Մահին (Շուշանիկ Կուրղինյան)

ՄԱՀԻՆ

Երբ աշխարհը կերտվեց՝ դու ոչինչ էիր։ Եվ որովհետև դու ոչ մի կերտվածքի նյութ չես ունեցել տալու, աստղերին՝ փայլ, ծաղիկներին՝ բույր, քամուն՝ ուժ, մնացիր ոչինչ, աննյութ, անբովանդակ։

Տիեզերքում ամեն ինչ, ամեն շնչավոր թե անշունչ իր տեղը, իր կյանքը, ամբողջությունն ունի․ իսկ դու ոչինչ չունես։ Ուզում ես, որ խլես տանես, լինես ոչինչ և մնաս ոչինչ․․․

Եվ խեղճ ու գետնաքարշ շրջում ես ինձ հետ․ սպասում ընկերուհուս, որ գրկես տանես․․․ Երբ հանդիպենք անկարող կլինեմ կռվելու քեզ հետ և հենց իմ այդ անկարողության մեջ է քո ոչնչության մեծ գաղտնիքը․․․

Դու եկար, երբ ես ծնվեցի․ կգաս և մեռնելիս։ Ես ապրելով եմ հերքել ոչնչությանդ գոյությունը․․․

Սակայն դու ինձ կտանես լոկ այն ժամանակ, երբ ես ցանկանամ։

Երբ ցանկանամ ժայռի գագաթիդ խորխորատը թռչելու ակնթարթը վայելել։

Երբ ցանկանամ ընկնել ալիքների գիրկը, ծածկվել հորձանքների մեջ։

Երբ ցանկանամ կտրել կյանքիս թելը ոսկի։

Երբ անցած ճամփիս փոշին իջնի մազերիս վրա։

Երբ կորցնեմ օրերիս հաշիվը, հոգուս թևերը, աչքերիս աստղերը։

Երբ չմնա ինձ համար էլ ոչ մի երգ աշխարհի հետ սիրտս պսակող։

Երբ էլ չցանկամ ապրելու համար ապրել՝ հասիր։

Երբ երկնչեմ տառապանքի մրրիկներից՝ հասիր։

Երբ փախչեմ կյանքի ահազանգից՝ հասիր։

Երբ ատեմ նմանիս՝ վազիր։

Իսկ մինչ այդ սողա ոտքերիս տակ, գալարվիր, սպասիր, ո՛վ դու մահ, իմ պաղ ոսկորների բեռնակիր․․․

1904 թ․