Մեղմություն

Վահան Տերյան


ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆ


Այսօր եղիր քրոջ պես —
Անչար, մաքուր և գթոտ,—
Գրկենք իրար ու նստենք,
Նստենք մինչև առավոտ…

Այսօր եղիր որպես մայր —
Բարի, քնքուշ, նրբազգաց,—
Նստիր խաղաղ մահճիս մոտ,
Մութ գիշերին հետըս լաց…

Ամոքիր դու իմ ցաված
Սիրտըս սիրով քո անբիծ,—
Այն մոռացվա՜ծ, մոռացվա՜ծ
Հեքիաթները պատմիր ինձ…