Մենաստան
Մենաստան
Որպես մի ամուր կարծր պատվանդան,
Որպես մի հզոր և անհաղթ պաշտպան —
Լերկ քարաժայռը յուր կուրծքի վրա
Հանգչեցնում է մեղմ մի սուրբ մենաստան։
Անձուկ աշխարհի ազատ հոգսերից,
Ազատ և ունայն վայելչությունից,
Հեռու ամենից այնտեղ փակված են
Մատաղ կուսանքը մաքուր և անբիծ։
Ի զուր է զվարթ գարունը ծաղկում,
Պայծառ արևը ի զուր է փայլում.
Խաբուսիկ բնության խաբուսիկ դեղը
Զվարճատյաց կուսանց չնչին է թվում։
Ոչ մեղկ ոտները սրբապղծերի,
Եվ ոչ նենգ միտքը չար ոգիների
Երբեք կարող չեն վրդովել անդորր
Խաղաղությունը այն սրբավայրի։
Այնտեղ հանապազ ծխվում են խունկեր,
Հանապազ առկայծ վառվում են մոմեր
Եվ մաղթանքները, որպես խորտակված
Սրտի հառաչներ՝ առաքվում են վեր...
5 մարտի 1887.