Թարգմանությունը՝ Եղիշե Չարենցի

Մարգարե


Հոգու ծարավից, սովից հիվանդ`
Անապատն էի դեգերում ես,
Եվ մի վեցթևյա քերովբե անդ
Ուղեհանգույցում ինձ հայտնըվեց:
Մատները թեթև, նման նիրհի,
Հպեց նա քնքուշ իմ աչքերին.
Բացվեցին աչքերն ամենատես`
Ահաբեկ արծվի աչքերն ինչպես:
Իմ ականջներին դիպավ ապա
Եվ աղմուկ ու կանչ առան նոքա,
Եվ ես անսացի երկնի սարսումն,
Եվ հրեշտակների թռիչքը վերին,
Եվ երթն ընդծովյա զեռունների,
Եվ հովիտներում բույսի սարսուռն:
Եվ նա շրթերիս մերձեցավ մոտ,
Եվ պոկեց նա իմ լեզուն մեղսոտ`
Եւ ունայնախոս, և խաբեբա,
Եվ խայթն իմաստուն օձի եւ գեջ
Դրեց իմ սառած շրթերի մեջ
Յուր արնաշաղախ աջով ապա: —
Եվ նա իմ կուրծքը հերձեց սրով
Եվ իմ դողդողյուն սիրտը հանեց,
Եվ ածուխն` այրվող հրկեզ հրով`
Դեպի իմ հերձյալ կուրծքը հրեց:
Ին(չ)պես դի` այնտեղ ընկա լռին,
Եվ ձայնն աստուծո կոչեց առ ինձ.
Ելի՜ր, մարգարե՜, և տես, եւ լուր,
Ներշնչվիր կամոքն իմ անսահման,
Եվ դեգերելով աշխարհն հանուր
Խոսքով հրկիզիր սրտեր մարդկան: