16. ՄԵՌԼԻ ՀՐԵՇՏԱԿԸ

Ավալ ժամանակին մի թագավոր ա ըլնում, ունենում ա իրեք տղա՝ իրեքն էլ մինը մնից բեթար ասսու էրեսիցը թափած, չար Հուլիանոս։ Խեղճ հերը մեռնում էր նրանց խրատելոն։

— Ա՛յ որդիք,— ասում էր,— ախար ընչանք ե՞ր, չէ՞ դուք էլ մեղք էք, ես էլ. տենում էք ծերացել եմ, ըսօր կամ, էգուց չկամ՝ էն վա՞խտը։ Խելք ունեք, քանի գլխներիդ սաղ եմ, ինձ լսեք, մի քանի, մի փեշակի կպեք, մի կտոր հացի տեր էլեք. թե չէ աստոծ չանի, աստոծ էն հավը չխոսացնի, որ գլուխս վե դրի, էն վախտը շատ ա՛խ ու վախ կանեք՝ էլ ձեռներդ չեմ ընկնի։

Համա ո՞ւմ ես ասում. հո պա՛տին ասած, նրանց՝ մի՛ն էր։

Ըսենց անց կացավ մի տարի, էրկու տարի, իրեք տարի, չորս տարի, ընչանք տղեքը մենծացան, բոյ արին, խելքները քիչ-միչ բան կտրեց, թագավորը միտք արեց, ասեց՝ «Բերեմ սրանց առուտուրի տամ տենամ, բա՞լի խելոքանում, մարդ են դառնում»։

Կանչեց մենծ տղին.— Ո՛րդի,— ասեց,— ա՛ռ էս իրեք հարիր մանեթը, տա՛ր քեզ հմար առուտուր արա, ինչ կանես՝ կանես, դու գիտաս:

Տղեն հոր ձեռը պաչեց, իրեք հարիր մանեթն առավ, տարավ բազար, դե՛ս տվեց, դե՛ն տվեց, ինչ որ աչքն ընկավ՝ առավ, համա ի՛նչ առավ, ծախեց՝ զիան արեց, ի՛նչ առավ՝ զիան արեց. ըսենց փողերը քոմմա ֆող ու մոխիր արեց, իրիկունը լափ դարտակ էկավ ընդե կաննեց:

— Ո՛րդի,— հարցրեց թագավորը,— ըսօր առուտուրդ ո՞նց անց կացավ. ըսկի զադ-մադ աշխատեցի՞ր:

— Չէ՛, ա՛յ հեր,— ասեց տղեն,— ինչ առա՝ վնաս արի, ի՛նչ առա՝ վնաս արի, զադ էլա դատում չմնաց, սավայի աշխատանքը՝ մայեն էլ վրեն դրի։

— Գնա՛, ո՛րդի,— ասեց թագավորը,— դու մարդ դառնողը չես. մարդ դառնայիր, հմի վաղուց իր մարդ դառե։

Կանչեց միջնեկ տղին, հանեց նրան էլ իրեք հարիր մանեթ տվեց։

— Ա՛ռ, ո՛րդի,— ասեց,— հմի էլ քեզ եմ իրեք հարիր մանեթ տալի. տար քեզ հմար առուտուր արա:

Միջնեկ տղեն ա՝ հոր ձեռը պաչեց, իրեք հարիր մանեթն առավ, տարավ բազար, է՛ս առավ, է՛ն առավ, սրան տվեց, նրան տվեց, ի՛նչ առավ, ծախեց՝ վնաս արեց, ինչ առավ՝ վնաս արեց. փողերը քոմմա ֆող ու մոխիր արեց, իրիկունը դարտակ[1] ձեռով էկավ ընդե կաննեց։

— Հը՜, ո՛րդի,— հարցրեց թագավորը,— ի՞նչ արիր, ինչ չարիր, զադ-մադ աշխատեցի՞ր, թե չէ։

— Չէ՛, ա՛յ հեր,— ասեց տղեն,— հենց ի՛նչ առա՝ վնաս արի, ի՛նչ առա՝ վնաս արի, սավայի աշխատանքը, դեռ հլա մայեն էլ քոռ ու փուչ արի, թողի։

— Գնա՛, ո՛րդի, դո՛ւ էլ աղպորդ նման մարդ դառնողը չես. մարդ դառնայիր, հմի վաղուց իր մարդ դառե:

Կանչեց պուճուր տղին.— Ո՛րդի,— ասեց,— հմի էլ քեզ եմ տալի իրեք հարիր մանեթ, տա՛ր առուտուր արա։ Քեզ տենամ, ո՛րդի, աղպորտանցիցդ ճրագ չկպավ, բալի էլի քեզանից կպնի։

Պուճուր տղեն ա՝ հոր ձեռը կպաչի, իրեք հարիր մանեթը կառնի, կէթա մեյդանը, կտենա էնքամ խալխ են կիտվե, էնքա՛մ խալխ են կիտվե, որ ասեղ քցելու տեղ չկա: Կմոտանա, կտենա մի մեռել գեննին վեր են քցե, հենց ո՛վ հասնում ա՝ տալի, ո՛վ հասնում ա՝ տալի, էրես-մերես, քիթ, պռունգ չեն հարցնում, որդե ըլնում ա տալիս են։

— Ա՛յ աղպեր,— հարցնում ա թագավորի տղեն,— էդ խեղճ մեռելը ձեզ ի՞նչ ա արե. խի՞ էք տալի, բա դուք իսաֆ չունե՞ք:

— Թագավո՛րի ցեղը սաղ ըլնի,— ասում են,— մեզ փող ա տալու, սաղ վախտը ինչ արինք-չարինք, չկարացինք առնի, հմի մեռել ա, ծեծում ենք, բալի մեր փողի ինադն[2]էլա հա՞նենք նրանից։

— Ո՞ւմ ի՛նչքամ ա տալու,— հարցնում ա թագավորի տղեն:

— Քսա՛ն մանեթ ինձ ա տալու,— էն դհից մինը ձեն ա տալի։

— Ա՛ռ էս քու քսան մանեթը,— ասում ա։ Տալիս ա՝ ճամփու դնում։

— Երե՛սուն էլ ինձ ա տալու,— ձեն ա տալի մի ուրիշը։

— Ըս էլ քու երեսուն մանեթը։— Սրան էլա տալի, ճամփու դնում:

— Հի՛սուն էլ ինձ,— ձեն ա տալի մեկելը:

— Ըս էլ քու հիսունը։ Դե ասե՛ք տենամ էլ ո՞ւմ ինչքամ ա տալու:

— Հա՛րիր մանեթ էլ ինձ ա տալու,— ձեն ա տալի մի ուրիշ մարդ։

— Ա՛ռ, ըս էլ քու հարիրը։

Մախլաս՝ գլխներդ ինչ ցավացնեմ, հենը ո՛վ ինչքամ ուզեց՝ հանեց տվեց, ո՛վ ինչքամ ուզեց՝ հանեց տվեց, ընչանք պարտքը քոմմա պրծավ։

— Էս մեռելը էլ հո մարդի զադ չի՞ տալու,— հարցրեց թագավորի տղեն։

— Չէ՛,– ասեցին,— հմի ինչ ուզում ես՝ արա՛, տա՛ր, ոտով-գլխով քեզ:

Թագավորի տղեն էն սհաթն էթում ա տերտեր կանչում, բերում, մեռլին տանում ժամը, ընդիան էլ իրա ծախսովը տանում թաղիք տալի։ Ըսենց իրեք հարիր մանեթն էլ քոռ ու փուչ ա անում, իրիկունը լափ գարտակ գալի ընդե կաննում:

— Հը՜, ո՛րդի,— հարցնում ա թագավորը,— ըսօր դո՞ւ ինչ ես արե, ասա՛ տենամ:

— Ըսկի՛, ա՛յ հեր, տված փողերդ քոմմա ֆող ու մոխիր եմ արե, ղրաղին կաննե:

Նստում ա հորը մին-մին նաղլ անում՝ ոնց գնաց մեյդանը, տեհավ մի մեռել գեննին վեր են քցե՝ ամեն դհից ծեծում, հարցրեց. «Խի՞ եք ծեծում». ասեցին. «Մեզ փող ա տալու», եննա հանեց քոմմա պարտքը տվեց, գնաց տերտեր կանչեց, տարավ թաղիլ տվեց։

— Աֆա՜րիմ, ո՛րդի,— ձեն ա տալի թագավորը,– զորա՜նաս, շա՛տ լավ բան ես արե. էն մեռլի վարձքն էլ քեզ հերիք ա:

Ասում ա թե չէ, թախտիցը վեր ա գալի, տղի ճակատը պաչում։ Էն սհաթը հրամայում ա իրա նազիր-վեզրին, որ էթան խազինիցը մի գոգ ոսկի բերեն՝ տան տղին։

— Ո՛րդի,— ասում ա,— գնա՛ ուրիշ երկիր ապրանք ա՛ռ, բե՛ ըստե ծախա, աղպորտանցդ միջին բալի էլի դու՛ իմ էրեսը պարզ անես։

— Լա՛վ, ա՛յ հեր, որ հրամայում ես՝ կէթամ։

Թողում ա էթում մեյդանը, ասում ա՝ ինձ հմար մի նոքար բռնեմ, որ ճամփին աղաքիս ղուլլուղ անի, բան անի, յա ապրանքին մուղաթ կենա։ Դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի, սրան հարցնում, նրան հարցնում նոքար չի գտնում: Վերջը որ շատ ման ա գալի, մի շեկ, ճղրիկ մարդ ա ռաստ գալի։

— Աղա՛,— ասում ա,— նոքար չե՞ս ուզի։

— Խի՞ չեմ ուզի,— ասում ա,— զաթի ես էլ նոքարի եմ ման գալի։ Տարենը ի՞նչ տամ,— հարցնում ա։

— Ըսկի զադ չեմ ուզում,— ասում ա։

— Ո՞նց թե զադ չես ուզում։

— Չե՛մ ուզում, էլի. ես անփող պտի քեզ ղուլլուղ անեմ,— ասում ա:

— Լա՛վ, որ ուզում ես՝ դո՛ւ գիտաս. մեղքն ու վարձքը քու շլինքը:

— Էդ հո էդ: Մի բան էլ պտի ասեմ. թե ռազի էլար, հո ես քու նոքարն եմ, դու իմ աղեն, թե չէ՝ հո չէ, աստոծ քեզ էլ բարի տա, ինձ էլ։

— Ի՞նչ պտի ասես,— հարցնում ա թագավորի տղեն,— ասա՛ տենամ։

— Աղա՛,— ասում ա,— որ քու նոքարն ըլնեմ, ի՛նչ ասեմ, ի՛նչ անեմ, ո՛ւր տանեմ՝ ո՛ր ասես ձեն-ծպտուն չպտի հանես։ Որ ճամփա դուս էկանք, ասեմ. «Ըստե վե գանք», պտի վե գաս, «Է՛ս անենք», պտի անես. մախլաս, հեռը քեզանից որ ասեմ՝ շո՛ւրն ընկի, պտի ընկնես: Ղա՞բուլ ես, թե չէ։

— Ղա՛բուլ եմ,— ասում ա,— հենց ինչ ասես՝ անկաջ կանեմ։

— Թե դու ղաբուլ ես, բաս ես էլ քու նոքարն եմ։

Թագավորի տղեն էս նոքարին աղաք արեց, բերեց տուն: Էդ գշեր ըստե կացան, ճամփի թադարեք տեհան, մի քանի ամսվա պաշար վե կալան, մախլասի՝ ճամփի հմար ինչ պետքն էր վե կալան, հեգսի օրը, էնգլխեն վե կացան, տղեն գնաց հոր ձեռը պաչեց, ասսու անումը տվին՝ ընկան ճամփա։

Գնացին, գնացին, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, ցերեկ գնացին, գշեր գնացին, լիս գնացին, մութ գնացին էկան մի գեղի կշտի վեր էկան: Տեհան էդ գեղիցը մի ջահել-ջիվան, աչքը մուրազի տղա տանում են թաղելու։ Մեռլատերերն էլ ո՜նց են լաց ըլնում, ո՜նց են լաց ըլնում, ո՜նց սուգ ու շիվան անում, որ աստոծ փրկի, ազատի՝ մարդի լերդ ու ջիգյար էրում են, փոթոթում թողում։

Թեգավորի տղի նոքարը էս որ տենում ա, տեղիցը վեր ա կենում, էթում եդ մեռլի ազաքն ընկնում, հաղ անելոն, ուրախանալոն, ծիծաղելոն էթում ընչանք գերեզմանները, եդ թողում, գալի տղի կուշտը։ Մեռլավորը սաղ մնում ա սառած մտիկ անելոն, թե էս մարդը գի՜ժ ա, ի՜նչ ա. էդ թավուր ջահել-ջիվան տղի վրեն լաց ըլնելու տեղակ՝ էկել ա ուրախանում, հաղ անում։ Ընենց էլ թագավորի տղեն մնացել էր արմացած նոքարի վրեն. ուզում էր խոսա, հարցնի տենա՝ խի՞ ա ըտենց անում, համա ի՛նչ ասես՝ մի հետ խոսք էր տվե, որ ինչ անի՝ անի, ձեն-ծպտոն չհանի. սրա հմար էլ սուս կացավ, ասեց՝ տենամ վերջն ի՞նչ ա ըլնում։

Գշերն էդ գեղումը կացան, առավոտը լիսը բացվեց թե չէ, վե կացան գնացին իրանց ճամփեն։ Էկան, էկան, էկան, շատն ու քիչն աստոծ գիտա, հասան մի ուրիշ տեղ, ըտե վեր էկան։ Տեհան ըտե էլ մի ծեր, գզրդված մարդի հրեն տանում են թաղելու։ Դե չունքի ծեր էր, մեռլավորը ըսկի լաց էլ չէր ըլնում։ Նոքարն էս տեհավ թե չէ, էլի տեղիցը վեր կացավ, գնաց ընկավ էդ մեռլի աղաքը, լաց ըլնելոն, գլխին ծեծելոն, սուգ ու շիվան անելոն էկավ ընչանք գերեզմանները. կացավ ընչանք թաղեցին, պրծան, նո՛ր ինքն էլ մեռլավորի հեննա թողաց եդ էկավ։ Խալխը մնացել ին մաթ էլած, թե էդ մարդն ո՞վ ա, որ քոմմքից շատ ա մըղկտում էդ ծեր, գզըղված մարդի հմար: Ընենց էլ թագավորի տղեն էս քոմմա տենում էր. համա չէր կարում խոսա, հարցնի տենա էս ի՞նչ բաս ա, խի՞ ա ըտենց անում:

«Աղպե՛ր,— միտք Էր անում թագավորի տղեն,— սրանից աղաք էն գեղումը մի ջահել-ջիվան տղա էն թաղում, խալխը քոմմա լաց էն ըլնում, գլխներին վա՜յ տալի, սուգ ու շիվան անում՝ սա ուրախանում, ծիծաղում էր, ըսկի վեջն էլ չէր: Հմի էս ծեր, հարիր տարեկան մարդի հմար, որ հա՛յ֊հա՛յը գնացե, վա՛յ֊վա՛յն էր մնացե՝ էսքամ դարտ ա անում. մախլա՛ս, չեմ գիտա էս ի՞նչ թավուր մարդի ռաստ էկա: Խոսամ՝ չիլնի, չունքի մի հետ խոսք եմ տվե. չխոսամ՝ սիրտս ա ճաքում։ Էլի լավն էն ա,— ասեց,— սուս կենամ, հենց ինչ ուզում ա անի. տենամ սրա տուտը ո՞րդի ա կտրվում»:

Առավոտը աղոթարանը բացվեց թե չէ, էդ գեղիցը դուս էկան ընկան ճամփա: Էկան, էկան, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, էրեք օր, գշեր, ցերեկ գնացին՝ հասան մի ուրիշ գեղ: Էս գեղումը դրանց բախտիցը հարսանիք ա ըլնում։ Հարսանքատերը գալիս ա սրանց էլա հարսանիք կանչում, ասում ա՝ ղարիբ մարդիկ են, թո՛ղ գան մի քիչ ուրախանան։ Թագավորի տղեն իրա նոքարի հեննա վեր ա կենում, էթում հարսանիք: Հացի վախտը բերում են հացը քցում, ամանըքով կիրակրները իրար եննուց բերում գնում հարսանքավորի աղաքը։ Ուտում են, խմում, քեֆ, ուրախություն անում։ Հացը որ պրծնում ա, էդ նոքարը ուսուլով ամանըքանցից մինը վեր ա ունում, դնում փեշի տակը։ Թագավորի տղեն էս տենում ա, համա չի խոսում. ասում ա՝ տենամ ի՛նչ պտի հանի էդ ամանի գլուխը։ Գալիս են հացը հավաքում, աման-չաման կիտում, տանում. նոքարը փեշի տակիցը ամանը չի հանում, կենում ա ընչանք հարսանիքը պրծնում ա, ամեն մարդ վեր ա կենում էթում իրա տունը, նա էլ թագավորի տղի հեննա թողում ա հարսանքատունը, դուս գալի, էթում։ Թագավորի տղեն էս հետ էլ ձեն-ծպտոն չի հանում, ասում ա՝ «Տենամ սրա վերջն ինչ ա ըլնում»։ Որ լիսացավ թե չէ, էս գեղիցն էլ դուս էկան, ընկան ճամփա:

Էկան, էկան, էկան, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, հասան էն քաղաքը, որդե թագավորի տղեն պտի իրա խրիդն աներ։

Հենց քաղաքին հասվեհաս ին, նոքարն ասեց,— Աղա՛, հրես զննում ենք թաղաքը. ես գիտամ պտի էթաս ընդիան թագավորի կուշտը։ Ընենց չի՞։

— Հա՛,— ասեց թագավորի տղեն,— հալբաթ պտի էթամ. ադաթ ա, ո՛նց կըլնի չէթամ:

— Բաս որ կէթաս թագավորի կուշտը,— ասեց նոքարը,— մարդ ա, որ կհարցնի. «Իմ քաղաքը ոնց ա, հավանո՞ւմ ես, թե չէ», դու կասես. «Թագա՛վորն ապրած կենա, քաղաքդ շա՛տ լավ քաղաք ա, արար աշխարքում հատը չի գտնվի, համա ափսո՜ս մի բանը փիս ա, որ ըստիան մի ծանդր ֆոտ ա գալի, որ թազա էկողի պնչին ալբիալը դիպնում ա»:

— Լա՛վ, որ ասեմ, սրանից ի՞նչ դուս կգա։

— Սրանից էն դուս կգա,— ասեց նոքարը,— որ էդ թագավորը մի աղջիկ ունի, էս երեսուն տարի տեղով, բարձով հիվանդ ա։ Աշխարումն էլ հեքիմ չեն թողե՝ բերել են, ինչ արել են, չեն արե՝ դրան լավանալու ճար, իլլաճ չի էլե։ Էդ աղջկանից էլ ընե՜նց մի փիս ֆոտ ա գալի, ընե՜նց մի փիս ֆոտ ա գալի, որ ֆոտը մարդ ա վե քցում, սաղ երկիրը դրա ֆոտը վեր ա կալե, թողե։ Ճարները կտրած,— ասեց,— բերել են քառասուն գազանոց ֆոր են քանդե, աղջկանը քցե ընդե, որ ֆոտը մարդ չըսպանի։ Որ դու կհարցնես,— ասեց,— թագավորը կասի. «Ղո՛րթ ա, ըսե՛նց, ըսենց մի աղջիկ ունեմ», դու կասես. «Թագավորն ապրած կենա, ես մի ընկեր ունեմ, նա կլավացնի»։ Նո՛ր կգաս,— ասեց,— ինձ կտանես, կէթամ կլավացնեմ։ Էն վախտը թագավորից ի՛նչ ուզենք՝ չի խնայի, կտա:

— Լա՛վ,— ասեց թագավորի տղեն,— ըտենց կանեմ:

Գալիս են մննում քաղաքը, մի քարվանսարում վե գալի, օթախ քրեհում, կենում, իրանց առուտուրի հեննա ըլնում։ Օրեն մի օրը, թագավորի տղեն լավ-լավ փեշքաշներ ա վեր ունում, վե կենում էթում ընդիան թագավորի կուշտը։ Էթում ա դո՛ւզ մննում թագավորի ամարաթը, թագավորին գլուխ տալի, ընդե կաննում։

— Ո՞րդիան ես գալի. ի՞նչ մարդ ես, խի՞ ես էկե,— հարցնում ա թագավորը։

— Ֆլա՛ն երկրիցը, ֆլա՛ն թագավորի տղեն եմ,— ասում ա,— եկել եմ ապրանքի։— Ասում ա ու բերած փեշքաշները հանում, դնում թագավորի աղաքը։

— Բարո՛վ, հազա՜ր բարին ես էկե,— ասում ա թագավորը,— գլխիս վրեն տեղ ունես. Է՜, դու էն ասա՛՝ իմ քաղաքը ո՞նց ա, հավանո՞ւմ ես։

— Թագավո՛րն ապրած կենա,— ասում ա տղեն,— խոսք չունեմ, քաղաքդ շա՛տ լավ քաղաք ա, համա ափսո՛ս ըստիան մի ծանդր ֆոտ ա գալի՝ իսանի՞ ֆոտ ա, թե ջանավարի՝ չեմ գիտա։

— Քեզանից պահեմ՝ ասսանից ի՞նչ պահեմ,— ասում ա թագավորը,— մի աղջիկ ունեմ, էս թամամ երեսուն տարի տեղով, բարձով հիվանդ ա: Աշխարքումն էլ հեքիմ չմնաց, հեքիմբաշի չմնաց՝ բերինք, չկարացին լավացնի. ինչ դեղ անիլ, ի՞նչ դարման անիլ՝ ճար, իլլաճ չէլավ, ընչանք հմի էլ յորղանին քացի ա տալի: Վերջը որ շատ դեղ ու դիր արինք, տեհանք չիլնում, բերինք մի քառասուն գազանոց ֆոր քանդիլ տվինք, նրան յորղան–դոշակով տարանք դրինք ընդե, որ ֆոտը աշխար չվեր ունի. ընչանք աստոծ հալբա՛թ յա դե՛ս կկտրի, յա դե՛ն:

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա տղեն,— ես մի ընկեր ունեմ, որ աղջկանդ տենա թե չէ՝ ալբիալը կլավացնի։

— Ղո՞րթ:

— Ղո՛րթ. թե չլավացրեց՝ մեր արինը քեզ հալալ ա։

— Բա՛ս ըտենց ա, գնա՛ էս սհաթին կանչա՛ գա. Թե լավացրեց, ի՛նչ ուղենա՝ կտամ. ընչանք թագավորությունիս կեսն էլ ուզի, իմաց կաց չեմ խնայի՝ կտամ։

— Ա՛չքիս վրեն, թագավորն ապրած կենա, էթամ կանչեմ։

Էթում ա նոքարին վեր ունում, բերում թագավորի ամարաթը:

— Տղա՛,— հարցնում ա թագավորը,— իմ աղջկանը կա՞րաս լավացնի։

— Կա՛րամ, թագա՛վորն ապրած կենա, խի՞ չեմ կարա,— ասում ա նոքարը։

— Նա՛զիր-վեզի՛ր,— ձեն ա տալի թագավորը,— գնացեք էս սհաթին աղջկանս հանե՛ք, բերեք ըստե:

Նազիր-վեզիրն էթում են ֆորի բերանը բաց անում, պարանը կախ տալի, աղջկանը քաշում, հանում, բերում։

Նոքարն էթում ա աղջկա կռնիցը բռնում ա թե չէ, էն սհաթը աղջիկը տեղիցը վեր ա կենում, ընդե կաննում, սաղանում, ըլնում ոնց որ մորեն մին։ Թագավորը, նազիր-վեզիրը քոմմա մնում են մաթ էլած մտիկ անելոն։

— Տղա՛,— ասում ա թագավորը,— ուզա՛, տամ։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— դու սաղ ըլնես, ինչ տաս՝ ղա՛բուլ եմ։

— Ղաբո՞ւլ ես։

— Ղա՛բուլ եմ։

— Բա՛ս իմ աղջիկը քեզ եմ տալի,— ասում ա թագավորը,— հալբա՛թ աստոծ նրան քե՛զ էր ղսմաթ արե. տա՛ր, մորդ կաթի նման հալալ ըլնի։

Թագավորը բերում ա էն սհաթը նոքարի հեննա նշան դնում, օխտն օր, օխտը գշեր հարսանիք անում։ Ինչ քե՜ֆ, ինչ ուրախությո՜ւն, որ էլ հալ ու հեսար չկար։ Աղջկա վրեն էլ լա՛վ բաժինք, լա՛վ փող ա դնում, որ օխտը պորտով ուտեին՝ չէր հատնի:

— Տղա՛,— ասում ա թագավորը,— չե՛ս գա մնա իմ կշտին, զաթի ես էլ տղա չունեմ, ինձանից եդը դո՛ւ կնստես թագավոր, ի՛նչ ունեմ, չունեմ՝ մա՛լ, դո՛լվաթ, խազինա՛, քոմմա քունը կըլնի։

— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— ես էլ մեր երկրումը տուն, տեղ, հերնըմեր ունեմ, որ աչքները ճամփի ա, պտի էթամ նրանց հավարին հասնեմ։

— Դո՛ւ գիտաս,— ասում ա թագավորը,— որ չես կարա, գնա՛, աստոծ քեզ հետ։ Էրկսով մի բարձի ծերանաք, ո՛րդիք, ապրե՛ք, զորանա՛ք, ծլե՛ք, ծաղկե՛ք, կանանչե՛ք, բարով որդկերանց, թոռների տեր դառնաք։

Թազափեսին ու հարսին ըստե մի լա՛վ օրհնանք ա տալի, ճամփու դնում։

Թագավորի տղեն էլ իրա առուտուրն անում ա, պրծնում, վե կենում քոչ ու բարխանա են կապում, բարձում ձիանիքը, նոքարի հեննա ընկնում ճամփա՝ դպա հոր քաղաքը։ Գալիս են գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, մախլասի՝ մի ամիս, հենց հոր քաղաքին հասվեհաս են ըլնում, ըստե թագավորի տղեն կպնում ա նոքարի յախեն։

— Քեզ մի բան եմ ուզում հարցնի,— ասում ա,— համա պտի դրուստն ասես, հա՛։

— Կասեմ, խի՞ չեմ ասի,— ասում ա նոքարը։

— Մի՞տդ ա, որ հորս քաղաքիցը նոր ինք ճամփա դուս էկե. էկանք, էկանք՝ մի գեղի կշտի վեր էկանք։ Ըտե մի ջահել-ջիվան տղա ին տանում թաղելու, մեռլատերերը քոմմա լաց ին ըլնում, դու գնացիր աղաք ընկար, ծիծաղելոն, ուրախանալոն տարար ընչանք գերեզմանները։ Ասա տենամ՝ խի՞ իր ըտենց անում. լաց ըլնելու տեղակ՝ խի՞ իր էնքամ ուրախանում:

— Աղա՛ ջան,— ասում ա նոքարը.— ես ընդուր ի ուրախանում, որ էդ տղի ֆոգին արդար էր, պտի էթար արքայությունի փայ ըլներ։ Խալխը որ լաց ին ըլնում, անխելք ին, էսքամը չին հասկանում:

— Լա՛վ, էդ էդ։ Բա որ ըտիան գնացինք մի ուրիշ դեղ, ընդե էլ մի ծեր, գզրզված մարդ ին տանում թաղելու՝ նրա վրեն խի՞ իր էնքամ սուգ ու շիվան անում, լաց ըլնում. մի բան որ նրա հայ–հայը գնացե, վա՛յ-վա՛յն էր մնացե՝ հենց նրա հալալ մեռնելու վախտն էր։

— Աղա՛ ջան, էն ծեր մարդի հմար ես ընդուր ի լաց ըլնում, որ նրա մեղքը շատ էր, հենց ոտով-գլխով պտի էթար դժոխքի կրակի միջին էրվեր, փոթոթվեր։ Խալխը անխելք ին՝ չին հասկանում, թե չէ նրանք էլ ինձ հեննա լաց կըլնեին։

— Շա՛տ լավ, ըս էլ դեն դնենք: Բա որ ընդիան գնացինք մի ուրիշ դեղ, ընդե էկան մեզ հարսանիք կանչեցին, վե կացանք գնացինք. որ հաց կերանք պրծանք, դու խի՞ նրանց մի ամանը գողացար։

— Աղա՛ ջան, էդ հարսանքատանը ինչ կար, չկար՝ քոմմա հալալ աշխատանքով էր արած. համա էդ մի ամանը գողանովի էր: Ընդուր հմար էլ ես վե կալա, բերի՝ որ հալալը հարամի հեննա չխառնվի։ Ըս էլ ըսենց։ Դե ասա՛ տենամ, աղա՛ ջան, է՞լ բան ես ուզում հարցնի, թե պրծար։

— Պրծա՛,— ասեց,— հենց ըստոնք ին, որ ասեցի։

— Դու պրծար, աղա՛ ջան, դե հմի էլ թո՛ղ ե՛ս ասեմ։

— Ասա՛,— ասեց թագավորի տղեն։

— Աղա ջան,— ասեց,— քու էլ մի՞տն ա, որ մի օր էկար մեյդանը, տեհար մի մեռել քցել են գետինը, հենց ով հասնում ա՝ տալիս ա։ Հարցրիր. «Խի՞ էք տալի»։ Ասեցին. «Մեզ փող ա տալու, սաղ վախտը չկարացինք առնի, հմի մեռել ա, ծեծում ենք, որ մեր փողի ինադը նրանից հանենք»։ Դու էն սհաթը հանեցիր քոմմքի պարտքը տվիր, գնացիր տերտեր կանչեցիր, տարար քու ծախսովը թաղիլ տվիր։ Ես որ կամ,— ասեց,— էն մեռլի Հրեշտակն եմ. ասսու հրամանովը ես էկա քեզ նոքար էլա, որ քու արած լավությունի տեղակ ես էլ քեզ մի ուրիշ լավություն անեմ: Հրես ա՛ռ,— ասեց էս աղջիկն էլ քեզ, էսքամ մալ ու դոլվաթն էլ քեզ, տա՛ր, մորդ կաթի նման հալալ ըլնի։ Դե մնա՜ս բարին, ես էթում եմ էլ եդ իմ տեղը:

Հրեշտակն էս ասեց թե չէ՝ աղի աչքին էլ չէրևաց: Խեղճը մնաց եննուցը մտիկ անելոն։ Շատ որ մտիկ տվեց, տեհավ չէ՝ չկա, Հրեշտակն անէրևութք էլավ, վե կացավ էկավ հոր քաղաքը, ինչ որ գլխովը անց էր կացե՝ նստեց հորը մին-մին նաղլ արեց, ոնց որ ես ձեզ նաղլ արի: Հերը էն սհաթը էդ բերած աղջիկը տվեց տղին՝ օխտն օր, օխտը գշեր հարսանիք արեց: Նո՛ր թազադան դա՜փ, զուռնա՜, քե՜ֆ, ուրախությո՜ւն, որ, ով գիտա, ընչանք հմի էլ չի պրծե։

Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, մինն՝ ասիլ տվողին, մինն էլ՝ անկաջ դնողին։

  1. Տպագիր տեքստում այս բառից առաջ եղել է՝ լափ, որը ջնջել է բանահավաքը և հետո ավելացրել՝ ձեռով (Ծ. Կ.):
  2. Տպագիր տեքստում՝ հարիֆն, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):