ՄԵՌԱԾ ԱՍՏՎԱԾՆԵՐՈՒՆ

Արյունափառ Խաչին տակ, Որուն թևերը տըրտմություն կը ծորեն Աշխարհիս վրա բովանդակ, Ես պարտըված, Արվեստիս դառըն սըրտեն Կ’ողբամ ձեր մահն, ո՛վ հեթանոս Աստվածներ: Մեռա՜վ Խորհուրդն. և Բնությունն է արյունե՛ր Օրենքներու կարկինին սուր սըլաքով: Ձանձրո՜ւյթը մնաց, պըճնըված փուշ պըսակով: Մարդն է ինկած, գարշապարին տակ հըսկա Խուլ Աստուծո մը հրեա:

Դիո՛ս, մեռար: Մեռար դուն, Ո՛վ Ապողոն, որուն կառքեն քառաձի Կու գար խըխինջն Արևուն: Կայծակն անտեր` աստղերուն մեջ կը հածի Կույր օձի պես: Սիրամարգներ չեն քաշեր Հերայի սայլն` որ ուներ լույս սարիքներ. Ոչ ալ կ’հոսին, իբրև սերմեր դիցական, Զևսի անձրևն ոսկի, արյունն Ուրանյան: Չե՛ն արծարծեր ոտնաթևերն Հերմեսին Աստղերը որբ երկինքին:

Անտառին մեջ, Անահի՛տ, Ալ չեմ լսեր շանդ հաչյուններն` ետևեն Նախընտրած գեր երեիդ. Կապարճդ հողին տակ կը փըտի. լիճերեն Ջուրն իր խըմել կ’երթա եղնիկը անվախ: Չի՛ պըսակվիր Պանը շոճով. ամեն ցախ Անոր շունչով նորեն առույգ չի՛ ծաղկիր: Դափ չե՛ք զարներ, Այծեմարդե՛ր բարեկիր, Լոկ կը տեսնեմ Ավանդությունն` որ կու լա Նըստած կոճղի մը վըրա:

Հավերժահարսե՛ր, մեռաք դուք. Կը խածատեն փըրփրուն գետերը` ցավեն, Իրենց ափերն հեղհեղուկ: Նայուհինե՛ր, եղեգներուն ընդմեջեն Ա՛լ չեք երգեր` երբոր ցաթե լուսնկան. Կանանչ լոռերն այժըմ կ’ըլլան ձեզ պատան: Լուսազմայլիկ աղբյուրին մեջ չեմ տեսներ Բիբերուդ կայծն, անբա՛խտ Նարգիս: Տատրակներ Երբ գուռին մեջ կու գան լըվալ կըտուցնին` Դոդոշներեն կը խըրչտին:

Քեզմե, ո՛վ վեհ Պոսիդոն, Ծովն է թափուր: Անտառներեն բուստերու Չի՛ խոյանար բարձրահոն Քառանըժույգը՛դ փըրփրագեղ. ոչ ալ քու Երեքարձենըդ կ’առխըթե դըղըրդմամբ Նըվիրական դելփինին նուսն ապըստամբ: Մեռա՛վ Սիրենը ժայռին տակ Սիկիլյան. Կ’անցնի նավազն անկե առա՛նց դյությության: Չ’ըլլար փրփուրն` Աստղիկ, ոչ ալ կոնքը` կուր. Ծո՜վն, Աստվածնե՛ր, ծո՜վն է տխուր:

Տանս ակութեն, Թերափնե՛ր, Ո՞ւր հեռացաք, ո՞ր ջերմեռանդ սըրբուհին Ձեզ իր խաչովն է փըշրեր, Ձեր մեջ պապերս պապե՛րն իրենց դրոշեցին` Ընծայելով ամեն օր աղ ու նեկտար: Չըկաս, Էրո՛ս. պիտի քույրս իմ սիրահար Որո՞ւ ձոնե դահամունքներն իր ուխտին. Չըկա և՛ դուռը պահպանող Շան անդրին… Միայն սնարես կախվեր է Խաչ մ’հաղթական` Ուր կա լոկ փառքը Մահվան:

Եվ այժըմ այդ Խաչին տակ, Որուն թևերը տըրտմություն կը ծորեն Աշխարհիս վրա բովանդակ, Ես պարտըված, Արվեստիս դառըն սըրտեն Կ’ողբամ ձեր մահն, ո՛վ հեթանոս Աստվածներ: Տեսե՛ք, բոլոր մեր անտառներն ու ծովեր, Աղբերակներն ու երդիկները խաղաղ Ամայացա՜ն ու տաղտկացա՜ն: Այժմ, ավա՛ղ, Մարդն է ինկած, գարշապարին տակ հըսկա Խուլ Աստուծո մը հրեա: