Ճչապատառ Նանը

Ճչապատառ Նանը


Գող աղվեսը մի իրիկուն՝
Հավանոցն էր մտել թաքուն.
Աղվե՜ս ու հա՜վ... փուչ կենդանին՝
Մի հատ ճուտ չէր թողել նանին։

Մեկին գզել, մյուսին բամփել
Մեկին խեղդել՝ փորն էր լափել.
Եվ էսպես նա չորս ու բոլոր՝
Չէր խնայել հավ ու աքլոր։

Պառավ նանը ճչապատառ,
Առավոտվա բարի լուսին,
Վայ էր տալի ու անդադար՝
Անիծում էր գող աղվեսին.

— Աղվե՜ս, մաղվե՜ս,
Ցցից կախվես,
Այ գող աղվես...
էս ի՞նչ օյին եկար ինձ դու,
Վա՜յ-վա՜յ-վա՜յ-վա՜յ,
Այ գրողի փայ։

Ես քեզ համար թուխսը դրի,
Ճուտ հանեցի,
Պահպանեցի,
Ղիմիշ չարի հավ ու ճվի,
Որ գնաս-գաս
Ինձ վնաս տա՜ս...

Ջուխտ աչքերով
Հավկուրանաս,
Ոտիդ վրա
Չոփ չորանաս,
Ու մի տաք-տաք
Կարմիր գնդակ
Դիպչի դնչիդ
Այ շանսատակ։

Ախր մեկը, երկուսը չի,
Դիփ խեղդոտել,
Ճիվ-ճվատել,
Արենճեճեխ գզգզոտել,
Մահ ես արել,
Հայդե՜, կորել...

Ա՜խ, ի՞նչ անեմ, ի՞նչ ասեմ քեզ,
Աղուն աղվե՜ս,
Մաղում մաղվե՜ս,
Կրակին դաղվես,
Ա՜յ փուչ աղվես,
Ոնց որ դու ինձ
էսպես ղինջ—ղինջ
Արիր ու պո՜ւկ,
Կորար ծածուկ...
Գնալդ ըլի,
Գալդ չլի,
Ա՜յ գրողատար,
Քոփակ քավթառ։

Ու պառավը՝ ճչապատառ,
Առավոտվա բարի լուսին՝
Ղնջղնջալով, դեռ անդադար,
Անիծում էր գող աղվեսին։