ՄԵՐ ԳՅՈՒՂԵՐՈԻՄ (Ա)

Ցածլիկ առաստաղով մի ընդարձակ սենյակ է Սիսիանի շրջգործկոմի «կանցիլարը»: Սանդուղքները ծուռ ու դիք, բարձրանալիս պիտի կռանաս, թե չէ՝ գլուխդ առաստաղին ես զարկելու:

Արտասովոր աղմուկ է, գնում են, գալիս: Գյուղխորհուրդների հերթական համագումարն է եկել են հայ, թուրք, մալական, շրջանի 37 գյուղից:

Ժամի 12-ն է արդեն: Սպասում են ամենից հեռու գյուղերի պատգամավորներին, որ նիստն սկսեն:

Զանգ չունեն: Մեկը կանչում է բարձրաձայն.

— Դե, ընկերներ, նստեցեք: Մելիք, էն սկամին մոտ քաշի, թող նստեն:

Մի կերպ տեղավորվում են, որոնք ոտքի վրա են, դռան մոտ:

Նախագահը հայտարարում է, որ այսօրվա օրակարգի խնդիրներն են լինելու գյուղատնտեսական և դպրոցական, հետո շինարարական աշխատանքները: Տեղերից պիտի զեկուցեն.

— Ուրիշ հարցեր կա՞ն:

— Դե դրանից էլ լավ հարցե՛ր, — ձայնում է մեկը:

Հաղթանդամ, թխադեմ մի տղամարդ, տեղական շալից գալիֆեն հագին, զինվորական կոշտ սապոգներով մոտենում է սեղանին: Շրջգործկոմի նախագահն է: Նայում է ընկերներին, ժպտում ու հնամաշ շինելի ջեբից հանում մի փոքր թուղթ:

— Երկու ամսում շոշափել ենք 408 հարց, մեծ մասամբ կրթական և շինարարական: Դեպի կառավարության հասցեին սերտ վերաբերմունք ա. շրջանում տիրված ա խաղաղ աշխատանք: Մենակ մի գողություն ա եղել, էն էլ գողերը, հուսով ենք, որ կը բռնենք: Դե, կուշտ ենք, սերմի պակաս չունենք: Էդ էլ մեր տնտեսական դրության մասին:

Նայած որ էս տարվա ցանքսերի 20 պրոցենտը ցրտից վտանգի ճանկերում ա գտնվում, հողբաժանում ամեն տեղ չի եղել: Թյուրիմացություն ընդմիշտ էլ եղել ա: Ես կարող եմ մատնաշնչել մի քանի թյուրիմացություն հողերի վերաբերյալ, բայց մեր կամիսիան կը որոշի այդ գյուղերի սահմանները: Հողը չափելումը գյուղում լավ մասնագետ չկան:

Կանգ է առնում մի պահ, մտքերը ժողովում: Ուզում է շրջանի դրությունը նկարագրել ճիշտ, իր պարզ ու անպաճույճ լեզվով:

— Սիսիանում բավական շին. աշխատանք ա տարվել, պետք է գնահատենք: Առաջ էնպես ճանապարհներ կային, որ էշ էլ չէր գնում, հիմա գյուղացիք շինել են, շատ տեղ արաբա էլ ա անցնում: Առաջ գետով անցնելիս պետք ա ոտքերդ հանեիր, հիմա լավ կամուրջներ կան: Շուտով հեռախոսական գիծ են անցկացնելու: Գյուղարանք կա, որ դպրոցի ֆունթամենտը դրել են, և 22 թվին 12 դպրոց ունեինք, էս տարի 26, 1800 աշակերտ, 19 լիկկայան և 700 էլ սովորող: Սա էլ պակաս աշխատանք չի:

Չի հպարտանում: Ասես՝ ուզում է ասել, թե դեռ որտե՛ղ ենք, ինչե՛ր պիտի անենք: Ձայնը հաստատ, խոսքերը որոշ, ասես ամեն խոսքին պատասխանատու է զգում:

— Կոոպերատիվն առաջ վախճան դրության մեջ էր, և ժողովուրդի մասսային քիչ էր օգնում: Հիմա շրշանային կոոպերատիվ ունենք, և էդ կոոպերատիվդ առողջ հիմքերի վրա ա դրվում: Որպես բանկը (շրջանում վարկ. ընկերության բանկ են ասում) ևս տալիս ա սերմացու և եզ, միջակ և չքավոր գյուղացու համար: Բանկը տվել ա ութ հազար ռուբլու օգնություն: Փօկը շրջանումս մի տեսակ դրության մեջ ա: Վերջին ժամանակներս գյուղացիք անդամագրվում են Փօկի շուրջը, և Փօկը դառնում ա հետաքրքիր:

Կյանքը էսպես ա: Մեր միլիցիան օգնել ա գյուղի խորհրդին, և ոչ մի թյուրմացության առաջ չենք եղել տուրքերը գանձելու մեջ: Մենք, ճիշտ ա, մի քիչ ուշացել ենք, բայց տուրքը գանձվել ա:

— Մի քանի խոսք ևս կավելացնեմ ենթաբաժինների մասին, որի մեջ ա Զագսը: Շրջանիս գյուղացիության 90 տոկոսը կապված ա Զագսի շուրջը: Հոգևորական իշխանություն գոյություն չունի, և Ջագսի աշխատանքները լավ են գնում: Մի կարևոր խնդիր էլ Պետապն ա: Պետք ա գյուղերում հասկացնել նրա մասին:

Նոր պատգամավորներ են գալիս: Ընդմիջում են. զեկուցողը դադար է առնում և դառնում է մեկին՝ «Էն օթախում նստարան կա, բերեք նստեք», հետո էլի շարունակում է.

— Գոնյա պետք ա մեծ աշխատանք տանենք Պետապի մասին: Դե սրանով էլ իմ զեկուցումս պրծավ:

Հարցեր են տալիս, թե հեռախոսի սյուները որտեղից պիտի բերեն, թե թերի մնացած դպրոցական նոր շենքերը ե՞րբ պիտի պատրաստեն: Զեկուցողը պատասխանում է հարցերին ու հանկարծ մի բան է մտաբերում:

— Հա, մոռացա ասել, որ մենք գյուղխորհրդի աշխատանքները կանոնավորել ենք: Այ, Լծենը հիմա լավ ա աշխատում. առաջ մի քիչ թույլ էր:

Էլի հարցնում են, թե ո՞նց անենք, որ գյուղերում անչափահասներին չամուսնացնեն:

— Դրա դեմ օրենքը տուգանք ա առնում և գրանցման չենք ենթարկում: Բայց դե էլի ապրում են ծածուկ, մինչև չափահաս դառնան (ոմանք ժպտում են): Դե դեպք ա եղել, որ քննել ենք, աղջկանը կամ տղին ասել ենք, թե սպասեք, ասում են՝ թե բանը բանից արդեն անց ա կացել, էլ ի՞նչ սպասենք (ծիծաղում են):

— Ես նրանով եմ իմանում, որ դպրոցը լավ է, որ հիմիկ գարունք ա, բայց էլ առաջվա պես երախոցը դպրոցից չեն հանում և ուղարկում տավարը կամ վարը, — ասում է մի գյուղացի: Նրան ի՞նչ, թե ըստ էության չեն խոսում: Միտք էր, եկավ, պիտի ասի, ու տեղից առաջարկում է ամեն ջանք թափել, որպեսզի դպրոց չունեցող գյուղացիներն էս երկու տարին դպրոց ունենան:

Մեկը բանաձև է առաջարկում՝ շրջգործկոմի գործունեությունը հաստատել:

— Կարճ ա գրած, է՛, դուք հետո մաքուրը կգրեք:

Զեկուցում է Բռնակոթ գյուղի ներկայացուցիչը գյուղի խորհրդի աշխատանքների մասին:

— Ունեցել ա 10 նիստ, շոշափած ա 45 հարց. էս երկու ամսում հասարակության ժողով 5 անգամ ա եղել: Ունենք 2061 շունչ, արական էլ, իգական էլ: Բաքվում ունենք 381 բանվոր, գյուղում կա 560 հատ լծկան եզ, 1428 ոչխար, 33 ավանակ (ոմանք ծիծաղում են, մեկը տեղից ձայնում է՝ «մին էլ ասա»): Գյուղում կա Փօկ, 65 գութան: Գյուղում ունի դպրոց, որտեղ հաճախում են 157 (տեղից հարցնում են՝ «ի՞նչ», «աշակե՜րտ, ի՞նչ» ժպտալով պատասխանում է զեկուցողը): Հետո սեկցիաները, — կուլտուրական աշխատում է լավ: Էս 2 ամսում գյուղում ծնվել է 17 երեխա, մեռել են 7 (մի պատգամավոր տեղից՝ «Մեր գյուղում էս տարի հլա մեռնող չի եղել»): Չորս ճանապարհ ենք շինել, 400 մարդ ա աշխատել: Կապերատիրն ունի 175 անդամ: Լիկկայանը առայժմս լավ ա:

Հարցեր են տալիս.

— Ի՞նչքան տուրք եք տվել:

— 80 տոկոս տվել ենք, 20-ը մնում ա:

— Դաշտային աշխատանքների պատճառով աշակերտները դպրոցից չեն հակասո՞ւմ (երևի ուզում էր ասի պակասում):

— Չէ՜, չեն հակասում, — պատասխանում է:

— Մի դուռը բաց արեք, օդը փոխվի, — ասում է նախագահը:

Դուռը բացում են. ցածլիկ սենյակը ավելի է լուսավորվում: Դուրսը գարնան արևոտ օր է, ու հեռվից կանաչին են տալիս արտերը:

— Կզեկուցի Անգեղակոթն իր արածի մասին:

Կազմը բաղկացած է 38 հոգուց, ունեցել է 12 հատ նիստ, 7 հասարակական ժողով: Խորհուրդը 13 օրվա մեջ շինել ա մի մեծ ճանապարհ, աշխատել ա 1400 բանվոր: Որ կարելի ա ասել առաջ էդ ճանապարհով ուլախ չէր գնում, հիմա փոշտ էլ կգնա: Ծառատունկը բաղում տնկել ա 120 հատ, շինել ա 13 նստարան, պետք ա 25 հատ էլ շինի: Փօկն ունի 96 փութ ցորեն: Երեսուն տարի ա մեր հողը չի բաժանվել: Էս տարի խորհուրդը որոշել ա գավառից բերել 7 հատ հողաբաժին, որ էս տարի հողի բողոքը միանգամից վերջանա:

Խրճիթ-ընթերցարանում պարապմունք լինում ա, գալիս են կուսակցական և գյուղացի ընկերներ: Գողություն չկա: ՄՈՊՐ-ի անդամ 35 հոգի, Պետապի հարկը գրում են: Էլ էնպես հարց չունիմ:

— Գյուղում կա՞ առողջապահական սեկցիա, — հարցնում է մեկը:

— Կա՜, — պատասխանում է:

— Ի՞նչ աշխատանք ա տանում:

— Դե պարզ ա ի՜նչ պիտի անի: Ծրագիրը իրագործում ա:

Հարցնում են, թե նախզինակոչները լիկկայան հաճախե՞լ են, թե ոչ, կոոպերատիվն ի՞նչպես է աշխատում և այլ բազմաթիվ հարցեր, որոնցով այսօր մեր գյուղն է զբաղված:

— Ավագ, էն կուլան մի դես տուր, -խնդրում է մեկը: Պաղ ջրով լի կուլան ձեռքե ձեռք է անցնում:

Խոսք է տրվում Ախլաթյան գյուղի նախագահ Կոնսուլին: Զարմացա, երբ այդ անունը լսեցի: Եվ ի՜նչ տեսակ ավել անուն չեն հնարում մեր գյուղերում:

Ցեխոտ պալտոն ուսին, մտրակը ձեռքին մոտենում է Կոնսուլը սեղանին:

— Կոնսուլ, վիզդ ինչո՞ւ ես կապել:

— Չիբան ա, — խռպոտ ձայնով պատասխանում է նա ու սկսում պատմել արած աշխատանքի մասին: Դարձյալ դպրոց, կամուրջ, ճանապարհ: Գյուղում բոլորն էլ կոոպերատիվի անդամ են: 500 արշին տախտակ են քաշել նոր դպրոցի համար, քար են կտրել: Բաքվի բանվորներն օգնում են, ուղարկել են տետրակներ, գիրք, փող, ապակի: Կոնսուլը հայտնում է, որ գյուղը որոշել է ավելի սերտ կապվել քաղաքի բանվորների հետ:

Կոնսուլից հետո խոսում է մի ալևոր գյուղացի, որի գլխին դրած զինվորական հնացած գլխարկը չի սազում նրա պատկառելի միրուքին: Առաջարկում է, որ խորհրդի անդամները գյուղացոց հասկացնեն, թե երեխաներին դպրոցից չի կարելի հանել:

— Էսօր եթե նա հինգ փութի կամ հինգ գառան համար նա իրեն երեխային կույր ա թողնում ուսումի կողմից, մի քանի տարի հետո նա հինգ հարյուր փութի վնաս ա քաշելու:

Կոնսուլը պպզել է գետնին, ծնոտը հենել է ձեռքին և աչքերը ճպճպացնելով նայում է մեկ սրան, մեկ նրան:

Հարցնում են, թե լիկկայանում ի՞նչ են սովորել:

— Ես վարժապետ չեմ, որ իմանամ: Լիկկայանը գնացողը գիր չգիտե, դե նա էնտեղ գրագիտություն պիտի սովորի, էլ ուրիշ ի՞նչ պիտի անի:

Էլի խոսում են, պատմում արածի, պակաս-պռատի մասին: Համագումարը ասես մի նահապետական գերդաստան է, որ վաղվա աշխատանքն է բաժանում, թե ո՜վ է հանդ գնալու, ո՜վ հունձի, ո՜վ կալի:

Մի թուրք գյուղացի նախագահին է հարցնում թե՝

— Բըզըմ դարալարդա հա՞վախ օլաջայ բջիջլար:

«Մեր ձորերում ե՞րբ են բջիջներ լինելու». հեռու ձորերում դեռ թույլ են աշխատում, բայց այդ ձորերում էլ շուտով «բջիջլար օլաջայ»:

* * *

Արևը թեքվում է արդեն:

Պատուհանի ճեղքից շողերի մի խուրձ դիմացի պատին է ընկել, ասես շոյում է ընկ. Մյասնիկյանի պատկերը, որի շուրջ մեկը դաշտի ծաղիկներից փնջեր է շարել, խնամքով ու գորովով: Ասես ժպտում է մայր մտնող արևի շողերի միջից և ուրախ է, որ «մահվան կռիվ է հայտարարված հայ գյուղի տգիտության և աղքատության»…