Մեդուզա

ՄԵԴՈՒԶԱ


Անհուսության մեջ, խավար օրերում եկավ նա ինձ մոտ.
Նա ինձ մոտեցավ քնքուշ, փայփայող սիրո խոսքերով,—
Շարժումների մեջ և մութ աչքերում կար մի անծանոթ
Վայելքի խոստում՝ անանց հիացման գաղտնիքով գերող։

Ես հավատացի այն ժպիտներին և այն մեղսական
Փայփայանքները բախտ համարեցի իմ մենության մեջ.—
Շուրջըս գիշեր էր, մռայլ էր շուրջըս իմ հոգու նըման —
Եվ նա էր շողում երազի նըման խավարում անվերջ…

Խենթ հիացումով արբեցի նրա տանջող գգվանքում,
Եվ գիրկը նրա թվաց ինձ եդեմ, մեղքը — սրբազան…
Օ՜, դառը գիշեր, տանջանք ու թախիծ.— իր արնոտ գրկում
Փայփայում էր ինձ և հևհևում էր երկդեմ Մեդուզան։