Թարգանիչ՝ Հովհաննես Թումանյան

Իր պառավ մոր հետ միասին նըստած
Գինի էր խըմում Մարկոն դյուցազուն։
Երբոր բավական գինի խըմեցին,
Մեծ մերն ըսկըսեց որդուն խըրատել։
— Իմ որդի, ասավ, քաջազուն Մարկո,
Ձեռ քաշի արի կըռվից, արյունից,
Չար բանից, որդի, բարի չի՛ ծընիլ։
Հոգնել եմ ես էլ պառավ տեղովըս
Արնոտ շապիկներ շատ լըվանալուց։
10 Ա՛ռ մեր գութանը, մեր եզները առ,
Գընա, սար ու դաշտ վարի գութանով,
Ըսպիտակ ցորեն ցանի քեզ համար,
Երկուսով ուտենք՝ ու հանգիստ ապրենք։
Ու լըսեց Մարկոն իր մորը պառավ։
Գութանը լըծեց ու գընաց վարեց,
Բայց գընաց վարեց ոչ թե սար ու դաշտ,
Այլ էն մեծ ճամփեն թագավորական։
Երեք ձի բեռնած արծաթ ու ոսկի
Յանիչարները էն ճամփով եկան,
20 Եկան, գոռացին Մարկոյի վըրա․
— Էհե՜յ, ա՛յ Մարկո, մի՛ վարի ճամփեն․
— Էհե՜յ, ա՛յ թուրքեր, մի՛ ոտքեք վարըս․
— Էհե՜յ, ա՛յ Մարկո, մի՛ վարի ճամփեն․
— Էհե՜յ, ա՛յ թուրքեր, մի՛ ոտքեք վարըս։
Հերսը որ եկավ երկար վիճելուց,
Գութան ու եզներ առավ միասին,



Զարկեց, տեղն ու տեղ ջարդեց թուրքերին։
Երեք բեռ ոսկի-արծաթը առավ
Բերեց ու տըվեց իր մորը պառավ․
30 — Մերի՛կ ջան, ասավ, ոնց որ դու ասիր՝
Վար արի էսօր, էսքան դատեցի։