Մարդու իրավունքների, պետքարտուղարության զեկույցի և մեր ապագայի մասին

Օրերս հրապարակվեց ԱՄՆ պետնախարարության՝ Հայաստանի մասով Մարդու իրավունքների զեկույցը՝ 63 էջ: Ի դեպ, Թուրքիայի մասն ընդամենը 46 էջ է, որը նշանակում է, որ ավելի քիչ բան կար գրելու: Սա այն դեպքն է, որ ինչքան քիչ գրեն, այնքան լավ: Ընդհանուր ակնարկը ցույց է տալիս, որ ամերիկացիների գրածը ճիշտ է: Գուցե ուրիշներն այլ շեշտադրումներ անեին, քան ամերիկացիները, այսուհանդերձ զեկույցի փաստական մասը և գնահատականները ճիշտ են: Հիմա ոմանք դեմքերին նորից զարմանքի արտահայտություն են տվել: Ինչո՞ւ: Ի՞նչ է, մենք չգիտեինք, թե ինչ է կատարվում մեր իրավապահ համակարգում, բանակում, խոսքի ազատության ոլորտում կամ գործարարության դաշտում: Մենք ամերիկացիներից ավելի լավ գիտեինք և գիտենք, պարզապես նրանց խոսքն ավելի ծանրակշիռ է և բնականաբար ազդեցությունն ավելի զորեղ: Սա իրողություն է, որը ժամանակակից աշխարհում որևէ իշխանություն չի կարող անտեսել:

Հիմա ուզում եմ անդրադառնալ որոշ հարակից հարցերի, որոնք էական են հենց զեկույցի ընկալման համար: Ձայներ են հնչում, որ որևէ պետություն իրավունք չունի միջամտելու այլ պետության ներքին գործերին: Համաձայն եմ, սակայն մարդու իրավունքները վաղուց արդեն պետությունների ներքին գործը չեն: Ներկայումս մարդու իրավունքերն ունեն համաշխարհային ընդգրկում և բնույթ: Պատահական չէ, որ այդ իրավունքները կոչվում են մարդու համընդհանուր իրավունքներ (Universal Human Rights): Բացի այդ, գրեթե բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանը, ստորագրել են մարդու իրավունքներին վերաբերող բազմաթիվ կոնվենցիաներ, ըստ այդմ իրենց պարտավորություններին տվել են իրավական ձևակերպումներ և ստանձնել են անսակարկ հանձնառություններ: Եթե երկրներ էլ կան, որ չեն ստորագրել նման փաստաթղթեր, թեև ես նման բան չեմ հիշում, միևնույն է, բոլորն են պարտավոր դրանք հարգել, քանի որ մարդու իրավունքները հարգելու նորմն արդեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է (jus cogens):

Մյուս առարկության ձևն էլ այն է, որ սկսում են մեր երկիրը համեմատել հարևանների հետ կամ ընդհանրապես համեմատություններ անել տարբեր երկրների միջև: Նախ, մարդու իրավունքները հարաբերական չեն, այլ բացարձակ արժեք են: Հետո, եթե ոմանց թվում է, որ մեզ խիստ են մոտենում և, եթե դա ճիշտ է, ուրեմն պետք է բողոքել ոչ թե խստության դեմ, այլ պահանջել, որ նույն խստությունը պահպանվի այլ երկրների նկատմամբ ևս:

Հիմա ամենակարևորի մասին: Ցավոք մեզանում չկա այն ընկալումը, որ մարդու իրավունքների հարցը Հայաստանի համար, գուցեև ի տարբերություն շատ այլ երկրների, կենսական կարևորության հարց է: Պարզաբանեմ միտքս: Օրինակ, վստահաբար Սոմալիում կամ Չադում մարդու իրավունքերի վիճակն ավելի վատ է: Սակայն մեր և նրանց միջև կա հսկայական տարբերություն, քանզի մեր առջև ծառացած խնդիրներն են ուրիշ: Նշածս երկրները կարող են մի 50 տարի ևս այս վիճակում գոյատևել այն հույսով, որ ի վերջո հետո լավ կլինի: Մենք այդ 50 տարին չունենք: Մենք 30 տարի էլ չունենք: Մեր երկիրն արագորեն մարդաթափ է լինում, կա բնակչության ծերացում, սաստկանում է բնակչության և կապիտալի արտահոսքը երկրից, ծայրահեղորեն մաշված են ենթակառուցվածքային բոլոր համակարգերը, խորանում է իշխանությունների նկատմամբ անվստահությունը, մարդիկ խորթանում են սեփական երկրից և այլն, և այլն: Քսան տարվա ընթացքում մենք արդեն սպառել ենք մեր ժառանգությունը: Գտնվելով նման աշխարհաքաղաքական վիճակում, ինչի մեջ ենք մենք և լինելով փաստացի պատերազմի վիճակում, այս ամենը կարող է ճակատագրական լինել ոչ միայն մեր պետության ապագայի, այլև հայ ժողովրդի հավաքական գոյության համար: Կան բազմաթիվ բռնապետական երկրներ, որոնք նավթ ու գազ ծախելով կարող են երկիր պահել: Մենք դրա հնարավորությունը չունենք: Մեր միակ ուղին օրենքի գերակայության և անխախտ ժողովրդավարության միջոցով մարդկանց և կապիտալի ներհոսքի ապահովումն է երկիր: Մարդկանց ստեղծագործ գործարարության բացահայտման համար պայմանների ստեղծումը: Այդ դեպքում գուցեև կկարողանանք դիամակայել ահագնացող վտանգներին: Սակայն քանի դեռ մեր իշխանությունները և ընդհանրապես հասարակությունը մարդու իրավունքերի պահպանումը չի ընկալել որպես կենսապահովման միջոց և երկրի կառավարման ամենաարդյունավետ ձև, այլ արևմտյան թիթիզություն կամ մութ ուժերի կողմից մեր դեմ պարզած դագանակ, մենք չենք կարողանա ապահովել առաջընթաց:

Ի՞նչ մեղքս թաքցնեմ: Ինքս հեշտությամբ չեմ եկել այս եզրահանգմանը: Առաջ մտածում էի, որ հասարակության զարգացման որոշակի փուլում հանուն ընդհանուր շահի կարելի է սահմանափակել մեկ անհատի իրավունքները: Սակայն փորձը ցույց տվեց, որ այդպես չի լինում: Քանի որ հասարակությունը բաղկացած է անհատներից, ուստի 1 մարդու իրավունքների ոտնահարումն ի վերջո բերում է ողջ հասարակության իրավունքների ոտնահարման:

Մարդու իրավունքների անշեղ իրականացումն է մեր ազգային և հասարակական բոլոր իղձերի, մեր դարավոր երազանքների կենսագործման անսասան հիմքը: Մենք պարզապես այլընտրանք չունենք, քանզի առանց մարդու իրավունքների պահպանման մենք պարզապես ապագա չունենք:


10 ապրիլի, 2011թ.