Մեր գյուղերում (Դ)

ՄԵՐ ԳՅՈՒՂԵՐՈԻՄ (Դ)

Գյուղը դեռ հնի փեշը բաց չի թողել, էլի ծածուկ, թե ափաշկարա գյուղի զորբան աշխատում է զավթել սրա կամ նրա այգին, արտը, կալն ու մարագը: Աղբերամեջ հողը բաժինք անելիս մեծ եղբայրը շատ հաճախ էլի չաղ բաժին է ստանում, երբեմնի «մեծահարկը», որ մեր գյուղերում դեռ մոռացված չէ:

Հողային հանձնաժողովները շատ գործեր են քննում, մեկը մյուսից բնորոշ գյուղի ներկա իրադարձի, ներքին աշխարհի տեսակետից:

Ահա մեկը, «մեծ տեգրը», որ բռնություն է գործ դրել և ուժով գրավել իր եղբոր այրի կնոջ կալ ու մարագը: Տիրապետել է, փլած պատը նորոգել, մի քանի վկաներ հավաքել, հաստատելու, որ այդ կալն ու մարագը դեռ «Օհան քյոխվի ժամանակից իրեն հայրենիքն էր»:

Ահա և ամաչկոտ տեգրակինը, որ հանձնաժողովի առաշ էլ քաշվելով է խոսում, շուտ-շուտ շալի տուտը քաշացնում, ձեռքերով, մատներով զանազան նշաններ անում և հասկացնում, որ մեծ տեգրը խաբել է նրան սովի տարին:

Ահա մի ուրիշ եղբայր, որ իրեն բաժին ընկած հողամասում նոր տան պատն այնպես է շարել, որ արևի լույսից զրկել է հին տանն ապրող մորն ու եղբորը:

— Ընկե՜ր դատավոր, նամության մեջ կոտորվում ենք, ասի՝ պատը մի քիչ դես քաշի, — լացակումած խնդրում է:

— Հնար չկա, լինիլ չի, — ասում է մյուս եղբայրը և ասածի վրա կանգնում:

Ահա մի նիհարավուն պատանի, չոբան, երբեմնի գերդաստանի միակ ժառանգը, մի քիչ խելապակաս, խոսելիս՝ փսլինքը շաղ է տալիս: Խաբել են, հայրական հողը մի քանի փութ կորեկով առել: Կորեկը կերել է, հիմա «ղաբալան» (պայմանագիրը) էլ է հետ տալիս, կերած կորեկն էլ: Ահա «ղաբալան»:

«Մենք Խնձորեսկ գյուղացի Փարսադան Թոխսանց և այրի կին Ագյուլ Թոխսանց որպես որբի խնամատար հանգուցյալ Սհակ Թոխսանցի ծախեցինք նույն որբին պատկանյալ Կուրաթին գետ անվանյալ տեղի ջրովի հողից մի մասը քեզ համագյուղացի Արսեն Ջանունցիդ վրա, որի սահմանները հետևյալն են»:

Թվում է սահմանները, մանրամասն. «Շաբունցի հողամասի պատի տակին մեկ կապույտ քարից ուղիղ կտրի մինչև պատի տակի մեծ բոլսովի լափռի ծառն» և այլն, և այլն: Սահմանները թվելուց հետո ավելացնում է.

«Այս վերոհիշյալ հողամասն իր հիշած սահմաններով ծախեցինք քեզ Արսեն Ջանունցիդ վրա գումարով հարյուր հինգ մանեթ ոսկի փողով, որի գումարը ստացինք լիովին այս ծախած հողամասը որպես քո սեփականություն իրավունք ունիս տիրապետելու որդուց որդի ազգե ազգ եթե լինի և հակառակ խոսողներ ազգականներից և այլ մարդկանցից ընդդեմ այն ղաբալուս մենք խնամատարներս լինենք պատասխանատու օրենքով սույն ծախած հողամասի ճանապարհը լինի որբերի հողամասով»:

Հարյուր հինգ մանեթ ոսկի չի ստացել, այլ 3 փութ ցորեն, մի փ. բրինձ և տասնվեց փութ կորեկ: Գրված է այդչափ, որ «եթե լինի և հակառակ խոսողներ ազգականներից և այլ մարդկանցից ընդեմ այն ղաբալուս» — չկարենան ասել, թե աժան է ծախված:

Ղաբալի տակ ստորագրել են տասը վկա, իսկ գյուղխորհուրդն ավելացրել է.

«Ուղիղ իմանալով սույն ղաբալաս հաստատեցինք Խնձորեսկի Գործկոմի նախագահության կազմ»:

Հողհանձնաժողովը, սակայն, «ուղիղ չիմացավ սույն ղաբալան» և լուծարքի ենթարկեց:

* * *

Մի ուրիշ կալվածագիր, որ ասորական՝ երկրներ ավերող, քաղաքներ գրավող և քարե քանդակների վրա արքայական սնապարծությամբ այդ արշավանքների մասին պատմող թագավորի ոճն ունի, իր նզովքով հանդերձ: Այս անգամ «ղաբալա» չի, այլ կալվածագիր, գրված համարյա թե «երկաթագիր», հինավուրց «պատիվներով», սղումներով: Սկսվում է այսպես:

«Ես, ներքո ստորագրող որ եմ Զանգեզուր գավառի Ալի ղուլիշեն գյուղի բնակչուհիՆնախշուն Պատրապետյանս այսու վաճառել եմ իմ Քյումբաթի ձոր անվանյալ տեղում գտնվող թութի այգիս ընդքեզ համագյուղացի մեր Գալուստ Ավագիմյանիդ որի դիմաց ըստացի քեզնից ութանասուն փութ ցորեն այդ գումարը ըստացի այսօրվանից լիովին և հետ այսու իրավունք ունիս տիրապետելու վերև հիշված այգուն որդոց որդի: Այգու սահմանները սոքա են»:

Դարձյալ մանրամասն թվում է սահմանները՝ «հարավակողմից մինչև մեծ քարը, էնտեղից կտրի անցնի», — իսկ և իսկ երկու տերության սահմանագիծ: Հետո վերջում ասում է.

«Այսուհետ դու հանդիսանում ես այդ բաղին տեր ու տիրական, եթե այդ բաղի վերաբերյալ որևիցե մեկս ազգական բարեկամներից մեկն ու մեկը խոսելու լինի խոսքը լինի անընդունակ և պատասխանատու լինի օրենքի առաջ ոչ ոքի իրավունք չի տրվում ձեռնամուխ լինելու վերև հիշված այգուն բացի քեզանից և քո որդկերանքից գուցե թե ես Նախշունս փոշմանելի լինեմ և հետ դարձնեմ բաղը պարտավորվում եմ մեկ հարյուր ռուբլի ոսկի տալ իսկ եթե ես Գալուստս փոշմանեցի և ուզեցա վերադարձնել զրկվում եմ իմ տված ութանասուն փութ ցորենից կալվածագիրը գրված է Նախշուն Պատրապետյանի համոզմունքով»:

Կալվածագիրը Նախշունի «համոզմունքով» գրելուց հետո «մեր Գալուստը դառնում է տեր ու տիրական», սակայն «ազգական բարեկամներից մեկը խոսում է օրենքի առաջ», և նրա խոսքը լինում է «ընդունակ», «մեր Գալուստը» զրկվում է «որդոց որդի ազգե ազգ տեր և տիրական լինելուց»: Գործի քննությունը պարզում է, որ «մեր Գալուստը» ութանասուն փութ ցորեն չի տվել, իսկ գյուղխորհուրդը հաստատում է, որ «Գալուստը գյուղիս գործկոմից ծածուկ առել ա Նախշունի բաղը»:

Քննությունը շարունակվում է, դատ է կատարվում, որին որպես արձագանք գյուղխորհուրդը վերջին անգամ գրում է, թե «Նախշունը իր այգին վերադարձրել ա Գալուստից և էլ չի ծախել իսկ ինքը գնացել ա Բաքու»:

Եվ «մեր Գալուստը» չկարողացավ «որդոց որդի ազգե ազգ» «տեր ու տիրականի» պես «տիրապետելու» Նախշունի այգուն:

* * *

Բայց գյուղում ափաշկարա ուրիշ ավելի կարևոր երևույթներ են տեղի ունենում:

Քար ու քերծի տակ դարեր շարունակ կուչ գալուց, կածաններով, ձորերի բաշով վերուվար անելուց, գետնափոր անձավներում ապրելուց գյուղը բեզարել է, էլ չի ուզում: Գյուղում մեծից մինչև փոքրը մի միտք են անում. «նոր գյուղատեղը ձևել ինջիների ձեռքով և ինջիները պիտի ճանապարհն այնպես վերցնի արաբա բանելու համար»:

Ահա ինչ են ուզում այն գյուղերը, որոնք ձորերի մեջ են, ժայռերի կատարին, մթին ծմակների ետև, հարմար ճանապարհներից զուրկ, եզան արաբի կարոտ:

Տասնյակ գյուղեր ունենք այդպես, որոնք համախոսական թերթեր են կազմում, ժողովներ անում, նոր գյուղատեղը որոշում: Մի քիչ վարկ և տեղահան կլինի հին գյուղը՝ ձորի գլխին կթողնի մամռոտած քարերով եկեղեցին խանգարված և սարահարթում կփռվի շեն ու արձակ, ուղիղ փողոցներով, կոկիկ տներով:

Ահա ինչ են գրում համախոսական թերթում.

«Հավաքվելով հասարակության ժողովարանը նախագահությամբ գյուղի Գործկոմի առ այն թե առաջին հարցն է գյուղը ամբողջությամբ տեղափոխել դաշտը վերանորոգել նոր գյուղ բնակություն հաստատելու թե հասարակությանս և թե օրենքին հայտնի է գյուղը միանգամից անվայել անհարմար տեղ է նեղվածք դժվարին ամեն կերպ անհարմար որպես գյուղ միանգամից անունթունակ է հասարակության»:

Դրա համար էլ ստորագրում են «սեփական ստորագրությամբ» և հետո նորից ավելացնում, որ հին գյուղը «միանգամից անվայել անհարմար տեղ է նեղվածք դժվարին և միանգամից անընդունակ հասարակության»:

Իսկ «ընդունակ» տեղ նրանք կստանան: