան մի վայրկյան անգամ հանգստություն չպիտի տար... Որպիսի անել դրություն... Սակայն, մարդս այն աստիճան անհեռատես է, հաստատակամությունն այն աստիճան թույլ արմատներ ունի ձգած նրա սրտի մեջ, որ նա ավեւի շուտ անձնատուր է լինում ցանկությանը, կրքին, քան լսում ու հետևում յուր ներքին ձայնին: Այդ միևնույնը պատահեցավ և տիկնոջ հետ. նա անձնատուր եղավ յուր սիրույն, որովհետև հասկացավ, զգաց վերջապես, որ կռվել այլևս անհնարին է:

«Թող այսուհետև ինչ որ ուզում է լինի, բայց ես զգում եմ, որ առանց նրան ինձ համար շատ դժվար է ապրել»... — վճռեց յուր մեջ մանկահասակ կինն և նույն րոպեին ժամացույցը զարկեց տասնևմեկն, իսկ նախասենյակում լսվեցավ զանգակի ձայնը: Մանկահասակ կինն ամբողջ մարմնով ցնցվեց և աչքերը դարձրեց դեպի դռները: Չանցավ երկու րոպե, դուռը բացվեցավ, և շեմքում երևաց Սուրեն Արևելյանն յուր մշտական լուրջ դեմքով:

Տեսնելով նրան, Եղիսաբեթը չկարողացավ իրեն զսպել, նա իսկույն վեր թռավ տեղից, գրեթե վազեց դեպի նա և, մեկնելով նրան յուր քնքուշ ձեռքը, կանչեց մի տեսակ ուրախ ձայնով.

— Պարոն Սուրեն Արևելյան... բարյավ ձեզ:

— Բարյավ ձեզ, տիկին, — ասաց յուր լուրջ ձայնով Սուրեն Արևելյանը, սեղմելով նրա ձեռքը, — ինչպե՞ս եք:

— Մենք բոլորս էլ ողջ և առողջ ենք... բայց դուք եք, որ այս ամբողջ մի շաբաթը մեզ բոլորովին մոռացաք... Քանի անգամ մենք եկանք հյուրանոցը ձեզ տեսնելու, բայց ոչ մի անգամ չկարողացանք ձեզ այնտեղ գտնել:

— Ցավում եմ, որ ես ձեզ այդքան անհանգստություն եմ պատճառել, տիկին, բայց և այնպես ես մեղավոր չեմ, որովհետև այս մի շաբաթն ես զբաղված էի ճանապարհի պատրաստությամբ:

Սուրեն Արևելյանի վերջին խոսքերը կայծակի ազդեցություն ունեցան տիկնոջ վերա:

— Դուք արդեն հեռանո՞ւմ եք այստեղից, — շուտ և նկատելի անհանգիստ ձայնով հարցրեց նա:

— Այո:

— Բայց ե՞րբ…

— Շատ կարելի է, մի կամ երկու օրից հետո:

Մանկահասակ կնոջ դեմքը բոլորովին փոխվեցավ: Նա մտքովն անգամ չէր անցկացրել, որ Սուրեն Արևելյանն այդպես շուտ կարող էր հեռանալ... նա վախեցավ, որ չլինի թե իրեն մատնի, բայց նրա բախտից Սուրեն Արևելյանն երբեք նրան չէր նայում: Նա արդեն նստել էր հանդարտ բազկաթոռի մեջ և նայում էր դեպի դուրս, որտեղից թռչունների ուրախ ճռվողյունը ներս էր թափանցում սենյակը, ուր մի րոպե լռություն էր տիրել:

— Բայց ինչո՞ւ այդպես շուտ եք հեռանում այստեղից, — վերջապես հարցրեց Եղիսաբեթը, աշխատելով որքան կարելի է ձայնին լուրջ եղանակ տալ, որի մեջ, այսուամենայնիվ, մի փոքր դող էր լսվում:

— Շուտ չէ, տիկին, դեռ իմ հաշվով ես ուշացել եմ:

— Բայց մի՞թե կարելի է Ասիայում ճանապարհորդել, պ. Սուրեն Արևելյան... Հազար ու մի վայրի ցեղեր են թափառում այնտեղ, և մարդ ամեն մի քայլափոխում կարող է վտանգի ենթարկվել նրանց ձեռքից...

— Այդ ինձ համար նշանակություն չունի, տիկին: Ինչպես ամեն մարդ, նույնպես և ես, վաղ թե ուշ, բայց մի անգամ պիտի մեռնեմ, իսկ այստեղ, թե վայրենի ցեղերի մեջ — այդ ինձ համար միևնույն է: Իմ սերս դեպի ճանապարհորդությունն այնքան մեծ է, որ ոչ մի վտանգ նրա դեմն առնել կարող չէ:

Այդ բոլորովին անտարբերությամբ արտասանած խոսքերն այն աստիճան ազդեցին տիկնոջ սրտի և ուղեղի վերա, որ ակամայից նրա աչքերի առջև ներկայացավ, թե ինչպես վայրենի ցեղերը պատառոտում են այդ մարդուն, որի հետ այնքան սերտ կապով կապված էր նրա սիրտը: Նա սոսկաց ակամայից և մի քայլ առաջ գնաց դեպի նա, որպես թե կամենալով ազատել նրան վայրենի ցեղերի ճիրաններից... Նա պատրաստ էր ընկնել նրա վզովը, ամուր սեղմել նրան յուր կրծքին և բացականչել, — «Ո՜չ, դու երբեք չես գնալ այնտեղ, ես քեզ չե՜մ թողնիլ... Բայց նա շուտով կարողացավ իրեն զսպել, շուռ եկավ և, գրեթե օրորվելով գնալով դեպի դաշնամուրը, նստեց նրա մոտ աթոռի վերա: Նա վերցրեց ձայնագրատետրը և մեքենայաբար սկսեց թերթել այն, մինչև որ կհանդարտվեր: Երբ բոլորովին հանդարտվեց, ձայնագրատետրը դրեց յուր տեղն և հարցրեց ճնշված ձայնով.

— Սակայն մի՞թե իսկապես դուք չունեք ո՜չ մի բարեկամ, ո՜չ մի... սիրող սիրտ, որի համար դուք զոհեիք, թողնեիք ընդմիշտ այդ մտադրությունը...

Սուրեն Արևելյանը վայրկենապես միայն նայեցավ ուղղակի նրա աչքերին և պատասխանեց սովորական կերպով.

— Ոչ:

Սենյակում տիրեց լռություն: Եթե այդ ժամանակ Սուրեն Արևելյանը նայեր մանկահասակ կնոջը, նա իսկույն կնկատեր, որ նրա մեջ մի ինչ-որ սոսկալի կռիվ է կատարվում: Նրա սիրտն այնպես արագ էր բաբախում, որ կարծես ուզում էր դուրս պրծնել բերանից, նրա լայն բացված աչքերի մեջ նկատվում էր մի ինչ-որ խիստ ցանկություն, բայց միևնույն ժամանակ անվճռականություն ու երկյուղ, իսկ շրթունքները, որոնք, կարծես, մի բան էին ուզում ասել, նկատելի կերպով դողում էին... Հանկարծ նա դեմքը ծածկեց ձեռքերով և սանձահար հեկեկանքը սկսեց խեղդել նրա կոկորդը:

Սուրեն Արևելյանը, որ մինչև այդ ժամանակ նայում էր դեպի դուրս, հանկարծ դեմքը դեպի նա դարձրեց և, ըստ երևույթին, բոլորովին չզարմացավ: Նա նույնչափ հանդարտ վեր կացավ տեղից և մոտենալով մանկահասակ կնոջը, հարցրեց յուր սովորական լուրջ ձայնով,

— Տիկին, ի՞նչ է պատահել ձեզ:

Մանկահասակ կինը ավելի սկսեց հեկեկալ, ինչպես մի երեխա, երբ սկսում ես գուրգուրել նրան զանազան սրտացավական քաղցր խոսքերով:

— Մի՞թե այսքան ժամանակ դուք ինձ չհասկացաք... — հազիվհազ կարողացավ նա արտասանել խեղդող արցունքի միջից, սակայն դեմքը դարձյալ ծածկած ունենալով:

Սուրեն Արևելյանի դեմքը մի փոքր այլայլվեց: Մի րոպե նա անշարժ տեղնուտեղը մանկահասակ կնոջն անթարթ նայելիս վերջապես ձեռքն անցրեց յուր խիտ մազերի միջով և, հեռանալով դեպի բաց լուսամուտը, նա սկսեց նայել դեպի դուրս: Սենյակում լսվում էին միայն մանկահասակ կնոջ խուլ հեկեկանքները, որոնք հետզհետե նվազում էին. վերջ ի վերջո նրանք բոլորովին դադարեցին, և մանկահասակ կինն այժմ սկսեց սրբել թաշկինակով յուր արտասվաթոր աչքերը: Նա, կարծես, յուր վերջին բառերի հետ դուրս թափեց յուր միջից բոլոր դառնությունն ու հանգստություն տվեց յուր ալեկոծվող սրտին: Նա չէր համարձակվում Սուրեն Արևելյանի վերա նայելու, կարծես դեպի նա մի մեծ հանցանք գործած լիներ, որից և՛ ամաչում էր, և վախենում, բայց նրա աչքերն անհամբերությունից փայլում էին. նա համոզված էր, որ Սուրեն Արևելյանն իրեն հասկացավ և, ինչպես որ դատապարտյալը սպասում է, թե ինչ վճիռ կտան իրեն կկախեն, թե կազատեն, նույնպես և նա սպասում էր, թե ինչ դուրս կգա այդ սառնասիրտ, անտարբեր մարդու շրթունքներից:

Վերջինս դեռ երկար ժամանակ անշարժ կանգնած լուսամատի առաջ մտածողությամբ նայում էր դուրս: Վերջապես նա մի քանի անգամ ձեռքն անցրեց դարձյալ յուր գեղեցիկ մազերի միջով — մի բան, որ նա անում էր այն ժամանակ, երբ կամենում էր սկսել մի որևէ լուրջ խոսակցություն — շուռ եկավ դեպի մանկահասակ կինը և, մի վայրկյան միայն նայելով նրա վերա, վերջապես ասաց աննկատելի խռոված ձայնով,

— Տիկին, արդյոք մտած՞ել եք դուք ձեր դրության մասին:

— Ես մտածե՞լ եմ, — մեքենայաբար կրկնեց մանկահասակ կինը, — ես մտածել եմ, դուք ինձ հարցնում եք… Օ՜, եթե միայն ես երբե՜ք չկարողանայի մտածել իմ դրության մասին, ես այսքան չէի տանջվի… ես հասկանում եմ, թե ինչ եք ուզում դուք ասել, — ավելացրեց նա բեկբեկված ձայնով. — Բայց... ես չեմ կարող… ես ույժ չունեմ դիմադրելու, դուք ինձ հասկանո ւմ եք... ես թույլ եմ... ես կին եմ…

Եվ, դեմքը ծածկելով, նա նորից հեկեկաց:

Ըստ երևույթին Սուրեն Արևելյանի սիրտը շարժվեցավ. նա կիտեց հոնքերը, իսկ աչքերի կոպերը դողացին: Նա ծանր քայլերով մոտեցավ մանկահասակ կնոջն և ասաց մեղմացած ձայնով.

— Հանդարտվեցեք, տիկին, ձեր աչքերից արցունք չպիտի թափվի (մանկահասակ կինն այդ խոսքերի վերա սանձահարեց արցունքն ու շունչն իրեն քաշեց): Ես ի սրտե ցավում եմ ձեզ վերա, — շարունակեց նա: — Ես չեմ մեղադրում ձեզ, որ դուք ույժ չունեք, որ դուք թույլ եք... դուք դրանում այնքան մեղավոր չեք... Մեղավոր է բնությունը, դեպքը, հանգամանքը... Բայց և այնպես, ես ասում եմ շեշտելով, այդ երբեք չպիտի լինի: Եթե դուք ցանկանում եք լինել երջանիկ, դուք ամեն կերպ պիտի աշխատեք կռվել ձեր մեջ այժմ գործող զգացմունքի դեմ. կռվել անդադար, մինչև որ, վերջ ի վերջո, հաջողվի ձեզ նրան հաղթել, և այդ ձեզ անպատճառ կհաջողվի, եթե միայն դուք ունենաք հաստատակամություն: Ինչ տեղ կա հաստատակամություն, այնտեղ ոչինչ խոչընդոտ չի կարող լինել:

— Ես չեմ կարող...

— Տիկին, խորհեցեք լավ: Դուք ամուսին և մայր եք, մայր մի գեղեցիկ, սքանչելի երեխայի: Տիգրանիկը... նա մի այնպիսի երեխա է, որի երջանկության համար ամեն բան պիտի զոհեք... Եթե չեք խղճում ձեզ. եթե չեք խղճում ձեր բարի ամուսնուն, գոնե պիտի խղճաք այդ անմեղ երեխային, որի երջանկությունն ավելի ձեր սիրո մեջ է կայանում: Մի խլեք այդ երջանկությունը նրանից և ուրիշին մի նվիրեք: Նա մեղք է: Աշխատեցեք, որ ձեր սիրտը միայն ձեր ամուսնու և նրա համար բաբախի և ոչ մի այլի համար, այդ պետք է, այդ անհրաժեշտ է:

— Դուք ինձ չե՛ք սիրում... — արդեն հուսահատությամբ գրեթե ճչաց մանկահասակ կինը և դեմքը բոլորովին ծածկեց:

— Դուք մի՛ աշխատեք իմանալու՝ ես ձեզ սիրում եմ թե ոչ — երկու դեպքումն էլ այդ ավելորդ կլինի — բայց ես, իբրև ձեր ճշմարիտ բարեկամ, իբրև ձեզ սրտակից, միայն ձեր երջանկությունն եմ ցանկանում: Հավատացեք ինձ, որ ես ձեզ վերա ավելի եմ ցավում, քան թե դուք: Եթե դուք մի փոքր հեռատեսություն ունենաք և լավ խորհեք, դուք կտեսնեք, թե որպիսի սարսափելի թշվառություն կլինի ձեզ սպասելիս ապագայում, եթե այժմ կատարվի այն, ինչ որ այժմ դուք ցանկանում եք. դուք կտեսնեք, որ այն, ինչ այժմ դուք երջանկություն եք համարում, իսկապես ոչ այլ ինչ պիտի լինի, եթե ոչ միայն մի ամենասոսկալի թշվառություն, մի թունավոր կյանք… Մարդ ամեն մի դեպքում միշտ աչքի առաջ պիտի ունենա յուր գործի կամ մտադրության հետևանքը, իսկ դրա համար հարկավոր է ունենալ հեռատեսություն: Մարդ ամեն կերպ պիտի աշխատի անձնատուր չլինել կրքերին, ցանկությանը, իսկ դրա համար հարկավոր է հաստատակամություն: Ունի նա մարդկության այդ երկու անհրաժեշտ պայմանները — նրան ամեն բան կհաջողվի, նա երջանիկ կլինի... Հազարապատիկ ավելի լավ է, որ մարդ առաջուց տանջվի, երբ համոզված է, որ հետո այդ տանջանքը պիտի պսակվի երջանկությամբ, քան առաջ երջանկություն կրի (թեպետև այդ լոկ խոսք կլինի), երբ ակնհայտնի է, որ հետո պիտի տանջվի սոսկալի կերպով: Ես այս բոլորը նրա համար եմ ասում, տիկին, որպեսզի ձեզ ապացուցանեմ, որ չնայելով ձեզ մեծ ջանքեր են հարկավոր հաղթելու այժմ ձեր սիրտը կրծող զգացմունքին, բայց այդ բոլորը ոչինչ, որովհետև ապագայում ձեզ մեծ երջանկություն է սպասում... Վերջապես մտածեցեք դուք ձեր պատվի մասին, պատվի, որն ամեն ինչ է մարդուս համար, առանց որի մարդս ոչինչ է, սակայն ոչ թե ոչինչ, այլ ամենաանպիտանը, ամենազզվելին է բոլոր արարածների մեջ: Ուրեմն, եթե պատիվը մի այդպիսի մեծ դեր է խաղում մարդուս կյանքի մեջ, եթե նա մարդկության ամենաառաջին նշանն է, ինչո՞ւ նրա վերա այդպես ցած աչքով պիտի նայել, ինչո՞ւ նրան ձեռքից այդպես շուտ պիտի թողնել, ինչո՞ւ նրան ամեն բանից չպիտի գերադասել, հետևաբար նրան անխախտ պահպանելու համար ինչո՞ւ ամեն բան չպիտի զոհել... Վերջ ի վերջո այստեղ հարցը գալիս է իմ մասին: Դուք ասացեք, տիկին, մի՞թե ես կարող եմ և պիտի դավաճանեմ իմ ընկերոջս, իմ բարեկամիս, հափշտակելով նրա երջանկությունը, ձգելով նրան սոսկալի տառապանքների մեջ... Մի՞թե եղբայրական, ընկերական, բարեկամական ամենասուրբ կապերը պիտի պղծել մի այնպիսի՝ հանցանքով, որ ո՜չ աստված և ո՜չ մարդիկ կարող են ներել... Ո՜չ, տիկին, ինչ կուզեք մտածեցեք, բայց ինձ համար այդ անկարելի է, ես այդ երբեք չեմ անիլ, թեկուզ դրա համար հարկավորվի իմ անձս զոհել:

Վերջին խոսքերի մեջ այն աստիճան վճռականություն էր լսվում, որ Եղիսաբեթը, որը բոլոր այդ ժամանակ անշարժ նստած և դեմքը ձեռքերով ծածկած՝ կլանում էր, ինչպես ասում են, նրա ամեն մի խոսքը, իսկույն հասկացավ, զգաց, որ այլևս ոչինչ յուր կողմից չէր կարող մեղմացնել նրա սիրտը: Նրա խոսքերը սուր-սուր նետերի նման ցցվում էին նրա ուղեղի մեջ, և նա ամենապարզ կերպով զգում էր, թե որքան դառն ճշմարտություն կար նրանց մեջ... նա մնաց անշարժ, ինչպես մի արձան, դեռևս հնչվում էին նրա ականջներում Սուրեն Արևելյանի բոլորովին լրջորեն, պարզ և սուր կերպով արտասանած խոսքերը, որոնք նրա մեջ կարծես սկսում էին հետզհետե մի ինչ-որ հեղափոխություն գցել...

Հանկարծ նա բարձրացրեց յուր գլուխն և սկսեց շրջահայել, նրա դեմքը գունատ էր ինչպես կտավ, իսկ հայացքն — անմիտ: Նա տեսավ Սուրեն Արևելյանին կանգնած լուսամուտի առաջ սովորական կերպով դեպի դուրս նայելիս: Նա չէր հավատում, որ մի փոքր առաջ այնքան ազդու խոսողն այդ մարդն էր: Նա կարծում էր, որ ինքը երազի մեջ էր և այն խոսքերը երազի մեջ էր լսել: Բայց միևնույն չէ՞ — այն խոսքերն այնքա՛ն պարզ էին, այնքա՛ն ազդու, նրանց մեջ այնքա՛ն ճշմարտություն, ազնվություն կար, նրանք այնքա՜ն ցավակցությամբ և անկեղծորեն էին բխում...

Նա փորձեց վեր կենալ, բայց գլուխը պտտվեցավ և նորից վայր ընկավ աթոռի վերա: Սուրեն Արևելյանը ետ նայեց և իսկույն շտապեց դեպի նա:

— Տիկին, ի՞նչ պատահեց ձեզ, հարցրեց նա նկատելի անհանգիստ ձայնով:

— Չգիտեմ թե ինչ է պատահում ինձ, — շշնջաց մանկահասակ կինը գլուխն երկու ձեռքերի մեջ բռնելով. — ես ինձ վատ եմ զգում...

— Դուք տկար եք, տիկին, ձեզ հանգստություն է հարկավոր:

Մանկահասակ կինը վեր կացավ Սուրեն Արևելյանի օգնությամբ:

— Ներեցեք, պարոն Սուրեն Արևելյան, — ասաց նա, — գլուխս պտտվում է. տարեք ինձ մինչև իմ ննջարանս...

Նա հենվեց Սուրեն Արևելյանի ձեռքի վերա, որը տարավ նրան մինչև յուր ննջարանի դուռը, ինքը ցիլինդրը ծածկեց և դուրս գնաց:

IV

Հետևյալ առավոտն այն աստիճան սքանչելի էր, որ մարդու սիրտն ակամայից փառավորվում էր: Թռչունները — բնության հրաշալեաց այդ փոքրիկ քնարերգուքը — վաղուց արդեն սկսել էին իրենց բազմանվագ երաժշտությունն, իսկ ծաղիկներն ու վարդերը լցրել էին օդը մի տեսակ անուշ բուրմունքով:

Արևը տակավին թաքցրած ուներ յուր գլուխը սարերի հետևը, բայց շառագունված հորիզոնն ավետում էր, որ նա շուտով կբարձրանա յուր օրվա աշխատանքը սկսելու:

Եղիսաբեթը նստած էր իրենց պարտիզում մենակ նստարանի վերա: Մայիսյան առավոտվա օդի ցուրտ խոնավությունից պաշտպանվելու համար նրա ուսերին մի շալ էր գցած: Նրա դեմքն այն աստիճան գունատ էր, որ կարծես երկարատև հիվանդությունից նոր էր առողջացել, իսկ աչքերի տակի կապույտը ցույց էր տալիս, որ նա գիշերն անքուն էր անցրել: Նրա նստվածքի դիրքը, դեմքի արտահայտությունը, վերջապես հայացքը, որ նա ուղղել էր դեպի նորաբաց ծաղիկները, ցույց էին տալիս, որ նա ոչինչ չէր զգում: Դեռ երկար ժամանակ նա նստած էր նույն դրության մեջ, երբ վերջապես պարտիզի ծայրին երևեցավ Գ. Զաքարյանը: Նա նկատելի անհանգստությամբ նայում էր այս ու այն կողմը, որպես թե մեկին խիստ փնտրում էր: Բայց երբ Եղիսաբեթին տեսավ, իսկույն վազեց դեպի նա և կանչեց այլայլված ձայնով.

— Լի՜զա, Լի՜զա, դու այստեղ ես...

Եղիսաբեթն ապուշի նման նայեց նրան և ոչինչ չպատասխանեց: Գ. Զաքարյանն առավ նրա ձեռքերն և շարունակեց,

— Քեզ փնտրելով հոգիս դուրս եկավ, ես սարսափելի վախեցա, երբ քեզ ննջարանում չգտա... Բայց ի՛նչ ես շինում դու այստեղ այսպես վաղ առավոտյան:

Ըստ երևույթին մանկահասակ կինը նոր ուշքի եկավ. նա ցնցվեց ամբողջ մարմնով և զարմացած շրջահայեց: Հետո նայելով յուր ամուսնուն, նա հարցրեց.

— Ի՞նչ ես կամենում, Գարասիմ...

— Ես քեզ հարցնում եմ, թե այսպես վաղ դու այստեղ ի՞նչ ես շինում:

— Ոչինչ:

— Ուրեմն ի՞նչ կա այստեղ, որ նստել ես... Լիզա, դու հիվանդ ես, ամբողջ գիշերն էլ դու զառանցում էիր... իսկ այժմ այսպես վաղ եկել ես, նստել այս ցրտում — այդ հո բոլորովին հիվանդացար: Ե՞րբ ես այդպես արել, որ այժմ անում ես... ես չեմ հասկանում, թե երեկվանից դեսը քեզ ինչ է պատահում... Լի՜զա, հոգիս, գնանք տուն, քո երեսիդ գույն չկա: Գնանք:

Մանկահասակ կինը ետ քաշեց յուր ձեռքերը, վեր կացավ և, առանց մի խոսք անգամ արտասանելու, առաջ ընկավ դեպի տուն: Գ. Զաքարյանը հետևեց նրան: Սանդուղքներով բարձրանալիս նա կամենում էր բռնել կնոջ թևից և օգնել նրան բարձրանալու, բայց վերջինս չթողեց: Նրանք գնացին ննջարանը, որտեղ բացի իրենց մահճակալից, դրված էր և Տիգրանիկի փոքրիկ մահճակալը, որի վերա այդ րոպեին դեռևս ննջում էր նա յուր մանկական անուշ քնով: Եղիսաբեթը նստեց մահճակալի վերա և գլուխը բարձի վերա դրեց...

— Լի՜զա, հոգի՛ս, ախր ինչդ է ցավում, որ դու այդպես փոխվել ես, — ասաց վերջապես Գ. Զաքարյանն անհանգստությամբ նայելով կնոջ թախծալից դեմքին:

— Ոչինչ, ոչինչ, Գարասիմ... Ես ինքս էլ չեմ հասկանում, թե այս մի քանի օրերս ինչ է պատահում ինձ հետ...

— Դու թաքցնում ես ինձանից...

— Ա՛խ... — մանկահասակ կինը մի անհանգիստ շարժում արավ: — Խնդրում եմ ինձ հանգիստ թո՜ղ, Գարասիմ:

Կամենո՞ւմ ես բժիշկ կանչեմ:

— Հարկավոր չէ:

— Տե՛ր աստված, բաս հո միշտ այդպես չես մնալու...

— Գարասիմ, եթե ինձ սիրում ես, աղաչում եմ, ինձ հանգիստ թող... Ես կամենում եմ մենակ մնալ:

— Կամենո՞ւմ ես, այսօր ծառայության չեմ գնալ և ողջ օրը քեզ մոտ կանցկացնեմ:

— Հարկավոր չէ, իմ պատճառով իզուր պաշտոնիցդ մի ընկնիր:

Եվ նա ծածկեց աչքերը: Պարզ երևում էր, որ խոսակցությունը ձանձրացնում էր նրան:

Գ. Զաքարյանը տխրությամբ վեր քաշեց ուսերն և գնալով մինչև դուռը, նորից վերադարձավ և ասաց.

— Գոնե վերմակը ծածկեմ — կմրսես:

— Ոչինչ հարկավոր չէ:

Տեսնելով որ կինն ամեն բանում հակառակում է իրեն, Գ. Զաքարյանը ստիպված դուրս գնաց սենյակից: Նա բոլորովին զարմացել էր կնոջ այդ փոփոխության վերա և որքան էլ գլուխը կոտրում էր, նա չէր կարողանում մի իրավացի պատճառ գտնել, որին կարելի լիներ վերագրել այդ փոփոխությունը: Նա ասում էր, որ հիվանդ չէ, եթե իսկապես հիվանդ էլ է, բայց այդտեղ ի՞նչ կա ծածկելու

իրենից... կամ գուցե մի որևիցե գաղտնիք է կրծում սիրտը, բայց այն ինչ գաղտնիք պիտի լինի, որ չհամարձակվի նա իրեն հայտնելու և ինչո՞ւ... Նա հուսահատվել էր: Սակայն այսքանս միայն երբեմն նրա մտքովն անցնում էր, որ այդ փոփոխությունը պատահել էր նրան հենց այն օրից երբ Սուրեն Արևելյանն առաջին անգամ իրենց տունն ոտ դրեց, բայց որ յուր կինը, կարելի է, սիրում է այդ մարդուն — դրա մասին նրա մտքովը մի վայրկյան անգամ չի անցել: Մի՞թե այն կինը, որ այնքան ժամանակ ամենաջերմ սիրով ապրել է նրա հետ, կարող է երբևիցե դավաճանել նրան — երբե՜ք, այդ անկարելի է... Միամի՜տ մարդ: Եթե նա գիտենար, թե ո՜րքան շուտ և անսպասելի փոփոխության է ենթարկվում մարդուս սիրտը... Սակայն նրա սիրտը անասելի կերպով ճմլվում էր, երբ նրան այդպես մելամաղձոտ էր տեսնում, նա պատրաստ էր ամեն բան զոհել: Միայն կարողանար նրան ուրախացնել: Խեղճը մնացել էր սառած և չգիտեր թե ինչ աներ: Նա առանց թեյ խմելու պատրաստվեցավ գնալ, բայց նրա սիրտը չհամբերեց և կամեցավ գնալուց առաջ մի անգամ ևս տեսնել կնոջը: Նա զգուշությամբ բացեց դուռը և ներս մտավ: Մանկահասակ կինը պառկած էր նույն դրության մեջ: Նրա հազիվ լսելի շնչառությունը խառնվում էր Տիգրանիկի միահավասար շնչառության հետ:

Նա քնած էր: Երբեմն նրա գունատ շրթունքները բացվում էին և մի-մի անորոշ խոսքեր էին դուրս թռչում բերանից:

Գ. Զաքարյանն երկար ժամանակ և անշարժ նայում էր նրա գեղեցիկ, բայց վշտից տանջված դեմքին, ականջ էր դնում նրա բերանից դուրս թռած խոսքերին, բայց ոչինչ չէր կարողանում որոշել: Վերջապես նա հառաչեց խոր և դարձյալ զգուշությամբ դուրս գնաց:

Անցավ բավական ժամանակ, տակավին ոչինչ չէր խանգարում մոր և որդու քունը, երբ դուռը կամաց բացվեցավ և այս անգամ ներս մտավ մի մանկահասակ աղախին: Նա ոտների մատների վերա զգուշությամբ մոտեցավ սեղանին, որը դրված էր կնոջ մահճակալի մոտ, և վայր դնելով մի ծրար, կամեցավ դուրս գնալ: Դուրս գնալիս դուռը ճռռաց և մանկահասակ կինն այդ ձայնից վախեցած իսկույն վեր թռավ: Նա նայեց յուր չորս կողմը:

— Այդ ո՞վ էր, — շշնջաց նա:

— Ես եմ, տիկին, — ասաց աղախինը նորից ներս մտնելով:

— Ի՞նչ ես կամենում:

— Ոչինչ, տիկին: Պարոն Սուրեն Արևելյանն այժմ այստեղ էր...

— Այստե՞ղ էր, — շտապով հարցրեց մանկահասակ կինը:

— Այո, տիկին: Նա կամենում էր ձեզ տեսնել, բայց որովհետև դուք քնած էիք, և պարոնն էլ տանը չէր, այդ պատճառով նա մի նամակ թողեց և պատվիրեց ինձ, որ հետո երբ դուք կարթնանայիք, ուղղակի ձեզ հանձնեմ:

— Բայց ո՞ւր է այն նամակը:

— Այդտեղ է — սեղանի վերա է:

— Գնա՜, լավ, — ասաց մանկահասակ կինն նախքան աղախինը դուրս կգնար, նա վերա ընկավ ծրարին, վերցրեց, բացեց դողդոջուն ձեռքերով և կարդաց հետևյալը,

«Հարգելի տիկին.

Ներեցեք, որ ես անձամբ չկարողացա ձեզ տեսնել և որ իմ վերջին ողջույնս ուղարկում եմ ձեզ այս նամակով: Ես այսօրվանից հեռանում եմ այստեղից ընդմիշտ և որքան շուտ, այնքան լավ: Ես զգում եմ, որ անկարելի է ինձ այլևս այստեղ մնալ և շարունակել մեր բարեկամությունը: Ես չեմ կամենում և չպիտի դառնամ ձեր և ձեր ամուսնու թշվառության պատճառը: Ես երբե՜ք չեմ դավաճանիլ և չպիտի դավաճանեմ իմ ընկերոջս, իմ բարեկամիս, խնդրում եմ միշտ հավատարիմ եղեք և դուք նրան, իբրև ձեր ամուսնուն, որի հետ այսքան ժամանակ ամենասերտ կապով կապված եք եղել — նա արժանի է դրան: Որպես ես եղա ձեր ընտանեկան խաղաղության վրդովելու պատճառը, նույնպես և ես ի սրտե ցանկանում եմ այդ խաղաղությունը դարձնել ձեզ նորից, և միակ միջոցը ես գտնում եմ մեր ընդմիշտ անջատման մեջ: Մի աշխատեք ոչ մի կերպ իմանալու ես ձեզ սիրում էի թե ոչ. այդ մի գաղտնիք է, որն ավելորդ է գիտենալ... Ուրեմն, մնացեք բարյավ, տիկին: Աշխատեցեք ինձ մոռանալ, և դուք նորից երջանիկ կլինեք... իմ կողմից ներողություն խնդրեցեք ձեր ամուսնուց, որ նրան ևս չկարողացա տեսնել, բարևս մատուցեք նրան և համբուրեցեք Տիգրանիկին: Կրկին անգամ, հավատարիմ եղեք ձեր ամուսնուն: Հիշեցեք իմ խոսքերը, ամեն մի քայլափոխում խոհեմ եղեք, և հաղթանակը ձեր կողմն է:

Ձեզ միշտ բարի ցանկացող՝
Սուրեն Արևելյան»:

Նրա ձեռքերը թուլացան և ընկան ծնկների վերա: Նա յուր կոկորդում զգաց մի ինչ-որ ճնշող բան և, գլուխը ծածկելով բարձի մեջ, սկսեց երեխայի նման հեկեկալ: նույն րոպեին արթնացավ Տիգրանիկը և նստեց մահճակալի վերա: Տեսնելով մորը հեկեկալիս, նա վախեցած ցած թռավ իսկույն մահճակալից, վազեց դեպի նա և, փաթաթվելով նրա ծնկներովը, կանչեց.

— Մայրի՜կ, դու այսօր է՞լ ես լալիս:

Մայրը գրկեց նրան և սեղմելով յուր կրծքին, ասաց հեկեկալով.

— Տիգրանիկս, իմ անգի՜ն զավակս, այսուհետև դու, միայն դու պիտի բուժես իմ խորտակված սիրտս...

  • * *

Այդ օրից անցել են տարիներ:

Գ. Զաքարյանը մինչև օրս էլ ապրում է յուր կնոջ և որդու հետ: Եղիսաբեթը զգում է, որ հետզհետե սառչում է յուր մեջ այն զգացմունքը, որ մի ժամանակ նա տածում էր դեպի այն մարդը, որը առավել նրա և նրա ամուսնու թշվառության պատճառը չդառնալու համար հեռացել էր նրանից ընդմիշտ: Նա ուրիշ ոչ մի կերպ չի մտածում այդ մարդու մասին, եթե ոչ միայն մի ազնիվ, խելոք, հաստատակամ և անձնվեր ու ճշմարիտ բարեկամի մասին, որի նմանը շատ և շատ քիչ են պատահում... Որքան խորն է մտածում նա այդ մարդու վարմունքի մասին, այնքան նա զգում է, որ շատ և շատ է պարտական դրան: Մի՞թե նա սուտ էր ասում՝ «Կռվի՛ր, և հաղթանակը քո կողմը կլինի»: Նա կռվեց նրա քարոզած հաստատակամությամբ, և մի՞թե այդ բարոյական կռվի հետևանքն ահա մի պայծառ ն ամենաքաղցրիկ հույսեր խոստացող առավոտ չէ: Նա տեսնում է իրեն շրջապատված յուր բարի ամուսնուց և որդուց: Նրանք ժպտում են, սիրում են նրան, գգվում են, ինչպես մի մանկան, և պատասխանում է նրանց յուր սրտի մեջ արդեն բոլորովին նոր և ավելի հաստատ արմատներ բռնող քաղցր և անվերջ սիրով...

Սուրեն Արևելյանը մինչև օրս էլ կորած է անհետք, ոչ ոք նրա մասին ոչ մի տեղեկություն չունի:

Իսկ ինչ վերաբերում է Գ. Զաքարյանին, նա չափից դուրս ուրախ է, որ յուր սիրելի Լիզան նորից կազդուրվել է և սիրում է իրեն առաջվա նման: Բայց նա չգիտե և գուցե երբեք էլ չի գիտենալ, որ յուր այդ անսահման երջանկությամբ պարտական է միայն Սուրեն Արևելյանին — յուր ճշմարիտ բարեկամին:

1886