Մեկն աշխարհից բացակայում է

ՄԵԿՆ ԱՇԽԱՐՀԻՑ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է


Բացակայում է մեկն աշխարհից։
Նա, որ պիտի գար,
գար հանկարծակի
ու անակնկալ,
առանց նախնական խոսք ու պայմանի,
ինձ հաներ ժամից մղձավանջային,
                տաներ ինձ, տաներ
ու մերժել անգամ չկարենայի։
Մեկն աշխարհից բացակայում է։
Եվ երբ զանգում է իմ հեռախոսը,
լսափողն անգամ
չեմ ուզում վերցնել...
Միեւնույն չէ՞, թե ինչ են ասելու,
միեւնույն չէ՞, թե՞ ով է ասելու,
ուրիշ է, երբ դու համոզված ես, որ
աշխարհում չասված խոսքն ես լսելու։

Մեկն աշխարհից բացակայում է։
Օրվա գունավոր էկրանի վրա
ինչ-որ ազերի
հավկիթի նման ներկված խոսքերի
                 հանդես է բացել,
ես, միեւնույն է, արդեն չեմ լսում,
չեմ էլ անջատում հեռուստացույցը -
իմ ցավը ոչ մի գույն չի վերցնում։

Մեկն աշխարհից բացակայում է։
Չերգվող բառերը իմ սրտին մոտ են
եւ ես սիրում եմ
այն աղջիկներին,
որ ինձ չեն սիրում,
ես միշտ ապրում եմ սպիների մեջ,
վաղուց սովոր եմ նրանց մրմուռին.
թող չհասնեմ ես,
բայց հասնելու է իմ ճանապարհը։
Մեկն աշխարհից բացակայում է։
Առանց այդ մեկի դեռ մեծանում է
ահը ատոմի,
իսկ Սերվանտեսը չի կարողանում
բան հասկացնել
իր Դոն-Կիխոտին,
որ մեր ծիծաղում արցունքներ ունի -
ոչ մի հոգսի մեջ չտարրալուծվող։
Մեկն աշխարհից բացակայում է։
Ո՞վ է՝ չգիտենք։ Ի՞նչ անուն ունի,
չգիտենք դարձյալ։
Լռում ենք եւ վերջ։
Բայց ես տեսնում եմ շարժումը նրա,
նա մոտենում է դանդա՜ղ, աստղաքա՜յլ՝
փրկելու մեզ իր բացակայության
տառապանքներից՝ խոր ու բազմածալ։
Մեկն աշխարհից բացակայում է։
Ո՞վ գիտե, գուցե
ես եմ
մեկը այդ,
կամ թե՝
դու ես հենց։