Մի ամպե սեւ լաթ տվեք ձեռքն իմ,
Որ ես նրանով
Կապեմ աչքերը գարնան արեւի
Որ նա չտեսնի մայրամուտը իր,
Արեւը մեղք է:
Նա ծագում է միշտ՝
Անվերջ ապրելու տենչը սրտի մեջ:
Աշխարհը նրան չի ուզում ասել
Մայրամուտների մասին հեռավոր.
Եվ պե՞տք է ասել...
Ու արեգակը խաղաղ, անվրդով
Խրվում է հանգիստ փռվող օրվա մեջ՝
Հավերժանալու անմար ձգտումով.
Բայց երբ հատնում է օրը ինչ-որ տեղ,
Նա իմաստնացած օրվա խորհրդով
Մարում է դանդաղ՝
Աշխարհը ամբողջ պարտքի տակ թողած:
Մենք ժառանգորդն ենք ծնվող արեւի...