Մի՞թե պատմությունը կրկնվում է կամ Նորից բանակցային տրամաբանությունը փոխելու անհրաժեշտության մասին

Մի՞թե պատմությունը կրկնվում է կամ Նորից բանակցային տրամաբանությունը փոխելու անհրաժեշտության մասին


Հին, բայց ոչ հնացած խոսք է. պատմությունը կրկնվում է: 20-րդ դարում Ռուսական կայսրությունը 2 անգամ (թեև երկրորդ անգամ ՍՍՀՄ անվանումով) տրոհվեց՝ 1917-18թթ. և 1991թ.: 2 անգամ էլ Հարավային Կովկասում առաջացան պետություններ, 2 անգամ էլ տարակարծություններ առաջացան այդ պետությունների սահմանների վերաբերյալ և 2 անգամ էլ այդ իրավիճակը հանգեցրեց պատերազմների: 2 անգամ էլ այդ պատերազմներում հայոց բանակը (նկատի ունեմ Հարավային Կովկասի մասով) հաղթող դուրս եկավ:

Առաջին անգամ միջազգային հանրությունը Հայաստանի Հանրապետությանը համոզեց-պարտադրեց հայկական զինված ուժերը դուրս բերել Ղարաբաղից կամ նորերը չտեղակայել այնտեղ: Օրինակ, լայնորեն հայտնի է Արևելյան Անդրկովկասում Անտանտի երկրների զինված ուժերի հրամանատար բրիտանացի գեներալ Վիլյամ Թոմսոնի (William Thomson) 1918թ. դեկտեմբերի 2-ին (ինչպիսի խորհրդանշանական ամսաթիվ) ներկայիս Բերդաձոր գյուղում զորավար Անդրանիկին փոխանցված նամակի պատմությունը: Նամակով Թոմսոնն Անդրանիկին հորդորում էր այլևս առաջ չշարժվել և չմտնել ԼՂ, քանի որ առաջիկայում Փարիզի խաղաղության վեհաժողովում քննարկվելու էր նաև Հարավային Կովկասի նորաստեղծ պետությունների սահմանների հարցը: Ակնարկն այն էր, որ պետք չէր ավելորդ բարդություն ստեղծել. առանց այդ էլ Արցախը հայաստանյան էր լինելու, քանի որ բացառապես հայաբնակ էր: Հետագայում ղարաբաղցիներն առանց Անդրանիկի էլ կարողացան ընդհանուր առմամբ պաշտպանել իրենց երկրամասը, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը, չնայած հավակնություններին և հոխորտանքին, երբեք՝ անգամ Թուրքիայի ռազմական օժանդակությամբ, ի վիճակի չեղավ լիակատար վերահսկում (effective control) սահմանել ԼՂ նկատմամբ: Նկատի ունեմ իհարկե մինչ այն պահը, երբ ղարաբաղցիները կերան բոլշևիկյան կուտը:

Թոմսոնը ճիշտ էր կամ մասամբ ճիշտ էր: Փարիզի վեհաժողովը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Դաշտային Ղարաբաղի զգալի մասը, պիտի մաս կազմեին Հայաստանի Հանրապետությանը: Սակայն առանց այդ երկրամասում հայկական զորքերի առկայության արդյո՞ք այդ որշումն ի կատար ածվեց:

Ներկայումս, հաշվի առնելով հետևանքները, կարելի է տարբեր մոտեցումներ ունենալ Անդրանիկի արարքի հանդեպ: Սակայն հիշենք ժամանակի իրավիճակը և համեմատենք ներկա իրավիճակի հետ. ա) Ադրբեջանի հիմնական դաշնակիցը և քաղաքական տատմերը՝ Թուրքիան, պատերազմում ջախջախիչ պարտություն էր կրել: Այսօր իրավիճակը բնավ այդպես չէ: բ) Ադրբեջանը, թեև հռչակել էր իր գոյությունը, սակայն այն գոյություն չուներ ոչ de facto, քանի որ չուներ արդյունավետ վերահսկում քիչ թե շատ նշանակալից որևէ տարածքի վրա և ոչ էլ de jure, քանի որ չուներ որևէ երկրի ճանաչում: Այսօր իրավիճակը բնավ այդպես չէ: Օսմանյան ճանաչումը տվյալ պահին չուներ իրավական հետևանք, քանի որ սույն կայսրությունն ինքն անվերապահ կապիտուլյացիայի հետևանքով (30.10.1918թ.) դադարել էր միջազգային իրավունքի սուբյեկտ լինելուց: գ) Միջազգային հանրությունը հակամարտությունների լուծման հիմք միանշանակորեն ընդունում էր ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, որն առաջ էր քաշվել ԱՄՆ նախագահ Վիլսոնի կողմից իր հայտնի 14-կետանոց ուղերձի (Fourteen Points) մեջ 08.01.1918թ.: Այս անվիճելի սկզբունքն էր դրված բոլոր զինադադարների և նոր պետությունների սահմանների հիմքում: Այսօր իրավիճակը բնավ այդպես չէ: Ի դեպ, Ազգերի լիգայի՝ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովը 24.02.1920թ. հայ-վրացական և հայ-ադրբեջանական սահմանների մասով վերահաստատեց այս դիրքորոշումը: դ) Դաշնակից ուժերն Հարավային Կովկասում, ի սատարումն իրենց խոսքերի, ունեին 23 հազարանոց ուժեղ զորաբանակ: Այսօր իրավիճակը բնավ այդպես չէ: Խոսվում է խաղաղապահների մասին, որոնք, ըստ վերջին տասնամյակների դառն փորձի, ի վիճակի չեն եղել իրենց իսկ պաշտպանել կամ կատարել ստանձնած առաքելությունը Բալկաններում կամ Ռուանդայում:

Այս համեմատությունները կարելի է դեռ շարունակել և, ցավոք, դրանք չեն լինելու հօգուտ մեր ժամանակների: Տեսնենք՝ ի՞նչ ունենք հիմա, կամ ի՞նչ են մեզ առաջարկում: Առաջարկում են զորքերը դուրս բերել մեր իսկ երկրից (կասկածողներին խորհուրդ կտամ կարդալ Ազգերի լիգայի 1920թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկը)՝ դիմացը խոստանալով համոզել Ադրբեջանին չսկսել պատերազմ, գոնե մի քանի տարի: Իհարկե, պատերազմը բնավ ցանկալի զարգացում չէ: Սակայն արդյո՞ք ազատագրված տարածքների հանձնումը երաշխավորում է խաղաղություն: Իհարկե՝ ոչ: Իմ խորին համոզմամբ այն ավելի է հավանական դարձնում պատերազմի վերսկսումը Ադրբեջանի կողմից: Եվ հակառակի նման, չկա և չի լինելու նախկին 23 հազարանոց զորաբանակը, որ կանխի այդ պատերազմը: Թեև, արդարության համար պետք է նշել, որ որևէ զորաբանակի տեղակայում մեր տարածաշրջանում տևական չի լինելու: Մյուս գործոններին չեմ էլ անդրադառնում՝ այնքան ակնհայտ են տարբերությունները:

Հիմա ամենակարևոր հարցը՝ ի՞նչ անել: Անել այն, ինչը նախատեսված է նման դեպքի համար: Դեռ ժամանակին հենց այսօրվա քաղաքական մեծավորները որոշել էին. Անդրկովկասի երկրներին տրվում էր խիստ սահմանափակ ժամանակահատված (որն ավարտվել է 22.11.1920թ.) փոխադարձ համաձայնությամբ սահմանավեճերը կարգավորելու համար: Փոխադարձ համաձայնությամբ հարցերը չլուծվելու պարագայում սահմանները որոշվում են Ազգերի լիգայի (ներկայումս՝ ՄԱԿ) հովանու ներքո գործող հանձնաժողովի իրավարարությամբ (arbitration) «սկզբունքորեն հիմք ընդունելով ազգագրական տվյալները» (taking into account, in principle, of ethnographical data):[1] Այսօր այս սկզբունքը կարող է կիրարկվել 2 տարբերակով՝ նախնական (հիմք ընդունելով 1920թ. տարեվերջի ազգագրական տվյալները), որով ոչ միայն Լեռնային, այլև Դաշտային Ղարաբաղն էր ՀՀ մաս: Սակայն ՀՀ-ն Ադրբեջանին է զիջում մերձարաքսյան որոշ տարածքներ: Կամ, հաշվի առնելով վերջին 90 տարվա զարգացումները (հիմք ընդունելով ներկայիս ազգագրական պատկերը), որով ՀՀ-ին են անցնում հայկական ուժերի կողմից ներկայումս վերահսկվող տարածքները, իսկ Դաշտային Ղարաբաղի տիտղոսը ՀՀ-ն զիջում է Ադրբեջանին:

Այսօր ակնհայտ է, որ բանակցային գործընթացը, չնայած հայկական կողմերի բոլոր ջանքերին և քաղաքական չափազանց փափկանկատությանը, հայտնվել է փակուղու մեջ: Հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանը պատրաստ չէ դյուզն իսկ զիջման: Ըստ էության, նա Լեռնային Ղարաբաղին առաջարկում է ավելի ցածր կարգավիճակ, քան ԼՂԻՄ-ն ուներ մինչև 1988թ.: Այստեղ պետք է շեշտել, որ միջազգային հանրությունը, հանձինս միջնորդական խմբի, ունի մեղքի իր բաժինը: Փոխանակ Ադրբեջանին պարտադրելու իրականացնել իր իսկ պարտավորությունները (լայն առումով՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը հարգելու, իսկ ավելի նեղ առումով՝ զինադադարը հարգելու), իրականացնում է Ադրբեջանին սիրաշահելու խիստ վտանգավոր քաղաքականություն: Ի վերջո, խաղաղության պահպանմամբ ոչ միայն հայկական կողմերը պիտի շահագրգռված լինեն: Ադրբեջանի կորցնելիքը հաստատ ավելի շատ է լինելու և հետևանքն ավելի աղետալի: Նաև թող մի քիչ էլ Արևմուտքի գլուխը ցավի իր ներդրումների ապագայի համար: Հաստատ մետաղի ջարդոնի գինն ավելի նվազ է, քան նավթային աշտարակների կամ նավթա-գազամուղների:

Հասկանալի է, որ ներկայումս խիստ դժվար է փոփոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը, որի ակունքները գալիս են գրեթե 2 տասնամյակի խորքից: Սակայն այլ ելք չկա: Հատկապես քանի դեռ համաձայնեցված չէ ամբողջը, ուրեմն համաձայնեցված չէ ոչինչ: Երբեմն այլընտրանքի բացակայույթունն է դառնում հիմնական շարժիչ ուժը, մեծ ջանքերի ու փոփոխությունների հիմնական մղիչը:

Ի վերջո, եթե աշխարհի քաղաքական մեծավորները այսօր պարաստ չեն կենսագործելու առնվազն 3 փաստաթղթի մեջ (տե՛ս՝ Հայաստանի սահմանները որոշող [Ազգերի լիգայի] հանձնախմբի զեկույցը և առաջարկները, 24 փետրվարի, 1920թ.; Սևրի պայմանագիր, հոդված # 92, 10 օգոստոսի 1920թ.; Վիլսոնի իրավարար վճիռ, հավելված 1, թիվ #2) ամրագրված իսկ որոշումները, ապա ի՞նչ երաշխիք, որ վաղը հավատարիմ կմնան իրենց այսօրվա կիսաբերան խոստումներին:


Հղումներ և ծանոթագրություն

  1. Report and Proposals of the Commission for the Delimitation of the Boundaries of Armenia, signed by representatives of British Empire, France, Italy, Japan. In: Arbitral Award of the President of the United States of America Woodrow Wilson (prepared by A. Papian), Yerevan, 2011, p. 106.



21 հունիսի, 2011թ.