Մարալ մոզին

Մարալ մոզին


Էն մեր մոզին, Մարալ մոզին,
Խեղճը մնաց որբ-անտեր,
Նրա մորը թոկը պոզին
Քաշեց, տարավ պարտքատեր։

— Ես ձեզ մատաղ, ա՜յ իմ բալեք,
Դո՛ւք որ ունեք հերն ու մեր,
Թող չորսի տեղ հինգը ըլեք,
Մոզին լինի ձեզ ախպեր...

Ամեն օր դուք փոխար-փոխար
Հանդը տարեք, արածի,
Շուտ մեծանա, որ մեզ համար
Եզը դառնա՝ նա լծի։
Եզը դառնա, գութան լծենք,
Վարենք, ցանենք, արտ անենք,
Արտը հասնի, գնանք հնձենք,
Ապրուստ անենք՝ դարդ չանենք։