Միայն մի բառ
ՄԻԱՅՆ՝ ՄԻ ԲԱՌ
Կուզեի ասել քեզ միայն մի բառ,
Եվ կուզեի, որ պատասխանեիր
Այդ մեն-մի բառով՝
Բարևո՜վ, այո՛:
Ու թող դրանից բարին շատանա
Սրտերում մարդկանց,
Ու թող բարություն կարդայինք միայն
Ժպիտների մեջ՝ ծերերի,
Մանկանց:
Ժպիտ ճառագեր անգամ սառույցից,
Ու սառը մարդկանց
Հայացքից տրտունջ...
Կուզեի՞ր լսել ինձնից դու բառն այդ,
Թե՞ տխրությունս չի գտնում իրեն,
Թե՞ տխրությունս առաջվա նման
Ուզում է զարկել իրեն պատեպատ,
Անհասկանալի երևույթներ են
Մեր սրտում,
Մեր շուրջ...
Կուզեի ասել քեզ միայն մի բառ,
Պարզապես՝ բարև,
Թո՛ղ նույնիսկ դու ինձ
Չլսեիր է՛լ...
Միայն, լսո՞ւմ ես,
Ինձ գիժ չանվանես,
Ինչ ուզես՝ ասա,
Սակայն գիժ՝ երբեք:
Արդյո՞ք լսելի եղա այս անգամ...
...Այստեղ ես թեև,
Բայց դեռ... չես խոսում:
Չես էլ խոսելո՞ւ...
Ո՞վ է աշխարհում քո չափ... լռակյա՛ց: