Մարգար ախպոր տերտը

ՄԱՐԳԱՐ ԱԽՊՈՐ ՏԵՐՏԸ

Դրսեցի մըն է, պանդխտության տաժանքովը ծերացած. իր բիրտ ու հաստ մարմինը՝ կքած, ծռած, քայքայած է հոս. ողորմելի մնացորդն է հիմա առջի կայտառ երիտասարդին, որ քսան տարիներ առաջ վազած եկած էր Պոլիս, բախտ փնտրելու համար զոր երբեք զտած չէր։

Այս քաղքին մեջ, ամեն ինչ կը զարմացներ զինքը, մարզերը, ձայները, փողոցները ու տուները։ Միայն եկեղեցին, իր եկեղեցին կը ճանչնար, միևնույնը հոս ալ ինչ որ էր իր երկրին մեջ, դասը, բանկալը, գավիթը, խորանը։

Հոն վերադարձած մարդու պատրանքը կունենար, ձայներն ու եղանակները ծանոթ էին իրեն, իրեն պես շատեր կը տեսներ շուրջը, լալագին ու հառաչալից սրտեր, երեսանկյալ ու գետնամած մարդիկ, ժամուն պատերուն ու քարերուն քսվող դեմքեր, օգնություն ու սփոփանք հայցող հոգիներ բոլոր։

Իսկ պատարագի ատեն ա՛լ տարակույս չուներ բնավ, հոս հոն չկար, իր վերացմանը մեջ, քահանան, դպիրներն ու բարեպաշտներու բազմությունը կը միանային, հիշեցնելով իր բնավայրը, աղոթքի ժամերը գյուղին, ամբողջ ու անխառն վայելք մը ձևացնելով զոր խոնասեր, փափկաճաշակ մարդու մը պես Մարգար ախպար կըմբոշխներ մեղմիվ, կծծի, ագահ մարդու

խնայողությունով։

Ասիկա իր երջանկությունն էր, դյուրացնի ու ստույգ երջանկությունը զոր ոչ ոք կրնար իրմե կապտել և որուն ոչ ոք դպչելու իրավունք ուներ։

Բոլոր հայրենակիցներուն մեջ իր ժամասիրությունը առածի կարգ անցած էր. առավոտուն ու երեկոյին, մանավանդ կիրակի օրերը պատարագի ժամուն, անխախտ իր համեստ տեղը կը բռներ, մինչև վերջը կը կենար հոն, մինչև «Օրհնյալ եղերուք»ը, ու դանդաղ ու գժկամակ մարդու քալվածքով դուրս կելլեր, գրեթե ակամա։

Փորձանք մը պատահած էր սակայն իր այս սակավապետ երանությանը գլխուն. տարիներ անցնելով արարողություններն ալ կը բռնվեին կարծես այն շուտափույթ ու շտապող ոգիեն որ ամեն բանի մեջ կը մտներ։

Ու եկեղեցիին մեջ աղոթքները, այն ծանր ու համրասաց եղանակները, տակավ տակավ տարօրինակ հորդորի մը աճապարանքը կառնեին, առջի երկու ժամ տևող արարողությունը հիմա կես ժամվան մեջ կավարտեր, փճացումը, մսխումն էր այս Մարգար ախպոր բոլոր ու միակ վայելքին, ինքը՝ միշտ էն վերջինն էր մեկնողներուն, իբրև թե դեռ հույս մը ունենար աղոթքին վերսկսելուն, և հուսաբեկ կելլեր դուրս, լուսարարին հետ, տրտռալով, գանգատելով այս անտեղի փութացումներեն։


Ղալաթիո Ս. Լուսավորիչ եկեղեցիին մեջ ծնրադրած պահուն Մարգար ախպար այդ օրերը փնտրելու կսկսեր, առաջ շուտ կարտասանեին աղոթքները, բայց վերջապես կարտասանեին. հիմա ամբողջ հատվածներ կը կորսվեին ահա փութո պնդությամբ հառաջ տարված արարողությանը մեջ։

«Առաքելոց»ի պահուն երբ սարկավագները կսկսին սեղանեն երգել։

«Առաքելոց, սրբոց, մարգարեից, վարդապետաց...» ահա վարեն դպիրները վրա կը հասնին, չթողլով որ շարունակեն ու հառաջ քշելով իրենցը․

«Հիշյա Տեր և ողորմյա»։

Եվ այսպես անընդհատ ու վերահաս «Հիշյա»ով ժամանակ չեն թողուր սրբոց անուններու հիշատակությանը։ «Հիշյա» մը որ այնքան կը նմաներ «չՀիշյա»ի։

Մարգար ախպար կը խոսվի ալ. ո՛չ, աս երկրին մեջ չկար և վերջին հույսով մը կը շարունակե ամեն կիրակի այդ եկեղեցին երթալ, օր մը, անգամ մը գոնե, կատարյալ ու չխռովված արտասանությունը լսելու «Առաքելոց»ին։ Իր արդար ակնկալությունը ի վերև կելլե միշտ. նախանձախնդիր դրսեցին կը գանգատի, կը բողոքե ու կը շարունակե եկեղեցի երթալ, ուր իր խնդրանաց ականջ չեն կախեր բնավ, ու կը խլեն իրմե վերջին պատրանքը իր բնավայրին ու իրեններուն աղոթքի ժամը հիշելու, հոգվով անոնց հետ միանալու պատրանքը որ այս քաղքին մեջ Մագդար ախպոր միակ ինչքն էր, իր միակ երջանկությունը։

<1892>