Մարգարե 2 (Միխայիլ Լերմոնտով)
Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի
Մարգարե
Այն օրից, երբ տերն հավերժ, երկնավոր
Ինձ մարգարեի պարգնեց շընորհ,
Ես խոր կարդում եմ, կարդում էջ առ էջ,
Արատ ու չարիք մարդկանց աչքի մեջ։
Ես ըսկսեցի քարոզել մարդկան
Ե՛վ սեր, և՛ ուսմունք սուրբ ճշմարտության.
Բայց զինված իմ դեմ իմ մերձավորներ,
Մոլեգին վերաս նետեցին քարեր։
Մոխիր ցանեցի գըլխիս — ու աղքատ
Ես քաղաքներից փախա անապատ.
Այնտեղ ապրում եմ գոհունակ կյանքով,
Որպես թըռչուններ — տիրոջ բարիքով։
Այնտեղ բարձրյալի պատվերը պահած,
Ինձ խոնարհվում է ամեն արարած.
Այնտեղ և՛ աստղեր եթերի միջից
Խնդագին փայլով ունկնդիր են ինձ։
Բայց երբ անցնում եմ արագ քայլերով
Ես աղմըկալից քաղաքի միջով,
Ցույց տալով վերաս՝ ինքնասեր, սիգանձ
Ժպտում են ծերերն ու ասում մանկանց.
«Նայեցե՛ք, ահա ձեզ լավ օրինակ,
Գոռո՜զ էր. մեզ հետ չըվարեց հաշտ կյանք
Անմիտն ուզում էր համոզել մարդկանց,
Որ նորա լեզվով խոսում է աստված։
Նայեցե՛ք, որդիք, դուք նորա վերա,
Ի՛նչպես և՛ մռա՜յլ, և գունա՜տ է նա,
Ի՛նչպես նիհար է, մե՜րկ, անօգնակա՜ն,
Ի՛նչպես ամենքն էլ ատո՜ւմ են նորան»։