Մեր գյուղերում (Գ)

ՄԵՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ (Գ)

Ուլու չայի ձախ ափին ընկած է Թազա գյուղը, որ հարյուր տարվա անցյալ ունի: Խոյեցի են, լեզուն չի զանազանվում իգդիրցու լեզվից: Տեղացիք նրանց «կլլան» են ասում:

Սիսիանում մի քանի «կլլան» գյուղեր կան, որոնք մինչև այժմ էլ, հարազատորեն պահել են իրանց բերած տարազն ու ադաթը:

Գյուղը ցավեր շատ ունի, բայց Թազա գյուղի հոգսը եզակի է:

— Մի տեղ լինե՛ր, քոչեինք, — ասում են գյուղացիք մասնավոր զրույցի ժամանակ, հասարակական ժողովում, ամեն պատեհ առթիվ:

— Մեր գեղի տեղը ժաժ է գալիս, տես, էս տները փքվել են: Մարդ է մնում փլվածի տակ, ապրանք է փչանում:

Գյուղատեղն անհարմար է: Վերի սարում մի փոքր լճակ կա, որից աղբյուրներ են սկսվում, անցնում գեղի տակով ու քերում հողի ստորին փափուկ շերտը: Ու հանկարծ տնատեղը նստում է, պատերը ճաքճաքում են: Կամ մի ուրիշ տեղ գետինը բարձրանում է, հարևան տներն իրարից հեռացնում:

Տան պատերի վրա կարելի է տեսնել մեծ ճեղքվածքներ: Գյուղի վերին թաղը քոչել է մի քիչ ներքև, չնայած որ այդ տեղն էլ ենթակա է «ժաժքի»:

Դպրոցի երկու պատն էլ ծռվել են ու ճեղքվել:

— Այս տարի պարապել ենք միշտ էլ վտանգի տակ, — ասում է ուսուցիչը:

Մի ուրիշ ցավ էլ ունեն: Գյուղի կողքին էլ ընկած է մի ձորակ, որի բերանը հենց գյուղի գլխին է վերջանում: Գարնան հեղեղի ժամանակ սելավը երդիկից է ներս թափվում:

— Հերու գարնան մի տուն ջրով լցվել էր: Խմորի տաշտը շոգենավի պես լողում էր: Մի երեխա էլ ջրախեղդ եղավ, չկարողացանք ազատել, — պատմում է մի գյուղացի ու նորից կրկնում.

— Մի տեղ լինե՛ր, քոչեինք:

Ուրիշ ցավ էլ ունեն: Գաղթելուց հետո, մինչև այժմ, 90 տարվա ընթացքում գյուղը չի աճում:

Այժմ էլ այնքան շունչ կա, որքան գաղթելուց հետո: Գյուղի ծննդյան մատյանում մեծ տոկոս է կազմում մանուկների մահացումը:

Շատ հաճախ լինում են վիժումներ կամ ծնվում են մեռած: Գյուղացիք այդ վերագրում են ջրին, որ բխում է ծծմբի հանքերից և անդուրեկան համ ունի:

Թազա գյուղը վատառողջ է:

Դեղնած, կանուխ թառամած դեմքեր, վաղահաս ծերացած կանայք և մանուկներ՝ վտիտ, ռախիտից տառապող, կեղտի մեջ: Փողոցներում աղբ ու ցեխաջուր, տներն անկարգ, իրար վրա կուտակված, հողաշեն խրճիթներում միշտ էլ կիսախավար, խոնավության ու բորբոսի հոտ:

Հասկանում ես, թե ինչո՜ւ են ասում.

— Մի տե՛ղ լիներ, քոչեինք:

* * *

Ալելուն Սիսիանի հետամնաց գյուղերից մեկն է: Եվ իզուր չէ, որ «Մաճկալի» խմբագրությունն ընկ. Մյասնիկյանի նվիրած տասը թերթից մի օրինակը Ալելու գյուղին է ուղարկում:

Կեղտոտ է գյուղը, փողոցները ծուռ ու մուռ, տներն անհամաչափ, մեկի կտուրը փողոցին հավասար, մյուսինը՝ բարդու բարձրության:

Արևի տակ աղբակույտերն են նեխվում, ու փողոցում, շվաք անկյունում ծուլորեն մեկնվել է որոշ տարիք անցուծ մասը, գյուղի ալևորը, որ էլ հանդ չի գնում, հորանջում է, ծոր տալով՝ «Հե՛յ գիդի ջահելություն» ասում ու պատմում մովրովի օրերից:

Մեկը կաշի է քերում ապակու փշրանքով, մեկէլը թաց ցողունից կթոցներ է գործում, մի ուրիշը՝ թազբեհ է քաշում, թոնթորում ինքն իրեն և դժգոհ՝ աներես ճանճերին քշում:

Միայն անցյալ տարի են դպրոց շինել, բայց շատ անհաջող, շենքի տակը խոնավ է, դիրքն անհարմար, պատուհանները նեղլիկ:

— Ձմռան օրերին մենք ցերեկով ճրագ ենք վառում կամ դռները բաց թողնում, որ լույս լինի, — գանգատվում էր ուսուցիչը:

Ծախս են արել, հեռու տեղից քար ու գերան բերել, գեղովի աշխատանք թափել ու ղեկավար չլինելու պատճառով, այդպիսի շենք կառուցել:

Դպրոցից զատ կուլտուրական ուրիշ օջախ չկա գյուղում: Խրճիթ-ընթերցարանն ուսուցչի բնակարանն է:

Պետապի մի երկու պլակատ, մի աերոպլանի նկար, որը գլխիվայր են փակցրել պատին: Մի քանի փոշեպատ գրքույկներ, «Բամբակի չոռը», «Քաղվածքներ և որոշումներ», «Աշխատանքի պաշտպանությունը քաղաքում» և էլ ուրիշ ոչինչ: Ահա խրճիթ-ընթերցարանի գրականությունը:

Լրագիր կանոնավոր չեն ստանում: Մինչև հասնում է Ալելու, սրա-նրա ձեռքին անհայտանում է կամ ով գիտե, փոստի ո՛ր գրասենյակում ամիսներով ընկնում: Մայիս ամսվա ընթացքում «Խ. Հ.» ստացել է միայն հինգ օրինակ:

Գրագետ քիչ կա, մատների վրա կարելի է հաշվել: Մի համախոսական գրելու դեպքում մի քանի հոգի «Վասն անգրագիտության» ստորագրում են ամբողջ գյուղի տեղակ:

Երիտասարդ սերունդը մի քիչ ուշադիր է, ավելի եռանդուն, բայց անգրագիտության վերացման աշխատանքը հարկավոր եռանդով չէ տարված:

Դպրոցական տարիք ունեցող երեխաների մի երրորդն է հաճախում դպրոց: Մի քանի աղջիկ են սովորում, այն էլ առաջին խմբակում:

Գրաճանաչ լինելուց հետո ծնողները նրանց հանում են դպրոցից՝ մարդու տալիս:

Փոքրահասակների ամուսնությունն «անշեղ» է կատարվում:

— Դե հլա սովորութ ա, էլի, վերջապես չի լինում ժխտել, — ժպտալով ասում էր խորհրդի նախագահը:

Հենց այդ նույն օրը մի դեպք էր եղել: Տասներկու տարեկան մի աղջիկ են առնում: Նախագահն արգելում է և տուգանք նշանակում: Գյուղացին տուգանքը տալիս է, բայց էլի աղջիկն առնում իր տղին:

— Ահա քո շտրափը, էլ հո չես կարա մի խոսք ասի, — ասում է, զուռնեն փչում է «տարանինան»:

Կոոպերատիվ չկա: Կենտրոնից հեռու է, ապրանք դժվար են ստանում, կոոպերատիվի գաղափարը դեռ հանրացած չէ, նախաձեռնող էլ չի եղել:

Չարչիներն են, որ խմբերով պարբերաբար գալիս են Նախիջևանից ու ապրանք բերում: Ինչ խոսք, որ քերթում են, մի տուփ լուցկին 2 գրվանքա ցորենով են տալիս: Հավաքում են յուղ, պանիր, ոչխար ու նորից վերադառնում Նախիջևան:

Ձմռան երկար գիշերներին ուսուցիչը մի խումբ աշակերտների հետ հրատարակել է պատի լրագիր:

Գարնան սկզբին աշակերտների մեծ մասը դպրոց չի հաճախել դաշտում աշխատելու համար: Թերթն էլ փակվել է մինչև աշուն:

Մեկը մի ոտանավոր է գրել, որ վերջանում է հետևյալ տողերով:

«Ամուր հիմքերով տարածենք լենինիզմ, հիմնովին տապալենք խավար կրոնիզմ»: № 2-ում խոշոր տառերով մի կոչ է գրված, որտեղ ասված է այսպես.

«Ընկեր գյուղացինե՛ր, ստիպե՛ք, որ ձեր երեխաները տանը դաստիարակվեն մարքսիզմի հոգով»:

Ու մի քիչ հետո՝

«Մեր դպրոցի աշակերտությունը գտել է, որ մարզանքը մարդկության կյանքում ամենաառաջին տեղն է բռնում»:

Մի կիսատ պոեմ — ձոն կա, ուր հեղինակն ամպագոռգոռ լեզվով Ալելուի պսպղուն աստղերին հրամայում է չքանալ անհետ, որովհետև «ավելի փայլուն են մտքերը Իլյիչի»:

Շատ զգացված շարադրել է մի աշակերտ իր մտքերը Լենինի մահվան տարեդարձի առթիվ:

«Համաշխարհային պրոլետարիատի հանճարեղ արծիվը, թռավ մեզանից: Խելքի, կամքի, գործի ծովը չորացավ»:

Մի ուրիշ համարում խմբագրությունը դիմում է Ասատուրին և ասում՝

— Ասատո՜ւր, թող զուռնեդ և հետևիր կոմունիզմին...

* * *

Այս տարվա երաշտը տեղ-տեղ խանձել է արտերը: Բերքը հերվա չափ չի լինելու: Գյուղացին մտահոգ է, և համայնքի ժողովին Չեմբերլենի մասին էլ որ խոսեն, էլի նա իր կորեկի մասին է ասելու:

Նրա հանդն ու տավարն է այն առանցքը, որի շուրջը պտույտ է գալիս գյուղացու դանդաղաշարժ միտքը:

Գյուղը դեռ մութ է: Ալելուն էլ մութ գյուղերից է, չնայած որ «Նոր պայթում» լրագիր ունի ու մի տարեկան ուսումնարան:

Եթե կայուն ժողով է, գեղամիջում մեկ-մեկ հավաքվում են, ու եկողն անպատճառ պիտի մոտենա քեզ, ձեռքդ սեղմի, հալդ հարցնի, թեկուզ առաջին անգամ է տեսնում:

Ամռան զով գիշեր է: Լուսնյակի շողքն անձև ստվերներ է կախել, աթարի դեզերը ձիգ ու սրածայր են երևում: Նստոտել են գետնին գերանի ու քարի վրա:

Լսում են ու հետո բացվում են, մտքի կծիկը ետ տալիս:

Ինչքան խայտաբղետ, կարծիքները, հոգսերը զանազան: Քաղաքի երես տեսածն ու ջահելը ավելի շուտ է հասկանում:

Մի ուրիշը, որ օրն ի բուն վար ու ցանքսի հետ է, որի միտքը խոպան է, հերվա հարոս արտի պես, տեղով մի ադաթ, քարացած սովորույթ, նորին դեմ է, քաղաքին կասկածով է նայում:

— Մեզ ագրամոն հարկավոր չի:

Գյուղատնտես չի ուզում: Դեռ ավելին. կասկածում է, որ «ագրամոնը» կարող է իրան օգուտ տալ:

— Թե որ ագրանովը մեզ նման գեղացի ա, ի՞նչ պիտի ասի. նրա ասածը ես շուտուց գիտեմ, թե որ նրա իմացածը սովորովի ա, իսկի զատ չի կարա տալ, ուզում ա տեղով մի կրակ էլ դառնա:

Համոզում եմ: Խամ արջառի պես լուծին չի մոտիկանում, կանգնած տեղից մի քայլ առաջանալ չի ուզում:

Այս տարի երաշտ է եղել: Ու խուլ գյուղերում գյուղացիք էլի «ճոլի» են ման ածել, մատաղ հավաքել, խաչերին ոչխար մատաղ արել: Մատաղը կերել են, ու մի կաթ անձրև էլ լի կաթեր: Վաղուց մոռացված մի սովորույթ այս տարի երաշտի հետ հարություն է առել: Մի հեթանոս սովորույթ, ով գիտե, ո՜ր դարից մնացած:

Հավաքվում են մի խումբ կանայք, տղամարդու շորեր հագնում, եզան տեղ լծվում գութանին մի քանի զույգ, մի պառավ նան էլ մաճն է բռնում:

Գետն են «վարում», գետի ափի ավազուտը կամ աղբյուրի մոտ: Վարում են, անեծքներ կարդում, «չարը խափանում»: Ու եթե գիշերով հանկարծ մի քիչ անձրևեց, գեղը մաճկալ նանին սրբոց կարգն է դասում:

* * *

Մազրան հեռվից գեղեցիկ է երևում: Կարմիր կավից ցեխապատ խրճիթները կանաչ մարգերի վրա մի առանձին գրավչություն ունեն:

Մազրան Նախիջևանի սարերի ստորոտին է, մի բարձր բլուրի գագաթին թառած:

Էլի նույն արևկող մարդիկ, գեղամիջում զրույց անող ալեվորներ:

— Հա՛, տերտեր, էն ո՞ր առաջնորդն էր որ...

Ու տերտերը պատասխանում է, թե էն ո՜ր առաջնորդն էր, որ մի սինի փլավը միանգամից էր ուտում:

Մազրան հնուց դպրոց ունի: Երկու ուսուցիչ հերթով պարապում են շատ անգամ մինչև երեկո, բայց էլի չեն հասցնում:

Կոոպերատիվն ապրանք չունի: 21 թ. ծծմբոտ լուցկիների մի կիտուկ, մի քանի կտոր սապոն, թեյի պնակներ, ձիու պայտ ու մի քիչ էլ տեղական ծխախոտ:

— Լուցկիները գյուղացիք ձրի էլ չեն առնում, դե լավն էլ չունենք, — ասում էր կոոպերատիվի գործակատարը, որը խանութի հովում կարդում էր Շիրվանզադեի ժողովածուն:

Նախագահը շաբաթօրյակ է կազմել դպրոցի փլած պատը շինելու: Տունը մի ֆահլա պիտի տա: Հավաքում է ցուցակի համաձայն, աշխատանքը բաժանում ու ճամփու դնում: Հարցնում եմ գյուղի դրության, խորհրդի աշխատանքների մասին:

— Դե գեղ ա, էլի, կառավարում ենք, — ուսերը շարժելով ասաց նա ու մի քիչ հետո ավելացրեց, — չէ, հիմա էնքան էլ հակայություն չկա: