Մի՞թե վերջ արդեն․․․
ՄԻ՞ԹԵ ՎԵՐՋ ԱՐԴԵՆ...

Մի՞թե վերջ արդեն մեր նվիրական
Բոլոր հույսերին ու երազներին,
Որ միշտ լուսավառ աստղերի նըման,
Մեզ շողում էին կյանքի գիշերին...

Որպես ճամփորդն է չոր անապատում
Օազի հույսով՝ անցնում ձիգ ուղին.
Որպես ծաղիկն է գիշերվա մթում
Նվաղած՝ մընում վաղորդյան ցողին.

Ա՜խ այդպես և՛ մենք հոգնած, տառապած
Կյանքի կռիվներում, ձմռան գիշերին,
Երազում էինք գարնան լուսաբաց...
Մի՞թե վերջ արդեն մեր երազներին...

Բայց ո՛չ... Թո՛ղ ազգիս անլույս երկնքում
Դեռ շանթ ու ամպրոպ որոտան ուժգին.
Մե՜րն է գարունը... Քանի մեր կրծքում
Չէ՛ հանգել կըրակ, չէ՛ մեռել հոգին...