Մանկիկին քունը

Մանկիկի քունը


Նիրհե՛, մանկիկս իմ սիրուն,
Անույշ քունով նիրհե՛ դուն,
Օրրանիդ քով եկան հյուր
Արևն, արծիվն ու զեփյուռ,
Թողած ծովերն, ամպն ու սար,
Համբույր բերել քեզ հազար։

Բացավ արծիվն իր թևեր
Գըլխուդ վերև ոսկեհեր,
Շըրթունքներուդ վըրա նուռ
Սըրսկեց արփին վարդ ու հուր,
Եվ փայփայեց քամին զով
Այտերդ իր նուրբ բեհեզով։

Նիրհե՛, մանկիկս իմ սիրուն,
Անույշ քունով նիրհե՛ դուն,
Բույնը դարձավ գոռ արծվին,
Մարը մտավ լույս արփին․
Թըռավ գընաց իր մոր քով
Զեփյուռն անհո՜ւն նազանքով։

Սյուգին դարձին անձկալիր՝
Մայրիկն հարցուց․ «Ո՞ւր էիր,
Դևերու հե՞տ կըռվեցար,
Հուզեցիր ծո՞վ ու մացառ»։
Իսկ համբույրով մը ջերմին
Պատասխանեց խոլ քամին․

«Ես ծառ ու ծով չեմ հուզեր,
Դև հալածել չեմ ուզեր․
Մանկիկին քով ամեն օր
Ըսի երգեր ու օրոր․
― Նիրհե՛, մանկիկս իմ սիրուն,
Անույշ քունով նիրհե՛ դուն»։

1897