Մեղր և ճանճեր

Կոմեդիա — պատկեր 3 արարվածով


ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ


ՊԵՏՐՈՍ ԹԱԹՈԻԼՅԱՆ, հարուստ վաճառական։

ԵՂԻՍԱԲԵԹ, Պետրոսի կինը։

ՍՈՆԱ, նրանց աղջիկը։

ՎԱՆՈ, նրանց տղան։

ՍՏԵՓԱՆ ՄԻԶԱՆՅԱՆ, պաշտոնաթող գնդապետ։

ՆԱՏԱԼԻԱ, Ստեփանի կինը։

ԱԼԵՔՍԱՆԴՐ, նրանց տղան, պոդպորուչիկ։

ԲԱՐՍԵՂ ԹՈՐՈՍՅԱՆ, նախ ուսանող, հետո փաստաբան:

ՏԻԳՐԱՆ ԱՐՍԵՆՅԱՆՑ, բժիշկ:

ԾԱՌԱ, Թաթույանների տանը։

ԾԱՌԱ, Արսենյանցի տանը:

ՀՅՈՒՐԵՐ:


Անցքը պատահում է Թիֆլիսում։ Առաջին երկու և վերջին գործողության միջև անցնում է երկու տարուց ավելի։

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

Մի գեղեցիկ պարտեզ։ Ձախ կողմն երևում է Թաթուլյանների հոյակապ տան շենքը։ Ներքևը մի մեծ դուռ, որի փեղկերը բոլորովին բաց են և որտեղից մինչև պարտեզն իջնում են քարե սանդուղքի աստիճանները, որոնց վրա այս ու այն կողմը շարված են մեծ-մեծ ծաղկամաններ՝ զանազան հազվագյուտ բույսերի թփիկներով։ Բեմի առաջնակողմաւմ պարտեզին համեմատ մի հրապարակ տեղ։ Տեղ-տեղ նստարաններ։ Լուսնկա պարզ գիշեր է: Տունը բոլորովին լուսավորված է։ Նախքան վարագույրի բարձրացնելը, բեմի ետևում դաշնամուրի վրա «վալս» են նվագում և կտրում են վարագույրը բարձրացնելուց փոքր ինչ հետո։ Այդ ժամանակ դուրս են գալիս հյուրերն, իջնում են սանդուղքով և ցրվում են պարտեզի այս ու այն կողմը։ Նրանց միջից առանձնանում են Սոնան և Ալեքսանդրը։


ՏԵՍԻԼ I

Սոնա, Ալեքսանդր


ՍՈՆԱ (Գրեթե վազելով առաջ է գալիս դեպի հրապարակն և հոգնած նստելով նստարանի վրա): Օ՛հ...

ԱԼԵՔՍԱՆԴՐ (հետևելով նրան): Դուք հոգնեցա՞ք, օրիորդ։

ՍՈՆԱ (հովհարելով): Սաստիկ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Այդ նրանից է, որ շատ սրտով էիք պարում։ Իսկ ձեր պարե՜լը ... Ես համարձակ կարող եմ ասել, օրիորդ, որ ձեզ նման լավ այստեղ ոչ ոք չի կարողանում պարել։

ՍՈՆԱ։ Ճշմարի՞տ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Դուք սքանչելի՜, աննման եք պարում... և, որ գլխավորն է, շատ ուշ եք հոգնում:

ՍՈՆԱ։ Իսկ այս գիշեր, ընդհակառակը, շատ շուտ հոգնեցա։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Որովհետև ներսը բավական շոգ է, չնայելով, որ դեռ մայիսն է... ավելացրեք դրա վրա և այնքան ճրագների տաքությունը, հյուրերի շնչառությունը... —Ճշմարիտն ասած՝ ես էլ բավական շոգեցի ու հոգնեցի:

ՍՈՆԱ։ Նստեցեք, (Ալեքսանդրը նստում է միևնույն նըստարանի վրա՝ նրանից փոքր ինչ հեռու): Բայց ի՞նչպես եք գտնում դուք մեր այս գիշերվա հրավերքը, պ. Ալեքսանդր:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Ավելի, քան սքանչելի, օրիորդ... Դեռ ո՛չ մի հրավերք, որտեղ ես եղել եմ, ինձ այնքան աննման չէ թվացել, որքան ձերը...

ՍՈՆԱ։ Ճշմարի՞տ... Ինչո՞ւ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ (շուտ): Ինչո՞ւ... Այդ դուք ինքներդ էլ գիտեք, օրիորդ...

ՍՈՆԱ (շփոթված): Ես չգիտեմ... ես ի՞նչ գիտեմ...

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Գիտեք, գիտեք, օրիորդ...

ՍՈՆԱ։ Երևի... տան զարդարա՞նքը...

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ա՜, ո՜չ...

ՍՈՆԱ։ Գիշե՞րը... լուսի՞նը...

ԱԼԵՔՍԱՆԴՐ (շուտ): Ո՛չ, այլ լուսնի նման մի արարած... Դուք, օրիորդ... Դուք այս հրավերքի, այս տան լուսինն եք, ոգի տվողն եք... ի՜նչ է հրավերքն, առանց ձեզ... Նայեցեք, օրիորդ, ահա, պարզ, կապույտ երկինքը զարդարված է անթիվ աստղերով, իսկ նրանց միջով հանդարտ, բայց վեհապանծ սահում է հրաշագեղ լուսինը, նրա լուսատու շողերը սփռվում են ամեն տեղ. նա կենդանություն է տալիս մեռած, խավար գիշերին... Բայց ի՞նչ կլինի երկինքն, առանց գիշերվա այդ համաշխարհային մշտավառ ճրագի.— մութ և տխուր։ Եվ ահա, օրիորդ, այս հրավերքն էլ, առանց ձեզ, նման կլինի երկնքի, առանց լուսնի:

ՍՈՆԱ: Շնորհակալ եմ ձեր այդ կոմպլիմանի համար... բայց և այնպես, կարծեմ, այստեղ... ինձնից ավելի աչքի ընկնող գեղեցկուհիներ կան, որոնք...

ԱԼԵՔՍԱՆԴՐ (ընդհատելով ոգևորված): Ոչ, օրիորդ, այդ մի՛ ասեք... այդ մեղք է... Ես կարծում եմ, որ եթե հրեշտակներն անգամ իջնեն երկնքից, ձեր աննման գեղեցկությունը կարող է նրանց վրա էլ ստվեր ձգել...

ՍՈՆԱ (ծիծաղելով): Հա՜, հա՜, հա՜... այդպես խո վեպերի սիրահար-հերոսներն են խոսում...

ԱԼԵՔՍԱՆԴՐ (վեր կենալով և իրեն վիրավորված ձևացնելով): Ուրեմն դուք կարծում եք, որ ես այսպես միայն էֆեկտի համար եմ խոսում, որ իմ այս խոսքերն անկեղծ, ամենաջերմ սիրո զգացմունքի արտահայտություններ չե՞ն... Ո՛չ, օրիորդ, ո՛չ, այդպես մեղք է կարծել... ներեցեք... ես կարծում եմ, որ ձեր խիղճը պետք է տանջի ձեզ դրա համար, որովհետև երեսպաշտությունն այնքան ատում եմ, որքան մի զզվելի և ստոր մտադրություն...

ՍՈՆԱ (զգացված): Ներեցեք ինձ, եթե ես ձեզ վիրավորեցի, պ. Ալեքսանդր... Բայց իզուր դուք իմ խոսքերին մի այդպիսի նշանակություն տվեցիք... Սակայն, այնուամենայնիվ, լինում են մարդիկ, որոնք ցույց են տալիս, թե խոսում են անկեղծ սրտով, բայց իսկապես երեսպաշտություն են անում։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Եվ դուք ինձ համեմատում եք այդպիսի մարդկանց հե՞տ, օրիորդ...

ՍՈՆԱ։ Աստված ո՜չ անե... ես այնպես... ներեցեք... ես բոլորովին այդ միտքը չունեի, հավատացեք ինձ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ճշմարիտ է, ձեր ասած մարդիկը կան... և այդպիսի մարդկանց «ստոր» են անվանում... բայց ես, օրիորդ, փառք աստծո, դեռ չեմ կորցրել պատվի զգացմունքս, իսկ երբ կկորցնեմ, այն ժամանակ...

ՍՈՆԱ։ Ա՜խ... բավական է... ես հավատում եմ ձեզ...

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Հավատո՞ւմ եք... Ուրեմն... ես ձեզ սիրում եմ... Հավատու՞մ եք։

ՍՈՆԱ: Հավատում եմ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Սո՛նա... իսկ դո՞ւք... իսկ դո՞ւ... Ասա, սիրո՞ւմ ես ինձ... և հավիտյան ի՞մն ես... Այո՞...

ՍՈՆԱ։ Այո... (Վեր է թռչում և վազում է պարտեզի աջ կողմը):

ՏԵՍԻԼ II

Ալեքսանդր (միայն)

Ռուսներն այսպիսի դեպքերումն են ասում՝ «дело в шляпе...» Ուղիղ որ. դերս շատ լավ կատարեցի... Այսուհետե բանը պրծած է...


ՏԵՍԻԼ III

Ստեփան, Ալեքսանդր

ՍՏԵՓԱՆ (իջնում է սանդուղքով և գալով առաջ): Հը՛: Ալեքսանդր, մենակ ե՞ս... ի՞նչպես վերջացավ բանը:

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Բոլորովին աջող, հայր:

ՍՏԵՓԱՆ (շուտ): Հա-ա՞... ի՞նչպես... սիրում է քեզ... խո՞սք տվավ, որ քեզ հետ կամուսնանա:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Այո:

ՍՏԵՓԱՆ: Մի՞թե... Բայց ո՞ւր է նա։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Փախավ այն կողմը։ Խիստ հուզված էր։

ՍՏԵՓԱՆ։ Հա՛, այդպես։ Բայց բժիշկ Արսենյանցն ինչ բախտ կմնա, հա՜, հա՜, հա՜... ես շատ էի վախենում, որ նա չխլե մեր ձեռքից այդ չաղ կտորը, ախր բժիշկ է, է, անպիտանը, նրա աչքումն էլ լույս կա. քաղցած գայլի պես ետևիցը ման է գալիս... Ապրի՛ս, որդիս, ապրիս։ Այնուհետև համոզված եղիր, որ կլորիկ հազարները պատրաստ են։ Սոնայի հայրն, իբրև վաճառական, փողի, մանավանդ հազարների վերաբերությամբ քեզ ասել եմ, որ շատ պինդ և ձեթ մարդ է, բայց Սոնան նրան կփափկացնե և մեղր կշինե, որովհետև որքան էլ Պետրոսի կամքին հակառակ լինի յուր աղջկան հազարներ օժիտ տալը, այնուամենայնիվ, նա կտա, որովհետև չտալով միևնույն է, թե յուր աղջկա բախտը պետք է խափանե, իսկ մենք, իհարկե, նրա աղջիկն այն դեպքում միայն կառնենք, երբ նրա հետ կլինին և՛ հազարներ... Չէ՛, խոսք չկա, որ հաղթությունը մերն է... Բայց ես ուզում եմ այս գիշեր և եթ Պետրոսի հետ այդ մասին խոսք բացել, իհարկե, այնպես, թեթև կերպով։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Բայց, հայրիկ, այնպես պետք է անեք, որ նա ոչինչ կասկած չտանե մեզ վրա։

ՍՏԵՓԱՆ։ Այդ ես չե՞մ հասկանում, որ դու ինձ չասես... Բայց ահա նա գալիս է։ Դու հեռացիր, որ նա մեզ միմյանց մոտ չտեսնե և ոչինչ չկասկածի։ Ես կաշխատեմ նրա հետ հենց իսկույն այդ բանի մասին խոսել։ Հեռացի՛ր շուտ։ (Ալեքսանդրը շտապով հեռանում է պարտեզի աջ կողմը: Ստեփանը նստում է նստարանի վրա և հանելով թաշկինակը, սկսում է հովհարել երեսը):


ՏԵՍԻԼ IV

Պետրոս, Ստեփան

ՊԵՏՐՈՍ (իջնում է սանդուղքով և գալով առաջ): Պ. Ստեփան, ինչպես երևում է, շոգը նեղացնում է։

ՍՏԵՓԱՆ։ Էլ մի ասեք, ջուր կտրվեցի, էլի՛... քրտնքի մեջ լողում եմ. պար գալն ինձ էժան չնստեց... Չէ՛, եղբայր, ես չաղ մարդկանց երբեք խորհուրդ չէի տալ պար գալ, մանավանդ այսպիսի շոգերին, եթե միայն, իհարկե, թանկ է նրանց իրենց մարմինը, որովհետև պար գալիս բոլոր յուղը դուրս է գալիս միջից, հա՜, հա՜, հա՜...

ՊԵՏՐՈՍ։ Ուղիղն ասած, պ. Ստեփան, ես բոլորովին չէի ուզում հիմա հրավերք տալ, բայց որովհետև շուտով ամառանոց ենք գնալու, այդ պատճառով աղջիկս խնդրեց, որ, գնալուց առաջ, մի գիշեր հյուրասիրենք մեր մոտիկ բարեկամներին ու ծանոթներին, ես էլ չուզեցի նրա խնդիրքը մերժել։

ՍՏԵՓԱՆ։ Եվ չպե՛տք է մերժեիք, որովհետև օրիորդ Սոնան մի այնպիսի արարած է, որի խնդիրքը ոչ թե միայն պետք է կատարել, այլ և մի սուրբ օրենքի տեղ պետք է ընդունել... Ուղիղը կուզեք ասեմ, պ. Պետրոս, ես շա՛տ և շատ նախանձում եմ ձեզ, որ մի այդպիսի աննման աղջիկ ունեք... Ահա, ո՜րքան ջահել տիկիններ և օրիորդներ ունեք այս գիշեր այստեղ հրավիրած, բայց ես օր. Սոնայի մի մազի կեսի կեսն անգամ չէի փոխիլ նրանց բոլորի հետ միասին վերցրած։ Օր. Սոնան, որ այնպես հպարտ կերպով անցնում է նրանց միջով, բոլորն էլ իսկույն սևանում են, կարծես պուդրի տեղ այդ ժամանակ գործլի լինին քսած երեսներին, հա՜, հա՜, հա՜...

ՊԵՏՐՈՍ (առանձին): Այս ի՞նչ յուղ է, որ սա քսում է գլխիս։

ՍՏԵՓԱՆ։ Եթե ես ձեր տեղը լինեի, պ. Պետրոս, այսինքն՝ եթե ես օր. Սոնայի հայրը լինեի կամ նա իմ աղջիկս լիներ, ես ձեզ հավատացնում եմ, որ հոգիս, հոգիս անգամ չէի խնայիլ նրա համար, նրա զվարճության, նրա երջանկության համար... Հա՛, պ. Պետրոս, գիտե՞ք ի՛նչ կա.— ես կարծում եմ, որ իմ տղայի և ձեր աղջկա մեջ մի ինչ-որ բան կա...

ՊԵՏՐՈՍ (շուտ): Ի՞նչ բան...

ՍՏԵՓԱՆ։ Դուք չե՞ք նկատում, որ բոլոր ժամանակ նրանք միմյանցից չեն հեռանում և միշտ միմյանց հետ են պարում։

ՊԵՏՐՈՍ։ Հետո՞։

ՍՏԵՓԱՆ։ Եվ դուք այդ բանից ոչինչ չե՞ք եզրակացնում։

ՊԵՏՐՈՍ։ Ի՞նչ:

ՍՏԵՓԱՆ։ Որ նրանք... սիրում են միմյանց։

ՊԵՏՐՈՍ։ Ի՞նչ եք ասում...

ՍՏԵՓԱՆ։ Ես ձեզ ճշմարիտ բան եմ ասում... Խո գիտեք, էլի, ջահելների բանը, ի՛նչ չարաճճիություններ ասես, որ նրանք չեն անիլ, հա՜, հա՜, հա՜... (Վեր է կենում և առնելով նրա կուռը): Ապա անցնենք այսպես, ես համոզված եմ, որ նրանք հիմա էլ մի որևէ ծառի տակ առանձնացած կամաց-կամաց քչփչում են միմյանց հե՛տ, հա՜, հա՜... (Հեռանում են պարտեզի աջ կողմը):


ՏԵՍԻԼ V

Եղիսաբեթ, Նատալիա

ԵՂԻՍԱԲԵԹ (Նատալիայի հետ կուռ կռի տված՝ իջնում է սանդուղքով): Ես ձեզ պետք է ցույց տամ մեր պարտեզի նոր ավազանը։ Հիանալի բան է։ Դուք խո գիտեք, որ իմ մարդս այդպիսի բաների համար ոչինչ չէ խնայում։ Նա հատուկ այդ նոր ավազանի համար բերել է տվել փոքրիկ ձկնիկներ, որոնք արևի կամ լուսնի շողերի տակ ջրի մեջ խլպլտալիս մի այնպիսի գեղեցիկ գույներով են փայլում, որ մարդ ակամա հիանում է։ Սոնաս խո բոլորովին սիրահարված է նրանց վրա. համարյա թե ողջ օրը նստած է ավազանի մոտ և միշտ կերակրում է նրանց հացի փշրունքով։

ՆԱՏԱԼԻԱ։ Любопытно.

ԵՂԻՍԱԲԵԹ։ Անպատճառ ամենքն այնտեղ են և նայում են ձկներին... (Հեռանում են պարտեզի աջ կողմը):


ՏԵՍԻԼ VI

Արսենյանց (իջնում է սանդուղքով), Թորոսյան (մտնում է ձախ կողմից, տան ետևից)


ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ա՜, Թորոսյան... Նո՞ր ես գալիս... ինչո՞ւ այսքան ուշացար...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ի՜նչ է, փափեն սառե՞ց... Ուշացա՜... կարծես ինձ շատ սպասելով աչքներդ ջուր կտրվեց։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Վա՜հ, իհարկե, առանց քեզ այստեղ ի՛նչպես կարող են ժամանակ անցկացնել, հա՜, հա՜, հա՜...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ծաղրի՛ր, բարեկամ, ծաղրի՛ր, այն ինչ ամենաառաջին ծաղրելին դու և դուք եք... Ձեզ պես պարազիտներն ու սիբարիտներն էլ որ ուրիշի վրա բերան բաց անեն, բաս մեզ պես ազնիվ զգացմունքներով վառվող երիտասարդները ո՛ր ջհանդամը կորչեն... Դեռ չես էլ ամաչում, որ պարծենում ես, թե համալսարանական գիտություն ես ստացել։ Ա՜յդ է, էլի, քո համալսարանական գիտությունը, որ ինքդ ոչինչ չարած, հասարակությանը, ազգին ոչինչ շահ չբերած՝ ծաղրում ես նրանց, որոնք ամենայն անձնվիրութամբ ուզում են այդ անել... (Արսենյանցը ծիծաղում է): Դե՛, մի՛ ծիծաղիր, է, կատաղությունս բերում ես...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ես քեզ վրա խո չեմ ծիծաղում, քո խոսքերի վրա եմ ծիծաղում։

ԹՈՐՈՍՅԱՆ (կարճ լռությունից հետո): Գայլի գլխին ավետարան էին կարդում, ասում է, ոչխարը սարն անց կացավ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ (ծիծաղում է, հետո մոտենում է նրան և բարեկամաբար ձեռքերը դնում է նրա ուսին): Լսի՛ր, Թորոսյան։ Դու միշտ այդպես ինդեալիստ պետք է մնա՞ս... Արի՛, լսիր, ինչ որ ես քեզ կասեմ...

ԹՈՐՈՍՅԱՆ (զայրացած): Գնա՛...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հավատացիր, ես քեզ ուզում եմ մի խրատ, այսինքն խորհուրդ տալ...

ԹՈՐՈՍՅԱՆ (բոլորովին զայրացած): Գնա՛, քեզ ասում եմ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Գնում եմ, լավ, գնում եմ։ (Ծիծաղելով հեռանում է պարտեզի աջ կողմը):


ՏԵՍԻԼ VII

Թորոսյան (միայն)

Անիծվածնե՛ր, գարշելի՛ մարդիկ... Արի ու մի կատաղիր, արի ու մի՛ հուսահատվիր... Ուսում ստացածը, հասկացողը որ այս է, բաս տգետն ի՛նչ կլինի... Տեր աստված, այս ի՞նչպիսի մարդիկ են... երկաթե կամք և սառնասրտություն է հարկավոր սրանց դեմ պատերազմելու համար, իսկ ես... Ա՛հ... (գլխարկը վերցնում է, կատաղած շպրտում է նստարանի վրա և նստում է հուսահատված): Ինչո՞ւ համար ես այստեղ պետք է լինեմ, այս պարազիտների, այս սիբարիտների, այս բուրժուաների մեջ. ի՞նչ առնչություն կա իմ և սրանց մեջ, ո՞վ եմ ես և ո՛վ են սրանք... Ա՜խ, Սո՛նա, Սոնա, ինչո՞ւ դու ինձ այսպես կաշկանդել ես...


ՏԵՍԻԼ VIII

Ալեքսանդր, Սոնա, Թորոսյան

ԱԼԵՔՍԱՆԴՐ (գալիս և Սոնայի հետ խոսակցությունը շարունակելով)... և հատուկ խնդրում եմ, Սոնա, որ ո՛չ այս գիշեր և ոչ ուրիշ անգամ ոչ ոքի հետ չպարես։

ՍՈՆԱ։ Հա՜, հա՜, հա՜, մի՞թե մինչ այդ աստիճան կարելի է բռնանալ (Թորոսյանը նրանց տեսնելու պես մնում է քարացած նստած տեղում: Նրանք չեն տեսնում նրան):

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ինչ ուզում ես համարիր իմ այդ խնդիրքը, բայց ես երբեք սառնասրտությամբ չեմ կարող նայել այն մարդուն, որ գրկած կունենա քո մեջքը։

ՍՈՆԱ։ Ա՜... ես քեզանից վախենում եմ, պարո՛ն, դու հիմիկուց ցույց ես տալիս քո խանդոտությունը։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ո՛չ։ Սոնա, այս խանդոտություն չէ, այս անսահման սեր է, ուրիշ ոչինչ...

ՍՈՆԱ (հանկարծ տեսնում է Թորոսյանին, դեռ շփոթվում է, բայց շուտով հավաքում է իրեն, ժպտում է և մոտեսնում է նրան): Պ. Թորո՛սյան... Ինչո՞ւ դուք այստեղ մենակ նստել եք... Ինչպես երևում է նոր եք եկել։

ԹՈՐՈՍՅԱՆ (որ արդեն վեր է կացել): Ճշմարիտ է, ես նոր եմ եկել։

ՍՈՆԱ։ Բայց ինչո՞ւ այսպես ուշ։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Մի՞թե դուք ինձ սպասում էիք։

ՍՈՆԱ (ժպտալով): Այո։

ԹՈՐՈՍՅԱՆ (կեղծ ոգևորությամբ): Ո՜րպիսի մեծ պատիվ, որին արժանի չեմ... (լուրջ): Ես գործ ունեի։

ՍՈՆԱ։ Ա՜խ, իրավ, ես մոռացա, որ դուք միշտ «գործ» ունիք...

ԹՈՐՈՍՅԱՆ (առանձին): Այս ի՞նչ է. սա է՞լ է ինձ ծաղրում... (Նրան): Օրիորդ, մի՞թե դուք չեք հավատում այն գործին, որին ես ծառայում եմ և ուզում եմ ծառայել ապագայումն է՛լ...

ՍՈՆԱ։ Ա՜խ, ի՛նչպես չէ, քանի որ ամեն օր դուք ինձ հավատացնում եք այդ... Հա, լավ միտս եկավ, պ. Թորոսյան, դուք ինձ մոտ մի նամակ ունիք. կարծեմ, ձեր գյուղից է։ Երեկոյան բերեցին, բայց որովհետև դուք տանը չէիք, այդ պատճառով ինձ տվեցին, որպեսզի հետո ձեզ հանձնեմ... Դուք ծանոթ չե՞ք միմյանց, պարոններ։ Խնդրեմ ծանոթացեք։— Բարսեղ Թորոսյան, Ալեքսանդր Միզանյան։ (Նրանք գլուխն են տալիս միմյանց): Եվ խնդրեմ զբաղվեք խոսակցությունով, մինչև որ (Թորոսյանին) ես կբերեմ ձեր նամակը... կամ թե չէ՝ ուզում եք միասին գնանք, այնտեղ կստանաք։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ո՛չ, ես սենյակս եմ ուզում գնալ... Տվեք ծառային նա կբերե։

ՍՈՆԱ։ Ո՛չ, ես իմ ձեռքովս պետք է ձեզ հանձնեմ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ (Սոնային՝ ցածր, երբ նա գնում է դեպի սանդուղքը): Ո՞վ է այդ երիտասարդը։

ՍՈՆԱ։ Խոսիր և կիմանաս։ (Շտապով բարձրանում է և ծածկվում է դռան մեջ):


ՏԵՍԻԼ IX

Ալեքսանդր, Թորոսյան

ԱԼԵՔՍԱՆԴՐ (կարճ լռությունից հետո): Ներեցեք ինձ, պարոն, եթե ես հետաքրքրվում եմ ձեզանով. դուք ի՞նչ գործի եք։

ԹՈՐՈՍՅԱՆ (կտրուկ): Ես ուսանող եմ։ (Նստում է):

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Համալսարանո՞ւմ եք սովորում։

ԹՈՐՈՍՅԱՆ (նույնպես): Այո՛:

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ո՞ր համալսարանում:

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այդ ձեզ շա՞տ է հետաքրքրում։— Պետերբուրգի։ Ուրիշ ի՞նչ եք կամենում, հարցրե՛ք։

ԱԼԵՔՍԱՆԴՐ (շփոթված): Ներեցեք... ես...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Կամենո՞ւմ եք իմանալ որ ֆակուլտետն ունիմ ընտրած. երբ կավարտեմ և ավարտելուց հետո ի՛նչ կանեմ: Համեցեք։— Ես ընտրած ունիմ իրավաբանական ֆակուլտետը, կավարտեմ մի տարուց հետո։ Այնուհետև կգամ այստեղ,— գավառները չկարծեք, Թիֆլիս եմ ասում,— Սոլոլակում ինձ համար մի փառավոր տուն կվարձեմ, դռանս մի երկաթե տախտակ կկպցնեմ, որի վրա գրած կլինի, «Присяжный поверенный Василий Сергеевич Торосов» և կսկսեմ փառավորապես փաստաբանությամբ պարապել, այսինքն՝ անմեղներին պաշտպանել և փողն արհամարհել... Ի՞նչ եք կարծում, այսպես լավ չէ՞:

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Շատ լավ է։ (Առանձին): Գիժ է, ի՛նչ է այս պարոնը... (Նրան), ներողություն, պարոն, ղուք սրանց բարեկա՞մն եք։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ինչպես դո՞ւք... ո՛չ, ես միայն սրանք կենողն եմ։ (Վեր է կենում): Իմ սենյակս, ահա՛ այն է (ցույց է տալիս պարտեզի աջ կողմը): Ներեցեք, ես գնում եմ, ցտեսություն։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ո՞ւր... նամա՞կը։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ա՜խ, իրա՜վ... (Դարձյալ նստում է):

ԱԼԵՔՍԱՆԴՐ (առանձին): Չէ՛, սրա խելքը տեղը չէ։ (Կարճ լռությունից հետո, նրան): Դուք ո՞ր գյուղացի եք, պարոն։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Դարձյա՜լ... Ես ո՛չ մի գյուղացի չեմ. իմ գյուղս ամբողջ Հայաստանն է։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ա՜... Ուրեմն դուք ազգասեր եք։

ԹՈՐՈՍՅԱՆ (Կատաղած): Այո՛, այո՛... Անիծյա՛լ ազգասիրություն...


ՏԵՍԻԼ X
Սոնա, Ալեքսանդր, Թորոսյան

ՍՈՆԱ (վերադառնում է շտապով, ձեռքին մի նամակ): Ահա՛ ձեր նամակը, պ. Թորոսյան։ Ի՞նչ է պատահել, դուք բարկացած եք երևում։

ԹՈՐՈՍՅԱՆ (վեր է կենում): Ոչինչ... Շնորհակալ եմ։ (Առնում է նամակը և, առանց վրան նայելու, պահում է ձեռքում):

ՍՈՆԱ։ Գուցե մենք ձեզ խանգարում ենք... Պ. Ալեքսանդր, բարձրանանք վերև։ (Թորոսյանին): Չմոռանաք դուք ևս գալ: (Առնում է Ալեքսանդրի ձեռքը և գնալով դեպի սանդուղքը): Ի՞նչպես հավանեցիր այդ պարոնին։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Այդ պարոնը գիժ է։ (Սոնան ծիծաղում է: Նրանք բարձրանում են և ծածկվում են դռան մեջ):


ՏԵՍԻԼ XI
Թորոսյան (միայն)

(Երկար ժամանակ մնում է քարացածի պես՝ նրանց ետևից նայելիս): Ո՞վ է ասում, թե ցնորքը, երևակայական երջանկությունը հիմարություն չէ. ինչպես և միայն հույսերով կերակրվող սերը — հիմարությունների ծնող... Ի՞նչ է ցնորքը։— Երեխան փչում է սապնային պղպջակը, որ ուռչում է անդրադարձնող զանազանագույն հրաշալի ցոլումներով, երեխան խնդում է, հրճվում է և ավելի է սկսում փչել, բայց հանկարծ պղպջակը պատռվում է և հոդս է ցնդում.— ահա՛ ձեզ ցնորք։ Անցնում ես փողոցով, երևակայում ես քեզ հարուստ մեծատուն, իշխան. երևակայում ես պալատներ, կառքեր, ծառաներ, փափկակեցություն, բայց հանկարծ ոտքդ սայթաքում է և դու փռվում ես ցեխի մեջ,— ահա՛ ձեզ ցնորք։— Մի՞թե հիմա ես այդպես չեմ... Օ՜խ, աստված, ես ի՞նչ եմ արել... (Նստում է գլուխը կախ: Բեմի ետևից լսում է դաշնամուրի ձայն: Նա հանկարծ վեր է թռչում և շտապով հեռանում է պարտեզի աջ կողմը: Հյուրերը հավաքվում են ամեն կողմից և բարձրանում են վերև):


ՏԵՍԻԼ XII

Ստեփան, Պետրոս

ՍՏԵՓԱՆ (գալիս է Պետրոսի հետ կուռ կռի տված՝ խոսակցությունը շարունակելով)... և փառք աստծո, դուք խո ձեր աչքովը տեսաք. միայն սիրահարվածներն են այդպես առանձնանում և քչփչում միմյանց հետ. հա՜, հա՜, հա՜...

ՊԵՏՐՈՍ։ Բայց եթե նրանք իսկապես սիրում են միմյանց, այդ խո մեզանից չե՞ն թաքցնիլ։

ՍՏԵՓԱՆ։ Եվ ինչո՞ւ պետք է թաքցնեն. մենք չե՞նք թողնիլ, ինչ է, որ նրանք ամուսնանան, հա՜, հա՜, հա՜... ձեզանից էլ լավ բարեկամներ, մենք ո՞րտեղից կարող ենք ճարել, հա՜, հա՜, հա՜...


ՏԵՍԻԼ XIII

Եղիսաբեթ, Նատալիա, Ստեփան, Պետրոս

ԵՂԻՍԱԲԵԹ. (գալիս է Նատալիայի հետ կուռ կռի տված): Կարելի է իմանալ ինչի՛ մասին եք ծիծաղում, պարոններ։

ՍՏԵՓԱՆ. Ինչո՞ւ չի կարելի. մենք ծիծաղում ենք մի նորության մասին, որ եթե հայտնենք, կարծում ենք ձեզ էլ մեծ ուրախություն կպատճառե։

ԵՂԻՍԱՍԵԹ. Ի՞նչ նորություն։

ՆԱՏԱԼԻԱ։ Любопытно.

ՍՏԵՓԱՆ։ Mademoiselle Սոֆիան և մեր որդի Ալեքսանդր Ստեփանիչը սիրահարված են միմյանց վրա, հա՜, հա՜...

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ի՛նչ եք ասում...

ՆԱՏԱԼԻԱ։ Что вы!

ՍՏԵՓԱՆ։ Да! Հարցրեք պ. Պետրոսից, թե չեք հավատում, հա՜, հա՜, հա՜...

ՊԵՏՐՈՍ։ Այսինքն դեռ հաստատ ոչինչ չգիտենք, բայց...

ՍՏԵՓԱՆ։ Պարզ նկատում ենք, որ սիրահարված են միմյանց վրա, հա՜, հա՜, հա՜... (Եղիսաբեթին): Տիկին, խնդրեմ, (Եղիսաբեթն առնում է նրա կուռը): Իսկ դուք պ. Պետրոս, խնդրում եմ իմ կնոջս кавалер-ը դառնաք։ (Պետրոսն առաջարկում է կուռը Նատալիային): Մենք հիմա կբարձրանանք վերև և մեր սիրահարվածներին կբռնենք, ինչպես գողերին, հա՜, հա՜, հա՜...

ՆԱՏԱԼԻԱ։ Господа! Ուրեմն մենք շուտով կկատարենք նրանց հարսանիքը։

ՍՏԵՓԱՆ։ Օ, անպատճառ, հա՜, հա՜, հա՜...

ՆԱՏԱԼԻԱ։ Ах! какое счастье... (Որ արդեն բարձրացել են սանդուղքով, ծածկվում են դռան մեջ)։


ՏԵՍԻԼ XIV
Թորոսյան (միայն)
(Գալիս է): Գյուղը, գյուղը... Հազար անգամ պատասխանել եմ, որ այս ամառ չեմ կարող գնալ գյուղը, չգիտեմ էլ ի՞նչ են ուզում ինձանից... Այսուհետև թքել եմ գյուղի վրա էլ, գյուղացու վրա էլ ու ամեն բանի վրա էլ... (Նայում է հագուստին): Հագուստս էլ չփոխեցի. այսպես բարձրանա՞մ...

ՏԵՍԻԼ XV

Արսենյանց, Թորոսյան

ԱՐՍԵՆՅԱՆՑ (գալիս է)։ Հը՛, դարձյալ այստեղ ե՞ս։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հրաման քեզ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ի՞նչ էիր շինում այստեղ։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Քեզ էի սպասում, որ գաս։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Բաս բարձրանանք վերև։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Բարձրանանք... Գնա՛, ես չեմ գալիս։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հը՛, Թորոսյան, ի՞նչ է պատահել. դու այսօր ինչ որ քիթ ու մռութդ վայր ես թողել։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Իհարկե, աշխարհիս երեսին, որ քեզ պես մարդիկ են ման գալիս... (նստում է):

ԱՐՍԵՆՅԱՆՑ (ծիծաղելով): Ինչ կծու լեզու ունես... Մենք քեզ ի՞նչ ենք արել, որ մեզ այդպես ատում ես։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Գնա՛ վերև, գնա զվարճացիր... Թո՛ղ հազարավոր աղքատ, անտեր հիվանդներ անդեղ, անդարման կոտորվեն, սատկեն, միայն թե մատըմուազել Սոֆիաների հետ դուք պար գաք և զվարճանաք... Ասում են՝ տվե՛ք մեզ կրթված մարդիկ, ինտելիգենցիա տվեք. դրանք են մեզ հարկավոր, հասարակության բարօրությունը դրանցից է կախված։ Ահա՛, ձեզ կրթված մարդ, ահա ձեզ ինտելիգենտ և պաշտոնով — բժիշկ... Ի՞նչ եք կորցրել և ի՜նչ եք փնտրում...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Է՜հ, այդպես խո չեն ասում, ա՜յ այսպես են ասում.— Տվե՛ք մեզ նոր ուժեր, թարմ երիտասարդություն, դրանք են մեր հույսերը... այրող խնդիրների լուծումը դրանց է սպասում... ազգը, Հայաստանը դրանց է կանչում և այլն։ Իսկ «նոր ուժը», թարմ «երիտասարդը» դու ես, ես ծերացել եմ, ինձ ի՞նչ ես ասում։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Գնա՛, իսեր աստուծո, հեռացի՛ր, դու միշտ արյունս բորբոքում ես...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Իհարկե, միշտ այդպես վառված որ խոսես, արյունդ կբորբոքվի։ (Թորոսյանը կատաղած թքում է և դեմքը շրջում է նրանից, Արսենյանցը ծիծաղելով բարձրանում է և ծածկվում է դռան մեջ):

ՏԵՍԻԼ XVI

Պետրոս, ծառա, Թորոսյան

ՊԵՏՐՈՍ (Ծառայի հետ իջնում է սանդուղքով): Ա՛րի այստեղ, անպիտան, ա՛րի։ Ես քեզ հազար անգամ ասել եմ, որ այն անպիտան լակեյներից չհեռանաս, իսկ դու դարձյալ գալիս ես և այնտեղ ցից ես լինում։ Հազար ու մի բան կա այնտեղ, ո՞վ է տերը... Խո չե՞ս ուզում... (Թորոսյանին չտեսնելով, հեռանում են պարտեզի աջ կողմը):


ՏԵՍԻԼ XVII

Վանո, Թորոսյան

ՎԱՆՈ (ծխախոտը բերանին՝ գալիս է ձախ կողմից, տան ետևից, հետաքրքրությամբ նայում է բարձր — լուսամուտներին, հետո հանկարծ տեսնում է Թորոսյանին): Ա՜, բոնժուռ, մուսի՛ո Թորոսյան։

ԹՈՐՈՍՅԱՆ (առանձին): Սա էր պակաս։

ՎԱՆՈ։ Կոման վու պորտէ վու, քեֆդ լավ է, չէ՞։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ինչո՞ւ չէ։

ՎԱՆՈ։ Այս ի՞նչ խաբար է մեր տանը։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Քեֆ են անում։

ՎԱՆՈ. Հա՜ — ա՞... բաս դու ի՞նչ ես շինում այստեղ։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Քեզ էի սպասում։

ՎԱՆՈ։ Ջան. սիրել եմ քեզ պես հին ընկերներին, չնայելով, որ իմ ու քո մեջ սարեր կան... Բայց ես այս գիշեր ուրիշ տեղ պետք է քեֆ անեմ։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ո՞րտեղ։

ՎԱՆՈ։ Անիչկայիս մոտ... ես ու դու որ գիտենք, էլի՛...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Բաս հիմա ինչո՞ւ ես եկել այստեղ։

ՎԱՆՈ։ Եկել եմ, որ հորիցս փող ուզեմ։ Երևակայիր՝ գրոշ չունեմ գրպանումս։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հետո, կտա՞։

ՎԱՆՈ։ Փաշի պես։

ԹՈՐՈՍՅԱՆ: Բայց որ փաշի պես կինծումդ տալով դուրս անի այստեղից:

ՎԱՆՈ: Չէ՛, այդպիսի բան չի պատահիլ. հորս սանձն, ա՜յ, այսպես ունեմ բռնած ձեռքումս:

ԹՈՐՈՍՅԱՆ: Ի՞նչ պետք է անես որ։

ՎԱՆՈ: Այդ ես գիտեմ, թե ի՛նչ կանեմ... Օ՜ , ո՛րքան վատ է, երբ մարդու գրպանում փող չկա, կարծես թե մարդ չես այդ ժամանակ։ Ինձ քանի՛ անգամ է պատահել այդ բանը.— օրինակ. գնացել եմ սիրուհուս մոտ մի փոքր ժամանակ անցկացնելու... Սիրուհիս... ա՜խ, ես նրա հոգին ուտեմ... գիտե՞ս ի՛նչ արարած է նա, Թորոսյան. ես լուսին ասեմ, դու — արև, ես արև ասեմ, դու— հրեշտակ, մի խոսքով՝ ոչ ուտես, ոչ խմես, միշտ և միայն նրան նայես... Նա ռսուհի է, տասն և ութ տարեկան, շեկ մազերով, մեծ-մեծ ու կրակոտ աչքերով, (երգելով չակերտների միջի հետևյալ բառերը), «Բոյն է սալբու չինա՜րի», առողջ, կարմիր-կարմիր թշերով... Просто шик что такое! ի՛նչ ասի նա, որ ես նույն րոպեին չկատարեմ. ասի՝ գնա Քուռն ընկիր, մեկ էլ տեսար — թլթո՜մբ... Քուռի ալիքների մեջ եմ. ասի կրակ տուր Թիֆլիսը, մեկ էլ տեսար — Թիֆլիսը բլբլում է... Դրան նոր եմ ճարել, գիտես, ընդամենը, կարծեմ, մի ամիս է։ Առաջվա սիրուհուցս բոլորովին ձանձրացա։ Թեև նրա վրա էլ քիչ չէի ծախսում, բայց սրա վրա չափից անց եմ կացրել... Հա՛, ես այն էի ասում, որ առանց փողի մարդուս դրությունը շատ վատ է լինում, օրինակ. ինչպես ասեցի, գնացել եմ սիրուհուս մոտ — անցյալ շաբաթ էլ պատահեց ինձ այդ բանը — մի փոքր ժամանակ անցկացնելու։ Սիրուհիս տեսնելուն պես փաթաթվել է վզովս և (կանացի ձայնով) — «Ваня! Ваня! Дай деньги! Նո՛ւ, ես էլ, ի՛նչ ասել կուզե, ձեռքս սուտ, գրպանս եմ կոխել,— ապա ի՞նչ կա, որ ի՛նչ տամ... Ա՛րի ու հիմա էշը ցեխիցը հանիր... Է, ի՞նչ կարող էի անել, սկսել եմ ներողություն խնդրել, սուտ ու մուտ պատճառներ մոգոնել, թե մոռացել եմ հետս փող վերցնել, խոստացել եմ, որ մյուս օրն անպատճառ կտանեմ, կտամ։ Մյուս օրն եկել եմ, հորիցս փող եմ առել — հիսուն, հարյուր մանեթ — և իրեն եմ տվել։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հայրդ էլ տվե՞լ է:

ՎԱՆՈ։ Փաշի պես։ Բայց չէ, այս էլ պետք է ասած, որ մի անգամ էլ մի լավ խայտառակեց ինձ և դուրս արեց։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հիմա էլ դուրս կանի։

ՎԱՆՈ։ Բա՞ն չունես... կարո՞ղ է... Ասում եմ, է՛լի, նրա սանձն, ա՛յ, այսպես ունեմ բռնած ձեռքումս։ Գիտե՞ս ի՛նչպես էր։ Ես քեզ մի մազալու բան պատմեմ, Թորոսյան։ (Նստում է նրա կողքին): Կարող ես մինչև անգամ գրել, եթե ուզում ես. այդպիսի բաներ հետաքրքրությամբ են կարդում։— Մի անգամ գնում եմ «Սան-Սուսի» և այնտեղ ո՞ւմն եմ տեսնում,— հորս, պ. Պետրոսին։ Սա, եղբայր, նստած է մի գեղեցիկ, հաստ-հաստ կնոջ հետ մի փառավոր սեղանի առաջ և քեֆ է անում։ «Ա՜, այս լավ բան է», ասում եմ ինքս ինձ. «ա՛րի օգուտ քաղեմ այս դեպքից...» Մոտենում եմ։ «Հայրի՛կ», ասում եմ՝ աչքերով կողքին նստած կնոջ վրա ցույց տալով, «լա՛վն է հա՜...»։ Հայրիկս դեռ կարմրում է, հետո սփրթնում է, վեր է կենում, ինձ մի կողմն է քաշում և «Լռի՛ր, անպիտան», ասում է, «ոչ ոքի ոչինչ չասես, թե չէ՝ կորած եմ»։ Հասկանո՞ւմ ես. այս նրա խոսքերն են։ «Ի՞նչ կտաք», ասում եմ, «որ ոչ ոքի ոչինչ չասեմ»։— «Ինչ կուզես», ասում է,— «Երբ փող ուզեմ տվեք»։— «Լավ», ասում է։ Լա՛վ ու լավ. այնուհետև «տես, թե ի՛նչպիսի պահանջներ եմ անում — հարյուր, երկու հարյուր և այլն մանեթները — ես քեզ ճշմարիտ բան եմ ասում — սկսում են հորս անդունդից գրպանս տեղափոխվել։ Այդպիսի ժամանակ մի քիչ չեմ ու չում կանե, իսկույն՝ «հայրի՛կ, Սան-Սուսին»,— և նա ձայնը կկտրե... (ծիծաղում է): Բայց այդ դեռ ոչինչ. ես մի ուրիշ, ավելի սուր զենք ունեմ ձեռքիս։ Այդ էլ պատմե՞մ։ Լսիր։— Դու մի ասիր՝ հորս շատ է դուր գալիս իմ այս նոր սիրուհիս... Դու հորս այդպես մի՛ նայիր, ամենաառաջին Դոնժուանն է, չէ՛, ի՞նչպես են ուրիշ տեսակ ասում... հա՞, ամենաառաջին լովելասն է... Հայրս, դու ես իմ պարոնը, նրան մի նամակ է գրում, այսինքըն՝ սիրուհուս։ Քեզ հայտնի կլինի, է՛լի, այդպիսի նամակների բովանդակությունը... Սիրուհիս մերժում է սրան. նա այսպիսի ծերերի հետ չի ուզում գործ ունենալ, և այդպիսով էլ բանը վերջանում է։ Հորս գրած նամակը գտնում եմ սիրուհուս սեղանի վրա, անսաս վերցնում եմ և գրպանս եմ կոխում։ Հարկավոր դեպքում դրանից էլ մեծ օգուտներ կարելի է քաղել։ (Ծիծաղելով): Չէ՞, ի՞նչ ես կարծում։

ԹՈՐՈՍՅԱՆ (վեր կենալով): Երանի՛ քեզ ...աշխարհս քեզպեսներինն է։

ՎԱՆՈ։ Բաս չէ ու քեզպեսներինն է․․․ Ո՞ւր ես գնում։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Սենյակս։

ՎԱՆՈ։ Ինչո՞ւ. դու հրավիրված չե՞ս։ (Վեր է կենում):

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հրավիրված եմ, բայց գլուխս ցավում է։ (Հեռանում է պարտեզի աջ կողմը):


ՏԵՍԻԼ XVIII

Վանո (միայն)

Ասենք քո գլուխը միշտ ցավում է․․․ Է՜, հիմա ի՞նչպես անենք, որ հորս տեսնեմ... Բայց որ սպանեն, ես վերև չեմ գնալ, իսկ առանց փողի էլ այստեղից չեմ հեռանալ... Հ՞ըա, ի՞նչպես անեմ... Ա՜, ահա՛ նա։ (Առաջ է գնում դեպի Պետրոսը, որ գալիս է պարտեզի աջ կողմից)


ՏԵՍԻԼ XIX

Պետրոս, Վանո

ՎԱՆՈ։ Բարի երեկո, հայրիկ։ Ես ուզում էի ձեզ տեսնել և դուք էլ եկաք։

ՊԵՏՐՈՍ։ Հա-ա՞... ի՞նչ կհրամայես։

ՎԱՆՈ։ Փող եմ ուզում։

ՊԵՏՐՈՍ։ Վա՛հ, այդպես մե բա՞շ... Գնա՛ էգուց արի։ (Գնում է դեպի սանղուղքը):

ՎԱՆՈ (Նրա ետևից): Հայրի՛կ, ես հանաք չեմ անում, գիտե՞ք։ (Պետրոսը չէ լսում և շարունակում է առաջ գնալ): Սա՛ն-Սուսին...

ՊԵՏՐՈՍ (շուռ է գալիս և կատաղած կամաց-կամաց մոտենալով նրան): Անպիտա՛ն և լիրբ, դու կարծում ես, թե հիմա է՞լ կվախենամ այդ անիծած խոսքից, հա՞․․․

ՎԱՆՈ։ Կարծում եմ։

ՊԵՏՐՈՍ։ Բայց փո՛ւչ կենդանի, ինչո՞վ դու կարող ես հաստատել, որ ես Սան-Սուսիում եղած եմ...

ՎԱՆՈ։ Մի «բարոյական» կնո՞ջ հետ,— ո՞վ է ասում, թե կարող եմ հաստատել...

ՊԵՏՐՈՍ։ Ա՜, ուրեմն դու սո՛ւտ ես ասում, ավազա՛կ, երբոր չես կարող հաստատել... Հիմա ես խելքի եմ եկել, անառա՛կ, խելքի եմ եկել. էլ չես կարող ինձ առաջվա նման խաղացնել... Առաջ էլ խելագար էի, որ այդ անիծած խոսքը քեզանից լսելուն պես՝ հարյուրները բուռդ էի կոխում, որպեսզի պապանձվեիր և ոչ ոքի չասեիր այդ խայտառակության մասին․ բայց այնքան չէի մտածում, որ դու այդ հաստատել չե՛ս կարող, ավազա՛կ․․․ Ես ամենքին կհավատացնեի, որ դու լրբաբար սուտ ես ասում, որպեսզի ինձանից փողեր գջլես...

ՎԱՆՈ։ Բայց խո իսկապես սուտ չէ՞, հայրիկ, որ ես ձեզ բռնեցի Սան-Սուսիում մի «բարոյական» կնոջ հետ ընթրելիս։

ՊԵՏՐՈՍ։ Սու՛տ է...

ՎԱՆՈ։ Իմ առաջս է՞լ եք ուրանում։

ՊԵՏՐՈՍ։ Ամենքի, ամենքի առաջ, ավազա՛կ...

ՎԱՆՈ։ Վա՛հ, էլ ի՞նչ եք այդպես բղավում․ չե՞ք վախենում, որ տանն իմանան և գան։

ՊԵՏՐՈՍ։ Թո՛ղ, ով ուզում է, գա... դու լրբաբար սուտ ես ասում, անառակ...

ՎԱՆՈ։ Բայց, հայրիկ, եթե ես սուտ եմ ասում և հիմա էլ սուտ եմ ասում, բաս ինչո՞ւ Սան-Սուսի բառը լսելուն պես, ինչպես դուք եք ասում, հարյուրները բուռս էիք կոխում։

ՊԵՏՐՈՍ։ Այդ հաստատիր նրանց առաջ, նրանց — կնոջս և աղջկաս առաջ, ավազակ... բացի մեզանից, ոչ ոքի խո հայտնի չէ՞, թե ես քեզ մի այդպիսի բանի համար հարյուրներ էի տալիս։

ՎԱՆՈ։ Այդ դեռ մեզ համար, հայրիկ, մեզ համար. ես ուզում եմ, որ դուք ձեր սեփական բերանով խոստովանեք, որ ես սուտ չեմ ասում, իսկ հետո, երևի, մի բան կգտնվի, որով կկարողանանք այդ բանը նրանց էլ հաստատել։

ՊԵՏՐՈՍ։ Ոչի՛նչ չի գտնվիլ, ոչի՛նչ, ավազա՛կ, և... կործանվի՛ր այստեղից... Այսուհետև չհամարձակվես այս տունը ոտք դնել, թե չէ ես գիտեմ, թե ինչպես կվարվեմ քեզ հետ... Լի՛րբ և անառա՛կ... (Մի կատաղի հայացք գցելով նրա վրա, շուռ է գալիս և գնում է դեպի սանդուղքը):

ՎԱՆՈ (Նրա հետևից): Իսկ Անիչկային գրած նամակիդ ի՞նչ կասեք, հայրիկ... (Տեսնելով, որ նա չէ լսում իրեն, ձայնը բարձրացնում է առանձին շեշտելով): Ինձ մո՛տ է։

ՊԵՏՐՈՍ (վերջին խոսքերի վրա հանկարծ շուռ է գալիս և շտապով մոտենում է նրան): Ի՞նչ ասեցիր։

ՎԱՆՈ։ Ոչինչ։

ՊԵՏՐՈՍ։ Ասա՛, ի՞նչ ասեցիր հիմա ետևիցս։

ՎԱՆՈ։ Միևնույն չէ՞ ինչ որ ասեցի.— ես սուտ եմ ասում։

ՊԵՏՐՈՍ։ Դու կարծեմ, նամակի անուն տվիր։

ՎԱՆՈ։ Ի՞նչ անենք որ։

ՊԵՏՐՈՍ։ Ասացիր, որ քեզ մոտ է։

ՎԱՆՈ։ Ասեցի, հետո՞։

ՊԵՏՐՈՍ։ Ցույց տուր տեսնեմ։

ՎԱՆՈ։ Ինչո՞ւ։

ՊԵՏՐՈՍ։ Տեսնեմ այդ այդ նամա՞կն է...

ՎԱՆՈ։ Ո՞ր նամակը։

ՊԵՏՐՈՍ (նրա վրա մի փորձող հայացք ձգելուց հետո): Ա՛յ դու, լի՛րբ և անամոթ... դու դարձյալ սուտ ես ասում... դու հիմա այդ ես մոգոնել, ի՛նչ է շարունակես ինձնից փողեր գջլել...

ՎԱՆՈ։ Ի՞նչ եմ մոգոնել։

ՊԵՏՐՈՍ։ Որ իբր թե ես նամակ եմ գրել...

ՎԱՆՈ։ Ո՞ւմը։

ՊԵՏՐՈՍ։ Անիչկային...

ՎԱՆՈ։ Անիչկան ո՞վ է։

ՊԵՏՐՈՍ։ Ես ի՞նչ գիտեմ, ավազա՛կ... այդ դու մոգոնում ես, մոգոնում...

ՎԱՆՈ։ Ուրեմն՝ բարի զիշեր, հայրիկ, էլ ի՛նչ հարկավոր է այդքան բարկանալ.— ես միշտ սուտ եմ ասում և մոգոնում։ Բարի գիշեր... կամ թե չէ՝ մնաք բարով։ (Հանդարտ գնում է դեպի պարտեզի մուտքը՝ ձախ կողմը):

ՊԵՏՐՈՍ (կանգնած է սաստիկ անվճռական դրության մեջ. հանկարծ կանչելով նրա ետևից): Մինչև ցույց չտաս, չեմ հավատալ...

ՎԱՆՈ (կանգ է առնում և ուսի վրայից ետ նայելով)։ Ի՞նչ չեք հավատալ։

ՊԵՏՐՈՍ։ Որ... (Առանձին)։ Թո՜ւ, դժոխքը քեզ կլանի... (Նրան): Որ... (Առանձին): Տե՛ր աստված, ի՜նչ սարսափելի դրություն... (Նրան): Որ... որ...

ՎԱՆՈ։ Հ՛ը...

ՊԵՏՐՈՍ։ Որ... որ այդ... որ այդ իմ գրած նամակն է...

ՎԱՆՈ (շուռ է գալիս և ժպտալով գալիս է առաջ): Ուրեմն՝ տեսնում եք, հայրիկ, որ ես սուտ չեմ ասում և չեմ մոգոնում։

ՊԵՏՐՈՍ (որ դեմքը շրջած ունի նրանից): Ցույց տուր, ցույց տուր տեսնեմ։

ՎԱՆՈ։ Ասենք, ցույց տալով, ցույց կտանք, բայց... հետո՞:

ՊԵՏՐՈՍ։ Հետո՞... հետո էլ ի՞նչ... հետո կպատռենք և դեն կածենք։

ՎԱՆՈ։ Հա — ա՞... (գլուխ տալով): Ուրեմն՝ պատիվ ունեմ անխելք երեխաս...

ՊԵՏՐՈՍ։ Բաս ուրիշ ի՞նչ պետք է անես։

ՎԱՆՈ։ Ոչինչ... կպատռտենք և դեն կածենք, հա՜, հա՜, հա՜... (Ուզում է գնալ):

ՊԵՏՐՈՍ։ Բայց ես դեռ չգիտեմ՝ այդ իմ գրած նամակն է, թե ոչ։

ՎԱՆՈ։ Կտեսնեք և կհամոզվեք։

ՊԵՏՐՈՍ։ Ուրեմն ցույց տուր։

ՎԱՆՈ։ Ի՞նչ ենք այսպես երկար խոսում, հայրիկ։ Նախ և առաջ պայման կապենք, եթե ինձ մոտ գտնված նամակը ձեր գրածը լինի, խո որքան փող որ կամենամ, դուք նույն րոպեին տաք ինձ և նամակն էլ նույն րոպեին ես ձեզ հանձնեմ և ինչ կամենաք՝ արեք նրա հետ, իսկ եթե նամակը ձեր գրածը չի լինիլ,— նո՛ւ, և ավելորդ է, ուրեմն, ձեզ այդպես վախենալ։ Համաձա՞յն եք։

ՊԵՏՐՈՍ։ Ինչպես թե որքան փող որ կամենաս, նույն րոպեին տամ քեզ։

ՎԱՆՈ։ Այնպես, հարյուր, երկու հարյուր, հինգ հարյուր... վերջապես — որքան քեֆս տա։

ՊԵՏՐՈՍ (առանձին, հուսահատ): Տե՛ր աստված, ա՜յսպես էլ կրակ... ա՜յսպես էլ պատիժ... (նրան, հանկարծակի վճռականությամբ): Համաձայն եմ... հանի՛ր տեսնեմ։

ՎԱՆՈ։ Այս րոպեիս (Ձեռքը գրպանն է տանում): Բայց մի պայման էլ...

ՊԵՏՐՈՍ։ Դարձյալ...

ՎԱՆՈ։ Որ դուք մեկ փոքր հեռու կանգնեք։

ՊԵՏՐՈՍ։ Ինչո՞ւ։

ՎԱՆՈ։ Ով գիտե. ասում են, որ նախազգուշությունը լավ բան է...

ՊԵՏՐՈՍ։ Հանի՛ր, հանի՛ր տե՛սնեմ։

ՎԱՆՈ։ Ա՛յ, այս րոպեիս։ (Գրպանից հանում է թղթապահը, իսկ նրա միջից մի նամակ): Համեցեք։ (Հեռվից ցույց է տալիս): Բայց, խնդրեմ, մի՛ մոտենաք։

ՊԵՏՐՈՍ (մոտենալով): Մութն է, չեմ տեսնում։

ՎԱՆՈ (հեռանալով): Լուսինը, կարծեմ, այնքան խավար չէ լուսավորում, որ չկարողանաք տեսնել։

ՊԵՏՐՈՍ (մոտենալով): Թուղթն, այո՛, տեսնում եմ, բայց գրածը որոշել չեմ կարողանում։

ՎԱՆՈ։ Սպասեցեք, այս րոպեիս։ (Երկուսն էլ կանգ են առնում): Խնդրեմ քիչ հեռու կանգնեցեք։ (Գրպանից մի լուցկի է հանում): Այդպես... և չմոտենաք։ (Լուցկին վառում է և նրանով լուսավորում է նամակը): Հիմա նայեցեք. ձերն է գրածը... խո կարողանո՞ւմ եք որոշել։

ՊԵՏՐՈՍ։ (Գլուխն առաջ տանելով): Ապա, ապա... (Հանկարծ հարձակվում է, որպեսզի խլե նամակը): Անպիտա՛ն, ո՞վ է տվել քեզ այդ նամակը...

ՎԱՆՈ (նամակն իսկույն քամակն է տանում և ետ ու ետ գնալով): Ա՜, ներեցեք... հափշտակելը լավ չէ... ես ձեզ ասեցի, որ չմոտենաք։ Հիմա համոզվեցի՞ք, որ նամակը ձեր գրածն է։

ՊԵՏՐՈՍ։ Ասա՛, ի՞նչքան ես ուզում։

ՎԱՆՈ։ Ինչքա՞ն... Հիմա ինձ հարկավոր է... քիչ է հարկավոր. այդպես... երկու հարյուր ռուբլի, ավել չէ։

ՊԵՏՐՈՍ։ Այստեղ ինձ մոտ գտնվում է ընդամենը... յոթանասուն ռուբլի։ Տուր նամակն և ստացիր փողերը։

ՎԱՆՈ։ Ներեցեք, ես այդպես էժան չեմ ծախիլ այս նամակը. սա արժե, առանց պակասեցնելու կամ ավելացնելու, ուղիղ հազար ռուբլի։ Վերջի գինն է։ (Նամակը կրկին թղթապանակն է դնում և պահում է):

ՊԵՏՐՈՍ։ Բայց դու ասեցիր երկու հարյուր:

ՎԱՆՈ։ Այո՛, բայց այդ, ասեցի, հիմա, այս րոպեիս է հարկավոր։

ՊԵՏՐՈՍ։ Հիմա չկա մոտս այդ գումարը.— ընդամենը յոթանասուն ռուբլի ունեմ։

ՎԱՆՈ։ Գնացեք բերեք, ես այստեղ կսպասեմ... Նո՛ւ, ոչինչ, ոչինչ, այս գիշեր դրանով էլ կարելի է յոլա գնալ... Հիմա տվեք այդ յոթանասուն ռուբլին և երբ մնացածն էլ կլրացնեք, նամակն այն ժամանակ կստանաք։

ՊԵՏՐՈՍ։ Վա՛հ, նամակն ուզում ես քեզ մոտ պահել...

ՎԱՆՈ։ Ի՞նչ վնաս. այս ոչ ոք չի տեսնիլ... կամ թե չէ, եթե վախենում եք, կարող եք այս րոպեիս ևեթ վճարել հազար ռուբլին և ստանալ նամակը։ Բայց ես ասում եմ, որ ոչինչ վնաս չկա։

ՊԵՏՐՈՍ (խղճալի ձայնով): Ա՛պիտան, դու ուզում ես ինձ աղքատացնել...

ՎԱՆՈ։ Ձեր կամքն է, հայրիկ։

ՊԵՏՐՈՍ։ Դու ուզում ես ինձ անպատվե՞լ, խայտառակե՞լ... դու ուզում ես ինձ ամենքի առաջ ամոթահար, սև երես դուրս բերել...

ՎԱՆՈ։ Այդ ձեզանից է կախված, հայրիկ։

ՊԵՏՐՈՍ։ Մեղք չե՞մ ես... մի՞թե չես խղճում քո հորը...

ՎԱՆՈ։ Հայրիկ, ախր ես էլ մեղք եմ, փող չունեմ։

ՊԵՏՐՈՍ։ Մի՞թե ես քեզ նրա համար եմ պահել, մեծացրել, որ դու ինձ հետ այդպես անգութ կերպով վարվես... ախր մենք հայր ու որդի ենք, որդի... ախր ամոթ է մինչև անգամ...

ՎԱՆՈ։ Չե՞ք տալիս... գնում եմ ա՛յ...

ՊԵՏՐՈՍ։ Կա՛ց, անառակ... տա՛ր, ինչ ուզում ես։

ՎԱՆՈ։ Էլ ի՞նչ հարկավոր է երկար ու բարակ խոսել, երբ վերջը պետք է համաձայնեք... Քիչ էր մնում, որ լացացնեիք։

ՊԵՏՐՈՍ (թղթապանակից հանում է յուր բոլոր փողը և տալով նրան): Ա՛ռ և գնա՛ կորի՛ր աչքիցս։

ՎԱՆՈ (առնում է և սկսում է համարել): Մեկ, երկու, երեք, չորս, յոթը, տասը, տասն և հինգ, քսան, քսան և հինգ, երեսուն, երեսուն և հինգ, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն... Ուղիղ է։ Նու, հայրիկ, երբ մնացածն էլ կտաք, այն ժամանակ կստանաք նամակը. իսկ մինչև այդ ժամանակ դուք բոլորովին հանգիստ կարող եք լինել։ (Թղթապահը հանում է, փողը մեջն է դնում և պահում է): Ձեր նամակն, ասում եմ, ոչ ոք չի տեսնիլ. նա ինձ մոտ ավելի ապահով կմընա, քան թե ձեզ մոտ։

ՊԵՏՐՈՍ։ Հեռացի՛ր, կորի՛ր ի սեր աստուծո։

ՎԱՆՈ։ Ցտեսություն, հայրիկ, բարի գիշեր․․․ Ես այնքան էլ փչացած տղա չեմ, որքան...

ՊԵՏՐՈՍ (գոռալով), կկորչես, թե չէ... (Վանոն գլուխ է տալիս և դուրս է գնում ձախ կողմը)։


ՏԵՍԻԼ XX

Պետրոս (միայն)

Այս ի՞նչ կրակի մեջ եմ ընկել, տեր աստված, այս ի՞նչ պատիժ է հասել գլխիս... Ո՞րտեղից գրեցի ես այն անիծված նամակը... Ասա էլ ի՞նչ քո ժամանակն է այդպիսի բաների ետևից ընկնել, տո, տո, տո... Ծե՛ր էշ, տո, տո, տո... քավթա՛ռ շուն... Ինչո՞վ չես ուզում թողնել երիտասարդական հիմարություններդ... ահագին ընտանիքի տեր մարդ ես... Ա՜խ, ա՜խ, բայց այդ փչացածի ձեռքը ո՞րտեղից է ընկել այդ նամակը, ո՞վ է տվել դրան... (Կատաղած ման է գալիս): Օ՜հ, ի՞նչ անեի, չհամաձայնեի, բացի կնոջիցս և աղջկանիցս, նա ինձ և՛ ուրիշների առաջ կխայտառակեր այդ անիծված նամակով... Ես դիտմամբ ամեն շաբաթ երեկո և կիրակի առավոտ եկեղեցի եմ գնում, աղքատներին բացարձակապես ողորմություն եմ տալիս, ինչ է՝ կարծեն, որ ես մի աստվածասեր և ողորմած մարդ եմ, որպեսզի այդպիսությունով ծածկեմ իմ ներքին կյանքը, և հանկարծ հայտնվի մի այդպիսի նամակ, որ իմ սեփական ձեռքովս գրված,— ի՞նչ կկարծեն իմ մասին... Ի՜նչ խայտառակություն, ի՜նչ խայտառակություն... Ա՜խ... ահա՜, իմ հարազատ որդիս, իմ միսս ու արյունս ինձ ի՛նչ տեղն է գցել... Օ՜, փչանար դա մոր փորում և լույս աշխարհ չտեսներ, այդ անառա՛կը, այդ ավազա՛կը, այդ... այդ... օձը, օձի ճուտը... Ո՛չ, պետք է շուտով առանց ուշացնելու, իրեն սևցնել յուր պահանջած գումարն և ոչնչացնել այդ անիծված նամակը․․․ Բայց... (կանգ է առնում հուսահատ) հազա՜ր ռուբլի, հազա՜ր ռուբլի... (Ավելի կատաղած ման գալով): Օ՜հ, կրա՜կ, կրա՜կ․․․ դժոխքի բաժին լինիս դու, Վանո՜... Ա՛յ, կոտրվեր այս ձեռքը (ձախ ձեռքով խփում է աջ ձեռքին), որ այն անիծված, միլիոն անգամ անիծված նամակը չէր գրել... Ի՞նչ սարսափելի դրություն... Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ... Հազա՜ր ռուբլի — մի նամակը, մի թղթի՜ կտորը... (գլխին խփելով): Օ՜հ, գի՜ժ, գի՜ժ Պետրոս, քո հախդ է, քո հախդ... (Ընկնում է նստարանի վրա):

Վարագույրն իջնում է։

ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

Մի դահլիճ Թաթուլյանների տանը: Աջ, ձախ և դիմացը դռներ. աջ դուռը տանում է դեպի Պետրոսի առանձնասենյակը, ձախը՝ դեպի մյուս սենյակներն, իսկ դիմացինը՝ դեպի նախասենյակ։ Բոլոր դռներին կախված են թանկագին վարագույրներ։ Կահավորանքը շքեղ և հարուստ: Պատերից կախված են զանազան գեղանկարներ ոսկեզօծ շրջանակներով։ Բոլոր հատակը ծածկված է թանկագին գորգով։


ՏԵՍԻԼ I

Պետրոս, Ստեփան

ՊԵՏՐՈՍ (նախասենյակում): Ասա, որ շնորհ բերե այստեղ։ (Մտնում է և մի քանի վայրկյանից հետո դիմավորելով Ստեփանին, որ մտնում է): Ա՜. պ. Ստեփան, համեցեք։

ՍՏԵՓԱՆ։ Ես գալիս եմ ուղղակի մեր եկեղեցուց։— Բարև ձեզ:— Անցնում էի այսպես, ասեցի լավ կլինի, եթե մտնեմ բարեկամներիս մոտ՝ առողջությունր հարցնելու։ Ի՞նչպես եք, առո՞ղջ եք։

ՊԵՏՐՈՍ։ Փառք աստուծո... Հա՛, կարծեմ այսօր ինչ-որ ժողով պետք է լիներ ձեր եկեղեցում։

ՍՏԵՓԱՆ։ Այո. ես ձեզ իսկույն կպատմեմ։

ՊԵՏՐՈՍ (գահավորակը ցույց տալով): Խնդրեմ համեցեք։

ՍՏԵՓԱՆ (նստում է): Անպատճառ լսած կլինեք, որ մեր եկեղեցու երեցփոխը եկեղեցու փողերը տակովն է արել։

ՊԵՏՐՈՍ (որ նույնպես նստել է նրա դիմացը՝ բազկաթոռի մեջ): Լսել եմ։

ՍՏԵՓԱՆ։ Հա՜։ Այսօր ծխականների ժողով են նշանակում, որպեսզի նոր երեցփոխ ընտրեն և հին երեցփոխից հաշիվ պահանջեն։ Առաջինն, իհարկե, իբրև նշանավոր մարդու, ինձ են հրավիրում, թեև, ճշմարիտն ասած, զահլաս գնում է այդպիսի հիմար գործերից։ Գնում եմ։ Ուսումնարանում տեղ չկա. այնքան մարդ է հավաքվել։ Ինձ են սպասում։ Մտնում եմ, թե չէ, իսկույն ամենքն էլ վեր են կենում տեղերից և ինձ խոր գլուխ են տալիս...

ՊԵՏՐՈՍ (առանձին): Տեսնո՞ւմ եք ի՜նչ մեծ մարդ է... (Նրան): Փողը ո՞րքան է լինում տակովն արած։

ՍՏԵՓԱՆ Ասում են որ... կարծեմ... հա՛,— յոթն հազար մանեթ։

ՊԵՏՐՈՍ։ Մի՞թե։

ՍՏԵՓԱՆ։ Չնչի՜ն գումար․․․

ՊԵՏՐՈՍ (առանձին) Օ՜ — հո՛․․․

ՍՏԵՓԱՆ: Յոթն հազար մանեթ այս րոպեիս տարեկան իմ որդին է ստանում... նույնպես և քո...

ՊԵՏՐՈՍ (առանձին): Տե՜ր ողորմյա, սա ինձ էշ է կարծում, ի՛նչ է...

ՍՏԵՓԱՆ։ Հա՛, և այդպես... սկսում են մարդիկ ընտրել երեցփոխից հաշիվ պահանջելու։ Իբրև նշանավոր մարդ, ես ընտրվում եմ, իհարկե, միաձայն։ Բայց նույն րոպեին էլ հրաժարվում եմ, ասելով, որ ես այդպիսի բաների համար ժամանակ չունեմ։— Եվ ճշմարիտ, որ չունեմ։— Սկսում են խնդրել, աղաչել, որ հրաժարականս ետ առնեմ, բայց ես իմն եմ պնդում։ Ո՛չ ուզում են նոր մարդ ընտրել իմ տեղը,— և ո՛ւմ պետք է ընտրեին, որ կարողանար իմ տեղը բռնել,— ո՛չ ուզում են հրաժարականս ընդունել։ Բայց խո գիտեք, որ իմ «այո»-ն այո՛ է և «ոչն» — ո՛չ. հենց մի գլուխ իմն եմ պնդում... Հանկարծ — ինչ եք կարծում — վեր է կենում մեր տաք գլուխ երիտասարդներից կամ, ավելի ուղիղն ասած, մեր բերան-պատռած և լիրբ կինտոներից մեկը և ի՞նչ է ասում, «շատ մի՛ խնդրեք, հրաժարվում է, թո՛ղ հրաժարվի»,— ինձ համար է ասում, գիտե՞ք.— «ուրիշ մարդ չկա՞, որ դրա փեշերքը չպատռտեք»։ Տե՛ր ողորմյա,— խաչակնքում եմ երեսս... (Վեր կենալով և ոտները կատաղությամբ հատակին խփելով՝ գոռում է): Այդ ո՞վ է համարձակվում իմ առաջս այդպես խոսել... (Ձայնը ցածրացնելով): Սս՜ս... ձայն-ծպտուն չկա, կարծես, ամենքն էլ քարացել են... Արյունս գլխիս ընկած՝ դես եմ նայում, դեն եմ նայում, որ գտնեմ այն կինտոյին, բայց ո՞ւր է կինտո. ձայնս լսելուն պես այնպես դուրս է փախել, որ ոչ ոք չի տեսել... թե չէ՝ որ բռնեի, գիտե՞ք ի՛նչ կանեի.— աստված է վկա, այնտեղ և եթ մաս-մաս կանեի... վերջապես, ախր, հասարակ մարդ չեմ, որ ամեն տեղից վեր կացողը, ամեն մի մասխարան կարողանա ասել ինձ, ինչ կամենում է... Եվ ի՞նչ եք կարծում, հետո ի՞նչ արեցի.— ուղղակի գլխարկս վերցրի և դուրս եկա... Հապա՛։ Հիմա ես համոզված եմ, որ ինձանից հետո այնտեղ էլ ոչ մի մարդ չէր մնալ։

ՊԵՏՐՈՍ։ Իհարկե...

ՍՏԵՓԱՆ (նորից նստելով): Օ՜, այդ ազգասեր երիտասարդները... բռնես և ամեն մեկին քսան-քսան րոզգի խփես — по солдатский,— որ խելքի գան, քսան-քսան, ավել չէ։ Էլ դրանց ձեռքից հանգստություն չկա, է՛լի... Եղբայր, թող ի՛նչ ուզում են խոսեն, թող ի՛նչ ուզում են դուրս տան իրենց հիվանդ գլխից. բայց գոնե մեզ հանգիստ թողնեն, է՜,... Տե՛ր ողորմյա... Դրանցից մեկն էլ, կարծեմ, ձեր կենացողն է... ուսանող է, ինչ է... այն անտաշն և գժերի գիժը... Անցյալ օրն էլ կնոջս է կպել, թե ինչո՞ւ հայերեն չէ խոսում... Ա՛յնպիսի իրավունքներ են գործ դնում, ա՛յնպիսի իրավունքներ, որ զարմանում ես ճշմարիտ, թե այս բերանպատռածները ո՛րտեղ են մեծացել, որտեղ են կրթվել։

ՊԵՏՐՈՍ։ Ճշմարիտ է, այդ տղաները շատ փչացած են...

ՍՏԵՓԱՆ։ Է՛հ, մախլաս, մախլաս... թողնենք այս խոսակցությունը, թե չէ՝ ես վախենում եմ, որ վերջ չի ունենալ... Ուր են տիկինն ու օրիորդը։

ՊԵՏՐՈՍ։ Դուրս են գնացել։

ՍՏԵՓԱՆ։ Այսպես վա՞ղ։

ՊԵՏՐՈՍ։ Վաղ չէ․ ժամը տասնևմեկին մոտ է։ Նրանք առհասարակ սովորություն ունեն առավոտները, թեյից հետո, դուրս գնալ զբոսնելու, մանավանդ որ այսօր կիրակի է և եղանակն էլ — լավ։

ՍՏԵՓԱՆ։ Ա՜... Լավ է դուք էլ չեք գնացել նրանց հետ զբոսնելու։

ՊԵՏՐՈՍ։ Չէ. ես տանը մի փոքր գործ ունեի, չկարողացա դուրս գնալ։

ՍՏԵՓԱՆ (վեր կենալով): Ես էլ գործ ունեի, բայց... այն անպիտաններն ինձ ուշացրին... և բավական չէ, որ ուշացրին, արյունս էլ հետը պղտորեցին։ (Պետրոսը նույնպես վեր է կենում): Ուրի՞շ. տիկինն ու օրիորդը խո լա՞վ են։

ՊԵՏՐՈՍ։ Փառք աստուծո։

ՍՏԵՓԱՆ։ Իմ կողմից շատ և շատ բարև կանեք... Օրիորդին կասեք... Հա՛, լավ միտս եկավ, քիչ էր մնում՝ մոռանում էի... ես ձեզ մեկ բան պատմեմ, պ. Պետրոս, և դուք մի կուշտ ծիծաղեցեք։— Անցյալ օրը մեկ — անունը չեմ հիշում — վաճառական մեզ մոտ միջնորդ էր ուղարկել, որ իմ տղայիս — Ալեքսանդրի համար յուր աղջիկն առնենք։ Նա առաջարկում էր հարյուր հազար ռուբլի փող և մի գեղեցկաշեն տուն, հասկանո՞ւմ եք, հա՜, հա՜, հա՜... Աղջիկն էլ, ասում է, բավական զարգացած է և գեղեցիկ... Մենք, էլ ի՛նչ ասել կուզե, անմիջապես մերժեցինք, ասելով որ ի զուր են նեղություն կրել, որովհետև մեր տղան արդեն ունի յուր հարսնացուն, որին թե՛ նա և թե՛ մենք հոգով չափ սիրում ենք և որը շուտով նրա կինը կդառնա... Եվ զարմանալի է, մի քանի օրից հետո մեկ ուրիշն է գալիս, հա՜, հա՜, հա՜... դարձյալ բավական մեծ փող է առաջարկում և փողի հետ էլ այգի, հա՜, հա՜, հա՜... Րայց դուք գիտեք, պ. Պետրոս, որ եթե նրանց աղջիկը ոտով-գլխով ոսկի էլ դառնա, դարձյալ մենք կմերժենք... և այդ հասկանալի է... որովհետև ձեզանից լավ բարեկամներ էլ ուրիշ ո՞րտեղ կարող ենք ճարել, հա՜, հա՜, հա՜...

ՊԵՏՐՈՍ (առանձին): Թե աստված կսիրես... (Նրան, գլուխ տալով): Շնորհակալ եմ։

ՍՏԵՓԱՆ։ Եվ օրիորդ Սոֆիայից էլ ավելի համեստ, ավելի գեղեցիկ և զարգացած հարս ուրիշ ո՞վ կարող է տալ մեզ։

ՊԵՏՐՈՍ (առանձին): Իհարկե, ոչ ոք... (Նրան, գլուխ տալով): Շնորհակալ եմ։

ՍՏԵՓԱՆ։ Օր. Սոֆիան որ կա, մեկն է ամբողջ աշխարհիս երեսին — թե՛ գեղեցկությամբ, թե՛ համեստությամբ, թե՛ շնորհքով և թե՛... մի խոսքով՝ ամեն, ամեն բանով... Չկարծեք, թե ես այդ շողոքորթությամբ եմ ասում,— քավ լիցի. շողոքորթությունն ես ատել եմ, որպես մի ամենազզվելի բան, որ պատվավոր մարդուն երբեք չի վայելի, թե չէ, փառք աստծո, մենք միմյանց նոր չպետք է ճանաչենք... Ես ասում եմ այն, ինչ որ ճշմարիտ է...

ՊԵՏՐՈՍ (առանձին): Վա՛հ, ո՞վ է բան ասում... (Նրան)։ Տե՛ր իմ աստված, ի՛նչ եք ասում...

ՍՏԵՓԱՆ։ Բայց գիտե՞ք, պ. Պետրոս, թե ինչի համար են ամենքն այսպես գլուխ պատռում մեզ համար։

ՊԵՏՐՈՍ։ Ինչի՞ համար։

ՍՏԵՓԱՆ։ Որովհետև մենք, ինչպես ձեզ էլ հայտնի է, բավական բարձր ունեցող մարդիկ ենք...

ՊԵՏՐՈՍ։ Իհարկե...

ՍՏԵՓԱՆ։ Այդպե՛ս, պ. Պետրոս... Եվ ում համար մեծ պատիվ չէ մեզ նման բարեկամներ ունենալ, հա՜, հա՜, հա՜... և, իհարկե, այդ բանի համար ամեն մեկը, մեզ նմաններին ձեռքից չթողնելու համար, ո՜չ թե հարյուր հազարներ, այլև՛, մինչև անգամ, միլիոններ կտա...

ՊԵՏՐՈՍ։ Իհա՛րկե, իհա՛րկե...

ՍՏԵՓԱՆ։ Իսկ հիմա կարող եմ ասել՝ ցտեսություն, պ. Պետրոս։

ՊԵՏՐՈՍ։ Մնացեք, սուրճ անուշ արեք։

ՍՏԵՓԱՆ։ Չէ, չեմ կարող, շատ եմ շտապում... Իմ կողմից բարև արեք տ. Եղիսաբեթին և օր. Սոֆիային... մեր ապագա հարս օր. Սոֆիային, հա՜, հա՜, հա՜...

ՊԵՏՐՈՍ։ Ջուխտ աչքիս վրա։ (Ստեփանը դուրս է գնում):


ՏԵՍԻԼ II
Պետրոս (միայն)

Ա՜յ կաշի... ի՜նչ զլել էր, է՜... այնքան քամիք փչեց և ո՛չ մի անգամ չկարմրեց... Է՜, իմ սիրելի պո՜լկովնիկ, ղորթ որ էշ խո չէի, որ չհասկանայի, թե ինչի՛ համար էիր դու ինձ մոտ շնորհ բերել.— եկել էիր որ ասես, թե հարյուր հազարներ եք ուզում, է՛լի, այդպես էլ կասեիր, կպրծներ, էլ ի՞նչ էիր սուտ ու մուտ բաներ մոգոնում... Ա՜խ, Տե՜ր աստված, ի՛նչքան անտանելի են մեծամիտ մարդիկ... (Լռության): Կոպեկ չեմ տալ, կոպեկ... Նրանց որ հարյուր հազարներ տամ, բաս մեզ ի՞նչ մնա... Այս անիծված ժամանակն էլ բոլորովին առևտուր չկա, իսկ փողը ջրի պես է գնում։ Մի կողմից մենք ենք ծախսում տանը, մյուս կողմից այս փուչ-փչանալու փոքր տղաս է վատնում, երրորդ կողմից... կլուբներումն է ահագին գումարներ գնում... հիմա ծառաների, գործակատարների վարձը և... ես ի՞նչ գիտեմ, ո՞ր մեկն ասեմ... Ամեն կողմից տանում են հա՛ տանում, իսկ բերող ոչոք չկա... Ի՞նչ կլինի վերջն իմ դրությունն, եթե միշտ այսպես շարունակվի... բոլոր հույսս մեծ որդուս վրա է. տեսնենք նրա գործն ի՛նչպես կգնա Մոսկվայում... էլի փա՛ռք աստուծո, որ այդ մի տղաս գոնե խելոք է և ոչ անառակ ու վատնող, ինչպես այս անիծված փոքր տղաս, թե չէ նա այնտեղ ահագին գումարներ է տարել առևտրի — ի՞նչ պետք է անեի ես, եթե նա վատներ այդ բոլորը... Օ՜, աստված մի՛ արասցե... Բաս պարտքե՞րս... Է՜ — հա՜ ... ամպերը հավաքվում են... (Նստում է և, գլուխը կախելով, ընկղմվում է մտածմունքների մեջ)։


ՏԵՍԻԼ III
Սոնա, Պետրոս:

ՍՈՆԱ (Մտնում է գլխարկով և ձեռքին հովհար, նա գնում է դեպի սեղանը, վայր է դնում և ուզում է գլխարկը վերցնել, բայց հանկարծ զարմացած ետ է նայում Պետրոսի կողմը, որ չէ տեսնում նրան): Հայրի՛կ... (Պետրոսը չէ լսում): Հալրի՛կ...

ՊԵՏՐՈՍ (Հանկարծ սթափվելով): Հը՞... Ա՜, դո՞ւ ես, Սոնա։ Զբոսնեցի՞ք։

ՍՈՆԱ։ Այո։

ՊԵՏՐՈՍ։ Մայրդ ո՞ւր է։

ՍՈՆԱ։ Յուր սենյակը մտավ։ (Գլխարկը վերցնում է, դնում է սեղանի վրա և մոտենում է Պետրոսին): Հայրի՛կ, ինչո՞ւ դուք այդպես տխուր եք։

ՊԵՏՐՈՍ։ Ես... տխուր չեմ։

ՍՈՆԱ։ Ի՜նչպես չէ... Հիվանդ խո չե՞ք։

ՊԵՏՐՈՍ։ Հիվա՞նդ․․․ ամենևին։

ՍՈՆԱ։ Բաս ինչո՞ւ այդպես վատ եք... ես տեսնում եմ... առավոտյան այդպես չէիք... Հը՞, հայրիկ... կամ ձեր բարկացրե՞լ են։

ՊԵՏՐՈՍ։ Գիտե՞ս ի՛նչ կա, Սոնա... ես քեզ մեկ բան եմ ուզում ասել։

ՍՈՆԱ։ Ասացեք, հայրիկ։

ՊԵՏՐՈՍ։ Ամուսնության մասին, իհարկե, դու և Ալեքսանդրը խոսեցած կլինեք. փողի մասին խո նա քեզ ոչինչ չի ասել։

ՍՈՆԱ։ Ի՞նչ փողի մասին։

ՊԵՏՐՈՍ։ Օժիտի մասին։

ՍՈՆԱ։ Ոչ։

ՊԵՏՐՈՍ։ Այնպես, կատակով ասած կլինի, թե որքան պետք է տանես... Հը՞։

ՍՈՆԱւ Այո, կատակով ասել է։

ՊԵՏՐՈՍ։ Հա-ա՞... ո՞րքան։

ՍՈՆԱ։ Չեմ հիշում... հարյուր հազար, կարծեմ։

ՊԵՏՐՈՍ։ Հա՜, ա՛յդ է․․․

ՍՈՆԱ։ Ի՞նչ, հայրիկ... ինչո՞ւ էիք այդ հարցնում։

ՊԵՏՐՈՍ։ Ախր նրանք իսկապես հարյուր հազար են ուզում։

ՍՈՆԱ։ Ո՞վ ասաց։

ՊԵՏՐՈՍ։ Հայրը, Ալեքսանդրի հայրը։

ՍՈՆԱ։ Ե՞րբ ասաց։

ՊԵՏՐՈՍ։ Ա՜յ, հենց հիմա։ Նա այստեղ էր, ախր։

ՍՈՆԱ։ Հետո՞։

ՊԵՏՐՈՍ (Վեր կենալով): Հետո այն, որ ես այդքան փող չեմ կարող տալ... չունեմ։ (Ման է գալիս):

ՍՈՆԱ (կարճ լռությունից հետո): Ա՞յդ էիք ուզում ասել, հայրիկ։

ՊԵՏՐՈՍ։ Այո։

ՍՈՆԱ։ Եվ մի՛ տվեք։

ՊԵՏՐՈՍ։ Եվ նա էլ քեզ չի ուզիլ։

ՍՈՆԱ։ Ի՞նչ եք ասում, հայրիկ, ես ձեզ չեմ հասկանում։

ՊԵՏՐՈՍ։ Այն եմ ասում, որ Ալեքսանդրը քեզ սիրում է փողի համար։

ՍՈՆԱ։ Հայրի՛կ...

ՊԵՏՐՈՍ։ Հայրիկ չէ, ղո՛րթ։

ՍՈՆԱ։ Ճշմարիտ չէ, հայրիկ, այդ... դուք սխալվում եք։

ՊԵՏՐՈՍ։ Չե՛մ սխալվում. խորամանկ մարդկանց ես շատ լավ եմ ճանաչում, իսկ քո այդ Ալեքսանդրը և նրա պոլկովնիկ հայրը ամենահիմար և ամենազզվելի խորամանկներն են, ուզում ես թեկուզ նեղացիր։ (Լռություն: Սոնան զարմացած նայում է նրան):

ՍՈՆԱ։ Նրա հայրն ուղղակի ձեզ ասաց, թե հարյուր հազա՞ր են ուզում։

ՊԵՏՐՈՍ։ Ո՛չ. ուղղակի չասաց, բայց խոսակցությունն այնպես բերեց, որ ամենահիմարը պետք է լինեի, որ այդպես չհասկանայի։ Նա ասաց, որ յուր տղային շատերն են պատրաստ աղջիկ տալու հարյուր հազարներով, տներով, այգիներով, բայց, ասում է, մենք չենք ուզում ղրանց, այլ քո աղջիկն ենք ուզում։

ՍՈՆԱ։ Հետո այդտեղ ի՞նչ կա որ...

ՊԵՏՐՈՍ։ Է՛-է՜հ, ինչ երեխա ես, Սոնա, ա՛յն կա որ՝ դրանով նա ուզում էր մեզ իմաց տալ, որ հարյուր հազարը հիմիկուց պատրաստենք։ Բա՞ս։ Վերջապես, այնքան էլ խո հիմար չէի, որ չհասկանայի։


ՏԵՍԻԼ IV
Ծառա, Սոնա, Պետրոս:

ԾԱՌԱ (մտնում է): Ա՛ղա, փոշտալիոնը զակազնոյ նամակ ա բերել։

ՊԵՏՐՈՍ։ Թանաք կա՞ այնտեղ։

ԾԱՌԱ։ Կա (Պետրոսը դուրս է գնում, ծառան ետևից):

ՏԵՍԻԼ V
Սոնա (միայն)

(Երկար ժամանակ զարմացած նայում է Պետրոսի ետևից): Ես ոչինչ չեմ հասկանում, բոլորովին ոչինչ չեմ հասկանում... Ինձ փորձո՞ւմ է, թե... չէ ուզում, որ ես Ալեքսանդրի հետ ամուսնանամ...


ՏԵՍԻԼ VI
Պետրոս, Սոնա

ՊԵՏՐՈՍ (մտնում է բարկացած, նամակը ձեռքին): Դարձ՛յալ փող, դարձյա՛լ փող և դարձյա՛լ փող... Տե՛ր աստված, այս ի՞նչ կրակի մեջ եմ ընկել, որ դուրս գալ չեմ կարողանում... (նամակը կատաղությամբ շպրտելով հատակի վրա): Անիծվա՛ծ որդիք... աստված ձեզ ինձ որդիք խո չէ տվել, պատիժ է տվել, աստված պատժե ձեզ... (բարկացած ման է գալիս):

ՍՈՆԱ։ Հայրիկ, ի՞նչ է պատահել։

ՊԵՏՐՈՍ (չէ լսում և շարունակելով բարկացած ման գալ): Կարծես թե ամենքը միմյանց խոսք են տվել, որ ինձ տանջեն, չարչարեն, հոգիս հանեն... Ի՞նչ են ուզում ինձանից, է՜, ի՞նչ... Տե՛ր, ամենակարող աստված...

ՍՈՆԱ։ Ախր է՞նչ է պատահել, հայրիկ։

ՊԵՏՐՈՍ։ Աստված ո՛չ գիտե քո եղբոր գլուխը. գնացել է, նստել Մոսկվայում, տարած փողերի համար դեռ ոչինչ հաշիվ չի ուղարկել և դեռ ուրիշ փողեր էլ է ուզում, բայց թե ինչ բանի համար, այդ ավելորդ է համարում գրել—. հետևյալ նամակով, ասում է, հիմա ժամանակ չունեմ, բայց դու փողերը շուտով ուղարկիր, ասում է... Ա՛յ գիտի հա՜, Պետրոսը խելքը հացի հետ է կերել, է՛լի, որ չհասկանա, թե ինչ խորամանկություններ ես ուզում բանեցնել նրա գլխին... Սպասիր դու դեռ. ես խո՛ կիմանամ, թե դու այդտեղ ինչեր ես անում, խո՛ կիմանամ... (Նամակը վերցնում է հատակից): Տեր աստված, միակ հույսս նա էր, նա էլ այդպես... (Դուրս է գնում աջ դռնից: Եղիսաբեթը մտնում է ձախ դռնից):

ՏԵՍԻԼ VII
Եղիսաբեթ, Սոնա

ՍՈՆԱ (Նայում է Եղիսաբեթին և հանկարծ փղձկալով): Մայրի՜կ... (դեմքը ծածկում է և լալիս է):

ԵՂԻՍԱԲԵԹ։ Սո՜նա... ի՞նչ ես անում... ինչո՞ւ ես լալիս... Սոնա... գժվե՞լ ես, ի՛նչ է... ի՞նչ է պատահել...

ՍՈՆԱ։ Հայրիկն այլևս չէ ուզում, որ ես Ալեքսանդրի հետ ամուսնանամ։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ի՞նչ... ինչ ես ասո՞ւմ... զառանցո՞ւմ ես, ի՛նչ է...

ՍՈՆԱ։ Գնացեք իրեն հարցրեք, թե չեք հավատում։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Է՜-է՜հ, ի՛նչ ես հիմար-հիմար խոսում, ես չեմ հասկանում... Ասա ուղիղ ի՛նչ է պատահել։

ՍՈՆԱ։ Դե ասացի, էլի։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ախր ի՞նչ ասացիր։

ՍՈՆԱ։ Հայրիկն, ասում եմ, այլևս չէ ուզում, որ ես Ալեքսանդրի հետ ամուսնանամ։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Դարձյա՜լ... դու, երևի, երազումդ ես տեսել այդ բանը։

ՍՈՆԱ։ Ասում եմ, գնացեք հարցրեք, թե չեք հավատում։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ա՛յ քեզ զարմանալի բան... Բայց ինչո՞ւ, պատճառն ի՞նչ է։

ՍՈՆԱ։ Որովհետև, ասում է, նրանք հարյուր հազար են ուզում, իսկ ես, ասում է, չունեմ այդքան փող։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ես ոչինչ չեմ հասկանում... հավատացիր՝ բոլորովին ոչինչ չեմ հասկանում... Բայց ո՞վ է ասել, որ նրանք հարյուր հազար են ուզում։

ՍՈՆԱ։ Ալեքսանդրի հայրը, մեր բացակայության ժամանակ այստեղ է եղել և ասել է այդ բանը։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Բաս ի՞նչ էր կարծում քո հայրը, կարծում էր, թե առանց փողի՞ կամուսնացնե քեզ նրա հետ։ Այդ ո՞ր օրենքով։ Նա չգիտե՞, որ աղջիկը միշտ օժիտ է տանում յուր մարդու տուն... Կամ թե հենց նա քեզ հետ առանց փողի էլ կամենա ամուսնանալ, ես կթողնե՞մ, չէ՞ որ այդ ամոթ է, խայտառակություն է մեզ համար, չէ՞ որ այդ պատիվ չի բերիլ ո՛չ մեզ և ո՛չ նրանց... Գիտե՞, հասկանո՞ւմ է քո հայրը, թե ո՛վքեր են նրանք... այդ բանի մասին նա երբևիցե մտածե՞լ է... հա՞.,. Ո՞ւր գնաց նա, ես ուզում եմ նրա հետ խոսել։

ՍՈՆԱ։ Յուր առանձնասենյակը մտավ։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Շա՛տ լավ։ (Շտապով դուրս է գնում աջ դռնից):


ՏԵՍԻԼ VIII
Սոնա (միայն)

(Նստում է գահավորակի վրա): Ինչպես անհանգիստ եմ... ...Ասում է՝ փողի համար է քեզ սիրում... փողի համար... մի՞թե այդ ճշմարիտ է... մի՞թե այդ կարող է ճշմարիտ լինել... Ուրեմն, եթե փող չտանք, նա ինձ պետք է թողնե... ուրիշի հետ պետք է ամուսնանա... ուրիշի հետ... մի՞թե այդ կարելի է... մի՞թե նրա այն խոսքերը, նրա երդումները միայն փողի համար էին... մի՞թե նա մի այդպիսի... ստոր մտադրություն երբեք կարող էր ունենալ... մի՞թե ես չեմ ճանաչում նրա ազնիվ սիրտն ու հոգին... Տե՛ր աստված, ի՞նչ անեմ... (Մտածում է. հանկարծ վեր կենալով): Օ՜հ, ես այլևս չե՛մ կարող համբերել... այսօր ևեթ անպատճառ պետք է խոսեմ նրա հետ... բացատրություն պետք է պահանջեմ, այլապես՝ չեմ կարող դիմանալ... Ա՜խ, գոնե նա գա այսօր... բայց չի՛ գալ, չի՛ գալ, եթե միայն նրա հայրն այսօր իսկապես փողի համար էր եկել... Ա՜խ, հայրիկ, ես քեզ ի՞նչ էի արել, որ սրտիս մեջ մի այսպիսի կասկած գցեցիր... (Թաշկինակը սեղմում է աչքերին և լուռ լալիս է):


ՏԵՍԻԼ IX

Թորոսյան, Սոնա

ԹՈՐՈՍՅԱՆ (մտնում է ճանապարհորդական հագուստով և մոտենում է Սոնային, որ կանգնած է դարձյալ նույն դրության մեջ): Օրիո՛րդ...

ՍՈՆԱ (թաշկինակը հանկարծ հեռացնեյով աչքերից և ուրախ) Ա՜խ, եկա՞ք... (Տեսնելով յուր առաջ Թորոսյանին՝ նա դեռ զարմանում է, հետո նորից տխրում և հեռանալով նրանից, առանձին): Այս հիմարն է եղել...

ԹՈՐՈՍՅԱՆ (առանձին): Կարծեք, թե նա եմ... Բայց ի՞նչ է նշանակում այս... մինչև անգամ լաց է եղել... (Նրան): Ինչո՞ւ դուք տխուր եք, օրիորդ։

ՍՈՆԱ (մեջքը դեպի նա դարձրած): Ես տխուր չեմ... Ի՞նչ էիք կամենում։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ոչինչ, օրիորդ... Անմեղ հետաքրքրություն, որը, դուցե, հանդուգն թվաց ձեզ և որով, գուցե, վիրավորեցի ձեր սիրտը.— այդպիսի դեպքում ներողություն եմ խնդրում... Բայց այնքան դառը, այնքա՜ն անտանելի է, օրիորդ, երբ մարդ զգում է, հասկանում է, ամեն մի քայլափոխում տեսնում է, որ ամենքը նրան հիմարի, մինչև անգամ խելագարի տեղ են դնում նրա համար միայն, որ նա ունի զգայուն, բարի սիրտ և ամեն բանի մեջ անկեղծ է, որպես երեխան... Սակայն ի՞նչ արած, քանի որ կեղծ քաղաքակրթությունը, իրեն առաջնորդ ունենալով նույնպես կեղծ մտավոր զարգացումը, յուր՝ ըստ երևույթին գեղեցիկ, բայց իսկապես տգեղ երևույթներով կտիրապետե մի երկրի, մի հասարակության վրա, ապա այնտեղ բարոյականությունն ու անկեղծությունը միշտ խանգարված ուղեղի արտադրություն կերևա...

ՍՈՆԱ (Առանձին): Ա՜խ, սա դարձյալ սկսեց։

ԹՈՐՈՍՅԱՆ (շարունակելով): Իսկ այդ բանին քիչ չէ նպաստում և քիչ չէ նպաստել փողը, հարստությունը, որ ամենագլխավոր դերն է կատարում մարդկային բոլոր չարիքների և սխալանքների մեջ... Բայց կգա՞ արդյոք ժամանակ, երբ...

ՍՈՆԱ (անհամբերությամբ): Ինչո՞ւ եք եկել։

ԹՈՐՈՍՅԱՆ։ ներեցեք ինձ, խնդրում եմ, եթե ես ձեզ ձանձրույթ եմ պատճառում իմ ներկայությամբ և, գուցե, առավել իմ հիմար երկարաբանությամբ... Հիմարներն առհասարակ անտանելի են... չէ՞ որ ինձ համար էլ ասում են, որ իմ ուղեղս հիվանդ է... Ես եկել եմ, օրիորդ, տայու ձեզ իմ վերջին հրաժեշտս, ես այսօր, մի ժամից հետո պետք է ճանապարհ ընկնեմ դեպի մեր գյուղը. հայրս հիվանդ է. նա կանչել է ինձ այն նամակով, որ անցյալ օրը դուք հանձնեցիք ինձ... Այո՛, օրիորդ, ես այստեղից պետք է հեռանամ և գուցե այսուհետև մենք այլևս երբե՛ք չտեսնենք միմյանց... Այդ, իհարկե, այնքան էլ մեծ ցավ չէ, ինչպես և միևնույն կլիներ ձեզ համար՝ ինձ վերջին անգամ տեսնել կամ չտեսնել, բայց և այնպես, այդ գիտենալով հանդերձ, ես ավելի լավ համարեցի լինել քաղաքավարի և գալ ձեզ մոտ՝ առանձնապես տալու ձեզ իմ վերջին հրաժեշտս, թեկուզ դուք ինձ բացարձակապես վռնդելու է՛լ լինեիք . . .

ՍՈՆԱ (առանձին): Ա՜խ, ողորմելի՛...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հիշո՞ւմ եք, օրիորդ, այն երջանիկ ժամանակը, երբ...

ՍՈՆԱ: Ա՜խ... Աստված բարի ճանապարհ տա, գնացե՛ք... (Շտապով դուրս է գնում ձախ դռնից):


ՏԵՍԻԼ X

Արսենյանց, Թորոսյան


ԱՐՍԵՆՅԱՆՑ (մտնում է): Պա՛հ, Թորոսյան... դու այստեղ ե՞ս. ես մտա սենյակդ, այնտեղ չէիր։ Այստեղ մենակ ի՞նչ ես շինում։ (Թորոսյանը քարացածի նման՝ շարունակ նայում է ձախ դռանը): Թո՛րոսյան... քեզ հետ եմ, եղբայրս... ի՞նչ ես այն դռանը նայում... Թո՛րոսյան...

ԹՈՐՈՍՅԱՆ (արագախոսությամբ և բորբոքված): Ինչո՞ւ ես եկել, ինչո՞ւ դու հիմա այստեղ ես, այս տանը։ Աչքումդ լո՞ւյս կա, հո՞տ ես իմացել... Եկել ես, որպեսզի թղթե սիրտդ և յուղալի ձեռքդ առաջարկես այն երկնային արարածին, որ յուր օլիմպիական բարձրությունից ծաղրում է հասարակ մահկանացուներին... Եկել ես, շողոքորթ լեզվովդ աղավնուն դուրս հանես յուր բնից, որպեսզի այնուհետև այլևս բաց չթողնես նրան ճանկերիցդ... Այո՛, նրան ի՜նչ հարկավոր են լուռ տանջանքներն, անքուն գիշերներն և աղոթքները, աղվեսի լեզու— ահա՛ նա ի՛նչ է ուզում... Գնացեք, պարոններ, հաղթանակը ձերն է. դուք անուն ունեք, նա փող ունի, մեկդ արժեք մյուսին, իսկ ես ի՞նչ ունիմ, հա՜, հա՜, հա՜... (Շտապով դուրս է գնում):

ՏԵՍԻԼ XI
Արսենյանց (միայն)

Գժվեց. ի՛նչ է, այս տղան... գժվեց, գժվեց, անպատճառ գժվեց... Այն ինչե՛ր արավ, այն ինչե՛ր դուրս տվեց... Ա՜, հասկանում եմ. երևի օրիորդի մոտ մի որևէ հիմարություն է արել և օրիորդը ծիծաղել կամ բարկացել է վրեն... Անպատճառ այդպես է, անպատճառ այդպես. ախր այդ հիմարը սիրահարված է նրա վրա... Հա՜, հա՜, հա՜, ինչ լավ է եղել... Հա՜խդ է, ինչո՞ւ կաշվումդ չես ուզում մտնել, դեռ ձվիցը չես դուրս եկել, ծուղրուղու ես կանչում... Բայց տեսնեք «երկնային արարածն» ինձ ի՞նչ կպատասխանի... Հը՜մ... Ահա՛ նա։ (Սոնան մտնում է և գնում է դեպի սեղանը, որի վրա դրել է գլխարկն ու հովհարը, բայց հանկարծ տեսնելով Արսենյանցին, զարմացած կանգ է առնում):


ՏԵՍԻԼ XII
Սոնա, Արսենյանց

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Բարև ձեզ, օրիորդ։

ՍՈՆԱ։ Բարև ձեզ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ի՞նչպես է ձեր առողջությունը։

ՍՈՆԱ։ Շնորհակալ եմ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ (առանձին): Չէ՛, քեֆումը չէ. անպիտան Թորոսյանը բանը փչացրել է... Բայց և այնպես ես վճռիցս ետ չեմ կանգնիլ. այսօր կամ երբե՛ք...

ՍՈՆԱ։ Ներեցեք ինձ, պ. Արսենյան... գլուխս փոքր ինչ ցավում է... Խնդրեմ նստեցեք. ես իսկույն ծնողներիս կկանչեմ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ա՜խ, ո՛չ, օրիորդ, նեղություն մի կրեք... Ես... ես կամենում էի ձեզ հետ... այսինքն ձեզ... մի նամակ հանձնել...

ՍՈՆԱ (շտապով) Ումի՞ց։

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Երբոր շնորհ կանեք կարդալու, այն ժամանակ կիմանաք... (Հանում է մի ծրար և տալիս է նրան): Եվ խնդրում եմ մի՛ բացեք, մինչև ես դուրս չգնամ... Առայժմ ցտեսություն, օրիորդ: (Շտապով դուրս է գնում):


ՏԵՍԻԼ XIII
Սոնա (միայն)

(Երկար ժամանակ զարմացած մեկ նայում է ձեռքի ծրարին, մեկ դռանը, որտեղից դուրս գնաց Արսենյանցը։ Վերջապես ծրարը բացում է և կարդում է:): «Հարգելի՛ օրիորդ Սոֆիա, ամբողջ մի տարի է, որ ես ձեր տանու բժիշկը լինելու պատիվն ունիմ և այդ ժամանակամիջոցում ես կարողացել եմ ճանաչել և գնահատել ձեր ազնիվ սիրտն ու հոգին. կարծում եմ, որ դուք նույնպես արդեն լավ ճանաչում եք ինձ։ Դուք գիտեք, թե ի՛նչ անուն ունիմ ես և տարեկան ո՜րքան ռոճիկ եմ ստանում.— այդ էլ բավական է։ Այժմ՝ համարձակվում եմ ձեր ձեռքը խնդրել։ Գուցե ձեզ բավական օտարոտի թվա, որ այդ առաջարկությունն ես անում եմ նամակով, բայց ես ուրիշ կերպ չկամեցա անել, որպեսզի թե ձեզ և թե ինձ անհամ դրության մեջ չգցեի։ Արդյոք համաձա՞յն եք առաջարկությանս, թե ոչ... Կսպասեմ պատասխանին։ Ձեր, խոնարհ ծառա՝ բժիշկ Տիգրան Արսենյանց»։— «Ա՜խ, սա էլ է փո՜ղ ուզում... (Նամակը բարկացած շպրտում է հատակի վրա): Ոչի՛նչ չեմ պատասխանիլ. ես ոչոքի՛ չեմ ուզում, ոչոքի՛... (Սեղանի վրայից վերցնում է գլխարկն ու հովհարը և դուրս է գնում ձախ դռնից):


ՏԵՍԻԼ XIV
Եղիսաբեթ, Պետրոս

ԵՂԻՍԱԲԵԹ (մտնելով Պետրոսի հետ): Ո՞ւր է... Դուրս է գնացել։ Խեղճն այստեղ կանգնած՝ լալիս էր։ Դեռ նրանից հաստատ ոչինչ չես իմացել և դու քեզանից բաներ ես մոգոնում ու խեղճ աղջկա սիրտն էլ շուռ բերում։

ՊԵՏՐՈՍ։ Է՜-է՜հ, էլի դու քո էշն ես քշում, ես քեզ հետ ի՞նչ խոսեմ։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ո՛չ թե ես եմ իմ էշը քշում, այլ դու ես քո էշը քշում, եթե ուղիղն ուզում ես իմանալ։

ՊԵՏՐՈՍ։ Ա՜խ, տե՛ր աստված... Լա՛վ, թո՛ղ քո ասածը լինի. ասենք, թե նա այն մտադրությամբ չէր եկել, որ մեզ իմաց անի, թե հարյուր հազար են ուզում. բայց դու ինչ ես կարծում, Սոնային ուզելով, նրանք փող չե՞ն ուզիլ։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Իհարկե, կուզեն։

ՊԵՏՐՈՍ։ Կուզեն, չէ՞։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Կուզեն։

ՊԵՏՐՈՍ։ Եվ ո՞րքան քո կարծիքով։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ես ի՞նչ գիտեմ ո՛րքան, կուզեն է՛լի...

ՊԵՏՐՈՍ։ Չէ, մոտավորապես... Հարյուր հազար չեն ուզի՞լ... (հեգնորեն) ախր միլիոնատերնե՜ր ենք...

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ո՞վ գիտե... գուցե պակաս են ուզում։

ՊԵՏՐՈՍ։ Հիսուն հազար ասենք... հ՞ը։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Գուցե էլի պակաս են ուզում։

ՊԵՏՐՈՍ։ Երեսուն հազա՜ր... քսան հազար... տասն հազարից խո պակաս չեն անիլ... կանե՞ն։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Չէ։

ՊԵՏՐՈՍ։ Չէ, բայց հիմա այս բանին ի՞նչ կասես, որ ես ոչ թե տասն հազար, այլ հազա՜ր էլ չեմ կարող տալ...

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ի՞նչ է ասում...

ՊԵՏՐՈՍ։ Ո՛չ թե տասն հազար, այլ հազար էլ չեմ կարող տալ... իսկ հազարը հիմա կինտոներն էլ լայեղ չեն անում... Հ՞ը, դրան ի՞նչ կասես։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Դու կա՞տակ ես անում։

ՊԵՏՐՈՍ։ Իսկի էլ չէ։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ճշմարի՞տ։

ՊԵՏՐՈՍ։ Ճշմարիտ։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Բաս որքա՞ն կտաս։

ՊԵՏՐՈՍ։ Ոչինչ... կառաջարկեմ, որ առանց փողի ամուսնանա։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ի՜նչ, խայտառակություն...

ՊԵՏՐՈՍ։ Ի՞նչ... խայտառակությո՞ւն... խայտառակություն... գիտե՞ս, ո՛րը կլինի խայտառակաթյուն.— խայտառակությունն ա՛յն կլինի, երբ պարտատերները՝ մուրհակները ձեռքներին՝ կկոտրատեն մեր տան դռները, ներս կմտնեն այստեղ և բոլոր ունեցած- չունեցածներս վեր կգրել տան... Բա՛ս, խայտառակությունն ա՛յդ կլինի, թե որ ուղիղն ուզում ես իմանալ... Չե՞ս հավատում... ուզո՞ւմ ես արի այս րոպեիս ևեթ բոլոր հաշիվներս քեզ մի առ մի ցույց տամ, որպեսզի քո աչքովը տեսնես, որ ինչ ունենք-չունենք, բոլորը պարտք է, պարտք է և պարտք է... Մեր ապրուստին, մեր ծախսերին փող չէ՝ հող լինի, չի դիմանալ, հո՛ղ... հողը մեր գլխին... (ման է գալիս): Մեր տներին, մեր ապրուստին, մեր դուրս գնալուն մտիկ տվողն էլ կկարծի, թե ուղիղ որ միլիոնատերներ ենք, անթիվ գանձեր ունինք, այնինչ չգիտեն, թե տակն ինչ կա... (Հանկարծ նա տեսնում է, Եղիսաբեթին, որ հատակի վրայից վերցրել է Արսենյանցի նամակը և լուռ կարդում է): Այդ ի՞նչ նամակ է։

ԵՂԻՍԱԲԵԹ (լուռ շարունակում է կարդալ, վերջացնում է և զարմացած տալով նրան): Հապա կարդա. այստեղ հատակի վրա էր։

ՊԵՏՐՈՍ (լուռ կարդալուց հետո, վերադարձնելով նրան): Հատակի վրա՞։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Այո։

ՊԵՏՐՈՍ։ Բա՞ց էր, թե ծածկած։

ԵՂՐՍԱԲԵԹ։ Բաց էր... ա՛յ ծրարն էլ պատռած։

ՊԵՏՐՈՍ։ Ո՞վ է գցել հատակի վրա։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ես ի՞նչ գիտեմ... Երևի Սոնան...

ՊԵՏՐՈՍ (շարունակում է ման գալ. լռություն): Դրան ի՞նչ կասես։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ինչի՞ն։

ՊԵՏՐՈՍ։ Մեր պարոն «յանց»-ի այդ նամակին։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Սոնային ուզում է, է՛լի։

ՊԵՏՐՈՍ: Հարյուր հազար է ուզում և ո՛չ թե Սոնային... Դրան է՞լ չես հավատում,— մեկ էլ կարդա։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Սպասիր մեկ տեսնեմ... (Շտապով դուրս է գնում ձախ դռնից):

ՏԵՍԻԼ XV

Պետրոս (միայն)

Ողորմելինե՜ր... դեռ չեն իմացել, որ հիմիկվա հարսնացուն փողն է... և ինչը փողը չէ, որ միայն հարսնացուն փողը չլինի... Բժշկիս աչքումն էլ է լույս եղել... Ա՛յ շողոքորթներ, ա՛յ կեղծավոր անպիտաններ... Մեղք եք գտել, էլի, ձեր կարծիքով. ճանճերի նման չորս բոլորքը պտտվում եք... իսկ երբ համը կտեսնեք, երևակայում եմ, թե ինչպես թը՜ռռ... կթռչեք, կկորչեք... (Լռություն): Չէ, ուղիղ որ մեր բանը բուրդ է. այսպես որ շարունակվի... (Հանկարծ կանգ է առնում և երկու ձեռքով կայծակնանար խփելով գլխին): Ա՜խ, Մոսկվա՛ն, Մոսկվա՛ն...


ՏԵՍԻԼ XVI

Վանո, Պետրոս

ՎԱՆՈ (մտնում է), Բարև ձեզ, հայրիկ:

ՊԵՏՐՈՍ։ Ինչո՞ւ ես եկել։

ՎԱՆՈ։ Ի՞նչ է որ եկել եմ։

ՊԵՏՐՈՍ։ Ինչո՞ւ ես եկել, ես քեզ հարցնում եմ:

ՎԱՆՈ։ Վա՛հ, մեր տունն է, եկել եմ։

ՊԵՏՐՈՍ։ Քո տունն է, եկե՞լ ես. ինչո՞ւ ուրիշ ժամանակ քո տանը չես ընկած... կորի՛ր աչքիցս։

ՎԱՆՈ։ Բայց հայրիկ...

ՊԵՏԲՈՍ։ Պապանձվի՛ր և ինձ հայրի՛կ մի կոչիր... քեզ էլ թաղեմ, քո հորն էլ...

ՎԱՆՈ։ Հայրի...

ՊԵՏԲՈՍ։ Պապանձվիր, քեզ ասում եմ... և կորի՛ր աչքիցս։

ՎԱՆՈ։ Ախր ինչո՞ւ եք այդպես բարկանում. ես ձեզ ի՞նչ եմ արել։

ՊԵՏԲՈՍ։ Դու ինձ ի՞նչ ես արել... ես քեզ իսկույն ցույց կտամ, թե դու ինձ ի՛նչ ես արել, փո՛ւչ, փչանալու... Ես քեզ ասում եմ, կորի՛ր աչքիցս։

ՎԱՆՈ։ Բայց ես խոսք ունիմ ասելու...

ՊԵՏՐՈՍ (գոռալով): Կորի՛ր, կորի՛ր, ես քեզ ասում եմ կորի՛ր, դու չե՞ս հասկանում...

ՎԱՆՈ։ Հայրիկ, դուք կատա՞՛կ եք անում, թե...

ՊԵՏՐՈՍ (բոլորովին կատաղած): Կորի՛ր... արյունս եռում է...

ՎԱՆՈ։ Հայրիկ, թողնենք, վերջապես, այս երեխայությունը. ի՞նչ է նշանակում այս։ Դուք գիտեք, որ ես փողի համար եմ եկել.

ՊԵՏՐՈՍ։ Փողի՜ համար, փողի՜... Ավազա՛կ, ես քեզ իսկույն շանսատակ կանեմ... (հարձակվում է նրա վրա, բայց այդ միջոցին ներս են վազում Եղիսաբեթն ու Սոնան և բռնում նրան)։


ՏԵՍԻԼ XVII
Եղիսաբեթ, Սոնա, Վանո, Պետրոս

ԵՂԻՍԱԲԵԹ։ ՍՈՆԱ (միասին): Ի՞նչ է պատահել... այս ի՛նչ եք անում...

ՊԵՏՐՈՍ։ Թողե՛ք ես այս ավազակի գլուխը ջախջախեմ...

ՎԱՆՈ։ Է՜, հայրիկ, այդ երեխայություն է, հավատացեք. մի՞թե կարելի է այդ աստիճան բարկանալ։

ՊԵՏՐՈՍ։ Դու ինձ ծաղրո՞ւմ ես, դու ինձ ծաղրո՞ւմ ես, օձի՛ ծնունդ...

ԵՂԻՍԱԲԵԹ (խստությամբ): Վա՛նո, այս ի՞նչ է նշանակում։

ՎԱՆՈ։ Մայրիկ, հավատացե՛ք, ես դրան ոչինչ չեմ արել. ներս մտնեմ, տեսնեմ դա այդպես բարկացել է.

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ա՛յդ է, իբրև թե ես չգիտեմ, թե ինչու է բարկացել... Իսկույն հեռացիր այստեղից... դու մեզ խաղք ու խայտառակ ես շինել աշխարհիս երեսին... Շաբաթներով կկորչի, կկորչի, իսկ երբ տուն կգա, իսկույն տան խաղաղությունը պետք է վրդովի։ (Պետրոսին տանում նստեցնում է բազկաթոռի մեջ): Հեռացի՛ր, քեզ ասում եմ, այստեղից։

ՎԱՆՈ։ Ո՞ւր գնամ, մայրիկ, ես այստեղ գործի համար եմ եկել։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ի՞նչ ես ուզում, փո՞ղ։

ՎԱՆՈ։ Հայրիկը գիտե, ինչ որ ուզում եմ։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Փող ես ուզում, է՛լի։

ՊԵՏՐՈՍ։ Դրան ասացեք, թե խելք ունի, շուտով կորչի այստեղից, թե չէ, վերջին անգամն եմ ասում, աստվա՛ծ է վկա, կամ դա կմեռնի, կամ ես։

ՎԱՆՈ։ Բայց, հայրիկ, ես պահանջում եմ այն, ինչ որ պարտական եք։

ՊԵՏՐՈՍ։ (Հանկարծ տեղից վերկենալով և մոտենալով նրան, որը հեռանում է): Ես քեզ ի՞նչ եմ պարտական։

ՍՈՆԱ (Վախեցած, բռնելով նրան): Հայրի՛կ...

ՊԵՏՐՈՍ (Խլվելով): Թո՛ղ տուր տեսնեմ... Ասա՛, ավազակ, ես քեզ ի՞նչ եմ պարտական, հը...

ՎԱՆՈ։ Դուք այդ ինքներդ էլ լավ գիտեք։

ՊԵՏՐՈՍ։ Ասա՛, ասա՛, տեսնեմ, ես քեզ ի՞նչ եմ պարտական, ավազա՛կ...

ՎԱՆՈ։ Դուք ինձ պարտական եք ինն հարյուր ու երեսուն ռուբլի։

ՊԵՏՐՈՍ։ Ինն հարյուր ու երեսուն ռուբլու տեղ քեզ այս րոպեիս այնպես կհասցնեմ, որ ինն հարյուր ու երեսուն կտոր կլինես, ավազա՛կ...

ՍՈՆԱ։ Հա՛յրիկ, հա՛յրիկ...

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ա՛յ տղա, դու կկորչե՞ս այստեղից, թե չէ... (Ուզում է բռնի դուրս տանել նրան):

ՎԱՆՈ (խլվելով): Սպասեցեք, մայրիկ, ձեր գործը չէ... Հա՛յրիկ, դուք այն մոռացե՞լ եք...

ՊԵՏՐՈՍ։ Ի՞նչն, ի՞նչն, ավազա՛կ...

ՎԱՆՈ։ Ձեզ շատ լավ հայտնի բանը... Տալի՞ս եք ձեր խոստացած փողը, թե չէ։

ՊԵՏՐՈՍ։ Փողի անուն մի տուր ինձ մոտ, փուչ-փչանալու...

ՎԱՆՈ։ Դարձյալ նախազգուշացնում եմ ձեզ, հա՛յր. տալի՞ս եք, թե չէ։

ՊԵՏՐՈՍ։ Կսպանե՜մ... (Ուզում է դարձյալ հարձակվել Վանոյի վրա, բայց Սոնան ու Եղիսաբեթն ամուր բռնում են նրան)։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ապա՛ թե կորչի այստեղից...

ՎԱՆՈ։ Մա՛յրիկ, ուզո՞ւմ եք իմանալ, թե ի՛նչ է ձեր մարդր,— ահա, կարդացեք այս նամակը... (նամակը, որը արդեն հանել է, շպրտում է դեպի Եղիսաբեթն և շտապով դուրս է ելնում):

ՊԵՏՐՈՍ։ Օ՜հ, քո ծնունդը չորանա... (սաստիկ կատաղած՝ խլվում է նրանց ձեռքից և դուրս է ընկնում Վանոյի ետևից)։

ՍՈՆԱ (Դուրս վազելով նրա ետևից): Հա՛յրիկ, հա՛յրիկ...

ԵՂԻՍԱԲԵԹ։ (Բոլորովին զարմացած՝ վերցնում է հատակի վրայից նամակը և լուռ սկսում է կարդալ: Երբ վերջացնում է, մնում է տեղն ու տեղը քարացած՝ նամակին նայելիս: Մտնում է Պետրոսը, նրա ետևից Սոնան: Եղիսաբեթն յուր հայացքը մարդու վրա է դարձնում):

ՊԵՏՐՈՍ։ Օ՜, պատի՜ժ, պատի՜ժ... Աստված ինձ սրանից էլ մեծ պատիժ չէր կարող տալ... (Հանկարծ տեսնելով յուր վրա հառած Եղիսաբեթի հայացքն ու ձեռքի նամակը, նա դեռ մնում է քարացած, հետո ուժգնությամբ խփում է ձեռքով յուր ճակատին և ընկնելով բազկաթոռի մեջ): Այս ի՜նչ արեցի...

Վարագույրն իջնում է։
ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ

Դահլիճ բժիշկ Արսենյանցի տանը։ Դիմացն և ձախ կողմը՝ դռներ, դիմացի դուռը տանում է դեպի նախասենյակը, իսկ ձախ կողմի դուռը՝ դեպի Արսենյանցի առանձնասենյակը։ Աջ կողմը լուսամուտներ։ Կահավորանքը՝ հարուստ։ Լուսամուտների առաջ մեծ-մեծ ծաղկամաններ։


ՏԵՍԻԼ I
Արսենյանց, միայն

(Մտնում է ձախ դռնից ձեռքին թղթադրամները համարելով): 37, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47 ռուբլի։ Քիչ է։ Երեկ շատ էր։ Այն մի քանիսին ես շատ վատ եմ սովորեցրել, մեկ-մեկ ռուբլի են տալիս, այդ խայտառակություն է... ես ինչ անեմ, թե աղքատ են, вот те и на! մեջտեղում իմ անունս է կոտրվում ու... Այդպես չի կարելի։ (Զանգակը քաշում են): Այս ո՞վ կլինի... Հա՛, երեք ռուբլի էլ այնտեղից ստացա։ (Ձեռքը գրպաններն է կոխում): Որտեղ դրի... Հա՛, գտա։ (Ետևի գրպանից հանում է մի թղթադրամ և դնում է ձեռքին բռնած թղթադրամների վրա): Ուրեմն՝ հիմա հիսուն ռուբլի դարձավ։ Դարձյալ քիչ է։ (Թղթադրամները թղթապանակն է դնում և գրպանն է կոխում):

ՏԵՍԻԼ II

Ծառա, Արսենյանց

ԾԱՌԱ (Մտնում է): Էն պառավ կնիկն ա:

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ի՞նչ պառավ կնիկ։

ԾԱՌԱ։ Էն, ինչ մի պստիկ հիվանդ ըրեխա ա բերում։

ԱՐՍԵՆՑԱՆՑ։ Aх, да! Գնա ասա ժամանակից ուշ ես բերում հիվանդին. բժիշկը տանը չէ։ (Ծառան դուրս է գնում):


ՏԵՍԻԼ III

Արսենյանց, միայն

Զարմանալի ժողովուրդ են, ճշմարիտ, և՛ ձրի են բժշկում և՛ ժամանակից էլ ուշ են գալիս։ Օ՛հ, այս աղքատ հիվանդնե՜րը... ես կատարելապես զզվել եմ դրանցից... Ի՜նչքան աշխատում եմ փախչել դրանցից, էլի չի լինում, ընկնում եմ մեջները։


ՏԵՍԻԼ IV

Թորոսյան, Արսենյանց

ԹՈՐՈՍՅԱՆ (Մտնում է պորտֆելը ձեռքին): Արսե՛նյանց...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Պա՛հ, Թորոսյան... (Համբուրվում են): Այս ե՞րբ, ի՞նչպես, ո՞րտեղից...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Քանի՛ ժամանակ է այստեղ եմ, բայց քեզ չէի կարողանում տեսնել, այսօր, վերջապես, եկա քեզ այցելելու, ի՞նչպես ես, ինչպես չես, քեֆդ, հալդ, ի՞նչ ես անում. էլի բժշկություն ես անում, հը՞։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Չէ՛, կոշկակարություն եմ անում, հա՜, հա՜, հա՜... դո՛ւ ինչ ես անում, դու... Արի նստիր, տեսնենք... Այդ ի՞նչ պորտֆել է ձեռքիդ... է՜. չլինի՞ թե արդեն փաստաբան ես դարձել։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Իրավաբան ասա։

ԱՐՍԵՆՅԱՆՅ։ Հա՞-ա։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Իհարկե։ Այս մեկ տարի է, ես իրավաբանություն եմ անում։ (Նստում է):

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ի՞նչ է ասում... Ո՞րտեղ, ո՞ր երկրում, գյուղո՞ւմ, ձեր տա՞նը. (Նստում է):

ԹՈՐՈՍՅԱՆ։ Երևանում։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հետո՞։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հետո չհավանեցի և եկա այստեղ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ի՞նչը չհավանեցիր, տե՞ղը, թե եկամուտը։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Տեղը։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ինչպե՜ս. Հայաստանի սիրտը չհավանեցի՞ր, դո՞ւ... Ну дудки! Դու անպատճառ եկամուտը չես հավանել... հըա՞։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այդ էլ կա։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հա՜, հա՜, հա՜... попался, брат! попался! из идеалиста вдруг в материалисты հա՜, հա՜, հա՜...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ի՞նչ արած, կյանքն է մեղավոր...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հա՛, հա՛, ես գիտեմ, որ մեղավորն անպատճառ դու չպետք է լինես... մեղավորը կյանքն է, հասարակությունը, շրջապատող հանգամանքները և այլն, և այլն, հա՜, հա՜, հա՜...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Нет, серьезно, կյանքը շատ շուտ է մեռցնում մարդու մեջ ամեն տեսակ վեհ գաղափարներ և ձգտումներ...

ԱՐՍԵՆՅԱՆՅ, Да, знаю милый мой, что ты не виноват, հա՜, հա՜, հա՜... Բաս հիմա չե՞ս ամաչում։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ո՞ւմից, քեզանի՞ց...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հենց թեկուզ ինձանից, ի՛նչ է որ։ Ես խո քեզ պես ուսանող ժամանակս իդեալիստ չեմ եղել, որ հետո փոխված լինեի։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Դո՞ւ, դո՞ւ չես եղել իդեալիստը... Գոնե այնպիսի մարդու ասա այդ բանը, որ ծանոթ չլինի քո անցյալի հետ, է՜... Դո՞ւ չես եղել, որ ուսանողական շրջաններ ես եղել կազմելիս և ինչի՛ մասին ասես պրոպագանդա չես արել... Դո՞ւ չես եղել, որ ավարտելուց հետո մտադիր ես եղել շրջել հայ գյուղերը և այնտեղ բժշկություն անել... Դո՞ւ չես եղել, որ մինչև անգամ մտադիր ես եղել գնալ Վան և այնտեղ հատուկ հայերի համար ձրի հիվանդանոց բաց անել... Ախր հին դավթարները մի քրքրիլ տուր, է՜։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հա՜, հա՜, հա՜... այդ ո՞վ է ասել քեզ։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ով որ ասել է... խո ճշմարի՞տ է։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ճշմարիտ է, ախպեր ջան, ճշմարիտ է. էլ ոչինչ չունիմ ասելու, դու տարար։ Ուրեմն՝ հիմի քվիթ ենք։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Էլ ուրիշ անգամ չհարձակվես իմ դեմ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ В прочем, մենք խո չենք մեղավոր, կյանքն է մեղավոր, չէ, հա՜, հա՜, հա՜... Վա՛յ, Թորոսյան, քո մուխը չմարի, դու ինձ այսօր ծիծաղից թուլացրիր, հա՜, հա՜, հա՜...

ԹՈՐՈՍՅԱՆ։ (Հանկարծ վեր կենալով): Հա՛, լավ միտս եկավ, չես կարող ինձ գրիչ ու թանաք տալ մի րոպե։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ (Նույնպես վեր կենալով): Ի՞նչ ես անում։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Մի գործ եմ վերցրել պաշտպանելու. դրա մասին հիմա, քեզ մոտ գալիս, մի քանի շատ կարևոր նկատողություններ ձեռք բերեցի, ուզում եմ ձեռաց նշանակել, որպեսզի հետո չմոռանամ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ա՜յ. թանաքն այնտեղ է — առանձնասենյակումս... Բայց սպասիր, Թորոսյան, բան եմ ասում։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հը՜։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ի՞նչ արիր Թաթուլյանի աղջկան, Սոնային,— հիշո՞ւմ ես.— դու ախր սիրահարված էիր նրա վրա։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Է՛հ, оставь пожалуйтса!

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Չէ՛, դու չմեռնես, Թորոսյան, հալա մեկ սպասիր, դու ախր չափից դուրս սիրահարված էիր նրա վրա։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ну!

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Բաս էլ սիրահարված չե՞ս։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Чорт с ней!

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Սուտ ես ասում։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Նրա երեսին հիմա կնայե՞մ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ինչո՞ւ։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հպարտ է և մեծամիտ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ուզում ես ասել՝ էր,— հպարտ էր և մեծամիտ։ Բայց նա հիմա աղքատ է. գուցե դրա համար չես նայիլ նրա երեսին։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այդ քեզ ասա և նրան այն,— ի՞նչպես է նրա ազգը,— այն, պորուչիկ է, ի՛նչ է...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ալեքսանդրը... Միզանյա՞նցը։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հա՛։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Այդտեղ ինձ ի՞նչ ես խառնում, քանի որ Սոնային ես նրա համար չուզեցի, որովհետև նա ինձ մերժեց։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Չէ՛, դու ինձ այս ասա, դու խո նրան փողի՜ համար էիր ուզում։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ամենևին. ես նրա հետ փող էլ չէի ուզում։ Եվ, կարծեմ, այդտեղ մեղադրելու ոչինչ չկա։ Դու նրա՛ն ասա, որ...


ՏԵՍԻԼ V

Ալեքսանդր (մտնում է), Թորոսյան, Արսենյանց


ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ա՜, Ալեքսանդր... հենց հիմա քո մասին էինք խոսում։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Բարև։ (Սեղմում է Արսենյանցի ձեռքը): Ի՞նչ էիք խոսում իմ մասին։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Թաթուլյանների մասին խոսքը ընկավ և այդտեղ, իմիջիայլոց, այս պարոնը... Դուք ծանոթ չե՞ք միմյանց։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Չեմ հիշում, ճշմարիտ... կարծեմ, որ պետք է ծանոթ լինինք...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այո՛, ծանոթ ենք։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ах да! հիմա հիշեցի. մենք ծանոթացել ենք Թաթուլյանների տանը, չէ՞:

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այո։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Հիշում եմ, հիշում եմ... Հա՛, ի՞նչ էիք խոսում իմ մասին։ Ներեցեք ինձ, որ այդ ես ուզում եմ իմանալ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Թաթուլյանների մասին խոսք ընկավ և այս պարոնը, որ, երկու տարի բացակայությունից հետո, նոր է եկել Թիֆլիս, իմիջիայլոց հարցրեց քո մասին...

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Հասկացա։ (Թորոսյանին): Դուք անշուշտ պախարակում էիք ինձ, որ ես Թաթուլյանի աղջկա հետ համարյա նշանված լինելով, վերջը, երբ աղքատացան նրանք, թողեցի նրան. այնպես չէ՞... Չեմ նեղանում, քանի որ այդ ճշմարիտ է։ Ի՛նչ ուզում եք ասացեք, բայց ես մեծ հիմարություն եմ համարում կյանքի ներկա ծանր պայմաններում ամուսնանալ դառ ու դատարկ աղջկա հետ, քանի որ փողավորների հետ կարելի է ամուսնանալ։ Դուք հակառակ եք, չէ՞, ինձ։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ա՜խ, ամենևին. ես համաձայն եմ ձեզ հետ... (Արսենյանցին): Դե, թանաք տուր, է՜, ինձ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ա՛յ, եղբայր, ասացի առանձնասենյակումս է։ Գնա՛, էլի՛։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ներեցեք ինձ: (Դուրս է գնում ձախ դռնից):


ՏԵՍԻԼ VI

Ալեքսանդր, Արսենյանց

ԱԼԵՔՍԱՆԴՐ (Ցածր): Այս այն հիմարը չէ՞:

ԱՐՍԵՆՅԱՆՑ (Ցածր ծիծաղելով): Չէ՛, հիմա խելոքացել է։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Հա՛, լսիր ինչ եմ ասում. չունե՞ս, ձեռաց մի քսան ռուբլի փող տաս։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ի՞նչ ես անում։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Մատանիք եմ առնում, փողս պակասեց, էլ չուզեցի տուն գնալ, հեռու է, ձեռաց քեզ մոտ վազեցի։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Չլինի՞ թե արդեն նշանվում ես։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Իհարկե։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ե՞րբ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Դե, էգուց, է՜լի, չգիտե՞ս։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ե՞րբ ես ասել, որ գիտենամ: Ուրեմն լավ քեֆ կանենք էգուց, հը՞։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Անպատճառ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Բայց երեսուն հազարումը լավ ընկար, ա՜յ, լոթի։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Աչքն էլ չես հանի՞լ... բաս խո Թաթուլյանի աղքատ աղջիկը չէի առնիլ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Չէ՛, պետք է ճշմարիտն ասած, որ դու այդ մեկ բանումը շատ ղոչաղ էլ ես, ախպեր... անշնորհքն ես եմ, որ մինչև հիմա մնացել եմ այսպես...

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Է՛հ, բժիշկներիդ ինչ հարկավոր է կին. տեսնո՞ւմ ես, մեծ մասը холостой են ապրում։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ինչո՞ւ, չաղ թիքան ո՞ւմ փորը կծակի։ Ա՜խ, այս անպիտան փողը... Քսա՞ն ռուբլի ես ուզում։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Այո. այսօր ևեթ կստանաս։

ԱՐՍԵՆՅԱՆՑ (Փողը տալով): Տոկոսն էլ հետը։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Անպատճառ։ Ուրեմն՝ ցտեսություն առժամանակ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Սպասի՛ր։ Քանի՞ ռուբլիանոց է մատանին։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Հարյուր հիսուն։ Լավ չէ՞։ Հարյուր յոթանասունից պակաս չէր տալիս։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ոչինչ, յոլա կգնա։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ի՞նչ ես ասում, հրաշալի բան է։ Ա՛յ, իսկույն կբերեմ, կտեսնես, մեկ այնպիսի բրիլիանտ ունի վրեն, որ նայելը միայն արժե հարյուր հիսուն ռուբլի։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Բայց չխաբեն, ա՛յ մարդ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ի՜նչ պտուղն եմ... (Շտապելով դուրս է գնում: Նախասենյակում): Թո՛ղ, թո՛ղ, ի՞նչ ես ուզում։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Այս ի՛նչ է։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ (Ծիծաղելով բոթում է ներս Վանոյին, որ հարբած է): Տե՛ս քեզ համար ի՛նչ հյուր եմ բերում, հա՜, հա՜, հա՜... (Գնում է):


ՏԵՍԻԼ VII

Վանո, Արսենյանց

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ա՜խ, խայտառա՛կ, այդ դո՞ւ ես։

ՎԱՆՈ։ Ձեր ծառան ի՞նչ է ուզում ինձանից, որ՝ քանի գալիս եմ ձեզ մոտ, ինձ միշտ դուրս է անում... ես նրան ի՞նչ եմ արել, հը՞, ի՞նչ եմ արել... մի խեղճ տղա եմ, թողնի գամ, էլի... ես նրան ի՞նչ եմ արել...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Թո՛րոսյան։

ԹՈՐՈՍՅԱՆ (Առանձնասենյակից): Ի՞նչ է։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ա՛րի այստեղ։

ԹՈՐՈՍՅԱՆ (Առանձնասենյակից): Իսկույն։

ՎԱՆՈ։ Վախենում է, որ ես ձեր տանից բա՞ն գողանամ... հա-հա՞, վախենո՞ւմ է... հետո ես գո՞ղ եմ... հա-ա՞, գո՞ղ եմ... ամոթ չէ՞, որ ես գողություն անեմ... ես գողություն կարո՞ղ եմ անել... Ես գող չեմ, հող եմ, որ ամենքն ինձ ոտի տակ են տալիս... բա՞ս, հո՛ղ եմ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հա՜, հա՜, հա՜... Թո՛րոսյան։

ԹՈՐՈՍՅԱՆ (Առանձնասենյակից): Իսկույն, իսկույն։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հալա մեկ ա՛րի այստեղ։

ՎԱՆՈ։ Ես որ գողություն լինեի անելիս, մինչև հիմա քառասուն ու հինգ անգամ բանտումը կլինեի նստած... Բայց ինչո՞ւ գողություն անեմ, քանի որ առանց գողություն անելու էլ ապրում եմ և կարող եմ ապրել...


ՏԵՍԻԼ VIII
Թորոսյան, Վանո, Արսենյանց

ԹՈՐՈՍՅԱՆ (Մտնում է): Հ՛ը, ի՞նչ է։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Արա իմացիր այս ո՛վ է... Տեսել ե՞ս սրան։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Պո՜, սա Վանոն չէ՞, Թաթուլյանի տղան։

ՎԱՆՈ։ Պո՜, սա Թորոսյանը չէ՞, հա՜, հա՜, հա՜... (Արսենյանցը նույնպես ծիծաղում է):

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ա՜յ տղա, այդ ի՞նչ է քո հալը...

ՎԱՆՈ։ Ի՞նչ անեմ... դարդիցը...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Քո գլխի արևը վկա, ձեր ընտանիքի թշվառության համար դիփ դո՛ւ չես դարդ անում...

ՎԱՆՈ։ Վա՜յ, վա՜յ, վա՜յ... բաս ո՞վ է դարդ անում, որ ե՜ս չեմ դարդ անում... բաս ես մեր ընտանիքիցը չե՞մ... բաս ես իմ հորն ու մոր որդին չեմ... ղորթ որ ես քար սիրտ խո չո՞ւնեմ, որ այդպես եք ասում... ես որ երեսս շան կաշի շինած՝ այսպես դռնե դուռ ման եմ գալիս, ինչի համար եմ ման գալիս...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ «Այսօր տոն է» ասելու։

ՎԱՆՈ։ Ո՛չ. «այսօր քաղցած ենք» ասելու... բա՛ս... Դուք ի՞նչ գիտեք, որ ես գռոշ-գռոշ հավաքելով չեմ տանում, հորս կամ մորս չեմ տալիս, որ հաց առնեմ ուտեն․․․

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Տո կո՛րի, ամպիտան... չի էլ ամաչում, ինչե՛ր է ասում... Կո՛րի այստեղից... Դեռ դու տանից ոչինչ չգողանաս, չուտես, թե չէ տուն ոչինչ չես տանիլ։ Հազիր ասես, գռոշ-գռոշ հավաքելով՝ տանում ես գինու ես տալիս, չոռլամիշ լինում։ Կո՛րի այստեղից, թե չէ՝ այդ կարմիր քիթդ կկտրեմ, կո՛րի։

ՎԱՆՈ։ Բաս ես սո՞ւտ եմ ասում...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Էլ մի՛ խոսիր, էլ մի՛ խոսիր, թե չէ՝ մեկ էլ որ գաս, ա՛յ այսպես դուրս կանեմ քեզ այստեղից։ (Վզակոթին տալով դուրս է գցում դեպի նախասենյակը)։ Գնա՛, էլ չգաս այստեղ։ Մի՛նաս, այդ լոթուն դուրս արա փողոցը... ետևի դռնովը։ Մեկ էլ որ եկել է այստեղ, քեզ էլ հետը դուրս կանեմ... Լո՛թի անպիտան։


ՏԵՍԻԼ IX
Թորոսյան, Արսենյանց

ԹՈՐՈՍՅԱՆ։ Տո՛, այդ ի՞նչ էր դարձել, ես զարմացած մնացի։ գիտեք, որ ես գռոշ-գռոշ հավաքելով, չեմ տանում, հորս կամ մորս շեմ տալիս, որ հաց առնեն, ուտեն...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հա՛խն է. թող գիտենա փողի հետ վարվել, այդպես չեն լինիլ... Անպիտանն այսպես սովորել է և ամեն անգամ գալիս է փող է ուզում, որ գնա չոռլամիշ լինի։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Դու էլ մի՛ տուր։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Լինո՞ւմ է։ Շատ անգամ գալիս է ոտներս է ընկնում, լաց է լինում, արի ու մի տուր։ (Նստում է):

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հիմա դրա ծնողներն ի՞նչով են ապրում... ասում են, որ օրվա հացի աղքատ են։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Է՛հ, ի՞նչ ես ասում դու էլ. ղորթ որ ասում են աղքատացել են, այդ աստիճան էլ խո չեն լինիլ աղքատացած,— այն էլ այս կարճ ժամանակում... Պետրոսի պես վաճառականն ինչքան էլ սնանկանա, իսկի հավատալու բան է, որ մի բան էլ տակն արած չլինի... Ախր այդ հաստափորներին ես լավ եմ ճանաչում։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Շատ կարելի է, որ տակն արած լինի, որովհետև Պետրոսը բավական խորամանկ մարդ էր։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Օրվա հացի աղքատ լինելը չէ, այն է ճշմարիտ ասում, որ նա խելքիցը քիչ ցնդել է։

ԹՈՐՈՍՅԱՆ. Ո՞վ, Պետրո՞սը։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Այո։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այդ չեմ լսել։ Դու տեսե՞լ ես նրան։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ես չեմ տեսել, բայց շատերից եմ լսել, որ նա խոսելիս շատ ցանցառ բաներ է դուրս տալիս։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Խե՜ղճ մարդ... ախր հեշտ խո չէ այնպիսի դրությունից հանկարծ ընկնելը։ Ինչքան էլ այդ մարդն ինձ հենց սկզբից ատելի է, բայց, այնուամենայնիվ, ես շատ եմ խղճում նրան։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հա՛, ես գիտեմ, իսկույն կգնաս, նրա աղքատ աղջկա ձեռքիցը կբռնես և կամուսնանաս, չէ՞... խղճո՜ւմ ես...

ԹՈՐՈՍՅԱՆ, Զարմանալի է, որ խղճում եմ, անպատճառ պետք է նրա աղջկա հետ ամուսնանա՞մ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Անպատճառ. որովհետև եթե խղճում ես, պետք է ցանկանաս մի բանով օգնել նրան, իսկ նրան արած ամենամեծ օգնությունն այն կլինի, որ ուզես նրա դառ ու դատարկ աղջկան։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Բայց ես քեզ ասեցի, որ հիմա նրա աղջկա երեսին չեմ նայիլ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Որովհետև հպարտ է և մեծամիտ, չէ՞։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այո։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ (Խորամանկությամբ մատը շարժելով նրա վրա): Смотри ты у меня, бывший идеалист... որ փաստաբան ես դարձել և ուզում ես ինքդ քեզ քողարկել բառերով, կարծում ես, թե չե՞մ հասկանում... Հա՛, փաստաբան ասեցի, միտս եկավ.— ես ախր... Նստիր, եղբայր, ի՞նչ ես կանգնել։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Չէ, ես պետք է գնամ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ո՞ւր։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Գործս պետք է ուսումնասիրեմ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Է՛հ, գործդ ուսումնասիրելու միշտ ժամանակ կգտնես, դեռ մեկ նստիր բան եմ ասում... մեկ ժամից հետո ես էլ հիվանդանոց պետք է գնամ, սուրճ կխմենք, հետո միասին դուրս կգանք։ Նստիր, նստիր։

ԹՈՐՈՍՅԱՆ։ (Նստելով): Ի՞նչ էիր ուզում ասել։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հա՛, ես ախր դատ եմ ուզում բացել։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ո՞ւմ դեմ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Սեմյոնովի դեմ։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Սեմյոնո՞վ...

ԱՐԵԵՆՅԱՆՑ։ ԲԺիշկ Սեմյոնովի դեմ, եղբայր, չե՞ս ճանաչում։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ա՜խ, բժիշկ Սեմյոնովը... Ինչո՞ւ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հը՜մ, сухой чорт ты этакий... Երևակայիր, այդ անիծվածը որտեղ գնում է անունս վայր է ձգում. «Что он понимает? говорит, где он учился? он совсем не умеет лечить, скольких он убивал с своем неумением лечить» և այլն հազար ու մի այսպիսի բաներ...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Է՛հ, այդ բժիշկների ադաթն է, չարժե ուշադրություն դարձնել...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ի՞նչ ես ասում, է՜յ, այստեղ պատվի խնդիր կա։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Թե՞ հացի խնդիր կա...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ես չեմ թաքցնում.— հացի խնդիր է՛լ կա, այս վերջին ժամանակներս ես նկատում եմ, որ մուշտարիներս բավական պակասում են, պատճառն ո՞վ է.— դա չէ՞։ այդ сухой чорт-ը... Հանաք բան խո չէ՞ ողջ քաղաքում բժշկի անունը վայր ձգել... Чем он докажет, что я ничего не понимаю? чем он докажет, что я не умею лечить? кого я убивал с своим неумением лечить? пусть докажет! թո՛ղ ապացուցանի, թող հաստատի, այն ժամանակ ես ինքս ձեռք կվերցնեմ բժշկությունից... дамкий башмачек, ты этакий... Ես նրան ցույց կտամ где раки зимуют, թող սպասե դեռ... Ведь ты сам знаешь, что сним сделают за клевету.

ԹՈՐՈՍՅԱՆ։ Երևի դու էլ նրան ես клеветать արել, որ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Վահ, ինչո՞ւ ես նրան клеветать չպետք է անեմ, քանի որ նա ինձ клеветать է անում...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ա՜, տեսնո՞ւմ ես... ուրեմն երկուսդ էլ մեղավոր եք։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ինչ ես ասում, է՜յ. փաստաբան ես, դեռ մեկ իմացիր առաջ ո՞վ է клеветать արել, է՞, այդպես խո չի կարելի... 

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այդ չեք կարող հաստատել, թե առաջ ո՜վ է клеветать արել։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Սարող եմ։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Երբ որ այդպես է, գործդ ինձ հանձնիր։ Հը՞։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Չէ... թեկուզ նեղացիր, քեզ չեմ հանձնիլ..

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ինչո՞ւ... վախենում ես չկարողանամ պաշտպանել...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Այո. դեռ դու անփորձ ես։ (Վեր է կենում):

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ո՞վ է անփորձ... ե՞ս... դու ծանո՞թ ես իմ գործունեության հետ, այնպես ես խոսում, թե...


ՏԵՍԻԼ X
Ստեփան, Նատալիա (մտնում են) Թորոսյան, Արսենյանց

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ А! Вот не ждал дорогих гостей! милости прошу. Համեցեք։

ՍՏԵՓԱՆ։ Մենք ձեզ մոտ մի քանի րոպեով ենք եկել, պ. բժիշկ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Թեկուզ տասը տարով։

ՍՏԵՓԱՆ։ Կինս հիվանդ է։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ի՞նչ եք ասում, ինչո՞ւ։

ՆԱՏԱԼԻԱ։ Այո՛, պ. բժիշկ, ես շատ դժբախտ եմ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Աստված մի՛ արասցե, տիկին։ Համեցեք նստեցեք։ (Նատալիան և Ստեփանը նստում են): Ինչո՞վ եք հիվանդ։

ՆԱՏԱԼԻԱ։ Ես սարսափելի կերպով տանջվում եմ, պ. բժիշկ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ի՞նչն է... ի՞նչն է ցավում։

ՆԱՏԱԼԻԱ։ Ամբողջ գիշերը չեմ քնել... (Ճակատը բռնում է):

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ձեր գլո՞ւխն է ցավում։

ՆԱՏԱԼԻԱ։ Այո... ա՛հ... Տեսնում եք, աչքերս չեմ կարողանում բաց անել... կարծում եմ, թե գլուխս կես է անում... օհ... ես կմեռնեմ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Այդ առաջին անգա՞մն է, որ ձեր գլուխը ցավում է:

ՆԱՏԱԼԻԱ։ Այո, առաջին անգամ։

ՍՏԵՓԱՆ։ Երեկվանից սկսեց ցավել։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ну! Մի վախենաք, շուտով կանցնի։ Ես իսկույն դեղ կգրեմ և ծառայիս կուղարկեմ, որ դեղատնից բերե։ Ներեցեք, իսկույն... (Ուզում է գնալ դեպի առանձնասենյակը): Ա՜խ, դուք ծանոթ չե՞ք։

ՍՏԵՓԱՆ: Կարծեմ, ծանոթ ենք... պետք է որ ծանոթ լինենք։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այո, ծանոթ ենք։

ՍՏԵՓԱՆ։ Բայց ներողություն, չեմ հիշում որտեղ ենք ծանոթացել։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Թաթուլյանների տանը։

ՍՏԵՓԱՆ: Да! да! да! հիշում եմ... Դուք նրանց կենողն էիք. չէ՞:

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այո։

ՍՏԵՓԱՆ։ Ուսանող էիք, չէ՞:

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այո:

ՆԱՏԱԼԻԱ։ Ա՜խ, այս այն պարոնը չէ՞, որ մի ժամանակ մեզ և մեզ նման բարձր դասակարգին շատ էր պախարակում։

ՍՏԵՓԱՆ։ (Ծիծաղելով): Այո, այն պարոնն է։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Մի՞թե դուք այդ հիշում եք, տիկին։

ՆԱՏԱԼԻԱ։ Ա՜խ։ Մի՞թե այդ կարելի է մոռանալ... մի անգամ քիչ մնաց, որ դուք մեզ խեղդեիք... (Ամենքն էլ ծիծաղում են): Պ. բժիշկ, դեղ... օ՜հ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Իսկույն, իսկույն... Այժմ հաշտվեցեք, տիկին։ (Ծիծաղելով դուրս է գնում դեպի առանձնասենյակը):


ՏԵՍԻԼ XI

Ստեփան, Նատալիա, Թորոսյան

ՍՏԵՓԱՆ։ Да, ես կարծում եմ, կարելի է հաշտվել, ա՞։

ՆԱՏԱԼԻԱ։ Եթե պարոնը կրկին անգամ մեզ հետամուտ կլինի, հաշտվելու մասին ավելորդ կլինի խոսել։

ՏԵՍԻԼ XII
Արսենյանց, Նատալիա, Ստեփան, Թորոսյան

ԱՐՍԵՆՅԱՆՑ (Մտնում է դեղատոմսը ձեռքին): Ես իսկույն ծառայիս կուղարկեմ դեղատուն։

ՍՏԵՓԱՆ։ Փո՞ղը։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ 15 կոպեկ։

ՍՏԵՓԱՆ։ Թանկ է։ (Տալիս է նրան փողը):

ԱՐՍԵՆՅԱՆՑ (Դռան շեմից դեպի նախասենյակը): Մի՛նաս, ահա՛, ձեռաց դեղատուն վազիր։ (Ներս է մտնում): Հա՛, ես մոռացա ձեզ ասել, որ Ալեքսանդրն ինձ մոտ էր։

ՍՏԵՓԱՆ։ Հա-ա՞։ Հետո ո՞ւր գնաց։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Գնաց նշանի մատանիքն առնելու։ Շնորհավորում եմ։

ՆԱՏԱԼԻԱ։ Դեռ վաղ է շնորհավորել։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ինչո՞ւ, վաղը չէ՞ նշանտվեքը։ Ա՜յ, ինքն էլ եկավ։


ՏԵՍԻԼ XIII
Ալեքսանդր, Արսենյանց, Նատալիա, Ստեփան, Թորոսյան

ԱԼԵՔՍԱՆԴՐ (Մտնում է): Մա՛յրիկ, հա՛յրիկ, դուք՝ այստե՞ղ եք։ Այ, մատանին։ (Տալիս է մորը): Հավանո՞ւմ եք։

ՆԱՏԱԼԻԱ։ Ոչինչ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ինչպես թե ոչինչ, այդ հրաշալի բան է, մայրիկ, ի՞նչ եք ասում։ Հայրի՞կ։

ՍՏԵՓԱՆ։ Աբա։ (Կնոջ ձեռքիցը առնում է մատանիքը և նայում է): Дa! վատ բան չէ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ի՞նչ են ասում... մեկ լավ նայեք, է՜... Արսե՛նյանց, եղբա՛յր, դու տես, հիանալի բան չէ՞։ (Ստեփանը մատանին տալիս է Արսենյանցին):

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ոչինչ, կարելի է ասել լավն է։

ԱԼԵՔՍԱՆԴՐ (Մատանիքը խլելով նրա ձեռքից): Տո՛, գնացեք, է՜... իբրև թե բան գիտեն։ (Ամենքը ծիծաղում են, բացի Նատալիայից: Թորոսյանին): Պարո՛ն, խնդրում եմ դուք տեսեք, հրաշալի բան չէ՞։

ԹՈՐՈՍՅԱՆ։ (Առնում է մատանին և նայելով): Ո՞րքան եք վճարել։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ո՞րքան արժե։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Սա արժե այդպես... Վաթսուն... յոթա...

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ну. ի՞նչ եք ասում... (Մատանին առնում է նրա ձեռքից): Դուք ամենից վատ գնահատեցիք։ (Ծիծաղ): Հարյուր հիսուն ռուբլի փող է տված, ասում եք վաթսուն ռուբլի։

ՆԱՏԱԼԻԱ։ Որքա՞ն։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ 150 ռուբլի։

ՆԱՏԱԼԻԱ։ Տուր այստեղ։ (Առնում է մատանին):

ԹՈՐՈՍՅԱՆ։ Չէ, պետք է ասած, որ մատանին շատ գեղեցիկ է, բայց հարյուր հիսուն... չարժե։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ (Հեգնորեն): Մի՜թե։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այո, հարյուր հիսունով կարելի է...

ՍՏԵՓԱՆ։ (Արսենյանցին, որ նախասենյակի ղոան ճեղքից դուրս նայելուց հետո, հանկարծ դուռը ծածկում է և անհանգստությամբ առաջ է գալիս): Ի՞նչ է, ի՞նչ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ (Շշնջալով): Պետրոսն և յուր աղջիկն են... (Ընդհանուր շփոթ):

ՍՏԵՓԱՆ։ Ի՞նչ... Թաթուլյաննե՞րը... այստե՞ղ են գալիս...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Այո։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ի՞նչ... ո՞վ... Թաթուլյաննե՞րը... Պետրոսն ու աղջի՞կը...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Այո, այո։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ո՞րտեղ են, ո՞րտեղ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ա՛յ, սանդուղքով բարձրանում են։

ՆԱՏԱԼԻԱ, Ի՞նչ է, ո՞վ է։

ՍՏԵՓԱՆ։ Պետրոսն է յուր աղջկա հետ... այստեղ են գալիս... Գնանք, Նատալիա... Ալեքսանդր, գնանք...

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ո՞ւր... Ի սեր աստոլծո, Արսենյանց, նրանք այստեղ մի ընդունիր...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Տո՛, եղբայր, ո՞վ է նրանց ընդունողը... ես ինքս չեմ ուզում նրանց աչքին երևալ... чорт возми, ծառան էլ դեղատուն գնաց... անպիտանը դուռը բաց է թողել... (նախասենյակից հազի թույլ ձայն է լսվում):

ԹՈՐՈՍՅԱՆ։ Եկան, եկան...

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Եղբայր, գոնե թաքցրու մեզ մի որևէ տեղ։

ՍՏԵՓԱՆ... Այո, այո... пойдем, жена, пойдем!

ԱՐՍԵՆՅԱՆՑ, Այ, եկեք այստեղ, եկեք... Տե՛ր աստված, տեսնես ինչո՞ւ են գալիս ինձ մոտ... (Ամենքն էլ շտապով դուրս են գնում ձախ դռնից ե դուռը փակում):


ՏԵՍԻԼ XIV

Պետրոս, Սոնա (մտնում են)։

ՊԵՏՐՈՍ։ Ոչ ոք չկա։ Ձայներն այստեղից չէ՞ին դուրս գալիս... ո՞վ կա այստեղ, ոչ ոք չկա... Կամ գուցե մեր ականջումն այդպես էր լսվում... հը՞... Ոչ ոք չկա այստեղ... Գուցե բժիշկն այն սենյակումն է՞... չէ՞, այստեղ կլինի։ Աբա տեսնեմ... չէ, կողպած է։ Ինչպես երևում է, տանը չէ... հը՞... Բաս ինչո՞ւ փողոցի և այս դուռը բաց են... Չէ՛, տանը կլինի։ Քիչ սպասենք այստեղ, հը՞, սիրելիս... սպասենք... Արի նստիր այստեղ... արի, հոգիս, արի նստիր։ (Երկուսն էլ նստում ես դռան մոտ՝ միմյանց կողքի, աթոռների վրա: Պետրոսն յուր գլխարկը դնում է կողքի աթոռի վրա): Դադրեցար չէ՞, սիրելիս։

ՍՈՆԱ (Թույլ ձայնով): Այո։ (Նա շուտ-շուտ հազում է):

ՊԵՏՐՈՍ։ Ես բժշկին կխնդրեմ, որ քեզ այնպիսի դեղեր տա, որ քիչ ուժի գաս. դու բոլորովին թույլ ես... հետո կխնդրեմ, որ ախորժակ բաց անելու դեղ էլ տա. ախր դու բոլորովին ոչինչ չես ուտում... Այդ ի՞նչ է գլխիդ փաթաթանը աչքերդ է ընկել, քիչ բարձրացրու... Այդպես... Խո չե и մրսում, հոգիսг ՍՈՆԱ, Չէ, 480

ՊԵՏՐՈՍ։ Այստեղ տաք է։ Մեր տանը ցուրտ է։ Այսօր առավոտյան Կարապետ Նիկիտիչը պատահեց ինձ փողոցում, ասեց, որ էգուց անցնեմ յուր մագազինի կողմը։ Գիտեմ, փող կտա. կգնամ մեկ սայլ փայտ կառնեմ, առժամանակ մեզ բավական կլինի, իսկ հետո, երևի, աստված մեզ չի մոռանալ... Դու խո ճանաչո՞ւմ ես Կարապետ Նիկիտիչին. ամենապատվական և ամենաազնիվ մարդն է... Իմ բոլոր ծանոթներիս մեջ միայն դա է, որ ինձանից չի փախչում և հարկավոր եղած ժամանակը օգնում է, որքան կարողանում է։ Ես շատ և շատ շնորհակալ եմ նրանից, նա որ չլինի, մեր ապրուստը շատ կդժվարանա... չէ՞, սիրելիս... ախր քո խեղճ մայրը կար անելով — չնայելով որ օր ու գիշեր աչքի լույսը խավարեցնում է — ի՞նչ պետք է աշխատի, որ այս ձյուն ու ձմռանը մեզ բավականանա... Հետո, քեզ համար տաք վերարկու պետք է գնվի... մարդ էլ տաք հագնելու ոչինչ չունի... իմ կոշիկներս էլ մաշվել է, բայց ոչինչ, ես այսպես էլ յոլա կգնամ, միայն թե դուք լավ լինեք... Աստված տա, մեկ դու առողջանաս, այնուհետև ես ոչինչ դարդ չեմ ունենա... Է՛հ, հարստություն էր, կորավ գնաց, գլուխը քարը... Ինչ ուզում է լինի, էլի աստված իր ստեղծածին չի մոռանալ... Աշխարհք է, այսօր այսպես կլինի, էգուց այնպես, բայց աստված արթուն հովվի պես միշտ կհսկի իր ստեղծածներին... Աստված խո մարդ չէ, որ տեսնելով իր ընկերոջ թշվառությունն, ասի նրան.— գնա, հեռացի՛ր, ես քեզ չեմ ճանաչում, ես ի՞նչ գործ ունեմ քեզ հետ. քո թշվառության պատճառը դու ես, գնա դու ինքդ էլ քաշիր պատիժը... Չէ՛, սիրելիս, աստծու համար իզուր չեն ասում ամենաողորմած և երկայնամիտ, նա միշտ, միշտ խղճում է յուր ստեղծածներին իրենց թշվառության ժամանակ, ինչքան էլ այդ թշվառության պատճառը դարձյալ իրենք լինեին... միայն հավա՛տ է հարկավոր, հոգիս, հավա՛տ, ճշմարի՛տ հավատ...— Գիտե՞ս ի՛նչ է հավատը։— Դու զգացե՞լ ես, որ մի որևիցե գործած սխալմունքիդ համար խիղճդ տանջում է քեզ.— ահա ա՛յդ է հավատը։ Դու զգացե՞լ ես, որ թշնամիներիդ չես ատում.— ահա ա՛յդ է հավատը։ Դու զգացե՞լ ես, որ քեզ թշվառացնողներին չես անիծում,— ահա ա՛յդ է հավատը։ Վերջապես, դու զգացե՞լ ես, որ երբ աղոթք ես անում, հոգիդ թեթևանում է, ծանր հոգսերդ մոռացվում են և արտասուքը թաց է անում աչքերդ.— ա՜խ, ա՛յդ է հավատը, իմ սիրո՛ւն որդի, իմ քաղցրի՛կ աղջիկ... Ես ծերացել եմ. անցյալ օր դու ինքդ էիր ասում, որ գլուխս բոլորովին սպիտակել է.— մի՞թե ես այսպես կծերանայի, մինչև չհասկանայի ա՛յն, ինչ որ հիմա ասում եմ քեզ։ Մտքումդ խո չե՞ս ծիծաղում ինձ վրա, Սոնա։

ՍՈՆԱ։ Հա՜յրիկ...

ՊԵՏՐՈՍ։ Հա՛, իմ անբախտ որդի, իմ հոգույս հատոր, ծերունի հորդ վրա մի՛ ծիծաղիր. այն էլ բավական է, որ կյանքը ծիծաղում է նրա վրա... այլ դու խղճա նրան, խղճա՛, որքան անմեղ սրտումդ զգացմունք կա... և երբ գիշերները կպառկես քնելու, իմ հոգուս փրկության համար միշտ աղոթք արա...

ՍՈՆԱ։ Հա՛յրիկ։

ՊԵՏՐՈՍ։ Ասա՛, հոգիս։

ՍՈՆԱ։ Գնանք տուն... բժիշկ չկա։

ՊԵՏՐՈՍ։ Ա՜խ, բժիշկը... ուղիղ որ չկա... Քիչ էլ սպասենք, հոգիս, գուցե գալիս է. գալներս իզուր չանցնի... Ա՜յ, այս ո՞վ է գալիս...


ՏԵՍԻԼ XV
Ծառա (մտնում է), Պետրոս, Սոնա

ՊԵՏՐՈՍ։ Սիրելիս, դու ո՞վ ես, բժշկի ծառա՞ն ես։

ԾԱՌԱ։ Հա։

ՊԵՏՐՈՍ։ Բժիշկը ո՞րտեղ է, մեկ կանչես, հիվանդին պետք է տեսնի։

ԾԱՌԱ։ Բա դուք որ եկաք, բժիշկն ըստեղ չէ՞ր։

ՊԵՏՐՈՍ։ Չէ, մենք որ եկանք, այստեղ ոչ ոք չկար։ Մենք նոր եկանք։

ԾԱՌԱ։ (Գնում է, ուզում է առանձնասենյակի դուռը բացել, բայց տեսնելով որ փակ է, ծեծում է)։ Աղա՛... աղա՛... դեղը բերեցի... Ա՛ղա... հիվանդ ա եկել... ձեզ են ուզում... Աղա... Ա՛ղա...

ԱՐՍԵՆՅԱՆՑ (Դռան ետևից շշնջալով): Կորի՛, անպիտան։

ԾԱՌԱ։ Դեղը բերեցի... համ էլ հիվանդ ա եկել։

ԱՐՍԵՆՅԱՆՅ։ Կորի՛ քեզ ասում եմ...

ԾԱՌԱ։ Բա ի՞նչ անեմ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ասա տանը չի...

ՍՈՆԱ (Հանկարծ տեղից վեր կենալով): Հա՛յրիկ, գնանք... գնա՛նք այստեղից...

ՊԵՏՐՈՍ։ Սպասիր, հոգիս... ինչո՞ւ... բժիշկը հիմա դուրս կգա։

ՍՈՆԱ։ Գնա՛նք... չե՛մ ուզում...

ՊԵՏՐՈՍ։ Սո՛նա ջան... ո՛րդի ջան, ի՞նչ պատահեց քեզ... (վեր է կենում):

ՍՈՆԱ։ Ա՜խ, հայրիկ, մի՞թե չես տեսնում, որ նա թաքնվում է մեզնից...

ՊԵՏՐՈՍ։ Հա՞-ա... Գնանք, որդի ջան, գնանք... (Դուրս են գնում: Պետրոսը գլխարկը մոռանում է աթոռի վրա):

ԾԱՌԱ։ Ա՛ղա, գնացին։


ՏԵՍԻԼ XVI
Արսենյանց, Ստեփան, Նատալիա, Թորոսյան, Ալեքսանդր, ծառա

ԱՐՍԵՆՅԱՆՑ (Գլուխը դուրս հանելով դռնից): Գնացի՞ն։

ԾԱՌԱ։ Գնացին։

ՍՏԵՓԱՆ։ Գնացի՞ն։

ՆԱՏԱԼԻԱ։ Ушли?

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Да, да! ушли (Ամենքն էլ ներս են մտնում):

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ես չեմ հասկանում, ճշմարիտ, թե ինչո՞ւ թաքնվեցինք...

ԱՐՍԵՆՅԱՆՑ (ծառային): Տո ա՛նպիտան, ես քեզ հազար անգամ ասել եմ որ...


ՏԵՍԻԼ XVII

Պետրոս, Արսենյանց, Ստեփան, Նատալիա, Թորոսյան, Ալեքսանդր, ծառա

ՊԵՏՐՈՍ (Հանկարծ մտնում է): Գդակս, գդակս մոռացա... (Հանկարծ տեսնելով սենյակում եղողներին նա դեռ մնում է քարացած, հետո, ուշքի գալով, վերցնում է իր գլխարկը և շտապով դուրս է գնում):

Վարագույրն իջնում է

1886