Մանկություն (Հովհաննես Թումանյան)

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ


Երբ որ գարշելով տեսնում եմ շուրջս
Մոլեգնած կյանքի պատկերը ցավոտ,
Հաճախ, մանկությո՛ւն, խռոված հոգուս
Ներկայանում ես ինչպես առավոտ։

5 Եվ մանկան նման արտասվում եմ ես,
Երբ այս օրերում, չարությամբ լցված,
Քեզ, սուրբ մանկություն, հիշում եմ ինչպես
Երազի տեսիլք անհետ չըքացած։

Ինչպես արևի ճաճանչը վերջին
10 Թռչում է հանկարծ, տիրում է խավար,
Այնպես շողացիր և անցար կրկին,
Մնացի անզոր, ցոփ կյանքին ավար։

Թե հնար լիներ մի անգամ դարձյալ
Դառնալ քո գիրկը... ա՛խ, ի՞նչ եմ ասում,
15 Այդ անհնար է. արդեն հանդերձյալ
Կյանքի ճամփան է իմ առջև բացվում։

Բայց մինչև այնտեղի սոսկալի՜ ուղի,
Ահա բռնություն, պատիվ անարգած,
Ահա հառաչանք, արտասուք աղի,
20 Ահա սև նախանձ և սեր սակարկած...

Կըմեռնեմ և ես այս ցավերի տակ
Ինձ հետ տանելով շատ իղձ ու փափագ,
Իսկ այս աշխարհից և ոչ մի պսակ —
Միայն քո անմեղ, քո սուրբ հիշատակ։

25 Մի տխրատեսիլ գուցե գերեզման
Անցվորականից խնդրե մի բերան
Ողորմի ասել... ո՞վ գիտե, և այն
Կըլինի՞ արդյոք, կընայե՞ն նորան...

1889