Մանուկ


[ 21 ]

ՄԱՆՈՒԿ

Սիրուն մանուկը ուրախ ու զվարթ
Վազեց, վազվզեց, այս-այն կողմն ընկավ
Եվ երբ հոգնեցավ, անվիշտ ու անդարդ
Հանգստյան ժամուն քաղցր նինջ մտավ։

Եվ որպես աստղ ժպիտը պայծառ
Նրա դեմքի վերա խաղում էր մեղմիկ։
Եվ ոչինչ երազ սոսկալի և չար
Բնավ չէր խանգարում նրա նինջը քաղցրիկ։

Ո՜հ, մանո՛ւկ, մանո՛ւկ, որքա՜ն սիրուն ես,
Ո՜րպես խաղաղ է, կայտառ է հոգիդ,
Եվ որպե՜ս անուշ դու բարբառում ես
Տեսիլների հետ քաղցր երազիդ։

Բայց, ավա՜ղ, մանուկ, կըգա ժամանակ,
Երբ անհոգ կյանքդ թույնի կըփոխվի,
Եվ մանկությանդ դառը հիշատակ
Կըմնա սրտումդ և քեզ կըմաշի...

Եվ դեմքիդ վերա քաղցր ժպտի տեղ
Վիշտն ու հոգսերը կնիք կըդնեն,
Եվ գիշերները երազներ ահեղ
Կարճատև քունդ միշտ կըվրդովեն...

Սակայն տե՛ս, մանուկ, տրտունջ չի հանես,
Այդ է քո ճամփան փշոտ ու խոպան,
Այլ գնա՛ խրոխտ, գնա՛՜ աներես,
Թող հավատն ու հույսը քեզնից չհեռանան։

[ 22 ]

Ճգնի՛ր դու լինել զինվոր անվեհեր
Բախտի դեմ ոսոխ անխուսափելի,
Եվ միայն այդ կռվում կարող ես գտնել
Դու երջանկություն սրտիդ ցանկալի։

Եվ կըգա դարձյալ մի օր, օր պայծառ,
Երբ տանջված հոգիդ կըգտնե հանգիստ,
Եվ այնուհետև դու անհոգ իսպառ
Կըմտնես արդեն քաղցր նինջ ընդմիշտ։

3 փետր. 1886.