Մանիշակ ու մամուռ
Մանիշակ ու մամուռ
Ժայռերու զով շուքին տակ
Կանանչ խոտի խուրձ մը կար՝
Որ ունենալ կը ցանկար
Քարին գույնը կապուտակ:
Ինքը ցողի՛ պետք ուներ,
Որ գույներով զանազան
Կարմիր ծաղիկ, ծիածան՝
Երբոր արևը փայլեր:
Քարն երջանիկ էր ո՜րքան…
Առանց ցողի ալ՝ գույներ
Ու ծաղիկնե՜ր կը շիներ՝
Շողերուն մեջ օգնական:
⁂
Խոտին խուրձը բարձրացավ
Քիչ մ’ամեն օր քարն ի վեր,
Որուն՝ սրտիկն իր բացավ,
Պատմեց բաղձանքն ու ցավեր:
Ըսավ. Ի՜նձ ալ, ա՜ղբըրուկ,
Տայիր գույներ անուշակ
Ու նըվերիդ փոխանակ՝
Գույնիս ընծա՜ն այս խաժուկ:
Ցանկալի՜ քույր, ա՜ռ, որքան
Կ’ուզես գույնես և ընծան
Տուր կանանչիդ կենսական՝
Երակներուս անկենդան:
⁂
Գիշերն համբուն քաղցրացան
Քարն ու խրձյակը խոտին…
Եվ երբ շողերն ավոտին
Հորիզոնեն բարձրացան՝
Ժայռի շուքին տակ գըտան
Խոտին ծաղիկն ու բաժակ,
Եվ երբեմնի անկենդան
Քարն ալ՝ ժպտուն ու խաժակ:
Եվ այն օրեն մանիշակ
Ծաղկեցավ թուփն, ու դաժան
Ժայռեն եղավ անբաժան՝
Մամուռին գույնն անուշակ: