Մախոխի հեքիաթը
28. ՄԱԽՈԽԻ ՀԵՔԻԱԹԸ
Ժամանակով մի մարդ կար, դրան ուներ իրեք աղջիկ՝ իրեքն էլ հասած: Օրվա մեկ օրը էդ մարդը վե կացավ, ուզում էր էթա քաղաք աղջկերանց հմար բան առնելու։ Վե կալավ աղջկերանցը հարցրեց, ասեց.— Ի՞նչ եք ուզում, որ քաղաքիցը բերեմ։
— Մինթանա բե՛ ինձ հմար, ոննաման բե՛,— ասեց մենծը։
Միջնեկ աղջիկն էլ ասեց.— Ինձ հմար աղլուխ բե՛, յազմա բե՛։
Պուճուր աղջիկն ասեց.— Ա՛յ հեր, ես զադ չե՛մ ուզում քեզանից, թե բերում ես, մի մարգարտե շապիկ բե՛ ինձ հմար։
Հերն ասեց.— Ա՛յ որդի, ո՞րդիան գտնեմ մարգարտե շապիկ։
— Դե՛,— ասեց,— ա՛յ հեր, էդ ա իմ ուզածը, կըլնի՝ կբերես, չիլնի՝ զադ չե՛մ ուզում քեզանից։
Էդ մարդը վե կացավ գնաց քաղաք, ինչ որ էն էրկու աղջկերանց ուզածն էր՝ առավ, էդ պուճուր աղջկա ուզածը ո՛րդի ման էկավ՝ չգտավ։
Շատ ման գալուց եդը, մի մարդ ընդիան ձեն տվեց.— Ա՛յ մարդ,— ասեց,— ընչի՞ ես ման գալի ըդքան քաղաքի մեջը։
Ասեց.— Ի՞նչ անեմ, աղպեր ջա՛ն, իրեք աղջիկ ունեմ ինձ, գալիս ի քաղաքը, հարցրի. «Ի՞նչ եք ուզում ձեզ հմար բերեմ», մեկը մինթանա ուզեց, մեկը՝ աղլուխ, յաղմա, դրանց ուզածները գտել եմ, առել, էն պուճուրը մարգարտե շապիկ ուզեց, չեմ կարում գտնի։
Էդ մարդն ասեց.— Իմ կշտին կա մարգարտե շապիկ։ Ա՛րի տամ քեզ,— ասեց։
Գնաց, տվեց իրան, ասեց.— Ես շապիկը տալիս եմ քեզ էն պայմանով, որ շապկի տիրոնչը գամ տանեմ։
Հերն ասեց.— Ե՞բ գաս տանես:
Ասեց.— Ո՛ր օրը որ ձեր տանը մախոխ էփեցին, էն օրը կգամ կտանեմ:
Էդ մարդը մտածեց, թե.— Ի՞նչ կա, թամբահ կանեմ կնկանս՝ մախոխ չի էփի, ես էս շապիկը առնեմ, էթամ:
Վե կալավ մարգարտե շապիկը, եդ դառավ տուն: Տարավ տուն՝ ամեքի ուզածը տվեց իրան, մարգարտե շապիկն էլ հանեց տվեց պուճուր աղջկանը։
Ասեց.— Կնի՛կ, քեզ մի բան եմ թամրահ անում, որ մեր տանը անումը մախոխ չէփվի:
Կնիկն ասեց.— Խի՞, ա՛յ մարդ, խի՞ չպտի էփվի։
— Ըտրա հմար որ,— ասեց,— էդ շապիկ տվողը ասում էր, ո՛ր օրը մախոխ էփեք, պտի գամ՝ էդ շապկի տիրոնչը տանեմ:
Կնիկն ասեց.— Ա՛յ մարդ, խի՞ եմ էփում, ո՛ր ըտենց ա, չե՛նք էփի։
Կնիկը կանչեց աղջկերանցը ասեց.— Անումը մախոխ չէփեք մեր տանը:
Էկավ երկար ժամանակ անց կացավ, մի օր ըդոնք լվասկ ին անում, լվացկից պրծան, օրն էլ շարթապաս էր, մերն ասեց մենծ աղջկանը.— Ա՛յ որդի, գնա՛ մի բան էփա, ուտենք:
Աղջիկը գնաց թթուն լցրեց պղնձի մեջը, սկսեց մախոխ էփիլ՝ մտիցն ընկել էր:
Սկսեց էփիլը՝ էդ մարդը տանից մտավ նեքսև, ասեց.— Ա՛յ մարդ, իմ հախլուն տո՛ւր:
Մարդն ասեց.— Տե՛ր եմ պայմանիս, պտի տա՛մ:
Բերեց մենծ աղջկանը, շորերը հագցրեց ու տվեց էդ մարդին: Էդ մարդը վե կալավ էդ աղջկանն ու գնաց։ Տարավ հասցրեց իրա ամարաթները։
Աղջիկը տեհավ էդ ամարաթները, ասեց.— Ջհաննամը գյո՜ռը, որ հորից֊մորից հեռու եմ, չէ՞ էս թավուր ամարաթների միջին կնստեմ:
Աղջկանը տարավ վիրև, եռեսուն իննը օթախ իրար միջից բաց արեց, վրա քառասունին աղջկանը տարավ նեքսև։
Աղջիկը տեհավ՝ բերանը բաց մնաց.– Հե՜յ վա՜խ,– ասեց,– ըսքան էլ ապրա՜նք, կարողությո՜ւն կըլնի՞ մարդի:
Քնեցին։ Լիսը բացվեց, էդ մարդը բերեց քառասուն լիդր բամբակ, մի հատ անկաջ, դրեց էդ աղջկա մոտը, ասեց.— Տե՛ս, աղջի՛, ես էթում եմ, էս քառասուն լիդր բամբակը,— ասեց.— պտի մանես, քառասուն օրեն վրա, էս անկաջի տնքոցն էլ պտի կտրես, որ էկա տեսա չես արել, տենո՞ւմ ես էն շամփուրը, կճխտեմ շամփուրը, քաշ կանեմ օջորքիցը,– ասեց ու ինքը գնաց։
Էդ աղջիկը մնաց մոլորած, ի՞նչ աներ, ո՛նչ կարաց էդ բամբակը մանի, ո՛նչ էլ կարաց էդ անկաջի տնքոցը կտրի, ասեց.— Ա՛ստված ջան, ի՞նչ անեմ, էս ա վերջի օրն ա, որ գա, պտի ճխտի շամփուրը, կախ տա օջորքիցը։
Էկավ քառասուն օրը թամմեց, մարդն էկավ: Տեհավ ո՛նչ բամբակն ա մանե, ո՛նչ էլ անկաջի տնքոցն ա կտրե, վե կալավ շամփուրը՝ աղջկա բերնիցը խրեց, ոններիցը դուս էկավ, տարավ ճխտեց օջորքը։
Էլի եդ դառավ էն մարդի տունը, ասեց.— Ա՛յ մարդ, իմ կնիկը տո՛ւր, էն իմ կնիկը չէր։
Մարդը բերեց միջնեկ աղջկանը տվեց էդ մարդին։
Էդ մարդը սրան էլ տարավ իրա ամարաթը, նրա պես քառասուն լիդր բամբակ տվեց մանելու, մի հատ էլ անկաջ՝ տնքոցը կտրելու։ Սա էլ ո՛նչ բամբակը կարաց մանի, ո՛նչ անկաջի տնքոցը կարաց կտրի։
Մարդն էկավ սրան էլ ճխտեց շամփուրը, քաշ արեց օջորքիցը, էլի եդ դառավ էն մարդի տունը, ասեց.— Ա՛յ մարդ, իմ հախլուն, իսկական հախլուն տո՛ւր, էդ՛ տվածներդ իմ հախլուն չեն։
Մարդը վե կացավ գնաց աղջկա մոտը.— Վե՛ կաց,— ասեց,— ա՛յ որդի, հմի էլ քեզ ա էկե տանելու էդ անիրավը։
Էդ աղջիկը վե կացավ, մարգարտե շապիկը հագավ տակիցը, շորերը հագավ, ասեց.— Ա՛յ մեր, իմ ղութին բեր, իմ կատուն բեր։— Բերեց կատուն դրեց ղութու մեջը, էդ մարդը վե կալավ ու գնաց։ Տարավ հասցրեց իրա ամարաթը, նստեցին ընտեղ, քնեցին։
Լիսը բացվեց, էդ մարդը բերեց քառասուն լիդր բամբակ և էդ անկաջը, ասեց․— Էս քառասուն լիդր բամբակը տալիս եմ քեզ, քառասուն օրվա վրա պտի մանես, էս անկաջի տնքոցը պտի կտրես մինչանք իմ գալը. ո՛ր էկա, տեսա չես արել, տե՞նում ես էն էրկուսը, որ կախ եմ արե ընտեղ, քեզ էլ ըտոնց կողքիցը կախ կանեմ:
Թողաց էդ մարդը գնաց. էդ խեդճ կնիկը մնաց ըտեղ մոլորված, թե.— Ա՛ստված, ես էս քառասուն լիդր բամբակը ո՞նց մանեմ քառասուն օրվա վրա:
Գշեր-ցերեկ մեկ արեց ու մանեց, տեհավ հնար չկա, բամբակը տեղն ու տեղն ա։ Գալու օրերը մոտացել էր.— Է՜, աստված,— ասեց,— ի՞նչ անեմ, չպրծա էս բամբակը, նստում եմ հաց եմ ուտում՝ եդանում եմ։
Մի պղինձ կիրակուր էփեց, թևերը մինչև ուսագլխները բաց արեց, էդ կիրակուրը քսեց թևերն ու ջահրևն դրեց աղաքը, մի յանիցն էլ էդ կիրակուրը լիզվով լիզում էր։ Տեհավ, որ հնար չկա։
Մոտիկ քաղաք կար, թագավորի տղի բուկը ուռել էր, ինչ հնար անում ին՝ չէր լավանում, թագավորը ջառ էր ձեն տալի. «Ո՛վ որ իմ տղին լավացրեց, ոսկի, երկիր ուզի՝ կտամ, թաքըլի իմ տղին լավացնեն»: Ձենն ընկավ էդ աղջկա անկանջը, աղջիկն ասեց.— Ցավա՛ջ, ես էլ էթամ, թամաշ անեմ, տենամ էդ ինչ թավուր հիվանդ ա:
Թևերը ընենց քշտած, կիրակուրը վրեն քսած վե կացավ գնաց թագավորի տղի աղտքին կաննեց, թամաշ էր անում թագավորի տղին, մի յանիցն էլ հենց իմանում էր, թե ջահրա էր մանում՝ ձեռները ժաժ էր տալի, լիզուն հանում, թևերը լիզում։ Թագավորի տղեն աչքը բաց արեց դրան տեհավ՝ ծիծաղաց. ձիծաղալու վախտը բուկն առած էր՝ բլեց. թագավորի տղեն լավացավ։ Խաբար տարան թագավորին, որ մի աղջիկ քու տղին լավացրեց։
Թագավորն ասեց.— Էն աղջկանը բերե՛ք տենամ:
Աղջկանը տարան թագավորի մոտը, աղջիկը գլուխ տվեց, կաննեց։
Թագավորն ասեց.— Ա՛ղջի, ի՞նչ ես ուզում՝ տա՛մ քեզ։
Ասեց.— Զադ չեմ ուզում, մենակ քառասուն լիդր բամբակ ունեմ՝ տա՛ս մանելու։
Թեագավորն ասեց.— Գնացե՛ք սրա բամբակը բերեք, ցրվեք քաղաքի վրա, թող մանեն մի օրվա միջին, տան իրան:
Սաղ տարան, մի օրվա միջին մանեցին, բերին տվին էդ աղջկանը: Աղջիկը վե կալավ տարավ իրա ամարաթը, էն անկաջն էլ քցեց իրա կատվին, կատուն կերավ, տնքոցը կտրվեց:
Քառասուն օրը թամմեց, մարդն էկավ տեհավ, որ բամբակը մանած ա, ականջի տնքոցը կտրված ա, գնաց կնկա ճակատը պաչեց, ասեց.— Ապրես դու, կնի՛կ, նո՛ր իմացա, որ դու իմ կնիկն ես։
Նստեցին հաց ուտելու, մարդը, տեհավ, որ մի Թստան֊բըլոջ դենն էթում ա, ասեց.— Կորի՛ դեն, մուռտառ անասուն, դու խի՞ ես ընկե ըստեղ։
Կնիկն ասեց.— Վա՜յ, ա՛յ մարդ, դրան բան մի՛ ասի, ախար դա իմ մոքիրն ա։
Մարդն ասեց.— Բա որ քու մոքիրն ա, խի՞ ա էլե Թստան֊բըլոջ։
Ասեց.— Իմ մոքոր մարդն էլ քեզ պես չար էր, ընքան բամբակ մանիլ տվեց, որ էլավ Թստան-բըլոջ։
Ասեց.— Կնի՛կ, դու է՞լ որ շատ մանես պտի ըլնես Թստան֊բըլո՞ջ։
Ասեց.— Բա ի՞նչ պտի անեմ։
Մարդն ասեց.— Որ ըտենց ա, էլ պետքը չի, մի՛ մանի։
Պառկեցին, քնեցին. լիսը բացվեց, մարդն ասեց.— Ա՛ռ էս իմ ամարաթների բալանըքները տամ քեզ, ես էլի էթում եմ։
Բերեց քաշեց դրա աղաքի էրկու ատամը, մինը վիրինը, մեկը ներքինը, արծաթից ատամներ շինեց, դրեց ըտոնց տեղը, ինքը թողաց, գնաց։
Մարդը որ գնաց, կնիկը բալանըքները առավ, ընկավ օթախները ման գալու․ մի օթախ բաց արեց՝ տեհավ արծաթ էր կիտած, մի օթախ բաց արեց՝ տեհավ ոսկի էր կիտած, մի օթախ բաց արեց՝ բռլիանտ էր կիտած, վերջը դրա կարողության չափ ու սահման չկար:
Մի օթախ էլ բաց արեց՝ տեհավ աղբուր ա դուս գալի, տարավ ճկութը թաթխեց մեջը՝ էլավ ոսկի։
— Օ՜հ,— ասեց,— էս ի՜նչ լավ բան էր,— մազերն էլ թաթխեց մեջը՝ դառավ ոսկե թելեր։
Մի օթախ էլ բաց արեց՝ տեհավ սաղ արհեստավոր տղեք են նստած, մեկը զարգյար ա, մեկը՝ կտավ գործող, մեկը՝ խառատ, վերջը ամեն արհեստավոր կար ըտեղ։
Աղջիկը վե կալավ ասեց.— Տղե՛ք, դուք ըստեղ ի՞նչ եք անում:
Ասեցին.— Էդ անիրավը մեզ բռնել ա քցե ըստեղ, հրեսի մի կողմը չամիչ ա, մի կողմը բադամի մեջ ա, մի կողմը պնդուկ ա, ուտում ենք, իրա հմար բանում, ինքն էլ տանում ա ծախում։
Ասեց.— Ա՛յ տղեք, որ ըստիան ձեզ ազատեմ, ինձ հմար կա՞րաք ընենց մի ղութի շինի, որ ո՛նչ ջուր քաշի, ո՛նչ էլ բացվի:
Տղեքն ասեցին.— Շա՛տ լավ, մեր բանն ա։
— Դե՛ որ ըտենց ա, մի ձեռք էլ ինձ հմար զառբաբից բնենց շորեր կարեք, որ աշխարքի մեջ չճարվի։
Ասեց ու գնաց։ Մի օրվա միջին հա՛մ շորերը կտրեցին, հա՛մ ղութին շինեցին։ Բերին տվին էդ աղջկանը։ Էդ աղջիկը իրա հմար ուտելիք էր հազրե՝ դրեց ղութու մեջը, ինքն էլ մտավ ղութին.— Դե՛,— ասեց,— էս բալանըքները ձեզ, ինչ կուզեք՝ արե՛ք, էս քոմմա կարողությունը ձե՛զ:
Ինքը մտավ ղութին, դուռը նեքսևից շինեց.— Դե՛հ,— ասեց,— ինձ տարեք քցեք ծովի մեջը։
Աղջկանը տարան քցեցին ծովը, իրանք էկան տուն տեղ քարուքանդ արեցին ու տարան։
Էդ ղութին ո՛ր քցեցին ծովը, ծովը տարավ: Տարավ հանեց մի թագավորանիստ քաղաք: Ըտեղ ավազի վրա բանդ էլավ ղութին։
Թագավորի տղեն իրա նազիր-վեզրովը էկավ ծովի ղրաղը ման գալու:
Տեհավ հրես մի ղութի բանդ էլած, ասեց.— Նազի՛ր-վեզի՛ր, մի լեղվոր բերեք՝ էս ղութին հանի, մալ ըլնի, դոլվաթ ըլնի՝ ձե՛զ, թե իսան ըլնի՝ ի՛նձ։
Լեղվոր բերեցին, լեղվորն ընկավ ծովը, գնաց ղութին բերեց։
Ղութին հանեց ղրաղը. ի՜նչ հնար արեցին՝ չբացվեց: Աղջիկը նեքսեիցը բաց արեց, ղութին բաց անելուն քիմի թագավորի տղի աչքն առավ աղջկանը՝ խելքը գլխիցը թռավ։
— Հե՜յ վա՜խ,— ասեց,— ըսենց էլ սիրուն աղջիկ կըլնի՞, իմը կա՝ սա՛ ա, չկա՝ սա՛ ա։
Վե կալան տարան էդ աղջիկը թագավորի ամարաթը, խաբար տարան տղի հորը։
— Աչքդ լի՛ս, տղեդ ծովիցը մի աղջիկ ա հանե:
Հերն էկավ, տեհավ, որ շատ աննման, սիրուն ա։
Տղեն ասեց.— Ա՛յ հեր, իմը կա՝ սա՛ ա, չկա՝ սա՛ ա, որ երկնքից վեր էկած լիսեղեն աղջիկ ըլնի՝ պետքը չի՛։
Թագավորը բերեց օխտն օր, օխտը գշեր հարսանիք արեց, իրա տղի հետ պսակեց։
Սալողը տանք էն մարդիցը:
Էս մարդն էկավ տեհավ ո՛նչ մալ, ո՛նչ դոլվաթ, ո՛նչ կնիկ, ո՛նչ տուն ու տեղ. քար ու քանդ արած, թալանած, տարած բիրադի։
Ասեց.— Լա՛վ, կնի՛կ, դու իմ ջանին վա՛յ տաս, տե՛ս քու գլուխը ի՞նչ կհանեմ։
Էդ մարդը սեհրբաղ էր, քյանդրբազություն սարքեց։ Ընկավ գեղից-գեղ, քաղաքե-քաղաք, մանգալոն, մանդալոն գնաց դուս էկավ էն քաղաքը, որտեղ որ կնիկը ընտեղ ա։ Տարավ պարանը կապեց թագավորի ամարաթի աղաքին ու սկսեց հազալ։ Ընենց օյըններ էր հանում, սաղ էդ ժողովուրդը ծիծաղու թիլանում ին։ Համա էդ մարդի աչքը է՛ս կնկա էրեսին էր, է՛ն կնկա էրեսին էր, իրա կնկանն էր ման գալի։
Թագավորի տղեն գնաց նեքսև, ասեց.— Ա՛յ կնիկ, դու էլ դուս արի, տես՝ ի՜նչ թավուր քյանդրբազ ա։
Կնիկն ասեց.— Ես չեմ սիրում քյանդրբազ հաղալը, ես շատ եմ տեհե։
Մարդը շատ զոռեց, կնիկը դուս էկավ բալկոնը թամաշ արեց էդ քյանդրբազին, տեհավ, որ իրա մարդն ա։ Էդ քյանդրբազը ընենց օյըններ հանեգ, էդ կնիկը բիրդան ծիծաղաց, որ ծիծաղաց մարդի աչքն առավ էրծաթե ատամներին, ճանանչեց, որ իրա կնիկն ա։ Էն հրոպպեին պարանիցը վեր էկավ, քանդ ու քար արեց, տարավ պահեց ըտոնք: Էկավ մութն ընկավ, ընենց մի գիր արեց, որ իսանները բիրադի քնեցին, շները քնեցին, հավերը քնեցին, վերջը ո՛նչ մի անասուն չմնաց զարթուն, մնացին էդ կնիկն ու մարդը զարթուն։ Եդո ընենց արեց, որ քաղաքի մեջ ո՛նչ մի ճրագ վառ չմնաց, բիրադի հանգավ։
Էդ մարդը էկավ էդ կնկա մոտը, ասեց.— Հըմի էլ ո՞ւր պտի փախնես իմ ձեռիցը։
Էդ կնիկը գնաց իրա մարդի միսը ճմկըթեց՝ չզարթնեց, ի՛նչ արեց՝ չզարթնեց, ուզեցավ ճրագ վառի՝ չվառվեց, շիվարեց, մնաց:
Մարդն ասեց.— Արի՛, արի՛, քու վերջի օրն ա, զուր դե՛ս ու դե՛ն մի ընկնի։ Արի՛, էն մենծ պղինձը բե՛։
Աղջիկը ճարը կտրած գնաց պղինձը վե կալավ, բերեց։
Ասեց.— Դի՛ օջաղի վրա, ջուրը լցրա՛, տակը վառա՛, որ քեզ սաղ֊սաղ պտի կոխեմ պղինձը, խաշեմ։
Ասեց.— Դու քու աստոծը, էլ ճար չունեմ, ի՛նչ ուզում ես՝ արա՛։ Մենակ թող մի էթամ դրսև, վերջի աղոթքս անեմ, գա՛մ։
Ասեց.— Գնա՛, ո՛ւր ուզում ես, իմ ձեռիցն էլ չես ազատվի։
Աղջիկը նիլլավ կտուրը, տեհավ հեռու մի ճրագի լիս ա էրևում, սաղ քաղաքը մութը կոխել ա։
Վեր Էկավ կտրիցն ու վազեց դպա էդ ճրագի լիսը։
Գնաց տեհավ, որ հրես մի դևի կնիկ նստել ա, աջու ծիծը ձախ ուսն ա քցե, ձախու ծիծը աջ ուսն ա քցե, մի փութ էլ արճիճ քցել ա բերանը՝ ծամում ա, հետն էլ հաց ա թխում։ Աղջիկը հասավ, քամակիցը ծծերը առավ բերանը՝ ծծեց։
Պառավը եդ թամաշ արեց, տեհավ մի հողածին, ասեց.— Ա՛յ աղջի, ղուշն ըրա թևովը, օձն իրա պորտովը ըստեղարենք չի էկե, դու ո՞նց ես էկե:
Ասեց.— Նա՛նի, վիրև՝ աստված, ներքև՝ դու, ճարս մնաց քեզ. մարդս ըսենց անիրավ ա, պղինձը ջուր ա լցրե, էփացրե, որ ինձ ճխտի մեջը, էփի:
— Է՜, — ասեց,— էն անիրավը հլա կա՞, էն իմ աղպերն ա. ա՛յ որդի,— ասեց,— ի՞նչ կտաս, որ քեզ ազատեմ էդ անիրավիցը։
Ասեց.— Ի՞նչ որ լեզուդ պըտըտի՝ կտա՛մ։
Ասեց.– Էդ փորինդ կտա՞ս ինձ։
Ասեց.— Աստված միջնորդ ըլնի, դու ինձ ազատես էս անիրավիցը, տղա էլ ըլնի՝ տա՛մ քեզ, աղջիկն էլ ըլնի՝ տա՛մ քեզ:
Ասեց.— Դե՛, որդի, գնա՛, նա գիր ա արե քցե ժամի կտուրը՝ ո՛նչ բնողը ղարթնի, ո՛նչ շուն հաչա, ո՛նչ էլ ճրագը վառվի, գնա՛ ժամի կտուրը, ման արի՛, էդ թուխտը քթի բե ներքև ճղա՝ լիսը կբացվի, մարդիրը կզարթնեն, շները կհաչան:
Էդ աղջիկը էթում ա նիլնում ժամի կտուրը, ձեռները ափլփորելոն գիրը դանում ա, վեր ա բերում, ճղում ա: Որ ճղում ա՝ լիսը բացվում ա, մարդիկ վեր են կենում, աքլորները կանչում են, շները հաչում։ Էդ կնիկը վազում ա տուն, տենում ա, որ իրա մարդը զարթնել ա, էն մարդն էլ չկա:
Մարդն ասում ա.— Ա՛յ կնիկ, էդ ի՞նչ ա էլե քեզ։
— Քու տունը չքանդվի՛, վե կա՛ց, էթանք տե՛ս։
Էթում ա տենում, որ պղինձը լիքը ջուր էփում ա:
Թե.— Էս ո՞վ ա արե։
Թե.– Էրեկվա հաղող[1] փայլևանը։
Ասում ա.– Բա ի՞նչ էլավ:
Ասում ա.— Թողաց, փախավ, հլա ոններդ բաց արա տես֊տե՛ս, ընքամ ճմկթել եմ, որ յարա ա էլե, չէիր զարթնում. ո՛նչ շուն էր հաչում, ո՛նչ աքլոր էր կանչում, ո՛նչ էլ ճրագ էր վառվում։ Նիլլա կտուրը, տեհա, որ հեռվանց մի ճրագի լիս ա էրևում, վեր էկա, վազեցի էդ լըսին, տեհա մի դևի կնիկ, ծծերը ծծեցի, աղաչեցի, որ ազատի ինձ, նա ինձ ասեց, որ էդ մարդը գիր ա արել, քցել ժամի կտուրը, որ ո՛նչ մեկը չզարթնի, լիսն էլ չբացվի: Գնացի ժամի կտրիցը գիրը վե բերեցի, լիսը բացվեց, էկա տուն՝ դու զարթնել իր։
— Բա էն մարդն ի՞նչ էլավ,— հարցրեց թագավորի տղեն։
— Որ լիսը բացվեց տեսա, որ փախավ։
Թագավորի տղեն հրամայեց՝ քաղաքի չորս ղրաղը փակեցին էդ փայլևանին բռնեցին. բերին ճխտեցին պղինձը, խաշեցին։
Տարին անցկացավ, էկավ էդ թագավորին մի տղա էլավ։ Էդ տղեն մենծացավ, դառավ էրկու տարեկան, մերը կուռը բռնեց, տարավ էն դևի կնկանը, ասեց.— Ա՛ռ, ես իմ խոսքը կատարեցի։
Պառավն ասեց.— Տա՛ր, քեզ փեշքաշ, դու որ քու խոստումը կատարեցիր, քեզ փեշքաշ ըլնի։ Վե կա՛լ քու էրեխեն, գնա՛։
Առավ էկավ տուն: Ղրկեցին էդ աղջկա հորնումորը բերել տվին, իրար հետ ուրախ-զվարթ ապրեցին մինչանք իրանց մահը։
Դրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:
Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ անկաջ դնողին։
- ↑ Խաղացող (Ծ. Բ.):