Մանուշակ (Վարդան Հակոբյան)

ՄԱՆՈՒՇԱԿ


Տենչանքների սիրտն անտես ալեբախում է
հովերի տերեւներում, թախծությունների արեւի տակ,
եւ քնքշության աղջիկն առվի հանդերից նորեն
ետ է վերցնում բուրմունքների հազար ու մի մանուշակ։

Ծաղկի մեղուները դաշտի թռիչքում կապտաթեւ
հյուսում են լռության խոսքեր մեղրե,
եւ վիշտը՝ ճաքճքած մենության քար, հարատեւ
ցանկության մեջ գարունի, միանգամայն անմեղ է։

Երազյալ ավյունը խաղում է քաղցրալուր ծառերում հավքի,
ավիշների կեղեւներում, արեգի շողերում բազմածեղ,
ափ ելած, խռովյալ ցավն ի վեր՝ տխրերկրյա իմ հոգին
ընձյուղների հոսք է առ երկինք, վերազարթնած մի հեղեղ։

Համբույրների հովը փոշոտման վարդից անփույթ
թերթիկներ է գլորում արբունքագեղ ջրերի ակում,
պահը կրծքին ասեղնագործում է Աստծո օրը խնկավոր, եւ
ծաղիկը հասունացնում է լույսը` շարժման խորքում։