Թըռի-վըռի մի ճպուռ,
Ողջ ամառը շուռումուռ
Երգեց, ճռաց,
ճըռճըռաց:
Մին էլ ըհը, ձմեռը
Փռեց իրա թևերը,
Բացեց գորգը սպիտակ,
Դաշտերն առավ ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞րն ասեմ, էլ որը,
Երբ ամեն մի թփի տակ,
Թե սեղան կար, թե օթյակ:
Եկան օրեր ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ լուռումունջ.
Քաղցած փորին էլ ի՞նչ երգ,
Ցուրտը տարավ ոտ ու ձեռք:
Զընգըր-զընգըր դողալով,
Ծանր-ծանր սողալով,
Նա մրջյունին ասում էր,
— Գլխիդ մատաղ, սանամե՜ր,
Մի ճար արա, շունչ առնեմ,
Ցրտից, սովից չմեռնեմ.
Կերակըրի, տաքացրու,
Մինչև գարուն ապրեցրու:
— Ի՛նչ խաբար է, սանիկս,
Զարմանում եմ, ջանիկս.
Չաշխատեցի՞ր ամառը,
Ասա, ի՞նչ էր պատճառը:
— էդպես բանի, սանամեր,
Էլ ժամանակ ո՞վ ուներ.
Էն խոտերում բուրավետ
Երգում էինք մերոնց հետ
— Ուրեմն՝ դո՞ւ:
— Այո՜, ես…
Ողջ ամառը դեն ու դես
Երգում էի մշտապես:
— Երգո՞ւմ էիր, շատ բարի
Այժմ էլ բռնի վեր-վերի,
Քամին ծափ տա՝ դու պարի: