Մասնակից:Անունով խմբագիր/Ես իմ երկրի զինվորն եմ
Մեր բոլոր հաղթանակների սկիզբը
Որքան հեռանում ենք Արցախյան շարժման 1988-ի համաժողովրդական պոռթկման առաջին ամիսների իրադարձություններից, այնքան ավելի տեսանելի են դառնում այդ օրերի եռքը, ընդվզումը, հաջողություններն ու հիասթափությունները։
1960-ականներին անթեղված կայծը սկսեց բոցավառվել։ Արթնացավ արցախցիների հույսը, որ, թվում էր, հավերժական քնով էր քնել։ Թվո՞ւմ էր, թշնամիներին՝ գուցե, բայց արցախցի հայը երբեք իրեն չի զգացել Հայաստանից բաժան։
Եվ, ահա, բացախոսության ու հրապարակայնության պայմաններ ընձեռած վերակառուցումը կրկին հուսավառեց մարդկանց՝ պատմական սխալն ուղղելու առումով։ Սկսվել էր անխափան մի գործընթաց՝ ստորագրահավաք և խորհրդային իշխանության կենտրոնական մարմիններին՝ 1813 թվականին Արցախի պատմական Գյուլիստան գյուղում կնքված պայմանագրով Ռուսաստանին միացած, բայց չգիտես ինչու և ինչպես՝ 1921-ին ձեռքի մի թեթև շարժումով Ադրբեջան հորջորջվող նորաթուխ պետության տիրապետության տակ հայտնված Արցախի՝ Մայր Հայաստանին վերամիավորվելու արդարացի պահանջ ու խնդրանք պարունակող նամակների հեղեղ։ Այդ օրերին հավատում էինք (միամտաբա՞ր, թե՞ մեր ժողովրդին հատուկ հավատով) Մ.Գորբաչովի վերակառուցման ծրագրի, կոմունիստական կուսակցության ու լենինյան «վեհ գաղափարների», խորհրդային երկրի անպարտելի, անսասան կեցվածքի գաղափարական ու գործնական անբեկանելիությանը։ Վստահ էինք, որ պատմական արդարությունը կվերականգնվի, ու ժողովուրդն ազատ շունչ կքաշի։
Գուցե թե` հենց այդպես էլ ծնունդ առավ «Լենին-Պարտիա-Գորբաչով» կարգախոսը, որը հրապարակ էր հանում տասնյակ հազարավոր մարդկանց։ Այն մեզ խանդավառում էր, սակայն գնալով ավելի էր խորանում անդունդը երկու հարևան ժողովուրդների միջև։ Ավելին՝ սերմանվող թշնամանքը առճակատում, արյունահեղություն էր ակնկալում։
1988 թ. փետրվարի 8-17-ին Մոսկվայում էր գտնվում արցախահայության` 60 հազար ստորագրություններով դիմումբողոքները կենտրոն հասցրած հերթական պատվիրակությունը, իսկ Ստեփանակերտ էին ժամանել Բաքվի հերթական էմիսարները` Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար Վ.Կոնովալովը, Կենտկոմի բաժնի վարիչ Մ.Ասադովը, հանրապետական ՊԱԿի նախագահի տեղակալ Ի.Ամրանովը և ուրիշներ։ Նրանց առաքելությունը ոչ միայն ձախողվեց, ավելին՝ արժանի հակահարված ստացավ՝ կոնկրետ հիմնավորումներով։
ԼՂԻՄ խորհրդի 1988-ի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի պատմական որոշումը հենց հաջորդ օրը տպագրվեց «Սովետական Ղարաբաղ» և «Սովետսկի Կարաբախ» մարզային թերթերում։ Արցախահայության ոգևորությանը չափ ու սահման չկար. վերջապես իրականացավ վաղեմի երազանքը։ Բայց նույն՝ փետրվարի 21-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի հապճեպ ընդունած որոշումը, մեղմ ասած, սառը ցնցուղի դեր կատարեց։ Դրան գումարվեցին ադրբեջանական բազմահազարանոց խուժանի փետրվարի 22-ի հարձակումը Ասկերանի վրա, փետրվարի 27-29-ի սումգայիթյան եղեռնագործությունը։
Փետրվարի 20-ին հաջորդած օրերի ընթացքը հասկանալ տվեց մի շատ պարզ ճշմարտություն՝ ԼՂԻՄ խորհրդի նստաշրջանի ընդունած որոշումը դեռևս գործելու հստակ մեխանիզմ չուներ, իսկ Ստեփանակերտում (մարզում՝ ընդհանրապես), բնակչության մեծամասնությունը դեռ հեռու էր հարցն ուժի դիրքերից լուծելու մտքից։ Բայց 1988-ի փետրվար ամսվա իրադարձությունների համապատկերի վրա արդեն իսկ պարզ ուրվագծվեց Արցախյան շարժման հետագա ընթացքի ողջ նկարագիրը՝ խաղաղ ցույցեր, իրավական գործընթացներ և ռազմական ուժի կիրառում։ Ադրբեջանն իրականում ցուցադրեց եղեռնագործի իր իսկական դեմքը։ Մարդիկ հասկացան, որ արդար պահանջով հարցին լուծում չի տրվի։ Պետք էր պատրաստվել, զենք ու զինամթերք հայթայթել։ Իսկ հավատավոր ժողովուրդը, որ մի քանի օր առաջ համաժողովրդական հանրահավաքում նստաշրջան էր պահանջում, մի պահ ասես ընկրկեց՝ մի՞թե գործադիր մարմնի ընդունած որոշումն անկիրարկելի է առանց կուսակցական մարմնի լիազորման։
Ամեն դեպքում, 1988-ի փետրվարը մեր կյանքում շատ բան փոխեց։ Եվ՝ հիմնովին։ 1988-ը տակնուվրա արեց ամեն ինչ, փորձեց խորհուրդների երկրի ամրությունը և պարզեց իր համար շատ կարևոր մի բան՝ ամուլ ու անգործունակ է այն, ինչը ստի ու խաբեության վրա է հիմնված։ Եվ՝ մասնատվեց։ Իսկ «մասնատված հատվածներն» այլևս իրար լեզու չէին հասկանում։ Հասկանալին հրազենի լեզուն մնաց։ Ադրբեջանցիները կարծում էին, թե խորհրդային կայսրությունից այնքան զենք ու զինամթերք են հափշտակել, որ կարող են ղարաբաղներ ծնկի բերել։ Առաջինն այդ հարվածի «զորությունն» իր վրա զգաց Ասկերանը, հետո այն տեղափոխվեց Գետաշենի ենթաշրջան, Շահումյան ու Հադրութ։ Եվ հենց Ասկերանի վրա ադրբեջանցիների կողմից ձեռնարկված արշավի ընթացքում պարզ դարձավ Ադրբեջանի հրեշավոր պլանների ի սկզբանե ձախողված լինելը, որովհետև հաշվի չի առնվել ամենակարևոր զենքը՝ մարդկային ոգու ու տոկունության գործոնը։ Արցախի հայությունը հասկացավ, որ ուժին պետք է ուժով պատասխանել։ Զենք վերցրին բոլորը՝ մոռացած ամեն ինչ, և նրանց բոլորի ձգտումները մեկ նպատակակետի էին միտված՝ ազատություն կամ մահ։
1988-ի փետրվարի 22-ով սկսված պարտությունը ադրբեջանցիների համար շարունակվեց մինչև 1994-ի մայիսյան հրադադարը...
1988-ի փետրվարը մեր հետագա բոլոր հաղթանակների սկիզբը դարձավ...
Մոնթե երևույթը՝ առեղծվածային ու իրական
Նա եկավ,որ մշտապես մնա մեզ հետ
Մի քանի տողով...
Մոնթե Չարլզի (Կարապետի) Մելքոնյանը ծնվել է 1957-ի նոյեմբերի 25-ին, ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Վայսելիա քաղաքում։ 1978-ին ավարտել է Բըրքլիի համալսարանն ու հեռացել Միացյալ Նահանգներից։ 1980-ի մայիսին անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ՀԱՀԳԲ)՝ մասնակցել է Սփյուռքում տարվող ազատագրական պայքարին։ Հետագայում քաղաքական լուրջ տարաձայնությունների պատճառով հեոացել է ՀԱՀԳԲ-ից և մի խումբ համախոհների հետ հիմնել «ՀԱՀԳԲՀեղափոխական շարժում» կազմակերպությունը։
Երկար տարիներ եղել է ընդհատակում ու բանտերում։
1990-ից Արցախում էր ու մինչև կյանքի վերջին օրը (1993-ի հունիսի 12-ի չարաբաստիկ առավոտը) պայքարել է Արցախի ազատության ձեռքբերման համար։
Արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» և «Արցախի հերոս» բարձրագույն կոչումների, պարգևատրվել Հայրենիքի (ՀՀ), «Ոսկե արծիվ» (ԼՂՀ), «Մարտական խաչ» (ԼՂՀ) առաջին աստիճանի շքանշաններով։
Ինչո՞ւ տարաձայնություններ,և այն էլ՝լուրջ
Հեռանալով Միացյալ Նահանգներից, Մոնթե Մելքոնյանն իրեն նվիրեց ազատագրական պայքարին՝ անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին, որր գործում էր 1975ի հունվարից ի վեր։ Սակայն 1983ի հուլիսի 15ին ՀԱՀԳԲ-ն երկփեղկվեց, ծագած հակասություններն այլևս հնարավոր չէր հանդուրժել, և Մոնթե Մելքոնյանի ու իր համախոհների համառ ջանքերով ստեղծվեց նոր՝ «ՀԱՀԳԲ-Հեղափոխական շարժում» կազմակերպությունը։
Իսկ ինչի՞ հետևանք էին հակասությունները։ Նախ՝ հայ ժողովուրդը գրեթե անտեղյակ էր այդ կազմակերպության (ՀԱՀԳԲ-ի) գործունեությանն ու գործելակերպին, և գաղտնիության քողի տակ իրականացվում էին ռազմական ծայրահեղ արարքներ, որոնց վառ օրինակներն են 1981-ի հունիսի 9ի դեպքից հետո Շվեյցարիայում կատարված գործողությունները, 1981-ի նոյեմբերից մինչև 1982-ի ամառը «Օրլի» օղանավակայանում և այլ վայրերում, 1982ի հոկտեմբերնոյեմբերին Փարիզի մարդաշատ ռեստորանների սրահներում իրականացված ջարդարար ականահարումները։ Դրանք նյութական վնաս պատճառելով հանդերձ, նաև շատ անմեղ մարդկանց արյուն ոթեցին։ Իսկ այդպիսի իրավիճակը երկար շարունակվել չէր կարող, թեև կազմակերպաթյան անդամներր համարյա վերածվել էին պատանդների և անվերապահորեն պետք է կատարեին բոլոր հանձնարարությունները, չհնազանդվելու դեպքում նրանց գնդակահարություն էր սպասվում։
1981-ի նոյեմբերի 11-ին Փարիզի «Օրլի» միջազգային օդանավակայանում Մոնթե Մելքոնյանի ձերբակալությունից հետո ՀԱՀԳԲ-ի հեղինակության վայրէջքն արագացավ։ Դրան խթան հանդիսացավ հատկապես այն հանգամանքը, որ Մոնթեի ձերբակալությունը տեղի ունեցավ այսպիսի մի ժամանակաշրջանում, երբ ֆրանսիական կառավարության քաղաքականությունը գործնականում արդեն հակադրված էր հայ ազգային զգացումներին։ Ու թեև նույն թվականի դեկտեմբերի 9ին Մոնթեն ազատ արձակվեց, սակայն կազմակերպության շատ անդամներ արդեն կորցրել էին նախկին խանդավառությունը։
«ՀԱՀԳԲ-Հեղափոխական շարժման» ստեղծման հետ վերափոխվեց մթնոլորտը և 1983-ի հուլիս-օգոստոսից հետո կազմակերպաթյունը մտավ գործունեության մի նոր փուլ, ուր բազում պարտականությունների մեջ թիվ մեկն էր համարվում հայ ժողովրդի հայրենասիրական պայքարը հաստատուն հիմքերի վրա դնելը։
1985-ի նոյեմբերի 28-ին ֆրանսիական ոստիկանության հակահետախուզական մարմինների կողմից «ՀԱՀԳԲՀեղափոխական շարժման» ղեկավար Մոնթե Մելքոնյանր կրկին ձերբակալվեց ու դատապարտվեց վեցամյա ազատազրկման։ Բանտում մնաց մինչև 1989ի փետրվարի 5ը, իսկ ազատվելուց հետո արտաքսվեց Եմեն։ 1990ին, գործադրված բազում ջանքերի շնորհիվ, կարողացավ րնկնել Հայաստան, իսկ այնտեղից՝ Արցախ, որովհետև զգում էր, որ այստեղ իր կարիքն ավելի շատ է զգացվում։ Քանզի Արցախում է հայության դարակազմիկ ճակատամարտն իրականացվում։ Զորօրինակ, իր իսկ բառերով ասած. «Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք մեր ժողովրդի պատմության վերջին էջը»։
Վերջին մարտը
1993ի հունիսի 12. վաղ առավոտյան Մարտունու ինքնապաշտպանական ուժերը սկսեցին շրջակա ադրբեջանաբնակ գյուղերում (Մարզիլու, Նովրուզլու, Յուսիֆջանլու, Քյամանդինլի, Բաղմանլար, Սայբալու, Իսմայիլբեյլի, Շխբաբալու, Մուղանլու, Շելլի) տեղակայված թշնամական կրակակետերի վնասազերծման նոր ռազմագործողություն։ Ամեն ինչ բավական հաջող էր ընթանում, և կեսօրին մոտ ռազմագործողությունն արդեն ավարտված էր։ Մոնթե Մելքոնյանն իր զինակիցների՝ Կոմիտաս Ավանեսյանի, Սարիբեկ Մարտիրոսյանի, Սարո Երեմյանի, Գևորգ Քամալյանի ու Հովիկ Ջիվանյանի հետ «ուազիկով» մտան Մարզիլու՝ տարածքը զննելու և նոր դիրքերի տեղերը որոշելու նպատակով։ Հանկարծ զրահամեքենա նկատեցին, որը կանգնած էր մոտ 3040 մետր հեռավորության վրա՝ շրջապատված զինվորներով։ «Ուազիկը» կանգնեց։ Ի՞նչ անել։ Կոմիտասը ադրբեջանական զինվորական համազգեստով էր, ուստի, իսկույն դուրս եկավ մեքենայից և շարժվելով զրահամեքենայի ուղղությամբ, ադրբեջաներեն հարցրեց նրանց ով լինելր։ Հարցնելու պահին էլ զգաց, որ հակառակորդ բանակի զինվորներ են ու սկսեց կրակելով ետ քաշվել։ Մերոնք դիրքավորվեցին։ Թշնամի ավտոմատավորները սկսեցին «սանրել» տարածքը։ Նրանց կցվեց նաև զրահամեքենայի խոշոր տրամաչափի գնդացիրը։ Երկրորդ կրակահերթի ժամանակ բեկորի մի մեծ կտոր մխրճվեց Մոնթեի գլխի մեջ։ Կոմիտասը, Սարիբեկը, Սարոն, Գևորգը ևս վիրավորվեցին։ Հովիկը գրկել էր Մոնթեին ու ռադիոկապով օգնություն էր խնդրում. «ՕՕ-ն չկա»։ Եվ դիրքավորված շարունակում էին դիմադրել, մինչև օգնության են հասնում։ Արյունաքամված Սարիբեկ Մարտիրոսյանր մահացավ հոսպիտալի ճանապարհին...
Եվ՝ ամենավերջում...
...Նա եկավ։
Եկավ ու մնաց մեզ հետ։
Մշտապես։
Նրանց՝ Մոնթե Մելքոնյանը, մեր՝ Ավոն։
Եկավ ու դարձավ մերը։
Մեր ամենաամենան։
Մեր հերոսագույն հերոսը...
«Մարտիկ» թերթ, 1997 թ., No 48 (242), էջ 3
Մոնթե երևույթը՝ առեղծվածային ու իրական 1
Երկխոսություն Մարտիրոս Ժամկոչյանի հետ
Ամեն տարի հունիսի 12-ին մոնթեապաշտ ժողովուրդն իր հարգանքի տուրքն է մատուցում սիրված զորավարին՝ նահատակության հերթական տարելիցի կապակցությամբ։ Արարողությանը ներկա են լինում նաև Մոնթե Մելքոնյանի գաղափարի ու զինյալ պայքարի ընկերները՝ Մարտիրոս Ժամկոչյանը, Աշոտ Շմավոնյանը և Հովհաննես Շաղուկյանը, ուրիշներ, ովքեր եկան Մոնթեի ետևից ու նրա հետ շարունակեցին Հայ Դատի նորօրյա Ազատամարտը։
Ա.Ա. - Սկսենք հենց Գուրգեն Յանիկյանի արարքից*, որը հայկական պահանջատիրության մերօրյա փուլի հիմնաքարը դարձավ։
Մ.Ժ. - Յանիկյանի արարքը, որը տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում, զինյալ պայքարի, ազատագրական պայքարի հուժկու կոչ էր, և ժողովուրդը սթափվեց։ Տղերքը, ում մեջ դեռ զգացվում էր ազգային ոգու կանչը՝ համախմբվեցին մեկ հիմնական նպատակի շուրջ։ Գուրգենը մեր սերնդի համար դրոշ եղավ, մեզ աոաջնորդեց զինյալ պայքարի ողջ ընթացքում՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ) շարքերում։ Գաղտնի բանակն ստեղծվեց 1975-ին, բայց ես դրանից առաջ էլ արդեն հետաքրքրվում էի նման բաներով։ Գաղտնի բանակը մեր իդեալին համարյա մոտ մի բան էր, նախ հագեցրինք մեր հետաքրքրասիրությունը, հետո անդամագրվեցինք ես ու Մոնթեն, գրեթե միաժամանակ, 1980ական թվականների սկզբին։
Ա.Ա. - Հետո հայտնվեցիր Շվեյցարիայում, հայտնի են հունիսի 9ի դեպքն ու նրա հետևանքները։ Այդ մասին ավելի կոնկրետանա՞նք։
Մ.Ժ. - Խնդրեմ։ 1981ի հունիսի 9ի դեպքը, որը տեղի ունեցավ Ժնև քաղաքում, իմ հերթական առաջադրանքն էր, իսկ արդյունքում սպանվեց Շվեյցարիայի թուրքական հյուպատոսարանի քարտուղար Մեհմեդ Սավաշ Երգյուզը։
Ա.Ա. - Անմիջապե՞ս ձերբակալվեցիր, թե՞...
Մ.Ժ. - Անմիջապես շրջապատման մեջ ընկա և մի քանի րոպեի ընթացքում ձերբակալվեցի։ Դատապարտվեցի 15 տարվա ազատազրկման։ Բանտից դուրս եկա 10 տարի անց։ 10 տարի շարունակ մեկուսացված էի մի մենախցում, օրական մեկ ժամվա զբոսանքով։
Ա.Ա. - Մոնթեի հետ գաղտնի բանակո՞ւմ ծանոթացար, թե՞ ավելի վաղուց գիտեիք իրար։
Մ.Ժ. - Մոնթեի հետ մոտիկ էի Լիբանանից։ 1978ին, երբ դեռ նոր էր եկել Բեյրութ, հայերեն բոլորովին չգիտեր, բայց զգում էր, գիտեր հայության մասին։ Ու թեև հայկական շրջանում էր ապրում, լիովին ամերիկախոս էր, հայության հետ բոլորովին շփումներ չուներ։ Բեյրութում ցանկություն հայտնեց հայերեն սովորել։ Հայերի հետ շփվելով, դպրոց հաճախելով կամացկամաց սկսեց տիրապետել մայրենի լեզվին։ Այդ ժամանակից էլ սկսեցինք միասին քաղաքական աշխատանքներ կատարել։
Ա.Ա. - Հայտնի է, որ Սփյուռքում ազգային ավանդական կուսակցությունների ազդեցության ոլորտը մեծ է. Մոնթեն ներգրավվա՞ծ էր որևէ ազգային կուսակցության շարքերում։
Մ.Ժ. - Ամենևին։ Մոնթեն ոչ մի ժամանակ ոչ մի կուսակցության չի պատկանել։ Նա ոչ միայն խոսքով, գործով էր ապացուցում, որ իր կուսակցությունն իր Հայրենիքն է։ Գաղափարախոսն էր մի ամբողջ զինյալ պայքարի։
Լիբանանյան պատերազմի ժամանակ հայկական ջոկատների մեջ մտավ, ու թեև դաշնակների, հնչակների, մյուսների հետ էր կռվում, անընդհատ փորձում էր նրանց համոզել, որ ծառայեն միայն մեկ նպատակի, ոչ թե կուսակցական նեղ շահերին գերի մնան, այլ միշտ հետամուտ լինեն ազգային մեկ հիմնական նպատակի իրագործման։
Ա.Ա. - Ինչպիսի՞ կառույց էր այն ժամանակվա ՀԱՀԳԲն։
Մ.Ժ. - Գաղտնի բանակը կուսակցություն չէր, այլ մի կազմակերպություն, որն իր շարքերում և° դաշնակներ ուներ, և° հնչակներ, և° ռամկավարազատականներ։
Ա.Ա. - Իսկ ինչպիսի՞ բնորոշում կարող եք տալ այդ կազմակերպության գործունեությանը, այն վրիժառությո՞ւն կարելի է անվանել, ահաբեկչությո՞ւն. թե՞ նման մի այլ բան։
Մ.Ժ. - Ես կասեի՝ պատմական ճշմարտության վերհանմանը միտված գործողությունների մի հստակ ծրագիր էր դրված այդ կազմակերպության գործունեության հիմքում։
Ա.Ա. - Որը հետագայում զգալիորեն աղավաղվե՞ց։
Մ.Ժ. - Բայց որ այդ շարժումը մարդկանց մեջ եռանդ մտցրեց՝ դա փաստ է։ Այն ժամանակ Լիբանանում, ինչպես այսօր Հայաստանում, բնակչության մի մասը բիզնեսով էր զբաղվում, մյուսը առօրյա հոգսերով էր ծանրաբեռնված, բայց գաղափարը համախմբեց մարդկանց, նպատակը որոշակիացավ. դարասկզբին կորցրածը վերագտնելու հույսի (թույլ, բայց կենսունակ) շող արթնացավ մարդկանց սրտերում։ Գաղտնի բանակի գործունեությունը միևնույն ժամանակ զարմացնում էր մարդկանց, որոնք կարծում էին, թե դա մի քանի հոգու (խմբի, լավագույն դեպքում՝ խմբավորման) գործ է երևի։ Բայց կուսակցությունների մեջ պառակտում ստեղծեց շարժումը՝ Լիբանանից մինչև Միջին Արևելք ու Եվրոպա։ Իսկ չափից ավելի գաղտնիության պայմաններում մենք բոլորովին անճանաչելի էինք։ Պետք էլ չէր, որ մեզ ճանաչեն, քանի որ վտանգավոր էր։ Կային տղաներ, ովքեր մեզ նման էին մտածում ու գործում, և ուզում էին մեր շարքերում լինել, բայց մեր «տեղը» դժվարանում էին գտնել։
Ա.Ա. - Մոնթեն ո՞նց ընկայեց Ղարաբաղյան շարժումը։
Մ.Ժ. - Ազգային հարցերի շուրջ մեր զրույցները դեռևս Լիբանանում են սկսվել, Ղարաբաղյան շարժման փաստացի «մեկնարկից» շուրջ մեկ տասնամյակ առաջ։
Ա.Ա. - Այսինքն՝ 1978-ին։
Մ.Ժ. - Այո։ Ես անգլերեն գիտեի այն ժամանակ։ Մոնթեն իր զրույցը պատմական Հայաստանի շուրջ էր ծավալում, հետո առնչվում էինք Սովետական Հայաստանին։ Զրույցի ժամանակ խոսք էր լինում նաև մեկուսացված շրջանների (Ղարաբաղ, Նախիջևան) մասին։ Մոնթեն մեզ համար դասախոս էր, Հայաստանից անջատված շրջանների մասին բացատրություններ էր տալիս, փաստերով պարզաբանումշեշտում այդ տարածքների բնիկ հայկական լինելը։ Մեր զրույցները շարունակվեցին նաև իմ բանտարկվելուց հետո։ Մոնթեի հետ կապ էի հաստատել, ու թեև բանտում ինչ ընդունվում՝ մանրակրկիտ ստուգվում էր (հատկապես՝ գաղտնի բանակից ստացվող նամակները), այնուամենայնիվ, հաջողվում էր Մոնթեից տեղեկություն ստանալ։ Ես գաղտնի անուն ունեի, երբ այդ անունն էր տրվում, գիտեի, որ Մոնթեից է գրություն ստացվել։ Դա 89ին էր, երբ Մոնթեն նոր էր ազատվել բանտից (երկրորդ բանտարկությունից հետո) ու դեռ Հայաստան չէր հասել։ Գրության մեջ բառացիորեն ասվում էր հետևյալը. «Մարտիրոս, եթե քեզ հաջողվի ազատվել բանտից, հարցնելու են, թե որ երկիրն ես ուզում գնալ։ Տե°ս չսխալվես, անպայման ասա՝ Հայաստան»։ Մոնթեն Հայաստան եկավ 1990ի վերջերին, ես՝ մի քիչ ուշ, 1991ի կեսերին, հունիսի 12ին բանտից ազատվելուց անմիջապես հետո։
Ա.Ա. - Ամեն ի՞նչ հարթ ստացվեց. խոսքս Մոնթեի «հրահանգի» մասին է։
Մ.Ժ. - Ոչ այնքան։ Հենց սկզբից մերժում ստացա. «Դու Հայաստանի քաղաքացի չես, լիբանանցի ես», ասացին։ Ինչոր հարցեր կային փաստաթղթերի վերաբերյալ, նաև բաներ, որ այսօրվա դրությամբ չեմ կարող ասել։ Բայց Մոնթեի խորհրդով որոշեցի Հայաստան գալ ու ստացվեց։ Եվ` էլի Մոնթեի օգնությամբ։ 1991ի հունիսի 26ին հասա Երևան։
Ա.Ա. - Մոնթեն սպասո՞ւմ էր։
Մ.Ժ. - Այո, օղանավակայան եկավ, դիմավորեց ինձ` մի քանի տղերքի հետ, որոնք ևս այսօր չկան, զոհվեցին Արցախյան պատերազմում։ Այն ժամանակ դեռ Հայաստանն անկախացած չէր, հարցեր ծագեցին, Մոնթեն ամեն ինչ իր վրա վերցրեց։
Ա.Ա. - Արցախյան խաղաղ շարժումն արդեն զինված հակամարտության էր վերածվել, ու ձեր երկուսի հետագա ճանապարհը երևի թե պարզից էլ պարզ էր, չէ՞։
Մ.Ժ. - Բա ո՞նց։ Միասին Շահումյան գնացինք։ 1991ին։ Ղարաչինար հասանք, մասնակցեցինք Էրքեջում, Բուզլուխում, Մանաշիդում մղված մարտերին, Թոդանի կռիվներին, Ղարաչինարի ճակատում եղանք, Թալիշի կողմերում։ Ասեմ նաև, որ մինչև իմ Հայաստան հասնելը, Մոնթեն արդեն լրիվ ծանոթացել էր իրավիճակին, մի քանի անգամ եղել Տաուշի սահմանամերձ գոտում։ Իսկ երբ վերջապես ստեղծեցինք մեր մարտական խումբը՝ «Հայ մարտիկները», եկանք Ղարաբաղ, թեև որոշ ժամանակ հետո ստիպված պիտի թողնեինք Շահումյանն ու Երևան վերադառնայինք։ Դե, հրաման էր, պարտավոր էինք ենթարկվել։ Իհարկե, Երևանում երկար չմնացինք։ Մենք Վազգեն Սարգսյանի հրամանատարության ներքո էինք գործում, հետևապես և միայն նրանից էինք հրամաններ ստանում ու կատարում։ Եվ ահա, հերթական հրամանով տեղափոխվեցինք Մարտունի։ Բայց երբ 17 հոգով իջանք Մարտանիում, հրթիռակոծության սարսափ ապրած ժողովուրդը զարմացավ. «Սրանք խենթեր են, միայն ավտոմատով ի՞նչ կարող են անել»։
Ա.Ա. - Այո, թուրքերը լավ էին զինված, բայց հրաձգային զենքից առավել ուժեղ զենք է ոգին, հավատը։ Կարողացա՞ք ժողովրդին հավատ ներշնչել, համոզել։
Մ.Ժ. - Իրար պիտի լիովին հավատայինք ու վստահեինք, այլապես՝ հաջողության չէինք հասնի։ Մարդիկ խուճապի մեջ էին, ուզում էին գլուխներն ազատել։ Մոնթեն գալիս՝ մեկմեկ զրուցում էր հետները, իսկ պատրաստի պատասխանները կային։ Կանանց ու մայրերի հետ առանձին էր զրուցում։ «Քո տղան որտե՞ղ է,–հարցնում էր ու ինքն էլ պատասխանամ,–Ռուսաստանո°ւմ։ Չե՞ս ուզում քո շրջանն ազատագրվի։ Եթե մենք այստեղ ենք, նա էլ պիտի այստեղ լինի, համոզիր, թող գա։ Թե չէ՝ դու արի մեզ հետ»։ Ու գալիս էին։ Տղամարդիկ (մեծահասակները) խրամատներ էին փորում, կանայք ճաշ էին պատրաստում, օգնում՝ ինչով կարող էին։ Հավատում էին արդեն։ Թեև կային նաև այնպիսիները, որ հակասում էին մեզ, մեղմ ասած, դժգոհ էին ձեռնարկվող աշխատանքներից, բայց մենք միշտ էլ հանդուրժել ենք նրանց, ու մեր գործն արել։
Ամեն դեպքում, մեր աջակիցներն ավելի շատ էին, քան չարեկամները, այլապես՝ դժվար թե որևէ հաջողության հասնեինք։ Գյուղ առ գյուղ մաքրեցինք մեր հողը, Ստեփանակերտի հետ կապող ճանապարհը բացեցինք, հետո՝ հարևան շրջանների հետ կապ հաստատեցինք։
Ա.Ա. - Փաստորեն, Մարտունու տափաստանային մի որոշ հատված մնաց հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում, իսկ բնակավայրերն, ընդհանրապես, զերծ մնացին թշնամական ասպատակություններից, չհաշված՝ հեռահար հրթիռահրետակոծությունների ավերածությունները։
Մ.Ժ. - Առանց Մոնթեի՝ հեշտ կվերցնեին։ Մոնթեի նպատակն էր՝ խորանալ վնասազերծվող տարածքներում, դրանով իսկ՝ հակառակորդի հետ շփման գիծը հեռացնել հայկական բնակավայրերից։ Այդպես էլ արեց։
Ա.Ա. - Շահումյանի անկումը, Մարտակերտի շրջանի զգալի տարածքի կորուստը երևի ծանր տարավ Մոնթեն։
Մ.Ժ. - Այո։ Մոնթեն շատ վատ էր զգում իրեն այդ ժամանակ։ Անընդհատ կրկնում էր. «Ինչո՞ւ թողեցինք Շահումյանը, ինչո՞ւ հեռացանք»։ Բայց դա մեր ուզելով չէր, մենք ընդամենը հրաման կատարողներ էինք։
Ա.Ա. - Բայց Մոնթեն կուզե՞ր նորից վերադառնալ Շահումյան։
Մ.Ժ. - Մոնթեն կուզենա՜ր, շատ։ Քելբաջարում Մոնթեի հետ միասին էինք։ Սարից նայում էր ու... այնքա՜ն մոտիկ էր թվում, բայց մեր ձեռքում չէր Շահումյանը, սիրտը ճմլվում էր։ Ասում էր. «Էսա, ստեղա, ի՞նչ էր եղել որ, կրնայինք ետ առնիլ»։ Բայց ամեն գործողություն փուլ առ փուլ էր իրականացվում, ծրագրված, ու մենք այս անգամ էլ հրաման ստացանք տեղափոխվել Լաչինի ճակատ, այնուհետև՝ ավելի հարավ։
Իսկ Շահումյանում կռվելու ցանկություն միշտ էլ ուներ Մոնթեն։ Բայց պիտի ասեմ, որ երբեք 100 տոկոսով իր ուզածի պես չի եղել, թեև մեկմեկ հաճախ նաև համընկել է։ Այդուհանդերձ, հիասթափված չի եղել։ Կարող է՝ եղել են ժամանակներ, երբ նաև հիասթափության պահեր է ապրել, բայց կարողացել է հաղթահարել նման ցանկացած դրսևորում։ Ուրիշ մեկն ու մեկը, ես շատ զինյալ տղերք եմ տեսել, կռվողբան՝ հիասթափվում էին, երբ իրենց ուզածով չէր լինում, ու՝ վերջ։ Իսկ Մոնթեն՝ իր ուզածով չեղավ՝ կհամոզի ու այնպես կանի, որ ձեռնարկած գործը լավ շարունակություն կստանա։
Ա.Ա. - Մինչև ե՞րբ եք միասին եղել, մինչև վե՞րջ։
Մ.Ժ. - Մինչև վերջ։ Բայց նահատակվելու օրը հետը չէի։ Գալիսգնում էի։ Ես, ընդհանրապես, Մոնթեի «թիկունքն» էի, միշտ կապի մեջ էի Մոնթեի հետ, Սեդայի հետ։
Ա.Ա. - Մոնթեն, դեռ կենդանության օրոք, ժողովրդի համար առասպելական հերոս էր, այդպիսին էլ մնաց։ ժողովուրդն Ավո էր կոչում նրան։ Ի դեպ, երբվանի՞ց է Մոնթեն Ավո։
Մ.Ժ. - Մոնթեն Ավո օծվեց, ես էլ՝ Գրիշա։ Շահումյանում։ 1991ին։ Չուզեցինք, որ մեր անունները հայտնի դառնան։ Ուզեցի իմանալ, թե ինչ ասել է Գրիշա, ասացին՝ Գրիգոր։ Հասկացա և ընդունեցի։
Ա.Ա. - Դե, քանի որ կրկին Շահումյան «վերադարձանք»՝ մի հարց ևս այդ առնչությամբ։ Եթե մնայիք այնտեղ, երևի ոչինչ չպատահե՞ր Շահումյանի գյուղերի հետ։
Մ.Ժ. - Ասեմ քեզ, Շահումյանի որոշ բնակիչներ մի քիչ այն չէին, ինչ Մարտունիում։ Ի դեպ, Մարտունիում մենք այնքան էլ դժվարություն չունեցանք։ Երբ արդեն առաջին հարվածը հասցրինք ու դեպի Ստեփանակերտ ճանապարհը բացվեց, մարդիկ սկսեցին հավատալ, արդեն մտածում էին ոչ թե փախչելու մասին, այլ մնալու, կռվելու ու հաղթելու վճռականություն ստացան։ Բայց Շահումյանում այլ էր։ Երբ մի քիչ խստություն էինք անում, չէինք թողնում փախչեն, տեղացիներն ասում էին «նեմեց» են սրանք։ Չէին ուզում մի քայլ անգամ առաջ գնալ։ Նույնիսկ շատ դեպքերում նույնիսկ խոչընդոտում էին, խտրական վերաբերմունք ցուցաբերում։ Չէի ասի՝ կուսակցական ամբիցիաներ էին, բայց նույնիսկ որոշ միջադեպեր էլ եղան։
Մենք այն ժամանակ կարգին զենքեր էլ չունեինք, բայց փորձում էինք բերել։ Սովետական բանակից թեկուզ մի փամփուշտ ձեռք բերելը մեծ պատմություն էր, բայց անում էինք։ Ես իմ գումարներով, որ վաստակել էի բանտում գտնվելու ժամանակ, զենքեր էի առել Շահումյան մեկնելուց առաջ։
Ա.Ա. - Ինչպե՞ս ընդունեցիք Մոնթեի նահատակության լուրը։
Մ.Ժ. - Մոնթեի մահը մեզ համար շատ մեծ վիշտ էր։ Մեծ էր այն առումով, որ շատ գործեր կիսատ թողեց։ Ողջ մնար՝ ինչե՜ր կաներ։
Ա.Ա. - Ժողովուրդն էլ հուսալքվեց Մոնթեի մահով։ Մոնթեի արածը գնահատվում էր ժոդովրդի կողմից և բոլոր հաջողությունները կամաակամա նրան էր վերագրվում։ Բայց մի ժամանակ շատ էին պատմվում առեղծվածներ, հորինվածքներ, որոնք առնչվում էին նաև Մոնթեի նահատակությանը։ Այդ մասին երևի թե կոնկրետ կարծիք ունեք։
Մ.Ժ. - Ամեն մարդ, ով չի տեսել այդ ամենը, մի բան երևի թե կհորինի։ Ես ասացի, որ այդ պահին հետը չէի, բայց գոնե ինձ համար պիտի պարզեի ողջ իսկությունը։ Եղել եմ տեղում, ստուգել, տեսել և հավատացել եմ, որ նա զոհվել է բեկորային վնասվածքի հետևանքով։ Եթե Մոնթեն մենակ լիներ, որոշակի կասկածներ կունենայի, բայց նրա հետ էին Ճարտարի Հովիկը, Սարիբեկը, Սարոն, Կոմիտասը, Գևորգը։ Մոնթեն զոհվեց անմիջապես, Սարիբեկը մինչև վերջ կռվեց, հանգավ հոսպիտալի ճանապարհին, Գևորգը, Սարոն, Հովիկը վիրավորվեցին։ Երևանում միշտ էլ այդ զրույցը եղել է։ Իմանալով, որ մոտիկ եմ եղել Մոնթեի հետ, հարցնում էին՝ ի՞նչ ես կարծում, Մոնթեին սպանե՞լ են։ Ես հարցին հարցով էի պատասխանում՝ իսկ դու ի՞նչ ես կարծում։ Բա՝ մարդիկ խոսում են։ Բոլորն էլ կարող են բամբասել, բայց ձեռքի տակ փաստացի ապացույց պիտի ունենալ, չէ՞։
Ես իմ անձնական հետաքննությունը տարել եմ, զրուցել եմ Կոմիտասի, մյուսների հետ, մի 10 անգամ Լիոն եմ գնացել, հետքերով, ստուգել բոլոր կապերը և համապատասխան հետևության հանգնել։
Ես Մոնթեին միշտ հակառակ եմ եղել մի բանում, որի հետևանքով հաճախ նեղացել ենք իրարից։ Ասում եմ՝ Մոնթե, դու հրամանատար ես, թող տղերքը գործ անեն, իսկ դու հեռվից նայիր և հրամաններ տուր։ Բայց՝ չէր դիմանում։ Ասում է՝ գնամ տեսնեմ ինչ են անում։ Իսկ այս անգամը՝ ճակատագրական եղավ։
Ա.Ա. - Թուրքերը հասկացա՞ն իրենց արածը։
Մ.Ժ. - Ամենևին։ Հովիկը ռացիայով ասաց, որ 00ն այլևս չկա։ Դրանից հետո միայն պաշտոնապես հայտարարվեց, որ Մոնթեն նահատակվել է։ Ա.Ա. - Բայց որտե՞ղ կուզեր հանգչել Մոնթեն։
Մ.Ժ. - Քեզ մի բան ասեմ։ Մի անգամ, երբ դեռ նոր էի եկել Հայաստան, Եռաբլուբում թաղման արարողություն էր, գնացինք միասին։ Այսպիսի մի խոսակցություն եղավ մեր միջև։ Ասացի. «Եթե Աստված չանի, մի բան պատահի, կուզենայի՞ր այստեղ թաղվել»։ «Չէ մի,–ասաց,–ես մեռելապաշտ չեմ։ Ավելի լավ կանեք՝ իմ դիակը վառեք, մոխիրը լցնեք մի ծառի տակ ու ջրեք։ Թող սնվի, աճի»։ Միշտ ասում էր՝ ինչի՞ է պետք այդքան ծախսերը, բաները։ Ասում եմ՝ Մոնթե, դա ավանդույթ է, դարերի խորքից է գալիս, չես կարող մեկերկու օրում վերացնել։ Թաղում չէր սիրում, շռայլություն չէր սիրում։
Մոնթեի մահից հետո էլ հաճախակի էի գալիս, ինչ պետք էր՝ բերում էի։ Հիմա էլ։
Ա.Ա. - Մարտիրոս, այսօր քեզ հետ այստեղ են նաև Աշոտ Շմավոնյանն ու Հովհաննես Շաղուկյանը։ Ներկայացրեք նրանց։
Մ.Ժ. - Աշոտը «Հայ մարտիկների օժանդակ միության» ներկայացուցիչն է, ֆրանսիացի ռազմիկ, պատերազմի մասնակից ու վիրավոր։ Մոնթեին 1988-ից է ճանաչում, Ֆրանսիայից։ Մոնթեի՝ Հայաստան հասնելու գործում մեծ էր նրա աջակցությունը։ Ֆրանսիայից մինչև Հայաստան Մոնթեն Աշոտի օգնությամբ մի շարք երկրներ է շրջանցել (քաղաքացիության, անձնագրի, այլ հարցեր ևս կային, որ դժվարություններ էին հարուցում)։ Ֆրանսիայի Խորհրդարանի դիմաց Աշոտը և Հովհաննեսը վրան էին դրել, բողոքի ցույցեր կազմակերպել ի պաշտպանություն 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի հարցի արդարացի լուծման և այլն։
Աշոտն այդ ցույցերի ժամանակ Հայաստանի հանրապետության եռագույնն էր վեր պարզած տանում, իսկ Հովհաննեսը՝ ԼՂՀ պետական դրոշը։ Երբ ֆրանսիացի ոստիկանը հարցրել է, թե դա՞ ինչ դրոշ է, Հովհաննեսի պատասխանը հպարտ է հնչել Ղարաբաղի հանրապետության։ Իսկ «դա ճանաչված չէ»ին էլ պատրաստի պատասխան ուներ. «Ուզում եք՝ ճանաչեք, ուզում եք՝ ոչ, սա մեր դրոշն է»։
Ի դեպ, Հովհաննես Շաղուկյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով 2001ին պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։ Նա էլ Արցախում 91ից է սկսել ազատագրական պայքարը. Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից։ Ու մինչև Մոնթեի մահը, նրանից հետո էլ, մինչև այսօր, Աշոտի հետ միասին իրենց կարողությունների չափով օժանդակում են Արցախի դատի իրագործմանը։
Զրույցը, որի ընթացքում արծարծված փաստերի ու փաստարկների միջոցով փորձ արվեց բացահայտել Մոնթե Մելքոնյանի կենսագրության դեռևս չպարզաբանված որոշ էջեր, ավարտված է։ Բայց ինչքան էլ խոսվի Մոնթեի մասին, կարծում ենք, այդ թեման անսպառ է։ Մոնթեն իր մարդկային ջերմ վերաբերմունքով ու բարի առաքինություններով միշտ մնալու է մեզ հետ, միշտ զգալու ենք նրա ոգեղեն ներկայությունը։ Նրա մարդկային արժանիքների մասին ավելի խոսուն են իր զինակիցների հուշպատմությունները։ Բերենք թեկուզ մի օրինակ՝ Աշոտի պատմածից։ Երբ Հարավսլավիայում տեսնելով Մոնթեի վիճակը՝ ուզում էր օգտակար լինել նրան ու ճաշարան հրավիրել և, իհարկե, լավ ճանաչելով իր ընկերոջը, չզարմացավ «ճաշարան չեմ գնա, այդ փողով ճաշարան գնալը թանկ հաճույք է, դրանք հեղափոխության փողերն են» պատասխանից։
Մոնթեն մինչև վերջ էլ այդպիսին մնաց։ Իր տեսակի մեջ, գուցեև՝ եզակի, առեղծվածային, միևնույն ժամանակ՝ իրական։
«Մարտիկ» թերթ, 2004 թ., No 29 (583), էջ 45
«Եղիցի լույս» թերթ, 2004 թ., NoNo 8-9, 10, էջ 3
Մոնթե երևույթը՝ առեղծվածային ու իրական 2
Երկխոսություն Ժիրայր Պողոսյանի հետ
Մոնթե երևույթը ինչքան էլ բացատրվիպարզաբանվի, այնուամենայնիվ, մնում է անբացատրելիանվերծանելի, առեղծվածային, թեև ապրում էր մեր կողքին, իրական կյանքում։ Շատերն են առնչվել նրա հետ, բայց քչերն են կարողացել հասկանալ նրա էությունը։ Սակայն բոլորն էլ տեսել են նրա մեջ մարդկային բոլոր վսեմ արժանիքները։
Ժիրայր Պողոսյանը շարքային զինվոր էր Ճարտարի գումարտակում, երբ առաջին անգամ տեսավ Ավո Մոնթե Մելքոնյանին, հիացավ նրա ռազմական ունակություններով ու գործունեությամբ։
Այնուհետև Ժ.Պողոսյանն անցավ զինվորական բոլոր աստիճաններով, հասավ գնդապետի զինվորական կոչման, զորամասի հրամանատար նշանակվեց։
Ա.Ա. - Ինչպիսի՞ն տեսաք Մոնթե Մելքոնյանին, պատմեք առաջին հանդիպման մասին։
Ժ.Պ. - Մոնթե Մելքոնյանը Մարտունի եկավ 1992ի փետրվարի 22ին, Վեյսալուի գրավումից անմիջապես հետո։ Եկավ իր խմբով ու միանգամից անցավ պաշտպանության։ Մեր ստորաբաժանումներն այդ ժամանակ գտնվում էին Ալիբալիի խաչմերուկից 1 կմ առաջ՝ «Տռնավազի տակ» և «Թզենու տակ» կոչվող տեղանքներում։ Իր բնավորությունը, հրամանատարական ունակությունները, որպես զինվոր, յուրովի էինք ընկալում։ Հիշում եմ, երբ Ավոյի խումբը մի քանի օր անհերթափոխ պահակություն էր անում, խնդրեցինք իրենց՝ զենքը մեզ տրամադրել, որ մի որոշ ժամանակով դիրքերում փոխարինենք իրենց, գնան հանգստանան, ոչ միայն զենքը չտրամադրեցին, այլև զարմացան (երևի մեր միամտության վրա) ու ծիծաղեցին, որ նշանակում էր՝ թե ինչպե՞ս կարող է զինվորն իր զենքը փոխանցել ուրիշի։ Բայցև՝ մնացել են դիրքերում անհերթափոխ։ Իսկ մեզ այդ ժամանակ զենք որտեղի՞ց։ Մի մասն էր միայն զինված, այն էլ՝ որսորդական հրացաններով։
Ա.Ա. - Ինչպիսի՞ն էր Ավոն՝ ռազմագործողությունների վարման ընթացքում։
Ժ.Պ. - Մարտական գործողությունները վարելով՝ Ավոն իրեն դրսևորել է որպես պահանջկոտ, արդարամիտ հրամանատար։ Մեզ բոլորիս համար անձնական օրինակի դրսևորում էր իր պահանջկոտությամբ ու խիզախությամբ, մարտական գործողությունների մասնակցությանը՝ կազմակերպվածությամբ ու գրագիտությամբ։ Եվ, ընդհանրապես, մարտական գործողությունների ընթացքում չի եղել մի պահ, երբ Ավոն լինի մեր կողքին ու մենք՝ զինվորներս, ոգևորություն չզգանք։ Մարտական ոգու բարձրակետի վրա էր մեր բոլորիս տրամադրվածությունը։ Իր կեցվածքով, իր պահվածքով չէր տարբերվում շարքային զինվորից։ Դժվար պահերին անընդհատ մեր կողքին էր ու Մարտունու հատվածում ծավալված ռազմագործողությունների ընթացքում անհաջողություններ համարյա չեն եղել։
Ա.Ա. - Հոգեբանական ինչպիսի՞ ընկալումներով էր օժտված նա։
Ժ.Պ. - Ամեն հարցում դժվար էր տանում մարդկանց անտարբերությունը, հատկապես՝ զենքի ու զինամթերքի նկատմամբ, կամ, ընդհանրապես, պարտականությունների կատարմանն անփույթ ու անպատասխանատու վերաբերմունք ցուցաբերելը։ Օրինակ, դեպքեր են եղել, երբ եկել է դիրքեր՝ ստուգելու կամ որևէ գործողություն պլանավորելու ու այդ ժամանակ նկատել է, որ սակրավորներն աշխատելուց հետո որոշ գործիքներ թողել են դրսում թափված՝ անձրևի ու արևի տակ, ջղայնացել է, թե ինչո՞ւ են այդպես վարվում, «պետք կուգա էսի», և իր ձեռքով հանել է ցեխից ու մաքրել։ Երբ տեսնում էր գետնին ընկած զինամթերք, թեկուզ՝ զենքի մի մաս, վերցնում էր՝ դնում տեղը։ Մի անգամ մեր գումարտակի շտաբն էր եկել՝ տեսել գետնին ընկած է ականանետի հենամասը։ Երկաթի այդ կտորը, որ 2025 կիլոգրամ է կշռում (գուցեև՝ ավելի)՝ մենակ վերցրել ու տարել է ներս, թե՝ ինչո՞ւ է այնտեղ ընկած։
Ա.Ա. - Ձեր կարծիքով՝ ի՞նչ կար նրա մեջ, որ առեղծվածային, անիրական էր թվում։
Ժ.Պ. - Չափից դուրս արդարամտությունը, խաբելն ու ալկոհոլային խմիչքի օգտագործումն ատելը, դիրքապահությունից խուսափելու համար բերված (թեկուզև՝ հիմնավոր) պատճառաբանությունները չընդունելը, նման հոգեբանական այլ ընկալումներ, որոնք անսովոր էին թվում (ինչու չէ, գուցեև՝ տարօրինակ) խորհրդային հասարակարգում դաստիարակվածներիս համար։ Իր պարզությունը, մաքուր լինելն անգամ զարմանալի էր թվում։
Ա.Ա. - Ինչպե՞ս ընդունեցիք Ավոյի մահվան լուրը։
Ժ.Պ. - Ծանր։ Շատ ծանր։ Պարզապես չէինք հավատում, թե նման մարդը կարող է զոհվել։ Ես կոնկրետ այդ պահին այլ ուղղությունում դիրքապահությունում էի։ Դրանից հետո, որպես վրեժ, ադրբեջանաբնակ մի շարք գյուղեր վերցրինք մեր վերահսկողության տակ։
Ա.Ա. - Ինչպե՞ս է պահվում ու ներկայացվում Ավոյի կերպարը։
Ժ.Պ. - Ավոյի կերպարն ուղեկցել է բոլորիս պատերազմի ողջ ընթացքում։ Այսօր էլ զինվորական հերթական սերունդներին ենք ուսուցանում ու դաստիարակում մոնթեաբար սիրել մեր հայրենիքը և միշտ հիշեցնում ենք մեծ հայրենասերի այն խոսքը, թե մարտի ելքը ոչ թե քանակն է կանխորոշում, այլ՝ որակը։ Ուստի, պիտի անընդհատ կատարելագործվենք, որպեսզի մեր որակական առավելությունը մեզ քանակով զգալիորեն գերազանցող հակառակորդի հանդեպ՝ միշտ էլ կարողանանք պահպանել ու բազմապատկել։
«Մարտիկ» թերթ, 2007 թ., No 46 (756), էջ 3
ԹԱՆԿ ՈՒ ՆՎԻՐԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Մոնթե երևույթը որքան առեղծվածային, նույնքան էլ իրական էր։ Բայց մարդկանց համար շատ էր զարմանալի նման վարքագիծը, խորհրդային հասարակարգում ծնված ու ապրածներիս համար խորթ ու անհասկանալի։ Ու ստիպված փոխվեց վերաբերմունքը կյանքի ու երևույթների նկատմամբ, բարձրացավ պատասխանատվության զգացումը։
Մոնթեն վերափոխեց մեր բոլորիս մտածելակերպը, բնավորության գծերը, հոգեբանական ներդաշնակությունը։ Մոնթեն դարձավ մեր կուռքը, կենդանի լեգենդը։ Եվ ինչ ասաց Մոնթեն՝ հավատացինք անվերապահորեն ու վստահեցինք նրան։ Ասված է՝ երանի նրանց, ովքեր առանց տեսնելու կհավատան։ Իսկ մենք իրոք հավատում էինք, որովհետև Մոնթեն իր անթերի վարքագծով արդեն համոզել էր մեզ, որ այլ ճանապարհ չկա։ Եթե գնում ենք՝ միակ ճանապարհն այս է։ Ու վերջ։
Ու գնացինք։
Այդ ճանապարհին հաղթանակներ շատ եղան, բայց շատ տղաներ դրա համար իրենց կյանքով հատուցեցին, հերոսացան՝ հայրենի հողը ցողելով իրենց բոսորագույն արյամբ։ Այդ ճանապարհին շատ հպարտ գլուխներ խոնարհվեցին, որ ապրի Հողհայրենին։ Անսպասելին, սակայն առջևում էր դեռ։ Բայց ո՞վ կհավատար։ Բայց ո՞վ հավատաց, թեև հունիսի 12ի բոթն աշխարհն առավ և մի պահ կանգ առավ հայության սիրտը՝ մեծագույն զավակն էր զոհվել պատերազմի դաշտում։
Այսօրվա հեռվից Մոնթե երևույթն ավելի պարզորոշ ու ընդգծված է ներկայանում մեզ, դառնալով մեր էությունն ու հավատամքը։ Ու ամեն անգամ խոնարհումով ենք այցելում Մեծ Հայի նահատակության վայրն ու Արցախի Մարտունի քաղաքի կենտրոնական հրապարակում վեր հառնող նրա արծվահայացք հուշարձանին, Եռաբլուրի նրա գերեզմանին։
Իսկ զինվորականների խրոխտ ու հպարտ քայլվածքը, դպրոցականների խոսք ու ասմունքը հուշում ու հիշեցնում է բոլորիս, որ ժողովրդի սիրելի Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի գործը շարունակվում է նոր սերնդի հետ, հաջորդ բոլոր սերունդների սրտերում մնալու է նրա հայրենանվեր գործունեությունը։
Մենք քայլում ենք առաջ, իսկ մեզ հետ, մեզնից առաջ քայլում է նա, ով 1993ի հունիսի 12ին հրաժեշտ տվեց իր երկրային կյանքին ու բռնեց անմահության ճանապարհը։ Եվ ժամանակն ինչքան հեռացնում է մեզ այդ ահասարսուռ թվականից, այնքան ավելի մոտենում ենք նրան՝ մեր լեգենդար հերոսին, մեր Մոնթե Մելքոնյանին։
«Մարտիկ» թերթ, 2008 թ., No 23 (785), էջ 2
ԻՆՉԻ՞Ց Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ
ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ
Ինչի՞ց է սկսվում Հայրենիքը։ Այն օճոռքի՞ց, որի տակ ծնվել է մարդը, այն բնակավայրի՞ց, ուր անց է կացրել մանկության հեքիաթային օրերը, այն դպրոցից ու համալսարանից, ուր հիմնարար կրթություն է ստացել։
Պատանին, թեև՝ մի քիչ դեռահաս, զորակոչվելով բանակ, նոր իրողությունների առաջ է կանգնում։ Իսկ երբ նրան նաև պետական սահմանի հսկողություն է վստահվում, բոլորովին այլ աչքերով է նայում կյանքին։ Եվ կրկին մտորում է ինքնին՝ այն հավերժական հարցի մասին, թե ինչի՞ց է վերջապես սկսվում Հայրենիքը։ Ու այն վերջնական համոզմանն է հանգում, որ, իրոք, Հայրենիքը սկսվում է այն սահմանից, որ բաժանում է իրարից չարն ու բարին, թշնամուն ու բարեկամին։ Իսկ սահմանի վրա կանգնած զինվորը այդ սահմանազատման հիմնական ու գլխավոր հենասյունն է։ Հետևապես և՝ Հայրենիքն այդ «հենասյուն» զինվորից է սկսվում։ Հայրենիքի անխոնջ ու անշահախնդիր պաշտպանից։
...Քեզանից է սկսվում Հայրենիքը, Հայրենիքի հայրենապաշտ զինվոր։
«Եղիցի լույս» թերթ, 2004 թ., NoNo 6-7 (45), էջ 3
ԶԻՆՎՈՐԸ ԵԿԵԼ Է ԶՈՐԱՄԱՍ...
Որպես նախաբան ընդամենն ասենք, որ նորակոչիկը եկել է դպրոցից։ Թե ինչ և ինչպես է սովորել դպրոցում՝ դա անցյալ է արդեն, որոշակի իմաստով։ Բայց քանի որ դեռևս հիշեցնել է տալիս իրեն՝ ամեն ինչ չէ կորած։ Ինչպե՞ս են ընդունել նրան զորամասում սա արդեն հարցի երկրորդ կողմն է։ Կարողանո՞ւմ է, արդյոք, համակերպվել նորակոչիկը նոր կենսապայմաններին՝ ամեն դեպքում նաև ավագ ծառայակիցների բարյացակամությունից է կախված։
Նորակոչիկն իսկական զինվորական ծառայության է զորակոչվել և զորամասի ստորաբաժանումներից մեկում անց է կացնում ծառայության սկզբնական՝ երիտասարդ մարտիկի պատրաստության փուլը։ Այստեղ արդեն նա սկսում է զինծառայության այբուբենին ծանոթանալուց, որին հաջորդում է համազորային պատրաստությունը։ Այսինքն՝ զինծառայողը ծառայության հենց առաջին օրից պետք է հասկանա, թե ինչ է շարքը, որովհետև զինվորական ծառայությունը, բանակային կարգապահությունը սկսվում է շարքից։ Եթե զինվորը հասկացավ (թեկուզև իր համար), թե ինչ է շարքը, ինչպես պիտի պահի իրեն շարքում և շարքից դարս՝ նա արդեն զինծառայող է։
Զինծաոայողի զարգացումը մի քանի փուլ ունի։ Աոաջին փուլը նրա համար շարքն է, ավելի կոնկրետ շարքի կարգապահությունը։ Նա ծանոթանում է շարքին, շարքի կարգապահությանը, դրանից էլ սկսվում է ծառայությունը և այդ պարտաճանաչությունը պիտի շարունակվի ողջ ծաոայաժամկետի ընթացքում։ Դա հաջորդ՝ ձևավորման փուլն է, բայց արդեն ոչ թե քաղաքացիական, այլ զինվորական պայմաններում, այսինքն՝ այստեղ ամեն ինչ լավագույնս մերձեցված է մարտական պայմաններին։
Աոաջին ամենադժվար պահը զինվորի համար՝ դա այն է, որ նա պարտավոր է սահմանված ժամին պառկի քնելու և մի որոշակի ժամի արթնանա։ Իսկ բանակում վերկացի «որոշակին» առնվազն երեք ժամ շուտ է վրա հասնում, քան քաղաքացիական կյանքում։ Սկզբնական շրջանում դա նրա համար շատ դժվար է, հետո կամացկամաց սկսում է համաձայնել այդ մտքի հետ, բայց և սկսում է մտահոգվել, թե ինչու են առավոտյան այդքան վաղ վերկացնում։ Դե, որովհետև ինքը հայրենիքի պաշտպան է, իսկ թիկունքում իր մայրն է, քույրը, գուցեև՝ սիրած աղջիկը, և նրանք գիտեն, որ ինքը պաշտպանում է իրենց խաղաղ առօրյան, դրա համար էլ հանգիստ են։
Նրան ծառայության են զորակոչել։ Բնական է, նա անծանոթ է զենքին, և այստեղ էլ հերթական առաջադրանքը. որոշակի (ժամանակահատված հետո պիտի սովորի կրակել Կալաշնիկովի ավտոմատից, ուստի՝ առաջին անգամ նա ձեռքն է առնում զենքը։ Սարսափազդու է առաջին պահին, չէ՞ որ դեռ չի կրակել, բայց դրա հետ մեկտեղ, բոլոր դեպքերում, պետք է համակերպվի և համարձակվի գնալ այդ քայլին։ Զենքը նրան, անշուշտ, դուր կգա։ Նա կկրակի երեք փամփուշտ՝ դա հրաձգության նախնական վարժությունն է, և այդ երեք կրակոցից պիտի իմանա ինքնաձիգի ուժն ու հզորությունը, հարմարվի զենքի հետհարվածի պայմաններին։ Իսկ ամենակարևորն այն է, որ նա պիտի սիրի զենքը, որովհետև դա° պետք է պաշտպանի իրեն մարտի դաշտում, իր ժողովրդին։ Եվ նա կսիրի զենքը՝ ինչպես իր ընկերուհուն. որին թողել է այնտեղ, քաղաքացիական կյանքում։ Եվ այդքանը՝ զինվորական երդում ընդունելուց հետո միայն։
Ավարտվում է նախապատրաստական փուլր, և նա զինվորական երդում է րնդունում։ Դրանից հետո նա իր հայրենիքի զինվորն է, և ընկնելով մոտոհրաձգային, տանկային, հրետանային կամ այլ զորքերի ցանկացած ստորաբաժանում, ձևավորվում է որպես տանկիստ կամ սակրավոր, հետախույզ կամ կապավոր, բոլոր դեպքերում, ինչ մասնագիտությամբ էլ պատրաստություն անցնի, նա հայրենիքի պաշտպան է, և՝ վերջ։ Սա մեր հողն է, մենք ուրիշ տեղ հայրենիք չունենք։ Ասացինք՝ զինծառայողները նախապատրաստական փուլն անց են կացնում տարբեր ստորաբաժանումներում։ Իսկ ուսումնական զորամասերում ու ստորաբաժանումներում մասնագետներ են պատրաստվում ամենատարբեր մասնագիտությունների գծով։ Պատասխանատու սպաներն իրենց ողջ ջանքերն ու գիտելիքները պետք է ուղղեն այն բանին, որ պատրաստեն գրագետ, խելացի, որակյալ մասնագետներ։
Ամեն տարի բանակի կարգախոսը փոխվում է։ Հերթական կարգախոսը՝ «Մարտական պատրաստությանը՝ նոր որակ, կարգապահությանը՝ գիտակցական վերաբերմունք», ցույց է տալիս, որ բանակում ամեն ինչ պիտի գիտակցաբար արվի և ոչ թե տրվի ինքնահոսի, այսինքն՝ անտարբեր վերաբերմունք չդրսևորվի բանակային հզոր կառույցի և ոչ մի օղակում։
Բանակային ամենամյա ստուգումները ցույց են տալիս, որ բանակն ամբողջությամբ «Լավ» է պատրաստված։ Զինծառայողները պետք է ձգտեն անել այնպես, որ ամենօրյա կյանքում ցանկացած պահի համոզված լինենք բանակի «Լավ» պատրաստության մեջ, ոչ միայն ստուգումների ընթացքում բացահայտվի դա, այլ երևա առօրյա բանակային կյանքում։ Եվ դա առաջին հերթին զգա հանրապետության քաղաքացիական բնակչությունը։
Իսկ ստուգումների ընթացքում կարող է լինել «Լավ», «Գերազանց» և այլն, դա ժամանակի էության մեջ ոչինչ չի փոխում, մենք պետք է վստահ լինենք մեր բանակի վրա։ Եվ ոչ թե այն բանի, թե ինչպես են ստուգվել ու ինչ է ստացվել արդյունքում, այսինքն՝ ինքներս մեզ տրված մեր գնահատականը կլինի ավելի ճիշտն ու ավելի իրականը, քան՝ «դրսից» որևէ մեկի։
Գործնականում, բնական է, բանակը մշտապես պետք է ստուգվի, չէ՞ որ պետք է իմանանք, թե ինչի ենք ընդունակ մենք, որտեղ ունենք թերացումներ, ինչին պետք է հատուկ ուշադրություն դարձնենք, որովհետև մենք գտնվելով «ներսում» ինչոր բան այնպես չենք տեսնում, ինչպես հարկն է, իսկ «դրսից» ավելի լավ է երևում։
Շարայինի լավ գիտակը լավ զինվոր չէ դեռևս, եթե միայն շարայինին է տիրապետում, նույնը մյուսներին է վերաբերում, ովքեր միակողմանի զարգացում են ստացել։ Մենք պետք է այնպիսի զինվոր դաստիարակենք, որ բառացիորեն ամեն ինչ իմանա, դրա հետ մեկտեղ՝ մի քիչ քաղաքագետ լինի, ճանաչի իր ղեկավարներին, ինչպես զինվորական, այնպես էլ՝ քաղաքացիական, այսինքն՝ լինի իր երկրի առօրյա կյանքի կիզակետում։ Կտրվածությունը հնարավորություն չի տա պատրաստվածության հասնել։
Բանակն ուժեղ է իր պատմությամբ։ Մենք շատ ընկերներ ենք կորցրել մարտի դաշտում։ Նրանք դեռևս չգիտեին, թե ինչ է շարային պատրաստութունը, ինչ է կրակայինը, մարտավարությունը, նրանք մի բան գիտեին միայն՝ ամեն գնով պաշտպանել Հողհայրենին, անգամ՝ կյանքի։ Այսօրվա բանակի սպաները, պետք է մշտապես հիշեն այն մասին, որ պարտավոր են պատերազմի բովում թրծված (նաև՝ զոհված) տղաների պատվիրանները փոխանցել այսօրվա տասնութամյա զինվորական համազգեստով պատանյակներին։ Կան մարդիկ, ովքեր չեն հավատում, որ սահմանում կանգնած այսօրվա տասնութամյա տղաները կարող են դիմագրավել հակառակորդի նկրտումներին։ Ես կասեի՝ պետք է հավատալ ու վստահել նրանց և ամեն ինչ լավ կլինի։ Նրանք կարող են և կկատարեն իրենց առջև դրված խնդիրը։
Եվ թող այլևս պատերազմ չլինի, թող բոլորն ապրեն լավ ու բարեկեցիկ, ուրախ ու երջանիկ կյանքով։ Եվ թող հանդիպելիս կարողանանք իրար հանգիստ ասել՝ ամեն ինչ լավ է...
«Մարտիկ» թերթ, 2002 թ., No 1 (451), էջ 4
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ, ԻՍԿ ՀԵՏՈ՞...
Զինվորական երդումն, անշուշտ, կարևոր դեր ունի նորակոչիկի կյանքում։ Հանդիսավորությամբ արտասանած այդ մի բանի բառերը, որոնք ոչ միայն երդման ու պատասխանատվության դեր են կատարում, ունեն ինքնաճանաչման, ինքնաբացահայտման, նաև ինքնարտահայտման կարևոր նշանակություն։ Նորակոչիկն զգում է, որ այդ օրվանից իր համար կյանքի նոր շրջան է սկսվում, և դա առանցքային է լինելու, կարևոր նշանակություն է ունենալու հետագա ողջ կյանքի համար։
Հայրենիքին իրենց երդումը տված նորակոչիկները համալրում են զինվորական կուռ շարքերը և պատրաստ են իրենց պարտքը կատարել ամեն գնով։ Եվ այդ «ամեն գնովը» նրանց գիտակցությունը չի լքում երբեք։
Յուրաքանչյուր նորակոչիկ ունի իր ուրույն խառնվածքն ու բնավորությունը, բայց միավորվելով մի ընտանիքի մեջ՝ կարողանում են համակերպվել, և հենց այդ կարողանալն էլ առանցքայինն է զինվորական կյանքում։ Իսկ եթե չե՞ն կարողանում... Չէ՞ որ լինում են և այդպիսիները։ Զինվորական ծառայությունը նրանց համար դառնում է «գորդյան հանգույց»։ Դրանից խուսափելու համար կամքի ուժ պիտի ունենալ, որով էլ կհաղթահարեն բոլոր դժվարությունները։
...Հաճախ լինելով զորամասերում ու մասնակցելով նորակոչիկների երդմնատվաթյան արարողություններին՝ ականատես ենք լինում ամենուր իշխող տոնական տրամադրությանը, ու դա միայն արտաքուստ չէ։ Զինվորներն իրենք էլ զգում են, որ հպարտություն է ծառայել բանակում և հպարտության բուռն եռքը հենց այդ օրն են ապրում ավելի լիաթոք։
Երդմնատվության արարողությունից անմիջապես հետո երբ հարցնում ես նորակոչիկ զինվորին, թե ինչպես է մտադիր ծառայել՝ անմիջապես լսում ես հուսադրող պատասխան. «Ծառայելու եմ, իմ պարտքն եմ կատարելու հայրենիքի հանդեպ։ Մեր հայրենիքը մենք պիտի պաշտպանենք, չէ՞»։
Ծառայելու են, նույնիսկ կյանքը չեն խնայելու, եթե պահանջվի, իսկ ծնողները պետք է համոզված լինեն, որ «իրենց որդիները հայրենիքը պաշտպանող քաջ արծիվներ են»։ Մեծացել են տղաները, արդեն զինվորներն են Արցախյան, իրավամբ, հերոսական բանակի։ Ուրախ են դրա համար։ Ուրախ են և համոզված, որ կարդարացնեն իրենց հույսերն ու վստահությունը։
Նորակոչիկները ևս ձգտում են հուսախաբ չանել ծնողներին, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ իրենք հուսախաբ չլինեն հենց առաջին դժվարությունից։ Բայց զինվորական ծառայությունը դժվարությունների ու խոչընդոտների հաղթահարման դպրոց է, և պատահական չէ, որ բանակն անվանում են կյանքի դպրոց, տղամարդ դառնալու դպրոց։
Զինվորական երդման արարողությունն ավարտված է, տոնականությունն անցնում է, սկսվում է իսկական զինվորական ծառայությունը, բայց արարողության տրամադրությունը միշտ ուղեկցում է զինվորին, լինի նա զորանոցում, պարապմունքների ժամին, թե դիրքերում։ Հիշում է, ինչն էլ նրան ուժ է տալիս հաղթահարելու ցանկացած խոչընդոտ` լինի դա պտտաձողի վրա, թե խրամատում։
Զորամասերում հաճախ դժգոհում են նորակոչիկների թույլ պատրաստվածության համար, հատկապես` նախնական զինվորական պատրաստությունից։
Դպրոցներում ռազմագիտության ուսուցման ուսումնամեթոդական բազան թույլ է, չկա անհրաժեշտ գույք, ուսումնական զենք։ Այդ առումով արդեն աշխուժացել են աշխատանքները։ Նույնիսկ հանրապետության մասշտաբով անց են կացվում ոազմամարզական ու ռազմահայրենասիրական բազմապիսի մրցումներ, խաղեր և այլն։
Դպրոցի թերացումը լրացվում է բանակում, և պատանին, ինչքան էլ «անտեղյակ» լինի զինվորական մասնագիտությանը, կարողանում է վերագտնել իրեն և դառնալ արժանի զինվոր ու արժանիորեն անցկացնել ծառայության ժամկետը։ Իսկ զորացրվելիս էլ ափսոսանքի մի բուռն զգացում հանգիստ չի տալիս զինվորին։
Զրուցելով զորացրվող զինծառայողների հետ՝ պարզ է դառնում, որ ծառայության ժամկետը շատերն են իրենց կյանքի լավագույն հատվածներից մեկը համարում։ Տուն են գնում բարձր տրամադրությամբ ու միշտ հիշելու են իրենց զորամասն ու մարտական ընկերներին, իսկ եթե պետք լինի՝ պատրաստ են ցանկացած պահի, հենց առաջին հրահանգի դեպքում գալ ու կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում։
Թող դրա կարիքը չզգացվի։ Տղաները ծառայեն, զորացրվելով՝ անցնեն խաղաղ աշխատանքի։ Աշխատեն ու արարեն առանց ռումբի պայթյունի ու հրթիռահրետակոծության։ Խաղաղություն լինի, բայց և՝ մշտապես ապրի այն համոզմունքը, որ մեր զինվորը իրոք կարո°ղ է պաշտպանել Երկիրը։
«Մարտիկ» թերթ, 1998 թ., No 39 (284), էջ 2
ԴԻՐՔԵՐՈՒՄ ԱՆԴՈՐՐԸ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ Է
Յուրաքանչյուր զինծառայող պետք է պատասխանատվության մեծ զգացումով վերաբերվի իր ծառայողական պարտականություններին, այլապես հետևանքներն անկանխատեսելի կլինեն։ Բայց միշտ չէ, որ պահպանվում է այս սկզբունքը։ Իսկ ի՞նչն է պատճառը, զինվորական ծառայության դժվարություննե՞րը, թե՞ ծառայողական պարտականությունների նկատմամբ ցուցաբերվող ոչ պատրաստակամ վերաբերմունքը։ Կարելի է ընդունել և° մեկը, և° մյուսը, բայց որ նորակոչիկը զորամաս գալով պետք է համակերպվի այդ ապրելակերպին և բոլոր դժվարությունները հաղթահարելու ուժ գտնի իր մեջ՝ հաջողությամբ ավարտելու այս, իրոք, կյանքի դպրոցր ևս, առանց թուլակամություն ցուցաբերելու, դա արդեն ուրիշ հարց է։ Հակառակ դեպքում՝ էլ ինչպե՞ս պետք է պաշտպանի հայրենյաց սահմանները, եթե դրա կարիքն զգացվի հանկարծ։
ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ
Թիվ 36534 զորամասի N գումարտակի ժամկետային ծառայության կրտսեր սերժանտ Լևոն Մանուկյանը, գտնվելով մարտական դիրքում և լինելով ջոկի հենակետի ավագը՝ լքել է մարտական դիրքն ու մյուս դիրքը գնացել՝ ծանոթների մոտ՝ զրուցելով ժամանակ անցկացնելու, և մտքով իսկի էլ չի անցել, որ հետևանքները կարող են վատ լինել։ Իբր՝ ի՜նչ է լինելու որ, ամեն օրվա դիրքերն են, էլի՜...
Անսպասելիորեն դիրք է եկել վաշտի հրամանատարը՝ ստուգելու նպատակով և կարգադրել, որ իր մոտ կանչեն հենակետի ավագին։ Զինվորներն իրարով են անցել ու չգիտեին՝ ինչ անել։ Մի կերպ հայտնել են կրտսեր սերժանտ Մանուկյանին, որ հրամանատարը կանչում է։ Շրջապատն արդեն պատվել էր մթության շղարշով, որն էլ հուսադրել էր Լևոնին, որ կարող է գաղտագողի մոտենալ ու աննկատ մտնել խրամուղին, հասնել իր խրամախորշին, իսկ հրամանատարը չի էլ իմանա, որ լքել է մարտական դիրքը։
Որոշ ժամանակ անց վաշտի հրամանատարը հանկարծ նկատել է, որ ձախից մարդ է մոտենում, պահակակետից մոտ 100 մետր հեռավորության վրա։ Հարցել է ծածկաբառը՝ առաջին անգամ, երկրորդ, երրորդ՝ պատասխան չկա։ Նախազգուշական կրակոց է արձակել՝ պատասխան չկա, կրակահերթ՝ դարձյալ նույնը։ Կրակել է ուղիղ նշանառությամբ՝ արդեն վերջին պահին, որովհետև հապաղելու դեպքում կարող էր «թիրախը» փախցնել։ Հատկապես, որ, ինչպես տղաներն էին պատմում, հակառակորդի կողմից սահմանախախտման մի քանի դեպքեր են եղել այդ սահմանահատվածում, ինչն էլ պիտի պարտադրի և° զինվորներին, և° սպաներին՝ առավել զգոնություն ցուցաբերել։ Տղաները վազել են դեպի «սահմանախախտը» և խրամուղուց 6070 մետր հեռավորության վրա գտել իրենց մարտական ընկերոջ՝ կրտսեր սերժանտ Լևոն Մանուկյանի անկենդան մարմինը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, տեղազննում կատարելուց հետո իրավապահ մարմինների կողմից տարվել նախնական հետաքննություն, որը շատ հարցականներ է բացահայտել։ Բայց ինչո՞ւ է զինվորն իր անպատասխանատու վերաբերմունքով կասկածանքի տակ դնում ոչ միայն իր, այլև՝ դիմացինի, ընկերոջ, առավել ևս՝ հրամանատարի անձնվեր վերաբերմունքը։
ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
Մեզ դիրքեր է ուղեկցում զորամասի օպերատիվ բաժնի պետ մայոր Մելս Հովսեփյանը։ Հանդիպում ենք դիրքայինների հետ, զրուցում։ Շատ լավ ենք անցկացնում մարտական հերթապահությունը, ասում են տղաները,–հսկողություն ենք իրականացնում սահմանագծի ողջ երկայնքով։
Իսկ մի բան երևո՞ւմ է, չեմ թաքցնում հետաքրքրասիրությունս։
Վերջին ժամանակներս ոչ մի տեղաշարժ չի նկատվում։ Նույնիսկ կրակոց չկա։
Կրակոց չկա, շարժում չի նկատվում՝ և դա չպետք է զգոնության թուլացման առիթ հանդիսանա։ Դրանում համոզված են զինվորները, հատկապես, որ Լևոն Մանուկյանի վարմունքը դաս է բոլորի համար, զգաստանալու, առավել զգոնանալու դաս։
Մարտական հերթապահությունը տանելիս չե՞ք դժվարանում, հարցնում եմ կրտսեր սերժանտ Սուրեն Գասպարյանին։
Ոչինչ հեշտ չի տրվում, ասում է նա, իսկ բոլոր այն դժվարությունները, որ հաղթահարելի են՝ պետք է հաղթահարվեն։ Տղաները նույնիսկ անհնարինն են հնարավոր դարձնել ձգտում և շատ անգամ նույնիսկ հաջողվում է։ Ու չեն դժգոհում, չեն տրտնջում՝ լինի դա Հովսեփյան էդգարը, Առաքելյան Նվերը, մեկ ուրիշը, պատասխանը հակիրճ է ու միանշանակ.
- Ամեն ինչ նորմալ է։
Իսկ եթե շարքային Առաքելյան Նվերին հարցնես, թե այստեղ՝ դիրքում լա՞վ է՝ անմիջապես «հա» կասի ու կսպասի հաջորդ հարցիդ։
Իսկ հաջորդ հարցը բնավ էլ չի ուշանա.
- Ինչո՞վ է լավ... Զորանոցում շա՞տ են չարչարում։
-Չէ՛, ի՞նչ եք ասում,- անմիջապես կզգաստանա ու որպեսզի ավելորդ ոչինչ չասի՝ մի բան ասած լինելու համար կավելացնի,- երկու տեղն էլ լավ է։
Բայց մի տարբերություն, այնուամենայնիվ, կա, թեև Նվերը «չի ուզում խոստովանել»՝ այն է, որ զորանոցում մի քիչ հեռու ես սահմանից, իսկ այստեղ սահմանին կիպ կպած ես։ Եվ սխալվելու իրավունք չունես արդեն, որովհետև, ինչպես զինվորներից մեկն է խոստովանում, սահմանի վրա ասես վերջանում է աշխարհը, իսկ քիչ այն կողմ սկսվում է «չարի ու խավարի թագավորությունը», իսկ «չարից ու խավարից» ամեն պարագայում զգուշանալ է պետք։
ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ
Շրջում ենք դիրքից դիրք, խրամատից խրամատ, զրուցում զինվորների հետ, ծանոթանում նրանց ապրելակերպին։ Ամենուր իշխում է ընկերականության մթնոլորտը, նվիրվածությունն ու անձնվիրությունը։ Մի բան միայն անհասկանալի է ու կասկածանքով ես արդեն նայում շրջապատիդ՝ մի՞թե դա լոկ շղարշ է ու բոլորն էլ նման են Լևոն Մանուկյանի՞ն։ Ոչ, չեմ ուզում հավատալ։ Թող նրա օրինակը եզակի լինի ու չկրկնվի այլևս, որովհետև այս տղաները արժանի չեն նման ճակատագրի։
Զորամասի հրամանատարությունն անում է ամեն ինչ՝ և° նյութամատակարարման, և° բարոյադաստիարակչական առումով, որպեսզի զինվորները ոչնչի կարիք չզգան ու նրանց բոլորի ջանքերն ուղղված լինեն միայն ու միայն զինվորական մասնագիտության առավել կատարելագործմանը, զինատեսակների տիրապետման գործում կարողանան լուրջ հաջողությունների հասնել, իսկ մարտական հերթապահությունն անցկացնեն պատասխանատվության մեծ զգացումով, որ թուլակամությունը երբեք տեղ չունենա նրանց գործելակերպում, միշտ զգոն լինեն, առույգ ու աչալուրջ։
Մի կարևոր հանգամանք ևս, որ չի կարող անտեսվել հրամանատարության կողմից՝ դա զինծառայողների միջանձնային հարաբերություններն են, որ ձևավորվում են ժամանակի ընթացքում և, ի վերջո, հասնում կատարելության։
- Մի ընտանիքի պես ենք ապրում, զինվորի խոստովանություն է սա, որն ընկալվում է որպես պատգամ։
Դիրքերից մեկում հանդիպում ենք Ն գումարտակի հրամանատար, կապիտան Կամո Հարությունյանին։ Նա ներկայացնում է գումարտակում տիրող ընդհանուր մթնոլորտը, իհարկե, ցավով նշելով Լևոնի հետ կապված դեպքը։
- Անում ենք ամեն հնարավորը, որ զինվորները մեր ասածը լսեն, ավելին՝ հավատան, համոզվեն մեր ասածի ճշմարտացիության մեջ։ Իսկ դրան հասնելու համար քիչ ջանքեր չենք գործադրում, ասում է նա։ Պահակակետերում վիճակը նորմալ է, տղաները զգոն են, աչալրջորեն հսկում են մեր գումարտակին տրամադրված սահմանահատվածը։ Զինվորների բարոյահոգեբանական պատրաստության և դաստիարակության առումով էլ անց ենք կացնում նախատեսված բոլոր միջոցառումները։ Մեզ մոտ բացառվում են զինվորների՝ մեկը մյուսի կողմից շահագործման փաստերը, միջանձնային հարաբերությունները նորմալ են։ Նման վատ երևույթներն անհարիր են մեր զինվորներին, դա հասկանում են բոլորը։ Զրույցը երկարում է, անդրադառնալով նորակոչիկների թեմային՝ գումհրամանատարը շարունակում է.
- Շատերը կարծում են, թե նորակոչիկը անցնելով երիտասարդ մարտիկի դասընթացը և զինվորական երդում ընդունելով՝ անմիջապես պետք է դիրք բարձրանա։ Դա սխալ եզրահանգում է։ Մեզ մոտ նման բան չկա։ Մենք ունենք նաև այսպես կոչված՝ ենթադիրքեր։ Կարող եք տարակուսել՝ ի՞նչ ենթադիրք։ Այո, փորված են խրամատներ, և երիտասարդ զինվորներն այստեղ մի որոշ ժամանակաընթացքում մարտական հերթապահություն են իրականացնում, նաև՝ գիշերային, մինչև հարմարվեն։ Եվ դա տևում է մեկ, երկու, նույնիսկ՝ երեք ամիս, մինչև համոզվում ենք, որ իրոք կարելի է նրանց մարտական դիրքեր վստահել։ Դա տալիս է իր դրական արդյունքը։ Դիրք են բարձրացվում զորամասի հրամանատարի հատուկ հրամանով։
Իսկ գումարտակում զինծառայողների բարոյահոգեբանական մթնոլորտի մասին խոսելիս ասաց, որ զինվորներն ապրում են բարոյահոգեբանական առողջ մթնոլորտում (և դա սպաների կիրթ ու գրագետ մոտեցման արդյունք է), ինչն էլ զինվորներին իրար նկատմամբ տրամադրվածություն է առաջ բերում, իսկ կրտսերիավագի փոխհարաբերություններում՝ անհաճո և անբարո վարմունքի բացառում։ Սպայի վերաբերմունքից է կախված, թե ինչ ուղղությամբ կդաստիարակվի զինվորը, և իր դաստիարակվածության աստիճանը ինչպես կնպաստի ծառայողական պարտականությունների կատարման գործին։ Ու որովհետև բոլորը գիտեն, որ եթե այդ բնագավառը մնա բարձիթողի վիճակում՝ հետևանքները վատ կլինեն։ Արդյունքի չեն հասնի։
...Իջնում ենք դիրքերից, իսկ տղաներր մնում են այնտեղ՝ շարունակելու իրենց ծառայությունը։ Ծառայություն, ինչի շնորհիվ մեր բոլոր առավոտները բացվում են խաղաղությամբ։ Ու թեև դիրքերում անդորրը հարաբերական է, այնուամենայնիվ, խաղաղության պահպանման հանդեպ մեր զինվորի վերաբերմունքն առողջ է, դրա համար էլ չի կրակում, որովհետև հակառակ կողմի խրամատավորներին էլ խաղաղ առավոտ ու բարեհաջող օր է պետք։ Բայց չի հանգստանում դրանով, չի թուլացնում զզոնությունը, որովհետև չգիտե, թե հակառակ կողմի խրամատավորն ինչ է ցանկանում։ Ու այդպես էլ շարունակվում է ծառայությունը, զգոն ու զգաստ՝ զինվորավարի։
«Մարտիկ» թերթ, 1999 թ., No 40 (335), էջ 3
ԶԻՆՎՈՐ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԶԻՆՎՈՐ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
Հեռակա զրույց
«Զրուցում են» կամավորական ազատամարտիկ, այնուհետև՝ վաշտի հրամանատար, ԼՂՀ «Մարտական խաչ» 2րդ աստիճանի շքանշանի ասպետ (հետմահու) Դավիթ Միքայելի ԺԱՄՀԱՐՅԱՆԸ և նորակոչիկ զինվոր Նորիկ Կամոյի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ։
ԴԱՎԻԹ - Բարև, Նորիկ, իմ երկրի նորընծա զինվոր։ Դու դեռ նոր ես ուզում ընկալել բանակային կյանքը։ Նոր ես շփվում զենքի հետ։ Իսկ ե՞ս... Իսկ իմ ընկերնե՞րը...
ՆՈՐԻԿ - Գիտեմ։ Ես ճանաչում եմ քեզ, քո ընկերներին, որ հակառակորդի դեմ գնալիս երկյուղի թույլ զգացում անգամ չունեիք, բայց ուզում եմ ավելի խորությամբ ընկալել ձեր ապրած ժամանակը։
ԴԱՎԻԹ - Ի՜նչ ժամանակներ էին... Երանություն էինք ապրում միայն այն զգացումից, որ կարողանում ենք սեփական բազկի ուժով պաշտպանել մեր բնակավայրերի խաղաղ կեցությունը, ավելին, ազատագրել նախկինում բռնագրավվածները։
ՆՈՐԻԿ - Ես, իհարկե, երեխա էի այդ տարիներին, հազիվ դպրոցահասակ, բայց հիշում եմ մարտադադարների ընթացքում տուն դարձող մեր ազատամարտիկների պատմածները հերթական «պապենական հողատարածքի» ազատագրման մասին։
ԴԱՎԻԹ - Այո, մենք՝ կռվողներս էլ հաճախ էինք «հիշում» մեր պապերին, հատկապես՝ արևի տապին, երբ բաց տափաստանում մի ծառ, մի թուփ չկար անտանելի շոգից պատսպարվելու համար։
ՆՈՐԻԿ - Բայց և՝ կարողացաք անել հնարավորը, նույնիսկ՝ անհնարինը, հասկացնել մեր հակառակորդին, թե ում հետ գործ ունեն։
ԴԱՎԻԹ - Իհարկե, կարծում էին, թե դեռ կռունկի հույսին ենք, որ նա «խապրիկ մը» կբերի մեզ։ Ոչ, մենք հասկացել էինք արդեն, որ այլևս անհնար է, ու՝ վերջ։
ՆՈՐԻԿ - Պատմիր քո մասին, Դավիթ։ Մենք՝ պատանիներս, որ հազիվ դպրոցական նստարանին հրաժեշտ տված՝ զինվորական համազգեստ ենք հագել, ձեզնից շատ բան ունենք սովորելու։
ԴԱՎԻԹ - Իմ մասի՞ն... Ի՞նչ պատմեմ։ Ես էլ քեզ նման պատանի էի՝ արևային երազներով լցված։ Դպրոց, հետո՝ բուհ։ Տասնութս 1988ի փետրվարի 5ին լրացավ, իսկ 13ից սկսված աշխարհացունց արցախականը ցնցեց նաև մեզ։ Իմ հասակակիցներով ողջ ժողովրդի հետ ընդհանուր տարերքի մեջ էինք՝ բողոքի ցույցեր, նստացույցեր, երթեր, հանրահավաքներ... գործադուլ, հացադուլ, դասադուլ, պայքարի բոլոր ձևերն էլ փորձել էինք։ Իսկ քաղաքը՝ Բաքվից բերված ոստիկանների շարաններով լցված, բայց ոչ ոք ու ոչինչ չէր կարող ժողովրդին ստիպել լռել։
Պատկերացնո՞ւմ ես, այդ վիճակում էր ոչ միայն Ստեփանակերտը, այլև երկրամասի մյուս բոլոր բնակավայրերը։ Իսկ ինձ, ի հեճուկս այս ամենի, հունիսին զորակոչեցին Խորհրդային բանակ՝ դեռևս իր գոյությունը քարշ տվող «խորհրդային» կոչվող կայսրության շահերը պաշտպանելու։ Եվ կարո՞ղ ես գուշակել՝ ո՞ւր։ Հեռավոր Կամչատկա։ 1988ն արդեն իր «իրավունքների» լիիրավ տերն էր, իսկ ես՝ «խաղից դուրս» վիճակում։ Իսկ ես՝ այնտեղ, զինվորը մի բանակի, որը մի առ ժամանակ հետո Արցախում ժողովրդական հուզումները ճնշելու հրամանհրովարտակ պիտի ստանար։
ՆՈՐԻԿ - Դու, իհարկե, դեռ այն ժամանակ էլ զգում էիր դա, ու այնչափ անհանգիստ էիր, որ... Ես թերթում եմ նամակներդ, որոնք տասնութամյա մատներիդ հետքերն են պահում դեռ։ Անընդհատ խնդրում էիր տնեցիներին, որ նոր լուրեր հաղորդեն Արցախյան շարժման զարգացումների մասին, թերթեր ու գրքեր ուղարկեն։
ԴԱՎԻԹ - Ինչպե՞ս չանհանգստանայի, երբ Կենտրոնական հեռուստատեսության «Ժամանակ» լրատվական ծրագիրն այնպե՜ս հեշտությամբ անում էր իր սև գործը։
ՆՈՐԻԿ - Բայց հավատավոր սիրտդ գիտեր, որ «...Արցախը մերն է»։ Այդպես էլ գրում էիր նամակիդ հենց սկզբում, «բարևագրի» փոխարեն։ Հեռավոր Կամչատկայից Ստեփանակերտ էին հասնում քո կարոտի նամակները, որոնց գերիշխող տրամադրությունները դյուրազգաց հոգուդ ցավն ու անհանգստությունն էին։
ԴԱՎԻԹ - Այո։ Ծառայությանս ժամկետը, մեկ տարին, այդպես անցկացրի՝ անհանգիստ, դյուրաբորբոք։ Մինչև վերջապես վերադարձա։ Բայց նախ՝ Երևան, գյուղատնտեսականում կիսատ թողած ուսումս շարունակելու։
ՆՈՐԻԿ - Մի՞թե կարող էիր երևանյան լսարաններում հանգիստ ուսանել, երբ քո ժողովուրդն անընդհատ ընդվզման մեջ էր։
ԴԱՎԻԹ - Ինչպե՞ս կարող էի։ Մի երկու ամիս միայն։ 89ի նոյեմբերին առաջին կամավորականների հետ Արցախ եկա։ Ջոկատը գյուղինստիտուտի ֆիզկուլտուրայի ամբիոնի ավագ դասախոս Մերուժան Մարգարյանն էր գլխավորում։ Հադրութի շրջանի Մուլքուդարա (Ջրաբերդ) գյուղում ամրացրինք մեր դիրքերը։ Վեց ամիս շարունակ դիրքապահությամբ էինք զբաղված, հետո կարճ ժամանակով կրկին Երևանում էի՝ ուսման հետ կապված գործեր ունեի կարգավորելու։ Արդեն երկրորդ կուրսի ուսանող էի։ Որոշեցի տեղափոխվել ժողտնտեսության ինստիտուտ, որ «ավելի ազատ» լինեմ։ Այդպես էլ վարվեցի ու կրկին վերադարձա։ Արդեն 1992ի սկիզբն էր։ Կրկժանից հետո։
ՆՈՐԻԿ - Կրկժանին չհասար, գիտեմ։ Բայց Խոջալուին, Շուշիին լիարժեքորեն մասնակցեցիր։ Հունիսին նոր ջոկատ ստեղծեցիր, Գեորգի Թաթարյանի անվան, ուր 87 հոգի հավաքագրվեց։ Քո հրամանատարությամբ գործող այդ ջոկատի խիզախ տղաները կանգնեցին Ասկերանի շրջանի մի շարք գյուղերի պաշտպանության դիրքերում, ազատագրեցին Նախիջևանիկը, Արանզամինը, Քյաթուկը, 13րդ դիրքը։
ԴԱՎԻԹ - 1992ի հոկտեմբերին վնասազերծեցինք մարտական կարևոր նշանակություն ունեցող Սարիբաբ բարձունքում տեղակայված թշնամական կրակակետը, ոտքով շարժվեցինք դեպի Ֆինգա ու Քելբաջար։
ՆՈՐԻԿ - Այդպես ձգվեց քո մարտական ուղին, հետո՝ արդեն Շուշիի գնդում՝ որպես վաշտի հրամանատար։ Վաշտդ առավել աչքի ընկավ Ալիաղալու, Ջիննի, Բոյահմեդլի գյուղերի, «Խաչենստրոյի» ազատագրման ժամանակ։
ԴԱՎԻԹ - Մարտերի ընթացքում մեծ թվով ասկյարների գերեցինք, զենք ու զինամթերք ավարեցինք, այդ թվում՝ մեկական Տ72 տիպի տանկ և ՀՄՄ2։
ՆՈՐԻԿ - Քո կյանքը, քո հերոսական կերպարն այսօր ի ցույց է դրված մեզ՝ խաղաղ օրերի զինվորներիս։ Մենք այսօր կռվել ենք սովորում, որ եթե հարկ լինի՝ կարողանանք ձեզ նման մարտի նետվել աներկյուղ, անվարան։ Իսկ ձեր ժամանակ ամեն ինչ ինքնուրույն էիք ընկալում, հղանում։ Շատ անգամ նաև՝ դժբախտ պատահարի դեմհանդիման հայտնվում։ Հիմա վիճակն այլ է։ Հիմա մեզ ուսուցանում են փորձառու սպաները, շատերը՝ պատերազմի բովով անցած։ Ձեր փորձն էլ մեզ համար շատ է ուսանելի։ Մեր սպաները պատմում են պատերազմական շատ դրվագներ, ոչ միայն իրենց կատարածի, նաև ընկերների, հատկապես՝ զոհվածների մասին, որ ոչինչ չմոռացվի։
ԴԱՎԻԹ - Այո, հասկանում եմ ակնարկդ, ուզում ես վերջին մարտի մասին պատմեմ, ճակատագրականի։ Չէ՞ որ ասում են՝ նաև սխալների վրա են սովորում։ Հատկապես՝ ուրիշի։ Բայց իմ «սխալը»... Թանձր մառախուղը բռնել էր դիրքերը, իսկ հակառակորդն ամեն կերպ ջանում էր ճեղքել Խծաբերդի պաշտպանությունը... Հանկարծ ռադիոկապը հայտնեց, որ ծանր վիրավորվել է մեր մարտական ընկերներից մեկը՝ ջոկի հրամանատար Արթուր Ավանեսյանը։ Իսկ ողջ տարածքն արկակոծվում էր հակառակորդի կողմից։ Ի՞նչ անել...
ՆՈՐԻԿ - Դա հարց չէր, Դավիթ։ Դու չէիր կարող թաքնվել նման հարցի հետևում։ Ընկերոջդ կյանքը վտանգված է, իսկ դու՝ ինչ անե՞լ... Անմիջապես ծառս ես լինում՝ անտեսելով ցիրուցան թռչող արկաբեկորները...
ԴԱՎԻԹ - ...Անմիջապես էլ վիրավորվումընկնում եմ։
ՆՈՐԻԿ - 93-ի օգոստոսի 18-ի մարտը վերջինը եղավ 23ամյա զինվորհրամանատարիդ համար։ Դու գնացիր այնտեղ՝ քո հերոսացած ընկերների մոտ։
ԴԱՎԻԹ - Ես գնացի, բայց միշտ ապրողներիդ հետ եմ, սահմանի վրա։ Զգոն եղեք, աչալուրջ, որովհետև ոխերիմ է մեր թշնամին և ուխտադրուժ։ Յուրաքանչյուր հարմար պահի կարող է սողոսկել մեր սահմաններից ներս։ Նաև՝ ընկերներով իրար պահպանեք, սիրեք, որովհետև մեկ ձեռքը, սևակյան լեզվով ասած, «մինչև անգամ ծափ չի տալիս»։ Արթուն պահեք ձեր մատաղ հոգիների մեջ հայկական ազգային հայրենասիրական ոգին, որ եթե կրկին ելնի մեր դեմ վիրավոր թշնամին՝ կարողանաք «դավիթավարի» պատասխանել նրանց...
«Մարտիկ» թերթ, 2001 թ., No 34 (432), էջ 6
ԶԻՆՎՈՐԸ՝ ԶԻՆՎՈՐ, ՍՊԱՆ՝ ՍՊԱ
Ծառայության հենց առաջին օրվանից էլ նորակոչիկը համոզվում է, որ րստ ծառայակարգի՝ որոշ զինծառայողներ կարող են լինել պետեր, իսկ մյուսները՝ ենթականեր։ Ներքին ծառայության կանոնագիրքը ցույց է տալիս, որ պետերն իրավունք ունեն հրամաններ տալ ենթականերին և ստուգել դրանց կատարումը։ Իսկ ենթակաները պարտավոր են անվերապահորեն կատարել պետերի բոլոր հրամաններն ու կարգադրությունները։
Զինվորը եկել է զորամաս, ընդգրկվել Երիտասարդ մարտիկի դասընթացում, որպեսզի իր կարողություններին համապատասխան «սերտի» զինվորական այբուբենը։ Բայց այստեղ կա մի կարևոր հանգամանք, առկա է գիտելիքների որոշակի ծավալ, որը զինվորը պետք է յուրացնի պարտադիր կարգով։ Մի անգամ դիրքեր էր եկել Պաշտպանության բանակի բարձրաստիճան մի սպա։ Դիրքում կանգնած երկու զինվորներին բարևում ու հարցնում է նրանց որպիսությունը։ Տղաները պատասխանում են, բայց և՝ անորոշության մեջ ընկնում՝ «Ո՞վ է այս մարդը» հարցը հանգիստ չի տալիս նրանց։ - Գուցե քո համագյուղացիների՞ց է, դիմում է ընկերն ընկերոջը, զինվորի հայր է երևի, տեսակցության է եկել։ - Չէ, ի՞նչ ես ասում, տարակուսում է մյուսը, մեր գյուղից այս զորամասում ծառայող զինվոր չկա... Ի՞նչ է սա՝ աբսո՞ւրդ, թե՞ անտեղյակության դրսևորում։ Զինվորը պետք է ճանաչի և իմանա ոչ միայն իր անմիջական պետին, կատարի նրա հրամանները, նա պետք է իմանա վերադաս հրամանատարներին։ Երիտասարդ մարտիկի դասընթացն այն նախապատրաստական շրջանն է, երբ նորակոչիկ զինվորը պետք է կարողանա վերագտնել իրեն, որպեսզի հետագա ծառայությունն անխոչընդոտ անցնի։ Պաշտպանության բանակի զորամասերում այդ առումով տարվող աշխատանքներն ունեն պատշաճ մակարդակ։ Սպաները ձգտում են անել ամեն հնարավորը՝ արժանի հերթափոխ դաստիարակելու համար։ Իհարկե, ընդհանուր առմամբ՝ ստացվում է, չհաշված մանրմունր անհարթությունները, որոնք զալիս են զինվորինորակոչիկի կրթական մակարդակից, նրա բանիմացությունից, նախաձեռնողական ունակություններից։ Պետի հրամանն օրենք է ենթակայի համար ու պետք է կատարվի անվերապահորեն, ճշտորեն, նշված ժամկետում։ Իսկ ինչպե՞ս է տրվում հրամանը։ - Շարքային Առուշանյան, կանչե°ք ինձ մոտ սերժանտ Մակարյանին։ - Լսո՛ւմ եմ, անմիջապես հետևում է պատասխանը։ - Կրկնե՛ք հրամանը։ - Կանչել սերժանտ Մակարյանին։ - Կատարե՛ք հրամանը։ - Լսո°ւմ եմ։ Ավելորդ՝ ոչինչ։ Զինվորը ստանում է առաջադրանք և կատարում այն։ Բայց ինչո՞ւ պիտի հրամանը շրջանակվի կոնկրետ ժամկետում։ Դա չի կաշկանդո՞ւմ, արդյոք, զինվորին՝ կատարել հրամանը։ Ամենևին։ Հրամանատարն արձակելով իր հերթական հրամանը, միաժամանակ նշում է կատարման կոնկրետ ժամկետը։ Դա ոչ թե պիտի կաշկանդի զինվորին, այլ տա գործելու սթափ կարողություն, որովհետև մարտի ընթացքում ժամանակի զգացողությունն ու տրված ժամկետում «տեղավորվելու» ունակությունը կարևոր դեր ունի։ Խաղաղ ժամանակ էլ այդ հանգամանքն անուշադրության մատնվելու դեպքում հետևանքները տխուր են լինում։ Բայց դա չի նշանակում, թե նշված ժամկետի շրջանակում «տեղավորվելու» համար հրամանը կատարելիս պետք է հապճեպություն ցուցաբերել։ Հապճեպությունը հրամանի վատ կատարմանն է հանգեցնում, իսկ դա առավել ևս ցանկալի չէ։ ...Վաշտն առավոտյան պետք է գրոհեր հակառակորդի դիրքերը։ Գիշերվա ընթացքում զինվորները հարձակման են պատրաստվում։ Լուսաբացին մոտ հրետանավորները սկսում են արկակոծել հակառակորդի դիրքերի առաջամասը, իսկ որոշ ժամանակ անց՝ կրակը տեղափոխվում է հակառակորդի պաշտպանության խորքը և անմիջապես էլ դիրքերի վրա դեպի երկինք են միտվում երկու կարմիր հրթիռներ, ու զինվորները, պոկվելով խրամատներից նետվում են գրոհի։ Ի՞նչ էին նշանակում այդ երկու կարմիր հրթիռները՝ հրամանատարի հրամանը։ Ներկա պահին գրոհի նետվելու հրամանը չտրվեց ձայնով։ Զինվորը պետք է իմանա, որ հրամանը տրվում է նաև ամենատարբեր ազդանշաններով ու տեխնիկական միջոցներով, որովհետև մարտի աղմուկի մեջ, ինչպես և այն ժամանակ, երբ հրամանատարն իր ենթականերից որոշակի հեռավորության վրա է գտնվում, չի կարող ձայնային հրաման տալ, որովհետև իրեն չեն լսի։ Հրամանն իր ձևերով հանդերձ՝ պետք է պահպանի բարեկրթության նորմերը, չոտնահարի ենթակաների շահերը։ Ենթականերն էլ հարգանքով պետք է վերաբերվեն հրամանատարներին, անվերապահորեն ու պատասխանատվության զգացումով կատարեն նրանց հրամանները։ Եվ այդ հարգանքը պետք է փոխադարձ լինի։ Իսկ այդ փոխադարձ հարգանքի հիմքի վրա էլ պետք է կառուցվեն զինծառայողների փոխհարաբերությունները, իրենց պարտականությունները (սպան՝ սպայի, զինվորը՝ զինվորի), կատարեն բարեխղճորեն, պատասխանատվության մեծ զգացումով ու գրագետ, որ հարկ եղած դեպքում ամոթով չմնան, պետության ու ժողովրդի շահերը պաշտպանել կարողանան...
«Մարտիկ» թերթ, 2000 թ., No 20 (367), էջ 6
Վստահե՛ք մեզ,
կանխավ շնորհակալություն
I
Վարժահրապարակում
Թիվ 33651 զորամասի վարժահրապարակում շարված է ողջ զինանձնակազմը։ Շտաբի պետ, փոխգնդապետ ժորա Ավետիսյանն անց է կացնում շարային ստուգատես, ստուգումներն սկսելով վարչության սպաներից։ Մոտենում է շտաբի պետի տեղակալ, կապիտան Սասուն Հարությունյանին։ «Առկա են՝ թիկնոցավրանը, դաշտային պայուսակը, սաղավարտը, կաթսայիկը, տափաշիշը, բարձրաձայն թվարկում է շտաբի պետը, բաժակը կա, գդալն էլ, օրապահիկը, կոշկի խոզանակն ու մածուկը, սափրվելու սարքն ու ածելիները, երեսսրբիչը, գրենական պիտույքները... Իսկ քարտեզն ո՞ւր է, դու պիտի ունենա°ս աշխատանքային քարտեզ։ Հնչում է «Ունեմ» վստահ պատասխանը և ցույց է տալիս՝ հանելով պայուսակից։ Անցնում է հաջորդին, երրորդին, չորրորդին, մեկմեկ տնտղում շարվածների իրերը, անհրաժեշտ դիտողութուններ անում։ Ստուգվում է նաև փաստաթղթերում արվող գրությունների առկայությունը։ Իսկ շարային ստուգատեսի ավարտից հետո ստորաբաժանումներում սկսվում են օրվա պարապմունքները։
Հրետանավորները
Մարտկոցի հրամանատար, լեյտենանտ Ալբերտ Ղազարյանը հերթական պարապմունքն է անցկացնում։ Իսկ ինչպե՞ս է մատուցվում նյութը, և կարողանո՞ւմ են, արդյոք, զինվորները յուրացնել այն, ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ հարցին պատասխանելիս Ա. Ղազարյանը շեշտում է, որ նախքան յուրաքանչյուր պարապմունք սկսելը, պարտադիր, որպես պարապմունքի նախապատրաստական մաս, այսպես կոչված՝ «առանձնադաս» է անցկացնում հաշվարկների հետ, առանձինառանձին, իրենց հրամանատարների մասնակցությամբ, հայտնաբերում թերությունները (նյութի րնկալման առումով), որոնք վերացնելուց հետո միայն սկսում պարապմունքի հիմնական մասը՝ մարտկոցի կազմով։ Նման դեպքում առաջադիմությունն ակնհայտ է։ Յուրացնում են, թեև կան նաև թույլեր, որոնց հետ տարվող աշխատանքներն ավելի ընդգրկուն են, պարապմունքն անցկացնողն ավելի է ծավալվում, հաճախ նույնը կրկնում մի քանի անգամ, որ լավ յուրացնեն, կարողանան պահպանել նորմատիվային պահանջները։ Նորեկների հետ տարվող աշխատանքների մասին խոսելիս նկատում է, որ երիտասարդ զինվորները թեև դեռևս առաջին ուսումնական շրջանն են անցնում, կարողանում են իրենց լավ դրսևորել, խելոք են, հեշտ յուրացնող, մեկերկու պարապմունքից հետո արդեն գիտեն ձևը, կարողանում են հիշել ու պահպանել հերթականությունը, ճշտորեն կատարել հրահանգները և այլն։ Մարտկոցի հին ծառայողներից շատերն արդեն իրենց գործի հմուտ գիտակ են, կարողանում են կատարել նորմատիվային բոլոր պահանջները։ Նրանց գիտելիքներից շատ բան է կախված, բայց և փաստ է, որ հիմնական գործոնը տեխնիկայի սարքին լինելն է։ Դա հասկանում են տղաներն ու անում հնարավոր ամեն ինչ՝ տեխնիկան լավ վիճակում պահելու համար։ Հրանոթի հրամանատար, սերժանտ Անդրեյ Ավանեսյանը ևս շեշտում է, որ նորակոչիկները հեշտ են յուրացնում։ Իսկ զինվորների միջև փոխհարաբերությունների վերաբերյալ էլ նկատում է՝ բոլորն էլ խելոքգիտակից տղաներ են, իրար նկատմամբ լավ են տրամադրված։ Շարքային Կարեն Հայրապետյանը, ով նույնպես հրանոթի հրամանատար է, իր ենթակաների մասին խոսելիս վերապահումներ չի անում, որովհետև իր զինվորներն իրենց լավ են դրսևորում, նորմալ են անցնում ծառայությունը։ Սրտա՞նց են ծառայում, թե՞ պարզապես պարտականություն կատարելու պես են վերաբերվում զինվորական գործին՝ պատասխանը միանշանակ մեկն է, սրտանց ու նաև՝ համոզմունքով։ Իսկ մարտական պատրաստվածությո՞ւնը... Եթե հանկարծ պատերազմը վերսկսվի, կարողանալո՞ւ են իրենց արդարացնել՝ անպայման։
Լեյտենանտ Ռաֆիկ Մովսիսյանի հետ
Զորամասի տարածքում մեզ ուղեկցում է զորամասի ՀՕՊի պետ, լեյտենանտ Ռաֆիկ Մովսիսյանը ծանոթացնում է «մշտական տեղակայման վայրում» կատարվող աշխատանքներին։ Աչք են շոյում մարզաքաղաքիկը, վարժահրապարակը, զորանոցներում տիրող վիճակը, աշխատում են լվացքատունը, բաղնիքը։ Ճաշարանը նորակառույց է, պահակատունը՝ նույնպես, հագեցված անհրաժեշտ ցուցապաստառներով ու դիդակտիկ այլ նյութերով՝ կանոնադրական պահանջներին համապատասխան։ - Մտնե՞նք ճաշարան, ոչ այն է՝ հարցնում է, ոչ այն է՝ առաջարկում է զրուցակիցս։ Մտնում ենք։ Ճաշարանում աշխատում է վերակարգը։ Ճաշարանի հերթապահը՝ դասակի հրամանատար, լեյտենանտ Արթուր Ղուկասյանը զրույցի հենց սկզբում շեշտում է, որ մթերքները նորմայով են ստանում, ու հերիքում է, ճաշը ժամանակին պատրաստ է լինում։ Դիրքայինների համար էլ է այստեղ պատրաստվում ու տաք վիճակում հասցվում դիրքեր։ Վերակարգի տղաները մաքրում են հատակը։ Կհասցնեն մյուս բոլոր գործերն էլ անել՝ ճաշի ժամը դեռ հեռու է։ Մտնում ենք զորանոցները, ամեն ինչ՝ տեղըտեղին, մաքուր, կոկիկ։ Միայն վերակարգն է տեղում, զինանձնակազմը պարապմունքներում է, մի մասը՝ զինավարժարանում, մյուսը՝ հրաձգարանում, իսկ տեսական պարապմունքներ ունեցողները՝ զորամասում՝ համապատասխան կահավորանք ունեցող դասասենյակներում։ - Ունենք հարմարավետ դասասենյակներ, հուշում է Ռաֆիկ Մովսիսյանը։ Դասասենյակներից մեկում «Մարտավարական պատրաստություն» առարկայից հերթական պարապմունքն անցկացնող վաշտի հրամանատար, լեյտենանտ Վլադիմիր Անանյանը ներկայացնում է. «Զինվորներին նախապատրատում ենք պաշտպանողական մարտի»։ Լեյտենանտ Վլ. Անանյանը «Վաշտը պաշտպանությունում» թեմայով պարապմունքն անցկացնելու համար նախ զինվորներին ծանոթացնում է օրվա թեմային, ապա անցնելով հիմնական մասին, ցուցաբերում յուրովի մոտեցումներ, այսինքն՝ նռնակաձիգների, հրաձգների, դիպուկահարների, մյուս խմբերի հետ առանձինառանձին է պարապում։ Այդ ընթացքում հաշվի են առնվում մասնագիտական բոլոր նրբությունները, որոնք կարող են մարտը վարելու ընթացքում խոչընդոտել, կամ ասենք՝ մարտավարական նվազ փորձ ունեցողները կարող են հանկարծ «իրար խառնվել»։ Բացատրում է, թե ինչը կարող է իրենց մոտ խուճապի տեղիք տալ, աշխատում է հոգեբանորեն տրամադրել զինվորներին, որ իր մատուցած գիտելիքները հեշտ յուրացնեն։ Եվ բոլորը չէ, որ միանշանակ կարողունակ են, կան նաև թույլեր, որոնց հետ անհրաժեշտ է լինում ավելի երկար աշխատել։ Իսկ թե ինչպիսին է պատրաստվածության ընդհանուր մակարդակը վաշտում՝ խոստովանում է. «Չէի ասի՝ արտակարգ կամ բարձր, համենայնդեպս՝ բավարար մակարդակի վրա է»։
Հրաձգարանում
Զորամասային հրաձգարանը մշտական տեղակայման վայրից բավական հեռավորության վրա է գտնվում, համարյա դիրքերի հարևանությամբ։ Այն «փոքր կրակային քաղաքիկ» է հիշեցնում։ Բաց տարածքում, ուսումնական տեղերում (ավտոմատի քանդումհավաքում, հրաձգության նախապատրաստում, հրաձգության անցկացում և այլն), կրակային պատրաստությունից լիարժեք պարապմունքներ են անցկացվում։ Հրաձգարան ենք հասնում զորամասի հրամանատարի՝ մարտական հերթապահության գծով տեղակալ, մայոր Հրաչիկ Մակյանի հետ։ Առաջին գումարտակի զինվորներն ըստ վաշտերի ու դասակների տեղաբաշխված են ուսումնական տեղերում և կրակային պատրաստության հերթական պարապմունքն են անցկացնում։ Ուսումնական վարժանք է ստուգողական հրաձգության առաջին վարժությունից՝–ներկայացնում է գումրամանատար, ավագ լեյտենանտ Հովհաննես Ավագյանը։ Այսինքն՝ զինվորներին նախապատրաստում են, որ առավել խոշորամասշտաբ գործողությունների դեպքում վստահ գործեն և ամեն րոպե պատրաստ լինեն ետ մղել հակառակորդին։ Իմ այն հարցին՝ թե ի՞նչ պարբերականությամբ են հաճախում հրաձգարան, ասվեց, որ սահմանված է որոշակի կարգ, ժամանակացույց, որի խստիվ պահպանումը բոլոր ստորաբաժանումների հրամկազմերի պարտականությունն է, իրենք ևս նույն ձևով են վարվում։ Այստեղ լինում են պահանջվող քանակությամբ, այնպես, որ զինվորները կարողանան հաճախակի շփվել զենքի հետ։ Ճիշտ է, մարտական դիրքում գտնվելու ժամանակ էլ զենքը միշտ զինվորի կողքին է, բայց դեռևս այն չէ, հրաձգարանում ազատ են իրենց գործողությունների մեջ, կրակում են, սովորում։ - Գո՞հ եք գումարտակի զինանձնակազմի ձեռքբերումներից։ - Իհարկե, գումարտակի զինանձնակազմը կարողանում է կատարել իր առջև դրված բոլոր առաջադրանքները, բայց երբեք ձեռք բերածը չպետք է սահման համարել, չպետք է նաև ինքնագովությամբ զբաղվել, մենք չէ, որ պիտի գովենք մեզ, իսկ վերադաս հրամանատարությունը, կարծում ենք, մեր մասին չի կարող լավ կարծիք չունենալ։
Մարտական պատրաստվածության առումով հասնում ենք լուրջ հաջողությունների, գումհրամանատարի ասածին հավելում է դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մխիթար Ավանեսյանը, թեև առկա են նաև թերությունները, օրինակ՝ ֆիզիկապես թույլ պատրաստվածությունը, որ ունենում է նորակոչիկը, անձնական հետաքրքրասիրության պակասը, ծուլությունը։ Դա կախված է ինչպես այն միջավայրից, ուր դաստիարակվել է նախքան զորակոչվելը, այնպես էլ՝ մեզնից, որովհետև այդ զինվորի այսօրվա պատասխանատուն մենք ենք։ Զինվորը չպետք է ի միջի այլոց վերաբերվի զինվորական գործին, այդպես հաջողությունների չի հասնի։ Զինվորները ևս ճիշտ են ընկալում իրենց ծառայակերպը, ձգտում արդարացնել հրամանատարների վստահությունը, այլապես՝ ավելորդության (ավելին՝ թերարժեքության) զգացումը երբեք հանգիստ չի տա իրենց։ Հրաժեշտ ենք տալիս տղաներին և մայոր Հրաչիկ Մակյանի ուղեկցությամբ մեկնում զորամասի պաշտպանական դիրքերը։
II
Ճանապարհին
Մեր մեքենան, հաղթահարելով ճանապարհային խոչընդոտները՝ սլանում է դեպի դիրքեր։ Բայց նախապես էլ հետաքրքիր է իմանալ, թե ինչ պայմաններում են ապրում ու ծառայությունը շարունակում դիրքապահ զինվորները։ Զորամասի հրամանատարի՝ մարտական հերթապահության գծով տեղակալը հանգամանորեն ներկայացնում է դիրքերում տիրող իրավիճակը, պատմում, թե ինչպես է կազմակերպվում մարտական հերթապահությունը, որ զորամասի բոլոր ստորաբաժանումները հավասարապես և° լինեն դիրքերում, և° հանգիստը նորմալ անցկացնեն, և° պարապմունքները, ինչպես հարկն է, ծառայեցնեն իրենց նպատակին։ - Հերթապահությունն անցկացվում է ըստ ժամանակացույցի, որը երբեք, և ոչ մեկն իրավունք չունի խախտել,–ասում է մայոր Հ.Մակյանը, կազմվում են նաև մարտական հերթապահության ցուցակներ, որոնք հաստատվում են գումհրամանատարների կողմից և կնիքվում զորամասի կնիքով, իսկ հերթապահությունը տարվում է այդ ցուցակների համաձայն։ Ստուգումներ անց են կացվում միշտ, հատկապես՝ գիշերները, գումհրամանատարի, սպայական կազմի, զորամասի հրամկազմի կողմից։ Իսկ գիշերային ստուգումների համար ունենք վերահսկող խումբ, որը միաժամանակ ստուգում է, որ մարտական հերթապահության ցուցակների խախտումներ չլինեն։ Ի դեպ, վերջին զորակոչի տղաներին էլ ենք դիրքեր բարձրացրել, թող սովորեն։ Ձգտում ենք երիտասարդ զինվորների մարտունակությունը ևս ամուր հիմքերի վրա դնել, ու ամեն ինչ առայժմ նորմալ է։ Մարտական նորմալ հաշվարկ ունենալու վրա ենք աշխատում հիմա, ուզում ենք ժամանակակից պահանջներին համապատասխան դիրքեր ունենալ, որ վաղը, եթե մի բան լինի, կարողանանք մեր զինվորների անվտանգությունն ապահովել, թշնամուն էլ արժանի հակահարված տալ։ Դիրքերում ինժեներական աշխատանքները մշտապես շարունակվում են, ներկա պահին առաջին գիծը ավարտելու վրա ենք, արդեն ունենք լավ խրամատներ, խրամուղիներ ու խրամախորշեր։ Հասնում ենք դիրքեր։ Դիրքի ավագը զեկուցում է զորամասի հրամանատարի՝ մարտական հերթապահության գծով տեղակալին, որ հերթապահության ընթացքում ոչ մի պատահար չի եղել։ - Իսկ ո՞ւր է գումհրամանատարը, հարցնում է մայոր Հ. Մակյանը։ - Հաջորդ դիրքում զինվորներից մեկին կարիճը խայթել է, շտապել է այնտեղ։
Գումհրամանատարը
Քիչ անց գումհրամանատարը վերադարձավ, զինվորի հետ։ Ամեն ինչ կարգին էր։ Գումարտակը մարտական հերթապահությունում է, գումհրամանատարն էլ մշտապես պետք է դիրքերում լինի, որ կարողանա հարկ եղած դեպքում անհրաժեշտ օժանդակություն ցույց տալ զինանձնակազմին։ - Ինչպե՞ս է կազմակերպվում դիրքապահ զինվորների հանգիստը։ - Մեզ մոտ ամեն ինչ կատարվում է ըստ ժամանակացույցի, պահակության ժամանակ՝ պահակություն, ինժեներական աշխատանքի ժամանակ՝ աշխատանք, իսկ հանգստի ժամանակ զինվորը պիտի նաև հանգստանալ կարողանա։ Այդ ուղղությամբ արվում է հնարավոր ամեն ինչ։ Նաև պարապմունքներն ենք հասցնում անցկացնել։ - Պարապմունքնե՞ր... - Այո, և այդ պարապմունքները փորձնական բնույթ են կրում, մարտավարության պատրաստությունից, ինժեներականից, հենակետերում մարտական հաշվարկի վրա ենք աշխատում, ձգտում ենք ամեն ինչ լրացնել ժամանակին։
Այո, ամեն ինչ՝ և՛ պարապմունքները, և՛ հանգիստը, և՛ մարտական հերթապահությունը, և՛ աշխատանքը դիրքերում լրացնում են մեկը մյուսին, ու դա դիտվում է մեկ ամբողջության մեջ, զինվորը պիտի կարողանա հոգեբանորեն պատրաստ լինել դրան։ Գումհրամանատար, կապիտան Վիկտոր Դավթյանը նշում է նաև, որ սնունդը նորմալ ձևով է կազմակերպվում ու հասցվում դիրքեր, դժգոհություններ չկան։
Դիրքապահների մոտ
Դիրքապահ զինվորների տրամադրությունը բարձր է, իսկ կապիտան Վ. Դավթյանը հավաստում է, որ դժվարությունները հաղթահարվում են, թերությունները վերացվում ժամանակին։ Տղերքը մարտունակ են։ Զգում են իրենց դերը և պատրաստ են հարկ եղած դեպքում անել հնարավոր ամեն ինչ՝ հայրենյաց սահմանների անձեռնմխելիությունը պահպանելու համար։ Մարտական դիրքում կանգնած է շարքային Հրաչ Մարտիրոսյանը՝ ողջ հանդերձանքով, ու նայում է հեռուն՝ դեպի հակառակորդի խրամատները։ - Ինչքա՞ն ժամանակ է, որ ծառայում ես։ - Մեկ տարի շորս ամիս։ - Հերթապահության անկացումն ինչպե՞ս է կազմակերպվում, պայմաններից գո՞հ ես։ - Պայմանները նորմալ են։ Տանելիից լավ։ Նույն կարծիքին է նաև շարքային Հակոբյանը, որ դիրքի ավագն է, և որ՝ նույնը հասցնում է բոլոր զինվորների գիտակցությանը։ - Մարտական հերթապահությունն անց է կացվում ներկայացվող պահանջներին համապատասխան, ասում է,–զինվորներն իրար նկատմամբ լավ են տրամադրված, ժամանակին հերթափոխում են մեկը մյուսին, խնդիրներ չկան, միայն տան կարոտն է։ Զգոն են տղաները դիրքում և... - Որ կանգնած ենք այստեղ, գիտենք ինչի համար ենք կանգնած և պատրաստ ենք ամեն ինչի։
ՆԱԵՎ՝ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Դիրքերում լավ է կազմակերպված բուժսպասարկումը։ Իմ զրուցակիցը գումարտակի բուժակն է՝ ենթասպա Վիլեն Բաբայանը։ - Ի՞նչ առաջադրանք եք կատարում։ - Հիմնականում զինվորներին առաջին օգնություն եմ ցույց տալիս, հետևում, որ զինվորները չխախտեն մաքրության պահպանման կանոնները, հակառակ դեպքում կառաջանան զանազան հիվանդություններ։ Ձգտում ենք ստեղծել բոլոր հնարավորությունները, բայց դեղերն ու վիրակապման նյութերը քիչ ենք ստանում։ Փորձում ենք եղածով բավարարվել, բայց դժվար է, հատկապես՝ որ արդեն գարուն է և այս շրջանում վերքերն ավելի շատ են լինում, զանազան միջատների «աշխուժացումը» և ինժեներական աշխատանքների ընթացքում ստացած քերծվածքները, բայց չենք թողնում, որ վերքը զարգանա և լուրջ դժվարությունների պատճառ հանդիսանա։ Պատկերացրեք, որ այսօրվա դրությամբ զորամասի բուժմասում մեր գումարտակից հիվանդներ չկան։ - Երկու բուժակ ունենք, զրույցին խառնվում է գումհրամանատար Վ. Դավթյանը,– նորմալ աշխատում են, հոգատար վերաբերմունք են ցուցաբերում զինվորների նկատմամբ։ Ջուրն էլ ձգտում ենք պահանջվող քանակությամբ տեղ հասցնել։ Վիճակը բարվոք է, և քանի որ լրջորեն են վերաբերվում գործին՝ առանձին բարդությունների չեն հանդիպում։ Դիրքերում նաև առաջին օգնության դասընթացներ են անցկացվում, որոնց ժամանակ բացատրվում է, թե տվյալ պարագայում ինչպես վարվել, զգուշացվում, որ սողունների, միջատների հարցում (հատկապես՝ այս շրջանում) ուշադիր լինեն։ Զինվորները գիտակցաբար են վերաբերվում տրված պահանջներին, և արդյունքները գոհացուցիչ են, քանի որ բոլորի համար էլ միանշանակ պարզ է՝ մարտական «առողջ» հերթապահություն կարող է իրականացնել առողջ մարմին ունեցող զինվորը միայն։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԱԿԱՆԱՊԱՏՎԱԾ Է
Անհարկի դժվարություններից խուսափելու համար պետք է պահպանել պահանջվող կարգը՝ զգուշանալ ոչ միայն սողուններից ու միջատներից։ - Ժամանակին, երբ այս վայրերում մարտական գործողություներ էին ծավալվում, ինչպես մեր զինված ուժերի, այնպես էլ հակառակորդի կողմից բազմաքանակ ականներ են տեղադրվել, որոնք այսօր խանգարում են բնական կենսագործունեությանը, ասում է գումհրամանատար Վ. Դավթյանը։ Պետք է ազատվել այդ անշունչ, բայց և՝ թաք կացած ու գործելու իրենց ժամին սպասող մեխանիզմներից, մեր դիրքերի թիկունքային մասը մաքրել ենք լրիվությամբ, որ երկրորդ գծում ինժեներական աշխատանքների ժամանակ հանկարծ դժբախտ պատահարներ չլինեն։ Զորամասի փոխհրամանատար, մայոր Հրաչիկ Մակյանի մտահղացմամբ ու նախաձեռնությամբ գումարտակի պաշտպանական շրջանի թիկունք են բերվել սակրավորներ և արդեն սկսված են ականազերծման աշխատանքները, որով էլ կկարգավորվի զինվորների ապահովվածությունը։
«Մարտիկ» թերթ, 1999 թ., No 13 (308), էջ 23 «Մարտիկ» թերթ, 1999 թ., No 14 (309), էջ 2
ՀԱՎՍԱ՜Ր, ԶԳԱ՛ՍՏ...
Վարժահրապարակում շարվել է զինանձնակազմը։ Հանդիսավոր շարանցումով դուրս է բերվում զորամասի Մարտական դրոշը։ Հրամանատարը օրվա պարապմունքներին պատրաստ լինելու մասին զեկույց է ստանում, հետո ստուգվում են պատրաստականության անհրաժեշտ բոլոր բաղադրիչները, տրվում համապատասխան հրահանգներ։ Եվ սկսվում է հերթական զինվորական օրը։
Հաճախ ենք զորամասերում ականատես լինում նման տեսարանների, հետո էլ՝ զրույցի բռնվում զինծառայողների հետ, խոսում զինվորական ծառայության դժվարություններից, որոնք հաղթահարելու վճռականություն ցուցաբերողներն իրոք ցանկալի հաջողությունների հասնել կարողանում են, իսկ թուլակամներն անկարող են չերկնչել։ Ահա թե ինչու՝ զինվորն առաջին հերթին իր մեջ ոգու ուժ է դաստիարակում, երբեք չի խորշում դժվարություններից, որպեսզի հետո չհայտնվի անելանելի դրության մեջ։ Օրօրի հզորանում է բանակը, կատարելագործվում ու համալրվում տեխնիկան ու սպառազինությունը, բայց հրամանատարությունը գիտի, որ սպառազինության թիվ մեկ միավորը զինվորն է՝ իր բարոյահոգեբանական ու մարտական պատրաստվածության ողջ կարողություններով, բանակային լեզվով ասած՝ «մարտական լրիվ հանդերձանքով»։ Եվ այդ առումով էլ տարվում է դաստիարակչական հիմնական աշխատանքը, նպատակաուղղված և անհետաձգելի, ինչպես ասում են՝ «առարկություն չընդունող տոնով»։ Զինվորները բացվում են, զրույցն անկաշկանդ է ստացվում։ Նշում են զինծառայության իրոք դժվար լինելը, բայց և նրանց մեջ խոսում է հայրենյաց պաշտպանի պատրաստակամ ոգին՝ «ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ՝ մենք» ենթատեքստով։ Իսկ որտեղի՞ց է գալիս նման վճռականությունը՝ կհարցնեն ոմանք, չէ՞ որ շատերը օրեր են հաշվում, նույնիսկ օրացույցում օրաթվերը ջնջում։ Թվում է՝ դրանով մոտեցնում են զորացրման ցանկալի պահը։ Չեմ առարկում, կան նմանները, բայց և՝ եթե պահանջվի, նրանք ևս զենքը ձեռքից չեն գցի, թե ինչ է՝ ժամկետը լրացել է։ Մեր հանրապետության, մեր բանակի պարագայում դա պետք է այդպես լինի։ Ու՝ վերջ։ Բայց հաճախ լինում են և այնպիսի դեպքեր, երբ... ...Իմ բարեկամներից մեկի խոսքից մի անգամ խիստ վիրավորվեցի։ Նա ինքն էլ երևի զգաց վիրավորվածությանս չափը, որ էլ չերևաց, չտեսա նրան այդ դեպքից հետո։ Պաշտպանության բանակի սպա է և իր զորակոչված որդուն «դասավորելով»՝ ուրիշ զորամասից իր մոտ է տեղափոխել, որ միշտ աչքի առաջ լինի։ Չմանրամասնեմ՝ բոլոր մանրուքներով հանդերձ։ Այդ տհաճ խոսակցությունը բնավ էլ չեմ ուզում վերհիշել, բայց նման փաստը պետք է միշտ աչքի առաջ ունենալ, որովհետև զինվորը շատ անգամ նաև ծնողի մեղքով է կարգազանցություն անում։ Ծայրահեղ «հոգատարության» արդյունքում։ Զորակոչվածը զինվոր է արդեն։ Նա պետք է ապրի զինվորական լիարժեք կյանքով, կատարի իր պարտականությունները և օգտվի արտոնություններից՝ միայն ու միայն զինվորական կանոնադրությունների պահանջների շրջանակներում, այլապես... Ինչո՞ւ հիշեցի այս դեպքը։ Բոլոր ծնողները սիրում են իրենց երեխաներին և ուզում են առողջ ու անփորձանք մեծացնեն, որ նրանք հաջողակ ընտանիք կազմեն, երեխաներ ունենան և այլն։ Ծնողի բոլոր ջանքերն են միտված այդ նպատակին։ Բայց կա մի վերին խորհուրդ ու հասկացություն՝ Հայրենիք, և մարդկային պարզ գիտակցության արդյունք՝ պարտք, պարտականություն։ Բոլորն ի զորու են կատարել այդ պարտականությունը և եթե պահանջվի՝ նույնիսկ կյանքի գնով։ Ի դեպ, շատերն են այդպես վարվել, երբ մեր խաղաղ ժողովուրդը ստիպված էր ներքաշվել պատերազմական գործողությունների մեջ։ Հիշում եմ, մեր գումարտակում նույնիսկ 14 տարեկան զինվոր կար։ Կային նույնիսկ, որ լուսանկար անգամ չունեին, և հիմա, երբ նահատակված զինծառայողների մասին գրքեր են տպագրվում՝ նրանց կենսագրություններն առանց լուսանկարի են ներկայացվում ընթերցողին։ Սա ցավ է, բայց՝ հերոսական, անձնվեր վերաբերմունքի արդյունք։ Այդ տղաները չէին գնում... մահանալու (թեև շատ անգամ են մահվան հետ դեմհանդիման հանդիպել), այլ՝ հաղթելու և փրկելու հայրենիքի ապագան։ Շատերն են այդպես մտածում։ Նաև՝ գործով ամրագրում իրենց մտածածն ու արտահայտածը։ Նրանցով են ամուր մեր շարքերը, կարծր՝ մեր ոգին ու համառությունը։ Նրանցով է հզոր մեր բանակը և նրանց երաշխավորած պաշտպանությամբ է ամրապինդ մեր նորանկախ հանրապետությունը։
«Մարտիկ» թերթ, 1999 թ., No 22 (317), էջ 2