Մեռյալի սերը
Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի
Մեռյալի սերը
Փույթ չէ, թե, ընկե՛ր, սառն հողի տակին
Գտա ապաստան.
Մի՜շտ և ամե՜ն տեղ քեզ հետ իմ հոգին
Կըլինի հավիտյան։
Քաղցըր մոռացման քաղցըր հանգստի
Աշխարհ վերացած
Ե՛վ այնտեղ հույզերն սիրո ու վշտի
Ես չեմ մոռացած
Անվախ թողնելով երկունքի ժամում
Թե՛ քեզ, թե՛ աշխարհ,
Հոգիս տենչում էր, որ գար անջատում —
Անջատում չը կա՜ր։
Ես տեսնում էի երկնային ոգիք,
Տըխրո՜ւմ, հառաչո՜ւմ,
Որ քեզ նոցա մեջ, ընկե՛ր գեղեցիկ,
Չէի ճանաչում։
Ինձ ի՞նչ, թե հըզոր փայլում է երկինք,
Դրախտն է սրբազա՜ն.
Այնտեղ տարել եմ երկրային ես կիրք՝
Ինձ հետ անբաժան։
Եվ ամենուրեք ես փայփայում եմ
Նորան իմ կըրծքում,
Լալիս կարոտում ու նախանձում եմ,
Ի՜նչպես անցյալում։
Թե հանկարծ օտար համբույր է խաղում
Քո վառ այտերին,
Համըր տանջանքով հուզվում է, դողում
Իմ սիրող հոգին.
Թե երբեմն օտար մի անուն տալով,
Դու նիրհ ես մտնում.
Ո՜հ, այդ անունը կըրակ դառնալով,
Կուրծքս է այրում։
Ո՛չ, դու չըպետք է սիրես ուրիշին,
Երբե՜ք, հավիտյա՜ն
Սըրբազան ուխտով, ընկե՛ր թանկագին,
Դու իմն ես միայն։
Եվ ավա՜ղ, քո լաց, քո աղերսն ու վախ
Իզո՜ւր են հոգյա՛կ.
Ինձ չե՛ն հարկավոր ո՛չ օրեր խաղաղ,
Ո՛չ անդորր վիճակ։