Մեր գյուղերում (Բ)
ՄԵՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ (Բ)
I
Ժայռերի միջի փոքրիկ անձավը պատանի չոբանների գիշերելու տեղն է: Ցերեկը հոտն արածում է սարերում, իսկ իրիկունը ոչխարը քշում են ժայռերի տակ, ուր հսկում են նրանց կատաղի գայլախեղդ շները:
Փոքրիկ քարանձավ-ակումբը: Իրիկունները մուտքի առաջ պայծառ վառվում է խարույկըր: Նրա շուրջը նստում են չոբաններն ու ընթրիք են եփում՝ կարտոֆիլ, ոսպով ապուր կամ կաթ:
Գյուղը հեռու է, ձորում: Շաբաթվա մեջ միայն մեկ-երկու անգամ չոբաններից մեկը իջնում է գյուղ հաց, աղ բերելու:
Չոբանների մեջ բատրակներ ու կոմսոմոլներ կան: Նրանք բջիջ ունեն ու խիստ կարգապահություն: Կա բջջի քարտուղար, զեկուցումներ են կարդում, շաբաթը մեկ ժողով է լինում:
Քարտուղարը նոր է վերացրել իր այբբենական անգրագիտությունը: Ճրագի մոտ նստած թղթի կտորի վրա արձանագրություն է կազմում, գծում է տառերը, ասես նկարում է: Երբեմն մոռանում է, թե որ տառն ինչպես է գրվում, այդ ժամանակ բացում է իր գիրքը, փնտրում է տառը, ու գտնելով, ժպտում է ինքնագոհ:
Ահա արձանագրություններից մեկը, որ կազմել է բջջի քարտուղարը: Մի կտոր փաթեթի թղթի վրա հասարակ մատիտով գրված է օրակարգը, և սյունակներ են քաշված:
Առաջին հարցի վերաբերյալ արձանագրության մեջ գրված է. «Ռեֆերատը զեկուցում կարդաց», հետո գծիկ և «որոշեցին»՝ «Բոլորը միաձայն հասկացան»: Երկրորդ հարցը հայհոյախոսության մասին է: Որոշել են՝ «Կիրառել կյանքում»: Ստացվում է, որ բջիջը հայհոյանքի կողմնակից է: Բնավ: Նրանք որոշել են չհայհոյել: Քարտուղարի փոքրիկ «վրիպումն» է:
Այնուհետև նրանց անուններն են, ովքեր նկատողություն են ստացել, որը կռիվ անելու, որը իրեն անկարգ պահելու համար: Վերջում «լսեցին» «Գալուստ քահանայի մասին» և որոշեցին՝ «Աստծուն չհավատալ և տերտերի ոչխարը չարածեցնել»:
II
Գյուղի դպրոցում ներկայացում են տալիս: Կազմակերպիչները ամբողջ օրը վազվզուքի մեջ են, վարագույրի համար սավաններ են հավաքում, տախտակ, գորգեր: Բեմ չկա: Ստիպված են ինքները մի կերպ նաև բեմ սարքել:
Երեկոյան իրարանցումը մեծանում է:
Կամաց-կամաց հավաքվում են հանդիսականները: Ներկայացումը տալիս են ուսուցիչը, կոոպերատիվի գործակատարը, պիոներ հրահանգիչը և փոստի գրասենյակի աշխատակցուհին: Նա կուլիսների (գորգերի) ետևում ծվծվան բարակ ձայնով երգի փորձ է անում՝ «Մայր Արաքսի»: Մեկր բեմի ետևից կանչում է.
— Վարդուշ, մոտդ քորոց չկա՞:
Մի քիչ բուրդ, խցան, մուր, խմոր ու լրագրի թուղթ՝ այս է ամբողջ գրիմը: Գրիմը անում է քոչվորական հարկի տեսուչը:
Գյուղում ներկայացումը մեծ իրադարձություն է: Երեխաները թռչկոտում են, խմբվում մուտքի մոտ, աղմկում են ու պատուհանից ներս նայում բեմին:
Կամաց-կամաց սրահը լցվում է գյուղացիներով: Այստեղ են ծծկեր երեխայով մի կին, փայտը ձեռքին մի ծերունի և գյուղացիք՝ սրածայր մեծ փափախներով, գութանից, օրվա աշխատանքից եկած: Նրանք ծխում են ու հանդարտ զրուցում իրար հետ:
— Սուրեն, մուրճը տուր, — բղավում է դերասաններից մեկը: Վարագույրը պոկվել է, ու հետաքրքրասեր հասարակությունը նայում, է «զարդարված» բեմին:
Լսվում է, ինչպես փոստի աշխատակցուհին ասում է մյուսին.
— Ուրեմն, հենց որ դու դուրս գնաս, ես երդում եմ:
— Պարան է պետք: Աշոտ, վարագույրը տուր էստեղ...
Աշոտը օգնության դիմաց թույլտվություն է խնդրում նստելու հուշարարի մոտ, որը տեղավորվել է ներքևում ու պպզած նստել:
Դահլիճում հասարակությունը հուզվում է, մեկը կանչում է՝ «շուտ արեք», ծափահարում են, մի խոսքով, ինչպես քաղաքում:
— Վռամ, ցույց տուր, վարագույրը ո՞նց են բացում...
Վերջապես բեմը պատրաստ է: Բացում են վարագույրը, այսինքն՝ քորոցները հանում են, ու սավանները ցած են կախվում:
Մեջտեղում նստել է «աստված» ու հեռախոսի փողն է բռնել (լրագրի թղթից շինած): Կողքին Միքայել հրեշտակապետն է, Ահարոնյանը: Մտնում է եպիսկոպոսն ու խաշ է ուզում: Բեմի ետևից բակում մի էշ զռում է: Դահլիճում քրքիջ է, դերասանները շփոթվում են, իսկ «աստված» զրույց է անում կոմսոմոլի կենտկոմի հետ:
Հրեշտակապետը՝ տրեխներով, պետառի էժանագին թիկնոցով, և աստվածածինը (փոստի աշխատակցուհին) միասին երգում են, իսկ ներքևից նվագակցում են մանդոլինան ու թառը:
Մի ժամ հետո ներկայացումը վերջացավ: Հանդիսականներին այդ մասին հայտնում է դերասաններից մեկը:
III
Կարելի է անցնել Շուշվա խճուղին, ու չնկատել, որ ժայռերի տակ ճանապարհի մոտ ծվարել է Ծակեր գյուղը:
Գիշերը խարխուլ տարանտասով մոտենում ենք չայխանային, որտեղ պետք է գիշերենք:
Հեռվից մանկական բարձր ձայներ են լսվում:
— Երեկոյան դպրոցն է, երեխաներն են պարապում, — ասում է չայխանայի տերը, տեսնելով, որ ես ուշադիր լսում եմ այդ խմբական ձայները: Եվ նա սիրով համաձայնում է ինձ տանել այդ դպրոցը:
Փոքրիկ լամպով լուսավորված ընդարձակ սենյակում, մեջտեղում սեղան, տախտակների վրա տեղավորվել են երեխաները:
Իմ գալը խանգարեց նրանց, լռեցին ու զարմացած հայացքները հառեցին ինձ:
Երեխաների մեջ աչքի էր զարնում բարձր հասակով մի տրեխավոր գյուղացի՝ պատառոտված հագուստով: Իմ հարցին, թե ով է վարում պարապմունքները, նա մեղավոր մարդու տոնով ցածր պատասխանեց.
— Ես, — ու պատմեց Ծակերի երեկոյան դպրոցի ամբողջ պատմությունը...
— Մեր գյուղը հեռու է, դպրոց չկա, ուսուցիչ չեն ուղարկել: Ես էլ որոշեցի երեխաների հետ պարապել: Մի թերթում կարդացել եմ, Լենինը հրամայել է, որ անգրագիտությունը վերացնենք:
— Ձեր մասին գիտե՞ն, ռոճիկ ստանո՞ւմ եք:
— Չէ:
Ընկեր Միքայելը՝ բաքվեցի նախկին բանվոր, գրել կարդալ էր սովորել Բաքվում, իսկ հիմա գյուղում զբաղվում է իր տնտեսությամբ ու երեկոյան դպրոցով:
Երեսուն աշակերտ, նրանցից կեսը չոբան են, որոնք ամբողջ օրը այծերի հետ են Ծակերի ժայռերի վրա՝ հետները գրքերն առած, իսկ երեկոյան հավաքվում են դպրոցում:
Աշակերտները աշխույժ քչփչում են, իսկ մի քանիսը շարունակում են բարձրաձայն կարդալ դասը:
Պատին Իլյիչի պատկերն է: Եվ կարծես սիրալիր հայացքով նա հետևում է սրանց և ուրախ է, որ հեռու, մոռացված մի գյուղում, վսեմ գործ կատարելով, իր ավանդներն է իրագործում բաքվեցի բանվոր Միքայելը:
Սևուկ, նիհար մի աղջիկ մի տեսակ կծկվել ու սև աչքերը շուտ-շուտ թարթելով, մեկ ինձ է նայում, մեկ գրքին:
— Ո՞ւմ պատկերն է, — դիմում եմ ես նրան:
— Լենինի, — ասում է նա ու ամաչկոտ՝ գլուխը ցած կախում: Քչփչոցն ուժեղանում է:
— Ո՞վ էր Լենինը, — հարցնում եմ նրան:
— Ամբողջ աշխարհի աշխատավորների բարեկամը, — և նրա նիհար ձեռքերը օդում շրջան են գծում:
— Իսկ ո՞վ է հիմա Լենինի տեղը:
— Նրա ընկերները:
Չայխանայում մութ է:
Բոլորը քնած են:
Պառկում եմ թախտին ու քնի միջից լսում եմ երեխաների աշխույժ խմբական երգը:
Իսկ Ծակերի մռայլ ժայռերը, կարծես ակամա, արձագանքում են նրանց ձայներին, կարծես դժգոհ են, որ խանգարել են նրանց անդորրը դարավոր: