ՄԱՆՅԱԿՆԵՐ՝ ԽՈՏԵՐԻՑ


Սիրտս սիրտ դարձավ, երբ քեզ սիրեցի,
աչքերս՝ աչքեր, երբ որ քեզ տեսան,
ճամփան՝ ճանապարհ, երբ ճամփա ընկա,
բառը բառ եղավ, երբ որ լռեցիր,
իսկ երբ խոսեցիր, լռությունը՝ մեղք...

Վարդը վարդ դարձավ, երբ բույրդ առա,
երկինքը՝ երկինք, երբ հավքը թռավ,
լուսինը՝ լուսին, երբ իջավ ուսիդ,
բարդենին՝ բարդի, երբ շրշաց քեզ պես,
իսկ երբ երգեցիր, խոսքը սաղմոսվեց։

Հանդը հանդ դարձավ, երբ կանչեց լորը,
ծաղիկը՝ ծաղիկ, երբ ձեռքդ առար,
մատուռը՝ մատուռ, երբ որ ներս մտար,
մոմիկը՝ մոմիկ, երբ վառվում էինք,
իսկ երբ գրկվեցինք, Տերը խաչ հանեց։

Օրը օր դարձավ, երբ բողբոջ պայթեց,
գարունը՝ գարուն, երբ որ գարուն չէր,
անունս՝ անուն, երբ դո՛ւ կանչեցիր,
ցավը՝ անհուն սեր, երբ բաժանվեցինք.
կյանքը ո՞նց անցավ, որ բան չիմացանք...