Մահվան մոտ

Մահվան մոտ


Վերջալույսը կը նվաղի.
հոգնած եմ, մա՜յր անուշիկ,
Կուրծքիդ վրա գլուխս հենած,
թո՜ղ որ պառկիմ ա՜լ հուշիկ.
Քնել, գիտեմ, թե կարող չեմ,
բայց կրնամ գեթ արտասվել,
Միտքըս տխուր այս վիճակիս
դեռ կը մնա անընտել:
Հովը ծառերը կը սարսե...
կը մսիմ ես մութին մեջ,
Թեև ցավիս սև կրակը
կը վառի ներսըս անշեջ:
Վերջըս մո՜տ է... վաղն աոավոտ,
երբ ծագե նոր արշալույս,
Սառ մարմինես շատոնց հոգիս
պիտի տված ըլլա խուլս:
Անկողնիս քով դուն ծնրադիր
ինծի խոսիս պիտի դեռ,
Ու անբարբառ իմ բերանես
ի զու՜ր սպասես խոսքեր.

Թևերովդ մի՛ շրջապատեր,
մի՛ ջանար տաքցնել զիս,
Սիրտս այնքան խըռոված է,
որ հոգըս չէ մսիլըս:
Վաղը երբոր գերեզմանիս մեջ
միս-մինակ փակեն զիս,
Ո՜հ, այն ատեն արցունքներովդ՜-
տաքցրու պաղ հողը շիրիմիս.
Վերջըս մո՜տ է... ալ ո՛չ շարժիլ,
ոչ մտածել չեմ կրնար,
Սիրտըս միայն կը կտըրտի...
մատաղ մեռնի՜լն է դժվար...