Մասնակից:Անունով խմբագիր/Անդրանիկ, այսինքն՝ առաջամարտիկ
Որպես սկիզբ,
կամ` նախ ծանոթացման կարգով...
Անդրանիկ Գրիգորյան. ծնվել է 1967-ի հունիսի 8-ին, Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում:
Սովորել է տեղի միջնակարգում, այնուհետև` Ներքին Հոռաթաղի թիվ 120 պրոֆտեխուսումնարանում. մասնագիտացել է որպես էլեկտրազոդող, բայց խաղաղ աշխատանքով զբաղվելու բախտ տրված չէր նրան, քանի որ արդեն պարզ երևում էր, որ «կուտակվում են ամպերը պատերազմի ու մահի»: Հենց առաջին օրերից էլ ընկավ արցախյան շարժման հորձանուտը: Իսկ երբ սկսվեցին մարտական գործողությունները, նա արդեն իր իսկական դերի մեջ էր: Տիրապետում էր զենքի բոլոր տեսակներին և օգտագործում էր բոլորն անխտիր: Մասնակցել է մարտական բազում գործողությունների` Քելբաջարից մինչև Ղուբաթլու: Լինելով Մարտակերտի պաշտպանական շրջանի զինվոր, հիմնարար մասնակցություն է ունեցել Օմարի լեռնանցքի պաշտպանության և շրջանի գյուղերի ազատագրման գործում:
Վիրավորվել է բազմաթիվ անգամ: Բուժման մասին երբեք չի մտածել: Չի լսել տնեցիների, հատկապես` մոր հորդորները, և վիրավոր վիճակում էլ շտապել է ճակատային գիծ` ընկերների մոտ: Հասանղայայի ազատագրման համար մղվող մարտը 1994-ի ապրիլի 18-ին` վերջինն էր Անդրանիի համար: Այս անգամ էլ մարտադաշտ էր եկել դեռ բեկորները մարմնի մեջ, գնդակը` կրծքի տակ:
...Անհավասար մարտում մեր պաշտպանական ուժերը հարկադրված ետ են քաշվում, և` առանց կորստի, քանի որ անխափան էր գործում Անդրանիկի գնդացիրը: Բայց զոհ, այնուամենայնիվ, եղավ` հակառակորդի դիպուկահարի գնդակից ընկավ Անդրանիկը, իր հետ գերեզման տանելով անկատար երազների մի ամբողջ աշխարհ...
...Եվ հետո`
Բարև, եղբայրս։
Ստացա նամակդ: Կարճ գրված նամակդ: Դե` կարևորը կարճն ու երկարը չէ: Կարևորը գրելն է. նստիր ու գրիր: Երկու րոպեում, երկու տողով: Երկար հարկավոր չէ: Գրիր, որ լավ ես: Ու` վերջ: Միայն ես իմանամ, որ լավ ես: Ու` վերջ: Ես էլ կարճ եմ գրում. մենք բոլորս լավ ենք: Սամվելը չարաճճիություններ է անում, ամբողջ օրը տարվում է խաղով, դասերը սովորելուն քիչ ժամանակ է հատկացնում: Սուսանը փոխադրվել է երրորդ դասարան: Ամբողջ օրը ուշքն ու միտքը դասերի վրա է, մեկ էլ տեսար` սկսում է ոտանավոր մտմտալ, բայց թղթին չի հանձնում:
Իսկ Մարիամիկը... Ամբողջ օրը բակի երեխաների հետ է: Վազվզում է անհոգ: Դու չես տեսնում դա, չես լսում (լինե՜ր այնպես, որ տեսնեի՜ր, լսեի՜ր):
Դու էլ գիտես երևի, եղբայրս, որ կարևորն ապրելն է, ապրիր: Ապրիր մինչև վերջ, ինչքան կհերիքի ավյունդ, կամքդ, կարողությունդ: Ու կռվիր, կռվիր մեր ոխերիմ թշնամու դեմ: Այն թշնամու, որ համարձակվել է մտնել մեր գյուղը, մեր տունը ու թալանել բոլորիս կայքը, ունեցվածքը: Բայց մի բան թալանել չի կարողացել` մեր ուժը, մեր կամքը, մեր հայրենասիրությունը: Ներիր, ես ինքս ինձ հետ եմ խոսում. չեմ կշտամբում քեզ, իսկ դու հիշիր, որ քո ցավն իմն է նաև, քո տառապանքն իմ հոգին ավելի է հողմահարում...
...Ես ութ տարեկան երեխա էի, երբ որպես բարի ավետիս և ի լուր ամենքի` ազդարարվեց քո ծնունդը: Դեռ մինչև այսօր ականջներիս մեջ զիլ-զանգ ծլնգում է այդ զայնը: Ու որոշեցի հենց այդտեղից էլ սկսել...
- ...Հազար իննհարյուր վաթսունյոթ թվի
- Հունիսի ութի վաղ առավոտյան
- Դեռ քնաթաթախ գյուղի ականջում
- Հնչում է մի ձայն:
- Եվ կիսամութում ձայնն այդ ալիքվում,
- Պատեպատ խփվում, փնտրում բաց դռներ.
- - Լսեե՜ք, մեր Լենան մի ոսկեգանգուր
- Տղա է բերեե՜լ...
- Ձա՜յնն է ալիքվում մոր աչքերի մեջ:
- Երկունքի ցավից կարծրացած-լցված
- Երկու պիրկ կաթիլ իրար հրելով
- Գլորվում են ցած...
- Ձա՜յնն է ալիքվում...
- Ու հայրը տուն է շտապում կրկին,
- Հայրը` խնդության պարկը շալակած
- Շտապում է տուն, որ իր բալիկին
- Տեսնի ժամ առաջ:
- Իսկ մանկիկն անհոգ վերուվարում է
- Ոտ ու թաթերի կապանքները պինդ,
- Ու նայում, նայում մի լուռ հայացքով`
- Աշխարհին անհայտ...
Այդպես սկսեցի ու թողեցի կիսատ: Հետագայում, իհարկե, 1994-ի մայիսին: Իսկ այդ օրը` երբ դու ծնվեցիր, ես դեռ ընդամենն ութ տարեկան և իմ տղայական հրճվանքին չափ ու սահման չկար` ինձ եղբայր է ծնվել, ուրեմն` մենակ չեմ լինելու աշխարհում:
Այդպես, օր-օրի մեծանում էիր դու անհոգ ու գեղեցիկ, նաև անհանգիստ, որի համար էլ` հանդում խոտի դեզ վառվեր կամ թե լիներ մի ուրիշ պատահար, անմիջապես քեզ մատնացույց կանեին, իբր` նա կլինի, ուրիշ` էլ ո՞վ: Ու այդպես` կռվելով քո մանկության հետ, դու մեծացար: Մեծացար` մանկությունից ճաշակելով երեխայական կռիվների դառնությունը, նաև` հաղթանակների բերկրանքը:
Մի օր էլ, երբ Մարտակերտի դաշտային օթևանում լարախաղացի ծաղրածուն մարտահրավեր նետեց քո հասակակից մի խումբ տղաների` բոլորը ետ ընկրկեցին, բայց, երբ խմբից մեկը համարձակ քայլերով մոտեցավ դեպի ծաղրածուն` ժողովուրդը լարվեց` ո՞վ է, ո՞ւմ տղան է: Պատասխանն, իհարկե, պատրաստ կար` ո՞վ կլինի, Արսենի Անդրանիկ տղան: Եվ քո անունն էլ այնքա՜ն սազական էր քեզ: Անդրանիկ, այսինքն` քաջ, աներկյուղ, անվարան: Անդրանիկ, այսինքն` առաջնեկ, առաջնային, առաջամարտիկ: Ամեն տեղ ու ամեն ինչում` Անդրանիկ: Ամեն տեղ ու ամեն ինչում` իր բարձրության վրա: Եվ եթե Անդրանիկ, ապա` զինվոր, որովհետև ոխերիմ է մեր թշնամին, ինչպես օձը, և թույն է նրա ամեն մի քաղցր-մեղցր սիլի-բիլին: Պատերազմ լինի, թե խաղաղ ժամանակներ: Դու գիտեիր այդ, ոչ միայն` երբ «կատարդ կարմրում էր», այլ նաև սթափ վիճակում:
Ու շատ են եղել դեպքեր, երբ ընկերներիդ առաջարկում էիր. «Չգնա՞նք` թուրք ծեծելու»: Իսկ թուրք` ինչքան ասես: Մորեխի նման լցվել էին Մարտակերտի ձորերը: Լցվել էին ալիևյան-կևորկովյան կլանի «արժանի» կամակատարների` մամունցա-բադունցականների բացարձակ թողտվությամբ:
— Այսօր ամսի քանի՞սն է,- Մարտակերտի ավտոկայանի տարածքում ընկերոջդ` Գագոյի հետ կանգնեցնում ես մի պատահական թուրք երիտասարդի:
— Ապրիլի 24-ը:
— Գիտե՞ս` ինչ օր է այսօր:
— Ի՞նչ օր է,- հարցին հարցով է պատասխանում թուրքը:
— Հիմա կասեմ,- ու փորին մի լավ որ հասցնում ես` իսկույն կուչ է գալիս տեղում: Իսկ մի հատ էլ, որ դնչին է ստանում` փռվում է գետնին: Նրան «լավ» ես հիշեցնում, թե ինչ օր է ապրիլի 24-ը, այնպես, որ մինչև կյանքի վերջը չմոռանա:
Ու այդպես` միշտ, և դա աննկատ մնալ չէր կարող: Լրտեսական ամենատես աչքը հասցեատիրոջն էր հասցնում քո ամեն մի քայլի «ծավալուն արձանագրությունը» և մի օր էլ ամենակարող ձեռքը քեզ «վռնդեց դրախտից»: Բայց դու գիտեիր, ի սկզբանե, որ վաղ թե ուշ` կպայթի այն, ինչը պիտի պայթեր: Տերևի համար` պիտի պայթի բողբոջը, ծաղիկ դառնալու համար` կոկոնը, սե՛րմը պիտ պայթի, որ արտում հասկը շատանա: Ազատ ու անկախ ապրելու համար` համբերության բաժակը` ժողովրդի ցասո՛ւմը պիտի պայթի:
Եվ` պայթեց: Ի լուր աշխարհի և ամենեցուն: Ժողովուրդը հորդաց, լցվեց փողոցները: Հրապարակները ծովի էին նմանվում` մերթ խաղաղ, ալիք-ալիք կոհակվում էին, մերթ էլ այնպիսի փոթորիկ էր լինում, որ «ծովը» մակընթացություն ու տեղատվություն էր ապրում: Տեղատվությունն, իհարկե, հազվադեպ էր ու ժամանակավոր, իսկ մակընթացությունը կասեցնել հնարավոր չեղավ ոչ մի հակազդող ուժի կողմից: Եվ ինչքան տարածքներ յուրացրել էր թուրքը խորհրդային խաղաղ ժամանակներում` մակընթացության բերանն ընկան:
Դու էլ այդ ծովի մեջ էիր, եղբայրս, մակընթացության առաջնամասում` քո գնդացրով, քո ֆագոտով, քո նռնականետով, քո... Բոլոր զենքերը քոնն էին, որովհետև արծվի սիրտ ունեիր և արծվային քո կարողություններով ամենուր եղար` Օմարից մինչև Ղուբաթլու, Լաչին, Աղդամ, Քելբաջար... Օմարի ձյուներում ցրտահարել ես ոտքերդ, Արաքսի ջրերում լվացել-տաքացրել: Երբեք չես ձգտել փառքի, պարգևի` առավել ևս: Քո պարգևն աստվածատուր էր` լինել քաջ ու համարձակորեն նետվել գրոհի:
Մարտը քո տարերքն էր, թշնամուն ոչնչացնելը` ամենամեծ ցանկությունդ: Դու մինչև վերջ մնացիր այդպիսին: Ու մի օր էլ... սպառվեցիր, որովհետև կյանքում անսպատ ոչինչ չկա: Սուտ է, երբ ասում են` «ձայնդ անսպառ»: Սպառվում է ոչ միայն ձայնը, անգամ ծովի ջուրը: Անգամ հսկա ժայռերն են քայքայվում ու վերածվում մանրահատիկ ավազի: Դու բացառություն լինել չէիր կարող ու գիտեիր դա:
Բայց ես, եղբայրս, քեզ երբեք չեմ տեսել, կներես, եթե ասեմ` դիակի «դերում»: Դու բեմական շատ դերեր ես սիրել, արտասանություն, բայց այդ մեկը քեզ համար չէր, չէր սազում պարզապես: Դրա համար էլ չեմ հավատում, թե իբր քո կյանքի մի որոշ ժամանակահատվածում դու նաև... դիակ ես եղել: Ես տեսել եմ քո գերեզմանը միայն: Պարզապես, ինձ ասել են, որ դա... քոնն է: Միայն` այդքանը: Իսկ ուսանողական ընկերս` Լյովան, մարմարի վրա դաջել է քո հերոսական կերպարն ու պահ տվել հավերժին:
...Ու պոռթկացել է բողոքն առ Աստված, առ Քրիստոսն.
- Քո արածը քեզ դո՞ւր եկավ, Քրիստո՛ս,
- Իմ եղբորը դու ո՞ւր տարար, Քրիստո՛ս:
- Ի՞նչ խաղ էր սա, որ խաղացիր իմ գլխին,
- Թե՞ իմ եղբոր կարիքը կար, Քրիստո՛ս:
- Թե՞ իմ եղբոր պատկերն էիր ուզում դու
- Դարձնել պարզ ու աստղանկար, Քրիստո՛ս:
- Ու նայում է ինձ իր պայծառ նկարից,
- Նկա՞ր, չէ, դա արցունքս է պաղ, Քրիստո՛ս:
- Արցունքս է դա` կաթիլ-կաթիլ ծովացած,
- Պիտի խեղդի ծովն այդ քեզ, գա՛ռ, Քրիստո՛ս...
Իսկ դու անընդհատ ուզում էիր գնալ.
- ...Ընկերներս այնտեղ`
- Մարտադաշտում ահեղ,
- Ես չե՛մ կարող մնալ,
- Ես գնո՜ւմ եմ, մայրի՛կ:
- Չնեղանա՛ս ինձնից,
- Որ թողի քեզ մենակ,
- Ես դեռ կգա՜մ մի օր,
- Ես դեռ կգա՜մ:
- Դու սպասի՛ր հույսով,
- Դու սպասի՛ր, մայրի՛կ,
- Հաղթանակի՛ն մեր մեծ
- Ու քո որդուն:
- Ես դեռ կգա՜մ մի օր,
- Ես դեռ կգա՜մ:
- Իսկ թե հանկարծ...
- Հանկարծ եթե... չգամ`
- Դու չլացե՜ս, մայրի՛կ,
- Դու կսպասես հույսո՛վ,
- Ես դեռ կգա՜մ,
- Կգա՜մ,
- Կգա՜մ,
- Կգա՜մ...
- Կգա՜մ,
- Կգա՜մ,
...Կգաս: Կգաս` որպես անուրջ, որպես քաղցր հուշ, որպես տարեմուտի քաղցր երազանք: Կգա՜ս...
- Պատել է սիրտս մի հի՜ն դառնություն ու քե՛ն,
- Եկել չոքել է բակում Նոր տարին արդեն:
- Եկել` չոքել, ուր-որ է` դուռս կբախի,
- Սամվել տղաս կբացի դուռն առանց վախի:
- Եկել` չոքել է, սակայն եղբայրս չկա:
- Բայց թվում է` ուր-որ է, հենց հիմա կգա:
- Կգա ու ճիշտ վայրկյանին դուռս կբացի,
- Եվ կարոտած տանս հետ կնստի հացի:
- Կգա: Սակայն անցնում է վայրկյանը նշված,
- Հին է դառնում նոր տարին, տխո՜ւր ու... անցա՛ծ:
- Ու չի գալիս եղբայրս, դառնությո՜ւն է ծով:
- Լուռ անցնո՜ւմ են օրերս` տխուր ու մոլոր:
- Լուռ անցնո՜ւմ են օրերս... Սիրտս ցա՛վ է զուր,
- Ուրախանալ չի՛ թողնում տխրությունս լուռ:
Չես գալիս... Ուրեմն` աներկրային ես դու, բայց և` ծաղիկ ու ծիլ ես, ծառ ու հող ես դու, նաև... արձան ես: Նաև` երգ ես դու շուրթերին մանկանց և ինչ էլ պատմեն նրանք քո մասին` իրական է և լցված հավատով...
...Սամվելիկի պատմածից`
- ...Իմ հորեղբայր Անդրանիկը
- Շա՜տ է սիրել Հայրենիքը:
- Երբ Արցախ է թուրքը մտել`
- Նա զինվոր է իսկույն գրվել:
- Գնդացիրն իր ուսն է առել
- Ու Մարտակերտ իսկույն հասել:
- Մերթ` Մաղավուզ, մերթ` Մոխրաթաղ,
- Մեծշեն, Օմար ու Գյուլաթաղ:
- Ուր եղել է` կռվել է նա,
- Ուր կռվել է` հաղթել է նա:
- Ու պարտվել է թուրքը նորից,
- Փախել մեր շեն Կոճողոտից...
...Սուսանիկի պատմածից`
- ...Իմ հորեղբայր Անդրանիկը
- Զոհվել է մարտում,
- Պաշտպանելով Հայրենիքիս
- Սահմաններն անքուն:
- Քա՜ջ է եղել մարտի դաշտում`
- Գնդացրորդ արի,
- Կռվել է, որ հի՜ն Արցախիս
- Ծուխը չմարի:
- Կռվել է ու... հաղթել թուրքին`
- Զոհվելո՜վ անգամ,
- Ու գրկել է սիրող մոր պես
- Մայր հողը նրան...
...Մարիամիկի պատմածից`
- ...Իմ հորեղբայր Անդրանիկը
- Ինձ Մարիամ է անվանել,
- Պաշտել է շատ Աստվածամորն
- Ու Աստծուն է նա պաշտել:
- Բայց եղել է կռիվ մի մեծ,
- Ավեր, արյուն ու թալան,
- Ու նետվել է նա թեժ մարտի.
- — Տեր Աստվածն ինձ պահապա՛ն...
- Աստված, սակայն, չի պահպանել`
- Նա զոհվել է այդ մարտում,
- Իր արյունով փրկված հողը
- Հայավարի է ծաղկում...
- ...Երբ խաղում ենք ընկերներով`
- Սուտ չեմ խոսում ես բակում,
- Միշտ երդվում եմ` «Աստված վկա»,
- Ու երդումս չեմ խախտում...
...Անդրանիկի պատմածից`
- ...Իմ հորեղբայր Անդրանիկը
- Ինձ իր անունն է թողել,
- Մեկ էլ` փրկված Հայրենիքը,
- Որը նա շատ է սիրել:
- Եվ զոհել է կյանքը ջահել,
- Որ ապրի Հող-հայրենին,
- Ու միշտ պարտվի թուրքը վայրի`
- Մեր ոխերիմ թշնամին:
- ...Ես էլ շուտով կմեծանամ,
- Իսկ թե կրկին թուրքը գա`
- Չեմ երկնչի մարտի դաշտում
- Լինել քեզ պես, հորեղբա՛յր...
Մի՛ զարմացիր, եղբայրս: Այո՛, ա՛յս Անդրանիկին դու չես տեսել: Նա ծնվել է քո զոհվելուց երկու տարի հետո միայն և այսօր դեռ մեկուկես տարեկան է: Իր առաջին բառերն է թոթովում փոքրիկ Անդրանիկը, իսկ դու չես լսում, անհաղորդ ես այս ամենին ու անտարբեր, սակայն ոչ անմասն, որովիետև ամեն անգամ, երբ արտաբերում եմ նրա անունը` սիրտս կծկվում է ցավից, բայց և իսկույն զգաստանում եմ այն մտքից, որ թեկուզ գոնե այդպես` կարողանում եմ հաղորդակցվել քեզ հետ: Դու միշտ կաս, դու ապրում ես, ու ամեն օր կարողանում եմ զրուցել քեզ հետ` դիմելով այդ փոքրիկ արարածին:
Նա էլ, քեզ նման, ոսկեգանգուր է ծնվել, և, կներես, եթե ասեմ` ապրելու է քո փոխարեն: Ո՛չ, դու քո՛ կյանքն ունես: Օրը` օրին, տարին` տարուն գումարվելով ավելանալու է տարիքդ, սակայն միշտ մնալու ես 27-ամյա երիտասարդի դիմագծերով:
Նա ապրելու է ի՛ր կյանքով, բայց` անընդհատ հիշեցնելով քո գոյությունը...
Ներիր, եղբայրս: Ես ինքս ինձ հետ եմ խոսում: Իսկ դու հիշիր, որ կարևորը դիմանալն է: Դիմացիր բոլոր նկրտումներին, որ մեր դեմ նյութում է ոխերիմ թշնամին: Չգիտեմ` էլ ինչ գրեմ: Դու գրիր: Գրիր, որ լավ ես: Գրիր, որ ես էլ լավ լինեմ: Դու գրիր, որ ուրախ ես: Գրիր, որ ես էլ ուրախ լինեմ: Եվ շուտ վերադարձիր, որ նկարդ իջեցնեմ պատից` սիրտս թեթևանա, թե չէ` պատին նայել չեմ կարողանում...
...Հա, մոռացա ասել, որ Ալվարդն ամուսնացել է: Արդեն երեխա ունի: Տղա: Շա՜տ է երազել քո անունով կոչել նրան, որ միշտ իր կողքին լինես, չէ՞ որ քույրերի մեջ ամենաշատը նրան էիր սիրում:
- Նա ու եղբայրը` միշտ միասին,
- Թախծում է անվերջ եղբոր մասին,
- Իսկ եղբայրն` անմասն այս ամենին...
- Տխո՜ւր են անցնող օրերը սին:
Անուշիկն ու Արևիկը վերջերս միայն կարողացան գալ ռուսաստաններից:
- Հետամուտ էր Անուշիկին ցավը խելագար,
- Այն աստիճան` նույնիսկ եղբոր գերեզման չկար,
- Հեռուներում էլ չէր կարող, մի օր էլ եկավ,
- Գերեզմանից զոհված եղբոր կարոտը առավ...
- ...Արևիկն էլ է թախծում անվերջ,
- Եղբայրացավը կրում իր մեջ,
- Սակայն... մեկնել է հեռո՜ւ, հեռո՛ւ,
- Թվում է` էլ չենք հանդիպելու...
Եկան ու տեսան վերջապես երեք տարեկան գերեզմանդ: (Բայց դե` քույրեր են, չէ՞, նրանց արցունքներից երևի լճեր են գոյացել այնտեղ):
Իսկ Անահիտի մասին չեմ ասում...
- ...Միշտ թեքվում էր Անահիտը եղբոր սնարին,
- Օրորում էր, որ քնեցնի, բայց ինքն էր քնում,
- Հիմա քնած է եղբայրը, տե՛ս, քանի՜ տարի,
- Հիմա անհույս ցավից քրոջ քունը չի տանում...
...Դու նրան միշտ ես տեսնում` թեքված սնարիդ. մանուկ օրերից ես, չէ՞, նրա ուսերին եղել, մինչև մեծացել` տղամարդ ես դառել: Նա քեզ համար միայն քույր չէ` մայր էլ է եղել, դրա համար է, որ չի կարողանում հաշտվել հետդ` «այս ի՜նչ արիր»...
Եղբայրս, հայրիկն ու մայրիկը քո գնալուց հետո էլ ավելի են ծերացել...
- Նկարին է նայում որդու`
- Գուցե խոսի՞ մոր հետ թաքուն,
- Հայրը գիտե` որդին չկա,
- Ու... ծերանում են ակամա:
...Բայց դեռ դիմանում են, թեև ապրելը դժվարանում է...
Ուրիշ է՞լ ինչ գրեմ: Դու գրիր: Շուտ-շուտ: Երկու ազատ րոպե գտիր ու երկու տողում երկու բառով գրիր, որ լավ ես: ...Որ ես էլ լավ լինեմ: Այսքանը: Սպասում եմ:
- Անկեզ կարոտով`
- քո եղբայր ԱՐԻՍ
Հ.Գ.
Մի կշտամբիր ինձ, եղբայրս: Մի ասա, թե ավելի արժանիները կան:
Կան, իհարկե: Իսկ դո՞ւ ինչով ես պակաս նրանցից, ընդհակառակն` գուցե ինչ որ տեղ նաև ավելին ես արել, քան նրանք, ովքեր այսօր հերոսի դափնիներով են պսակված:
...Ծառայությունդ սկսել ես գյուղի ֆիդայական ջոկատի տղաների հետ, բոլորի աչքի առաջ ու բոլորն էլ տեսել են քո մարտական բարձր ոգին, պատրաստակամությունդ` ցանկացած հանձնարարության կատարման համար: Նույն ձևով ես դրսևորել քեզ հակատանկային դիվիզիոնում, «Ազատագրական բանակի» Վլադիմիր Բալայանի անվան ջոկատում, և, վերջապես, «Խալաստոյի» գումարտակում:
...Ամեն անգամ, երբ գյուղ եմ գնում, համագյուղացիները կշտամբում են ինձ.
— Ինչո՞ւ չես հետաքրքրվում,- ասում են,- Անդրանիկն իր արածի համար արժանի է կառավարական բարձրագույն պարգևի:
Իսկ ես, ի պատասխան, թոթվում եմ ուսերս.
— Ի՞նչ անեմ... Իսկ ո՞ւր են նրա մարտական ընկերները, մարտական կարևոր հանձնարարություններով նրան անընդհատ առաջին գծում պահող հրամանատարները...
...Ու թեև քո արածն ըստ արժանվույն չի գնահատվել, թեև չես արժանացել կառավարական բարձրագույն պարգևի` փույթ չէ, քանզի դու գիտեիր, որ անձնազոհության գնում ես ո՛չ հանուն փառքի, այլ` քո հայրենի երկրամասի ազատության ու անկախ գոյակցության համար: Իսկ ես այս գործին ձեռնամուխ եղա միայն ու միայն մոռացության մշուշը քո հիշատակից ցրելու նպատակով: Եվ քանի՜-քանի խիզախ քաջորդիներ, ովքեր հայրենիքի փրկության համար առանց երկմտելու զոհել են ամենաթանկը` կյանքը, այսօր հանիրավի մոռացության են մատնված: Նաև` անուշադրության: Նույնիսկ կան տղաներ, որոնց մասին երկու տող անգամ չի գրվել: Այդ գործում այսօր մեծ է մեր` ապրողների՛ս դերը, և մենք պե՛տք գտնվենք մեր բարձրության վրա, այլապես` վաղը ուշ է լինելու...
(...Ինչո՞ւ եղբորդ մասին մի տաք-տաք բան չես գրում` տպագրենք,- հուշում է թերթի խմբագիրը):
- 08.06.1997
- (Այսօր քո ծննդյան օրն է, եղբայրս: Այսօր դու 30 տարեկան ես: Այսօր էլ, ինչպես 30 տարի առաջ, ականջներիս մեջ զիլ-զանգ ծլնգում է Լիզա աքայի աղջկա զրնգուն ձայնը.
- — Մեր Լենան մի ոսկեգանգուր տղա է բերեե՜լ...
- ...Այսօր դու 30 տարեկան ես:
- Շնորհավոր ծնունդդ, եղբայրս)...